Աշխարհն ապրում է իր կյանքը, մենք 24 ժամ որոնում ենք 3 բառ՝ հաղթանակ, հրադադար, խաղաղություն: Պատերազմը շարունակվում է և մտնում է ռազմական գործողություններից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրների օրակարգ՝ տարբեր ձևակերպումներով: Մեր ցանկացածից դեռ ՏԱՐԲԵՐՎՈՂ:
Թուրք-ջիհադական ահաբեկչության թիրախում հայտնված Ֆրանսիան, որտեղ եկեղեցում կին են գլխատում, անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ: Թրամփը, Կուրցը, Մերկելը, ԵՄ-ն դատապարտում են: Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը: ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը, Նյու Ջերսի նահանգի սենատն ԱՀ ճանաչման օրինագիծ է ներկայացրել: Իտալիայում ևս 3 քաղաք են Արցախը համարում անկախ պետություն: Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Սոնեբորնը ֆեյսբուքում գրել է. «Թվում է, թե Թուրքիան այժմ ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա։ Ֆրանսիան, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան և Նիդերլանդներն ապշած են, որ Գերմանիան դեռ շարունակում է աջակցել Թուրքիային, նրան զենք ու ԵՄ գումարներ մատակարարել»: Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Թվիթերում գրել է. «Սա ոչ հունական, ոչ կիպրական, ոչ էլ ֆրանսիական խնդիր է, սա համաեվրոպական հարց է: ԵՄ երկրների ղեկավարները պետք է սանկցիաներ կիրառեն Թուրքիայի դեմ»։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Սառա Օլնին ԱԳ նախարարին հորդորել է դեէսկալացիայի ջանքեր գործադրել. «Թուրքիայի կողմից ռազմական աջակցության ցուցաբերումը էլ ավելի է բարդացրել ճգնաժամը: Հրապարակայնորեն դատապարտելու՞ եք նման վարքագիծը»: ԱՄՆ կոնգրեսմեն Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիցկու պատժամիջոցները: Լյուքսեմբուրգը 100000 եվրո է տրամադրում ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ կհատկացնի: ԵՄ-ն հատկացրել է 400000 եվրո, հոկտեմբերի սկզբին 500000 եվրո հրատապ աջակցություն տրամադրվել էր: Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի: Բունդեստագում ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է. «Մեր կարևոր նպատակներից է մարդասիրական հրադադարի հասնել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն առանց նախապայմանների, և դա միայն մեր պահանջը չէ, այլև միջազգային հանրության։ Ես ու կանցլեր Անգելա Մերկելը հակամարտության բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Թուրքիային, զգուշացրել ենք։ Մենք ՄԱԿ ԱԽ-ում կոչ ենք արել դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի կենտրոնական դերակատարմամբ պիտի ընթանա կարգավորումը»։
Նա նշել է, որ չնայած միջազգային հանրության հստակ ու վճռական ուղերձներին՝ կողմերը շարունակում են մարտական գործողությունները։ «Միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը։ Բանակցային գործընթացում ամուր դիրքերը մարտադաշտում չեն գտնվելու։ Բանակցություններն այլընտրանք չունեն, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ այնտեղ դեր խաղացող մյուս երկրները։ Թուրքիան, ԵԱՀԿ անդամ երկրին համապատասխան, պետք է իր պատասխանատվությունը գիտակցի հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է Մաասը: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչիի միջնորդական առաքելության առաջին կանգառը Բաքուն էր, երկրորդը՝ Մոսկվան, երրորդը՝ Երևանը, չորրորդը՝ Անկարան: Արակչին իր նպատակը Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումն է համարում։ Ինչպե՞ս: Մանրամասներ չեղան: «Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ դնելը նախաձեռնության կարևոր մասն է, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն Իրանի նախաձեռնության մյուս հիմքն է»՝ ասել էր նա Մոսկվայում: Հակամարտությանը վերջ դնելը և ազդեցիկ երկրների օգնությամբ երկխոսություն սկսելը՝ խաղաղություն հաստատելու նպատակով, նախաձեռնության մյուս առանցքային թեման է: Բաքվում ու Անկարայում նրանից գոհ էին:
«Իրատեսություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը: Թեհրանն ընդգծում է ծրագրի յուրահատկությունը. «Մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը»,- Մոսկվայի օդանավակայանում ասել է Արակչին՝ պնդելով, թե «Մինսկի խումբը գործունեության 30 տարիներին չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծում գտնել»։ Ծրագրի մյուս առանձնահատկությունը իրատեսությունն է. «Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները,- ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:- Ծրագիրը ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, մարդու իրավունքներն ու փոքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։ Ո՞րն է Իրանի շահը: Բացառել, որ իր սահմանին հայտնվեն Թուրքիայի միջնորդությամբ հակամարտության գոտի տեղափոխված մոջահեդները: Արգելակել Իրանի ադրբեջանցիների և Ադրբեջանի ուղիղ ցամաքային հաղորդակցությունը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Իրանի նախաձեռնությանը, նշել է, որ Իրանը ռեգիոնալ կայունության միտված կառուցողական և կարևոր խաղացող է, հակամարտության կարգավորման հաստատված ձևաչափը, սակայն, Մինսկի խմբի համանախագահությունն է: Փաստացի՝ Իրանն առաջարկում է ստեղծել նոր ձևաչափ՝ ՌԴ, Իրան, Թուրքիա, որ, ամենայն հարգանքով հանդերձ Իրանի դարավոր դիվանագիտության նկատմամբ, բացարձակապես անընդունելի է. Թեհրանի ծրագիրը, հրապարակային մասից դատելով, համապատասխան է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, հայկական կողմի համար ապահովում է ընդամենը հաղորդակցուղիներ և «փոքրամասնությունների շահերի պաշտպանություն», իմա՝ չի պահանջում Արցախի կարգավիճակ: Փաստացի՝ Իրանը դնում է իր և Ադրբեջան-Թուրքիայի կարմիր գծերը ու խախտում հայկական կողմինը:
Հոկտեմբերի 30-ին Ժնևում հանդիպմանը Բաքուն և Երևանը խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու համաձայնության հանգեցին՝ հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ժնևում նրանք հանդիպել են և Զոհրաբ Մնացականյանի, և Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, պայմանավորվել առանց նախապայմանների անհապաղ մի շարք քայլեր ձեռնարկել: Ժնևից հետո Բաքուն Արցախում կիրառեց ֆոսֆորային ռումբեր, որովհետև նախօրեին ձախողվել էին Շուշի մտնելու պլանները և կապիտուլյացիայի ծրագրով Ժնևում բանակցելու մտադրությունը՝ Ժնևը կորցրեց Բաքվի համար նախնական նշանակությունը: Այս խելագար պատերազմի ավանդույթով՝ չկատարվեցին նաև Ժնևի համաձայնությունները: Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի պատճառով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որ ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները և 1997-ի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: ՌԴ ԱԳՆ-ն նույն օրը պատասխանեց՝ «սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ անվտանգության ապահովման նպատակով», վերահաստատեց դաշնակցային հարաբերություններին հավատարմությունը և հիշեցրեց, որ 1997-ի պայմանագիրը ՀՀ-ի վրա է տարածվում: Բայց դա առիթ դարձավ, որ Ալիևը հայտարարի, թե դեմ է պատերազմին երրորդ երկրի մասնակցությանը: Երրորդ երկիրը Թուրքիան է, կամ էլ Ալիևը ինքնանույնականացել է Էրդողանի հետ: Կամ՝ Անկարան հասկացավ, որ 5-րդ սերնդի պատերազմում ահաբեկչության դեմ պայքարը բավարար առիթ է, որ ռուսները մտնեն Արցախ: Իսկ ընդհանրապես՝ պատերազմում՝ ոնց պատերազմում: Իմա.
1. Գրոհում ենք, նահանջում ենք, կռվում ենք: ՈՒ կռվում ենք մեր հողում՝ մեր հողի համար՝ հանուն հաղթանակի: Մենք «հայրենիք» չենք հնարում:
2. Էրդողանը շարունակում է հարցը Պուտինի հետ լուծելու ջանքերը: Պուտինը շարունակում է ոչնչացնել մոջահեդների ճամբարները Սիրիայում, Ինտեր ՌԱՕ-ն հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ Ակկույում կառուցելու ծրագրերից, իմա՝ համաձայնություն չկա, Մոսկվան սկսել է սխալների ուղղումը:
3. ԱՄՆ-ը դեռ գործում է եվրոպացիների միջոցով՝ ակտիվացնելով Գերմանիային: Իրանի ծրագրի ներկայացման օրը Ռոբերտ Օ՛Բրայենը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել կոնֆլիկտի գոտում:
4. Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկչական պետություն լինելու նորանոր ապացույցներ են տալիս միջազգային հանրությանը՝ սպանված ու գերված մոջահեդներին, կասետային ռումբերին ավելացել է քիմիական ռումբերի գործածությունը, որ արգելված է միջազգային կոնվենցիաներով:
5. Չի բացառվում, որ ՄԱԿ-ը նորից անդրադառնա Արցախում ստեղծված իրավիճակին, այս անգամ բաց քննարկումով, որին կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Մեր խնդիրն է ստանալ Ադրբեջանին ու Թուրքիային որպես ահաբեկչական պետություններ դատապարտող բանաձև՝ հիմքը մոջահեդների ու արգելված զինատեսակների գործածությունը, հետևաբար՝ պատժամիջոցներ, որ կփոխեն ուժերի հավասարակշռությունը:
6. ԵՄ-ն դեկտեմբերին է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու, դիվանագիտական աշխատանքի 2 ամիս ունենք՝ ստանալու ոչ միայն պատժամիջոցներ, այլև Թուրքիային ու Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո:
7. Արցախի ճանաչումը համահայկական օրակարգի թիվ 1 խնդիրն է մնում: Մինչև տարեվերջ պետք է հասնել ԱՄՆ-ի, որ այսօր նախագահ է ընտրում, Ֆրանսիայի, Կանադայի, Հունաստանի, Կիպրոսի ճանաչումներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նոյեմբեր, պատերազմ, սեր՝ ժամանակ, տարածք, ոգի: Արտակարգ իրավիճակներում դրսևորվում են արտակարգ որակներ, կայացվում արտակարգ որոշումներ, փոխվում է մտածողության մակարդակը: Ոչ բոլորի, բայց պատերազմը փոխում է մարդկանց, ուրեմն՝ և մտածողությունը: Մենք այլևս նախկինը չենք լինելու: Հուսամ՝ ճռճռան հայրենապաշտությունը պակասելու է՝ ի հաշիվ պրագմատիկ հայրենասիրության: Ինքնագովազդով հայրենիք չեն «սիրում»: Մենք շարունակում ենք 1994-ին կիսատ մնացած պատերազմը: Այն ժամանակ մենք զինադադար պարտադրեցինք Ադրբեջանին, Ռուսաստանը՝ մեզ, թեև լիովին կարող էինք կապիտուլյացիա պարտադրել Բաքվին: Ժամանակն է, որ Մոսկվան սխալներն ուղղի՝ արտաքին քաղաքականության գերակայությունների որոշարկմամբ ու ինքնապաշտպանության կոնկրետ քայլերով: Ընդարմացած Արևմուտքը սկսել էր «բնական» համարել քաղաքացիական պատերազմը Սիրիայում, Սիրիան ու Լիբիան հանձնել էր ռուսներին ու թուրքերին՝ ԱՄՆ-ի հեռանալուց հետո: Էրդողանը Արևմուտքին ընտրություն է առաջարկում՝ կամ սկսում է պաշտպանվել, կամ հանձնվում է օսմանյան ահաբեկչությանը՝ գլուխ առ գլուխ: Արցախը կվերականգնվի, Արևմուտքը՝ ոչ: Ողջ լերուք: Մի վարակվեք ու մի վարակեք: