Ինչ դասեր է տալիս համավարակը
10.04.2020 | 13:46
Լավ խոսք կա՝ չկա չարիք առանց բարիքի։ Այս վտանգավոր վիրուսը որքան մեծ վնասներ բերեց աշխարհին, նույնքան էլ բավական շատ խնդիրների ստիպեց այլ աչքով ու այլ տեսանկյունից նայել։ Այս վերահաս վտանգից քիչ կորուստներով դուրս կգան այն պետությունները, որոնք կկարողանան ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել ու դրանից դասեր քաղել։ Նրանք կհաղթեն նաև ապագայում, որովհետև կունենան պատրաստված հասարակություն և ամուր պետություն։ Այս օրերին մեզ կրկին օգնության հասավ մեր գիտությունը, որը վաղուց անտեսել ենք։
Հայաստանի գիտական ներուժը տարիներ շարունակ անտեսվել է, ուղեղների արտահոսք է տեղի ունեցել, երկրում մնացած գիտնականներն էլ հավուր պատշաճի չեն գնահատվել։ Դեռ ավելին, այսօր էլ փորձում են Գիտությունների ազգային ակադեմիան լուծարել։ Մինչդեռ այս համավարակի օրերին Հայաստանի գիտությունից մնացած բեկորները գործի դրեցին իրենց հնարավորությունները և ստեղծեցին առողջապահության համակարգին առաջնահերթ անհրաժեշտ պարագաները։ Երբ ողջ աշխարհը կարիք ունի օգնության, ամեն պետություն ապավինում է իր ներքին ռեսուրսներին, մեկուսացած են բոլորը, յուրաքանչյուր երկրի փրկությունն էլ իր ներսի գիտական միտքն է։ Մինչդեռ տարիներ շարունակ պետբյուջեից գիտությանը տրվող գումարներն ամոթալի են եղել, այս ճյուղը եղել է անտեսված ու մոռացված։ Դրա փոխարեն շատ գիտնականներ դրսի հետ են աշխատել ու եթե որևէ ծրագիր կարողացել են կյանքի կոչել, դրսի գրանտներով են արել։ Նրանց մտքի աշխատանքը շատ էժան գներով վաճառվել է օտարին, նրանք են վայելել դրա պտուղները։ Էլ չենք խոսում, թե քանի գիտնական ու նորարար է մեր երկրից ընդմիշտ հեռացել ու ծառայում այլ երկրի գիտական մտքին, տեխնոլոգիական զարգացմանը։
Այս օրերը մեզ խորհելու առիթ պիտի տան։ Ոչ թե բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարը պիտի հայտարարի, թե այս կամ այն տեղից դուրս գրված, մարդկանց նկուղներում մնացած թոքերի արհեստական օդափոխության հին սարքեր պիտի հավաքել, նորոգել, տալ առողջապահության համակարգին, այլ այսօր ևեթ հայտարարեր, որ իրավիճակից ելնելով կառավարությունը ամբողջապես վերանայում է գիտությանը տրվող գումարները, աջակցությունը և քաղաքականությունը։ Այսօր օդափոխման սարքեր են պետք, վաղը մեկ ուրիշ համավարակի կամ ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ այլ սարքավորումներ են հարկավոր, դրանք է՞լ պիտի փնտրել մարդկանց նկուղներում։
Բայց կարծես Փաշինյանի կառավարությունից էլ այս ոլորտի համար փոփոխություններ ակնկալել պետք չէ։ Ճգնաժամային իրավիճակի հաղթահարման առաջարկների առնչությամբ երեկ նա հայտարարեց. «Իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկներ, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ։ Ընդ որում, մեր ռազմավարության մրցունակության առումով, կարծում եմ, կարևոր է արձանագրել, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել։ Եվ մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ նախկինում»։ Այսինքն, կառավարությունը նախկին տեսլականով է առաջ գնալու, իսկ Փաշինյանն ասում, էր թե ամեն ինչ փոխվել է, հին մոտեցումներն այլևս արդիական չեն, մենք նոր հնարավորություն ունենք տնտեսությունը հեղափոխելու։ Ստացվում է՝ երբ պետք է, հեղափոխում ենք, երբ պետք չէ, մնում է նույնը, ինչ նախկինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ