ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵԹԵ ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՍԻԶՄ Է, ՈՒՐԵՄՆ ԵՍ ՌԱՍԻՍՏ ԵՄ

ԵԹԵ ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՍԻԶՄ Է, ՈՒՐԵՄՆ ԵՍ ՌԱՍԻՍՏ ԵՄ
19.11.2010 | 00:00

Այո, այո, ես ռասիստ եմ: Բայց մինչ իմ ռասիստական էության բացահայտումը փորձեմ լիարժեք բացատրել «ռասիզմ» հասկացությունը: Ռասիզմը ֆաշիզմի գաղափարախոսության տարրերից մեկն է, որի հիմքում ընկած է մարդկային ցեղերի ֆիզիկական և հոգեկան անհավասարության մասին դրույթը, ինչպես նաև մարդկանց դարավոր բաժանումը բարձր և ցածր ցեղերի (ռասաների)։
Իսկ այժմ, որպես հայ, պարզեմ` երբ, որտեղ և որքան եմ թմբկահարել իմ առավելությունն ուրիշ մեկի նկատմամբ: Հրեայից հալածված, խաչ հանված Քրիստոսին պետականորեն առաջինն ընդունեցինք որպես Աստծու: Դրանից առաջ հռոմեացիներից սովորեցինք թատրոն խաղալ, ասել է` Արևմուտքի ջահակիրը դարձանք այս տարածաշրջանում: Աշխարհի մեծագույն զորավարներից մեկի ռազմական միտքը մեզ օգնեց մայրաքաղաք կառուցելու և, կռվելով աշխարհի գոռոզ կայսրերից մեկի մոտ, սուրը գոտկատեղին ամրացրած մտանք և նրա ձեռքից ստացանք անկախ պետության թագավորական թագը: Քրիստոնյա շատ ազգերի նկատմամբ ստորությամբ լցված օրթոդոքս հոռոմներին հզոր կայսրեր տվեցինք, բայց, ցավոք, չսովորեցինք նրանց պես խարդախել:
Պարսիկների լեզվաֆոնդի շնորհիվ զարգացրինք մեր ազգի գոյության հիմքը` լեզուն: Արաբների հետ դարավոր պայքարի արդյունքում ծնվեց մեր անմահ էպոսը, որն օտարերկրացի մի թարգմանիչ անվանեց աշխարհի ամենամարդասիրական էպոսը: Այդ էպոսում անհնար է գտնել որևէ չար բառ արաբի նկատմամբ, ավելին, ռամիկ արաբը հայի բերանով ծաղրում է մեծամիտ Կոզբադինին: Բարբարոս թուրքին տվեցինք ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն, անգամ թուրքերենի քերականությունը մշակեցինք, բայց նա, ինչպես ասել է մեր մեծ բանաստեղծը, հազար տարում հազիվ դարձավ մարդասպան։ Իսկ այդ մարդասպանի ածանցյալը, որը դեռ կարգին մարդասպան էլ չի դարձել, իր ճամփան սկսել է դարերով մեր թողած հոգևոր նյութական արժեքները ջնջելով մեր իսկ պատմական հողերի վրա, իսկ այդ ածանցյալ ազգի (իսկ և իսկ ռասիզմ) առաջնորդ կոչվածը զառանցում է ու զառանցում, թե Երևանն Էրիվան է և կառուցված է ադրբեջանական հողերի վրա: Եվ երբ ինձ նման մտածող մի հայ, թող որ նա լինի Հայաստան երկրի նախագահը, ոչ թե ծաղրով, այլ նուրբ սարկազմով հարցնում է, թե` մարդ արարած, գոնե ճշտիր քո անձնագիրը, ասա` թո՞ւրք ես, մա՞ր, թե՞ աղվան, հանկարծ հայոց միջից մեկը, մի պատմաբան, չէ՛, ավելի ճիշտ` պատմաբան-քաղաքական գործիչ (ով ինչ կուզի թող ասի, այդ անհատը վաղուց սպառել է իրեն, որի թիկունքում միտինգներում հաջող ելույթների համար սպասարկող արևմտյան ուղեղներ այլևս չկան. բա իզո՞ւր է հիմա միտինգներում նա այդքան հայհոյում Արևմուտքի քաղաքական գործիչներին. պատերազմ չկա, էդ ղարաբաղցիք էլ վաղուց լուծել են իրենց հարցերը. պայքար, պայքար մինչև վերջն էլ վաղուց անցած էտապ է) փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երևալ: Նախ` Ռոբերտ Սեդրակիչին մեղադրել դարակազմիկ մի հայտարարության մեջ, որը նա արել էր տարիներ առաջ, թե հայերն ու ադրբեջանցիները էթնիկապես անհամատեղելի ժողովուրդներ են (մոռանալով Սեդրակիչից առաջ ասած իր խոսքերը` մենք մեր հողը մաքրեցինք ազերիներից, և այդ կապակցությամբ Անատոլի Սոբչակի ելույթը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում), իսկ հետո, թե` ինչպե՞ս կվերաբերվեն Արևմուտքում Սերժ Սարգսյանի իսկ և իսկ ցեղակրոնական գաղափարախոսությանը:
«Ցեղակրոնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»,- շարունակում է մեր պատմաբան-քաղաքական գործիչը։
Թե Արևմուտքն ինչպես կվերաբերվի նժդեհականությանը, թողնենք Արևմուտքի խղճին, իհարկե, եթե նրանք քաղաքականության մեջ դրանից գոնե նշույլ ունեն: Բայց այդ նժդեհականության (Նժդեհի) ոգին էր, որ փրկեց Սյունիքը: Եթե նժդեհականությունը ռասիզմ է, ուրեմն ես ռասիստ եմ: Հանուն ճշմարտության ասեմ, որ այսօր էլ ես եղել և մնում եմ բոլշևիկ, բայց ամբողջ էությամբ կանգնած եմ մեր երկրի նախագահի կողքին: Մենք այնքան էլ չպիտի մտածենք, թե ինչ կմտածեն Արևմուտքում, քանզի այդ Արևմուտքի խարդավանքները զգացել և զգում ենք մեր մաշկի վրա սկսած դեռևս 19-րդ դարից:
Հայը, որքան էլ ցեղակրոն լինի, ֆաշիստ չի կարող լինել: Նացիոնալիստ կարող է և պարտավոր է լինել: Աշխարհի մեծագույն հանճարներից մեկը` Մարքսը, ինչ-որ տեղ արդարացրել է փոքր ազգի նացիոնալիզմը և դա հասկանալի է: Բայց հայը նացիոնալիստ էլ չէ: Բա երնեկ չէ՞ր, որ իմ պապը նացիոնալիստ լիներ, թուրքի լամուկին թուրքի առաջ մորթեր և պահպաներ այն 300 հազար քառակուսի կիլոմետրը, որը կոչվում էր Հայաստան, և ոչ թե տեսներ իր մորթվող զավակին և ցավից ոռնար: Եվ հիմա, երբ ազգի նվիրյալների կյանքով ազատվել է մեր պատմական հողերի մի մասը, փոխանակ ազգին կոչ անենք տեր կանգնելու իր ունեցվածքին, հանուն աթոռի պատրաստ ենք անգամ ձայնակցելու թուրքազերուն:
Ես ռասիստ եմ: Բայց իմ պատճառով առայսօր ոչ ոք չի տուժել: Ռասիստս լավ գիտի աշխարհի մեծերին, աշխարհի գրականությունը, այդ թվում` քուրդ մորից և պարսիկ հորից Գյանջայում ծնված, պարսկերեն գրած մեծն Նիզամուն, որին, չգիտես ինչու, ազերիները թուրք են ասում:
Երբ Ադրբեջանն ամեն օր ավելացնում է իր ռազմական բյուջեն, սպառնում է պատերազմով և իր ազգի ինքնահաստատման ճանապարհը փորձում է տանել հայի գերեզմանի վրայով, իհա՜րկե, դա ռասիզմ չէ, դա թուրքի սովորական միսն ու արյունն է, որի վրա Արևմուտքի դիվանագիտական աչքը փակ է։ Իսկ Սերժ Սարգսյանի պարզ հարցադրումները, թե` մի ասա տեսնեմ, դու ո՞վ ես, և այդ հարցադրման հետ միաժամանակ հիշատակում է բաքոսուհիներին, Տիգրան Մեծին և էլի ինչ-որ պատմական փաստեր, ըստ մեր պատմաբան-քաղաքական գործչի` ռասիզմ է։ Գուցե Վահան Տերյանն է՞լ է ռասիստ: Ախր նրա խոսքերը, թե` մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, իսկ և իսկ իմ հոգուց (նաև յուրաքանչյուր իսկական հայի) բխող, այսինքն` իր լեզուն, պատմությունը, սեփական ինքնությունը հպարտ գիտակցող մարդ արարածի խոսք է:
Օ՜, տեր Աստված, այդ ո՞վ է նորեն ուզում մեզ թագավորել:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ