ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՄՈՒՆ ՏԱԼ

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՄՈՒՆ ՏԱԼ
18.12.2009 | 00:00

Վերահսկիչ պալատի հերթական արտագնա նիստը Լոռու մարզում էր, չնայած բացահայտված խախտումներն առնչվում էին ոչ միայն այս մարզին։ Բայց ամեն ինչ` հերթով։ Մինչ այդ նկատենք, որ ՎՊ-ի խորհրդի նիստին մասնակցում էին այն ղեկավարները, որոնց գերատեսչություններում խախտումներ էին հայտնաբերվել (Լոռու մարզպետ Արամ Քոչարյան, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արմեն Անդրեասյան)։
ԼՈՌԻՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏԱԿՈՎ ԷԻՆ ԱՐԵԼ
Լոռու մարզպետարանում ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել երեք ծրագրով` քաղաքաշինություն, սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ, հողերի վարձակալության օրինականություն։ Ըստ այդմ, 3 մլրդ 170 մլն դրամ շինարարական աշխատանքներից ուսումնասիրվել էր 1,5 մլրդ-ը և հայտնաբերվել 43 մլն 850 հազար դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է բյուջե վերադարձման։ Սոցիալական ծառայություններում հայտնաբերված խախտումները, ըստ ՎՊ-ի նախագահի, առկա են բոլոր մարզերում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ «տեղեկանքները տալիս է մեկ կառույց, գումարը` մեկ այլ, աշխատանքն իրագործում է բոլորովին այլ կառույց»։ «Ստացվում է, որ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Սխալ տրված տեղեկանքների հիման վրա մարդկանց հատկացվել է գումար, այսինքն, մարդիկ պետք է նպաստ չստանային, բայց ստացել են»։ Իշխան Զաքարյանն այս առնչությամբ կառավարությանն առաջարկել է «կոնկրետ քաղաքականության փոփոխություն», քանի որ «համակարգն արմատապես վերափոխելու խնդիր կա»։ «Այս ծառայության միջոցով շուրջ 30 մլրդ դրամից ավելի գումար է բաշխվում բնակիչներին»,- հավելեց ՎՊ-ի նախագահը։
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին` նա արձանագրեց, որ Լոռին այն մարզերից է, որը խախտումների արդեն 90-95 տոկոսը վերացրել է։ «Շատ երկրներում կան շինարարների սև ցուցակներ, և այն շինարարներին, ովքեր անբարեխիղճ են, որպես տույժ, թույլ չեն տալիս մեկ-երկու տարի մասնակցել մրցույթների։ Սա կարելի է իրականացնել նաև Հայաստանում»,- ասաց պարոն Զաքարյանը։
Վանաձորի քաղաքապետարանում ստուգումների արդյունքում 197 մլն 360 հազար դրամի խախտումներ են արձանագրվել, որոնց առյուծի բաժինը գույքահարկի չվճարումներն է։ Ստեփանավանի քաղաքապետարանում էլ հայտնաբերվել է 30 մլն 439 հազար դրամի խախտում։
ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ԱՅԼԵՎ «ՀԱՅ» ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գլխիկոր լսում էր Իշխան Զաքարյանի` իր ղեկավարած գերատեսչությանն առնչվող խախտումների մասին թվարկումները։ Եվ այսպես. «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն խախտել է ՀՀ պետտուրքի մասին օրենքն ու չորս տարվա տուրքը` տարեկան 600 հազար դրամ, չի վճարել բյուջե։ Նախարարությունը վերահսկողություն չի իրականացրել նաև «հայ» և «Հայաստան» բառերն օգտագործող կազմակերպությունների նկատմամբ։ Վերջիններս պարտավոր են տարեկան 600 հազար դրամ պետտուրք վճարել։
Հաջորդ բացահայտումն առնչվում էր Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի և «Հայբուսակի» գործունեությանը։ Պարզվում է, որ ինստիտուտը 675 քմ մակերեսով տարածքը վերանորոգելու համար 20 մլն դրամ տրամադրել է «Հայբուսակին», սակայն հետո վաճառել է այն նույն «Հայբուսակին», բայց արդեն 25 մլն դրամով։ «Ստացվում է` «Հայբուսակը» պետական միջոցներով վերանորոգել է, իսկ գնել` ձրի»։ Ինստիտուտի թույլ տված խախտումների մի մասն էլ առնչվում է հաստիքացուցակներին։ «Գիտական բնագավառի մարդկանց ու նրանց կոչումները հարգում են, բայց 70-91 տարեկան 183 աշխատող ձևակերպված է (երբեմն մի ընտանիքից 5 մարդ է ձևակերպված) 0,25, 0,5, 0,75 հաստիքներով։ Փաստորեն, ուղղակի ձևակերպված են, բայց մարդիկ գործի չեն գալիս»,- ընդգծեց Իշխան Զաքարյանը։ ՎՊ-ն այստեղ 50 մլն դրամ ֆիքսել է որպես անարդյունավետ ծախս։
Հետաքրքիր «ճեպընթաց» սերտիֆիկատներ է տրամադրում էկոնոմիկայի նախարարությունը` գինիների տեսականիների, ֆրանսիական հարդարաջրերի, կոնֆետների համար։ «Պիտանիության ժամկետի բացակայության պայմաններում Լիբանանից ներմուծված շոկոլադե պատրաստուկներին, որոնք օգտագործվում են պաղպաղակների պատրաստման համար, դրական եզրակացությամբ սերտիֆիկատներ են տվել»,- մասնավորեցրեց ՎՊ-ի նախագահը։ Ապօրինությունը հասել է այնտեղ, որ սերտիֆիկատ է տրվել ապրանքի, որը դեռ Հայաստան չի մտել։
ՋՐԵՐՆ ԷԼ ԵՆ ՊՂՏՈՐ
Ջրային տնտեսությունը ևս «մաքուր» չէր ՎՊ-ի ստուգումների արդյունքում։ «Համայնքային զարգացման ծրագրի» գրասենյակի միջոցով 590 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել, որից ստուգվել է 237 մլն դրամն ու արձանագրվել 30 մլն դրամի ծավալային հավելագրումներ շինարարական կազմակերպությունների կողմից։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պահեստները ևս չեն վրիպել ՎՊ-ի տեսադաշտից։ 7,5 մլն դրամի ընդհանուր արժեքով 689 ջրաչափ չի հայտնաբերվել պահեստներում, 5000 ջրաչափ էլ ստուգումների ընթացքում հապճեպ պահեստ է վերադարձվել։ Պետբյուջեից ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել են գումարներ ավտոտնակները վերանորոգելու համար, սակայն ստացվել են «նեղ, փոքր, բարակ-մարակ» ավտոտնակներ, որոնցում տեխնիկան չի տեղավորվում։ Այստեղ էլ ՎՊ-ն 31 մլն 900 հազար դրամի անարդյունավետ ծախս է հայտնաբերել։
Խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի վերջում Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ-ն դատախազություն է ուղարկել 10 գործ, որոնց առնչությամբ պալատն ունի «քրեաիրավական բնույթի կասկածներ»։ «ՎՊ-ն ոչինչ չի թաքցնում ու շատ բաց է աշխատում»,- վերջում հավաստիացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ