«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՆՉՈՒ ԲԵՆԶԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, ՔԱՆ ԱՄՆ-ՈՒՄ

ԻՆՉՈՒ ԲԵՆԶԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, ՔԱՆ ԱՄՆ-ՈՒՄ
04.06.2010 | 00:00

Նախքան ձեռնամուխ լինելը այն պատճառների պարզաբանմանը, թե ինչ քաղաքական խնդիրներ են աշխատում լուծել համաշխարհային տնտեսական ճգնաժամի կազմակերպիչները, ուզում եմ անդրադառնալ վերնագիր դարձած հարցին։ Առավել ևս, որ այդ թեման հոլովում են այսօր ՌԴ իշխանություններին ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Ավելին, այն դարձել է, այսպես կոչված, լիբերալ ուժերի քարոզչության առանցքը, նրանք շարունակ բարձրաձայնում են ռուսական տնտեսության անարդյունավետության, ռուսական իշխանությունների հիմարության և կոռումպացվածության մասին։
Եվ այսպես` ինչո՞ւ բենզինը Ռուսաստանում ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում։ Ինչո՞ւ նավթ արդյունահանող երկրում դրա վերամշակումից ստացված բենզինն ավելի թանկ արժե, քան այն սպառող երկրում։ Առաջին հայացքից, իսկապես, սա խիստ անբնական է։ Սովորական տնտեսության մեջ այդպես չի լինում. ասենք, Աստրախանում աճեցված ձմերուկներն այնտեղ ավելի էժան կարժենան, քան դրանց համար կվճարեն Մոսկվայի բնակիչները։ Անասնապահական ֆերմայում, որտեղ կովեր են բուծվում, կաթը միշտ էլ ավելի էժան է, քան քաղաքային սուպերմարկետում։ Իսկ տվյալ դեպքում շատ արտառոց պատկեր է` տեղում արտադրվող ապրանքը դրսում ավելի էժան է, քան այն արդյունահանող երկրում։ Ո՞րն է բանը։
Ողջ խնդիրը մրցակցությունն է, ասում են ռուսաստանյան լիբերալները։ Ամերիկայում մեծ թվով ընկերություններ կան, որոնք նավթամթերք են առաջարկում և, ըստ այդմ, գինը միշտ էլ շուկայական է, հավելագինը` նվազագույն, իսկ բենզինի արժեքը շատ զգայուն արձագանքում է նավթի մեկ բարելի արժեքի բոլոր տատանումներին։ Իսկ Ռուսաստանում ամեն ինչ սխալ է, գլխիվայր շուռ տված։ Ահա հենց այդ պատճառով էլ բենզինը մեզ մոտ ավելի թանկ է, քան Ամերիկայում։ Այս թեմայով շատ են սիրում խոսել Բորիս Նեմցովը, Իրինա Խակամադան, ուրիշներ։ Նույն պարկապզուկն է փչում նաև Անատոլի Չուբայսի թե՛ քաղաքական, թե՛ էներգետիկային վերաբերող հարցերում մերձավորագույն զինակիցներից մեկը` Լեոնիդ Գոզմանը` «Արդար գործ» կուսակցության համանախագահը։ Ռուսաստանում բենզինի գնի բարձր լինելու հետ կապված հարցին նա հետևյալ պատասխանն է տվել. «Դրա պատճառն այն է, որ բնագավառը գտնվում է պետության վերահսկողության տակ։ Հենց որ դադարեն վերահսկել, կսկսվի իրական մրցակցությունը... Կան իրարից անկախ արդյունահանողներ, որոնք պայքարում են սպառողի համար... Երբ սկսեն մրցակցել բենզին արտադրողները, այդ պահից էլ բենզինի գինը կնվազի»։
Չգիտես էլ` չարանա՞ս, թե՞ ժպտաս, երբ քաղաքական կուսակցության ղեկավարը, մի կառույցի, որը գոնե տեսականորեն պետք է իր առջև նպատակ դրած լինի հասնելու երկրում լիիրավ իշխանության, սկսում է տնտեսության մասին դատողություններ անել տարրական դասարանի աշակերտի մակարդակով։ Եվ բանն ամենևին էլ այն չէ, որ տարատեսակ նեմցովներ ու գոզմաններ չեն քաշվում հրապարակայնորեն նման անմտություններ դուրս տալուց, չհասկանալով, որ դրանով իսկ ստորագրում են ժամանակակից աշխարհում տնտեսության հիմքային տարրերին վերաբերող հարցերում սեփական տգիտության և անըմբռնողության տակ։ Բանն այն է, որ ազատ շուկայի, մրցակցության, տնտեսության արդյունավետության մասին նման դատարկ զառանցանքները խառնաշփոթ կարող են սերմանել ոչ միայն ՌԴ քաղաքացիների ուղեղներում։
Ամենից առաջ` հանդիպակաց մի հարց. եթե ողջ խնդիրը միայն տնտեսության արդյունավետությունն ու շուկայական լինելն է, ապա ինչո՞ւ է բենզինն այդքան թանկ Եվրոպայում։ Ինչո՞ւ է միշտ մատնանշվում Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ վառելիքի արժեքն իսկապես էլ ցածր է, և ինչո՞ւ երբեք չեն հիշատակվում, ասենք, Գերմանիան, Բելգիան կամ Ֆինլանդիան։ Այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է. այն պատճառով, որ հակառակ պարագայում լիբերալների կանգնեցրած ողջ կառույցն ակնթարթորեն փուլ կգա, քանի որ Եվրոպայում բենզինը շատ ավելի թանկ է, քան Ռուսաստանում։ Բայց չէ՞ որ Եվրամիության երկրների տնտեսությունը պակաս շուկայական չէ, քան ԱՄՆ-ինը։ Որտեղի՞ց, ուրեմն, նման տարբերություն վառելիքի գներում։
Ողջ խնդիրը գանձվող հարկերի չափն է` առանց վարանման կպատասխանեն լիբերալները։ Եվրոպական պետությունները վառելիք վաճառողներին պարտադրում են վճարել բարձր մաքսեր և հարկեր։ Ամեն ինչ ճիշտ է։ Այս պատասխանից սահուն կերպով անցում կատարենք հաջորդ հարցին` իսկ այդ ինչի՞ց է, որ ԱՄՆ-ի իշխանությունները նույն այդ վառելիքի վաճառողներին չեն պարտադրում վճարել նույն չափի մաքս և հարկ։ Ամերիկյան պետությանը, ի՞նչ է, փող պետք չէ՞։ Ճիշտ հակառակը։ ԱՄՆ-ի պետական միագումար պարտքն այսօր հասել է աստղաբաշխական մի թվի` 10,5 տրիլիոն դոլարի, և դեռ շարունակում է աճել։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը, այսինքն` բոլոր ամերիկացիները, պարտք են այլ երկրներին, մասնավոր ներդրողներին և ընկերություններին մի գումարի չափով, որն արդեն համադրելի է նույն այդ ամերիկյան պետության տարեկան եկամտի հետ։
Ստացվում է շատ զարմանահրաշ մի բան. Ռուսաստանն ու Եվրոպան, որոնք, ԱՄՆ-ի համեմատ, պետական պարտք, կարելի է ասել, չունեն, ձգտում են պետական բյուջեն լցնել բոլորին այդքան անհրաժեշտ բենզինը հարկելու միջոցով, իսկ Միացյալ Նահանգները, որը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ` ոչ։ Միանգամից գլուխ է բարձրացնում կասկածելի մի միտք` մի՞թե Միացյալ Նահանգները մտադիր չէ վճարել իր առասպելական պարտքերը։ Հստակեցնենք` ոչ միայն մտադիր չէ, այլև չի էլ պատրաստվում, հակառակ դեպքում չէր շարունակի օրեցօր պարտքեր կուտակել` սովորականի նման սպառելով կրկնակի ավելի, քան արտադրում է։ Ամերիկյան պետության պետական պարտքի մասին կխոսենք առաջիկա հոդվածներից մեկում, առայժմ վերադառնանք քննարկվող թեմային։ Իսկ «փող տպող մեքենայի» սեփականատերերի ինչի՞ն է պետք փողը։ Նրանց ինչի՞ն են պետք հարկերը, եթե կարող են ցանկացած պահի պարզապես միացնել տպագրական հաստոցը և սրտներն ուզածի չափ նույն այդ փողը տպել։ Ի՞նչ է, իզո՞ւր էր ամերիկյան պետությունն իր վիթխարի ֆինանսական կարողություններով ճզմած Դաշնային պահուստի համակարգը երկու համաշխարհային պատերազմ հրահրում, իզո՞ւր էր անխոնջ ու նպատակասլաց կերպով 46 տարի շարունակ, 1945-ից մինչև 1991 թվականները, պայքարում Խորհրդային Միության դեմ։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և վերացավ այն վերջին ուժը, որն ի զորու էր կասկածի տակ դնելու 364 օր շարունակ (միակ հանգիստը Սուրբ Ծննդյան օրն է- Ռ. Ա.) ոչնչով չապահովագրված բանկատոմսերի տպագրումը։ Իսկ ԽՍՀՄ-ում բենզինը, ի դեպ, կոպեկներ արժեր...
Խորհրդային Միությունն այլևս չկա, և աշխարհում բոլոր կարևորագույն ռեսուրսների առևտուրն այսօր իրականացվում է բացառապես դոլարով։ Մնում է միայն մեկ ելք` բարձր չափերով հարկել այն ամենը, ինչը կապ ունի ածխաջրածինների հետ։ Ճիշտ այդ կերպ էլ վարվում է Եվրոպան։ Այնտեղ գրեթե յուրաքանչյուր ոք մեքենա ունի, և բոլորին էլ անհրաժեշտ է բենզին կամ սոլյարայուղ։ Հարկերը գնում են ուղիղ պետական բյուջե։ Այստեղ ի՞նչ մի սխալ բան կա։ Որտե՞ղ են ձեր ասած կոռուպցիան, անարդյունավետությունը կամ սակավամտությունը։ Եվ այդ ինչո՞ւ մեր այս տնաբույս լիբերալները չեն նախատում կամ ծաղրում բենզինի բարձր գնի համար, ասենք, Նորվեգիայի իշխանություններին, մի երկիր, որն աշխարհում խոշորագույն նավթ արտահանողներից մեկն է։ Իսկ Նորվեգիայում, ի դեպ, ոչ միայն նավթամթերքների գինն է շատ ավելի բարձր, քան Գերմանիայում կամ Ֆրանսիայում։ Թե՞ Նորվեգիայում նույնպես իշխում է Եվրոպայի ամենաանարդյունավետ և հիմարավուն կառավարությունը, որը, սակայն, ինչ-որ հրաշքով կարողանում է իր ազգաբնակչության համար ապահովել աշխարհում ամենաբարձր կենսամակարդակը։
Կոռուպցիան այստեղ ոչ մի կապ չունի, իսկ արդյունավետությունն ու շուկայական տնտեսությունը որևէ դեր չեն խաղում։
ԱՄՆ-ում բենզինն այդքան էժան է, որովհետև Միացյալ Նահանգները, փաստորեն, ձրի է ստանում նավթը, որի վերամշակումից էլ բենզին է ստացվում։ Իսկ Ռուսաստանում և Նորվեգիայում այդ նավթն արդյունահանելը թանկ է նստում` բնական դժվարին պայմանների պատճառով։ Այդ երկրների բյուջեների առյուծի բաժինը ձևավորում են հենց նավթային հարկերը։ Նորվեգիան հարուստ երկիր դարձավ 1978-ից, երբ այնտեղ նավթ հայտնաբերեցին։ Ճիշտ է, երկրաբաններին սկզբում ոչ ոք չէր հավատում, իսկ էկոնոմիկայի նախարարը հեգնանքով ասում էր, որ կխմի ողջ այն նավթը, որն իր երկրում կգտնեն։ Մեքսիկացիներին այդ հարկերը պետք չեն, նրանց բյուջեն լցվում է պարզապես դոլարի էմիսիայի (թղթադրամների թողարկման) հաշվին, իսկ դա նշանակում է, որ, կանաչ գույնով ներկելով թուղթը, ԱՄՆ-ը դրանք թանկ գնով վաճառում է համաշխարհային շուկայում։ Դոլարը դարձել է ապրանք, ընդ որում, շատ ավելի անհրաժեշտ, քան նավթը կամ գազը։ Գիտե՞ք ինչպիսին է 100-դոլարանոց թղթադրամի ինքնարժեքը։ Տասը ցենտ։ Ինչքա՞ն նավթ կարելի է գնել դրանով։ Եթե, ասենք, նավթի 1 բարելն արժե 50 դոլար, ապա` 2 բարել։ Ստացվում է, որ իրականում ԱՄՆ-ը նավթի դիմաց վճարում է... տասը ցենտ։ Իսկ ինչպիսի՞ն է սև ոսկու արդյունահանման ինքնարժեքը։ Տարբեր տեղերում` տարբեր։ Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում այն կարելի է հանել դույլերով, նախապես մի փոքր փորելով ավազը։ Ռուսաստանում այդպես չի ստացվի։ Այնտեղ նավթը գտնվում է հեռավոր վայրերում և խոր ընդերքում։ Այն գտնվում է տայգայում` հավերժական սառույցների տարածքում, այնտեղ, որտեղ մինչ այդ մարդիկ չեն ապրել։ Նույն այդ Սաուդյան Արաբիայում կարճլիկ մի խողովակաշարը բավական է, որ նավթը լցվի նավթատար նավեր, իսկ Ռուսաստանում նույն այդ նպատակի համար հարկ է լինում կառուցել հազարավոր կիլոմետրեր ձգվող խողովակաշարեր, որոնք անցնում են աներևակայելի բարդ տեղանքով։
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Նորվեգիան «փող տպող» հաստոցներ չունեն։ Չունեն նաև Ֆրանսիան և Գերմանիան. նրանց եվրոն առայժմ գտնվում է դոլարի ստվերի ներքո։ Այդ իսկ պատճառով նրանք բոլորն ստիպված են ինչպես նավթային ընկերություններից, այնպես էլ շարքային սպառողներից վառելիքի համար գանձել բարձր հարկեր։ Ռուսաստանում դրանք կազմում են բենզինի վերջնական գնի շուրջ 53 տոկոսը։ Իսկ ԱՄՆ-ում այդ հարկերն անհամեմատ ցածր են կամ էլ իսպառ բացակայում են։ Հենց նման ծուռ հայելիների մեջ էլ հառնում է ժամանակակից համաշխարհային տնտեսությունը։ «Հրաշքներին» այնտեղ թիվ ու հաշիվ չկա։ Օրինակ` Չինաստանի բնակիչներն ակտիվորեն որակյալ հագուստ և կոշկեղեն են գնում ԱՄՆ-ի ինտերնետ-խանութներից։ Ինչո՞ւ են գնում։ Որովհետև Միացյալ Նահանգներում մի քանի անգամ ավելի էժան է, քան Չինաստանում։ Իսկ որտե՞ղ են արտադրվել այդ կոշիկներն ու հագուստը։ Չինաստանում...
ԱՄՆ-ն աներևակայելիորեն վիթխարի քանակությամբ փող է տպում։ Ըստ էության, ոչնչով չապահովված։ Բացի... ռազմա-օդային ուժերից ու ռազմա-ծովային նավատորմից։ Այնպես է ստացվել, միանգամայն պատահականորեն, իհարկե, որ ԱՄՆ-ը սպառազինությունների վրա ծախսում է ճիշտ այնքան, որքան մնացած ողջ աշխարհը։ ՈՒ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել դոլարներ, ռմբակոծում են, անվանում ահաբեկիչներ ու, սատանան գիտե, թե էլ ինչ։
2008-ի նոյեմբերի 19-ին Վաշինգտոնում կայացավ առաջատար տնտեսություն ունեցող աշխարհի 20 երկրների ղեկավարների հանդիպումը։ Հայտարարված նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ համատեղ որոշում կայացնելն էր։ Ի՞նչ արդյունքի հասան։ Զրոյական։ Ընդհանուր բառերը մաղելուց հետո տակը ոչինչ չի մնա։ «Առանցքային ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանվեցին որոշակի սկզբունքներ և կիրականացվեն որոշակի գործողություններ մեր ֆինանսական համակարգերը 21-րդ դարի պահանջներին հարմարեցնելու համար, քանի որ նման բոլոր կարգավորիչ կառույցները 20-րդ դարի կառույցներ են»,- հանդիպման արդյունքներն ի մի բերեց ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը։
Համատարած մշուշ է` «որոշակի սկզբունքներ», «որոշակի գործողություններ»։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ ոչինչ չվճռեցին։ Ինչո՞ւ ոչնչի շուրջ համաձայնության չեկան։ Բայց հնարավո՞ր էր, արդյոք, որևէ համաձայնության գալ։ Ինչպե՞ս համոզել ԴՊՀ-ի սեփականատերերին այսուհետ հրաժարվել փող տպելուց։ Այդ ե՞րբ է որևէ մեկն իր կամքով հրաժարվել սեփական գոյությունն ուրիշների հաշվին ապահովելու փայլուն հնարավորությունից։ Նման գիտակից քայլ աշխարհի վրա ապրող և ոչ մի կենդանի էակ ընդունակ չէ ցուցաբերելու։ Առավել ևս, եթե մինչ այդ տասնամյակներ շարունակ զբաղվել է մակաբուծությամբ։
«Աշխարհի գլոբալ տնտեսական համակարգը լուրջ խաթարման է ենթարկվել։ Այնտեղ տարածաշրջանային մեկ կենտրոն անվերջ փող է տպում ու բարիքներ սպառում, իսկ մեկ ուրիշն արտադրում է ոչ թանկ ապրանքներ ու պահում այլ պետությունների տպած փողը»,- 2009-ի հունվարի 28-ին Դավոսում Վլ. Պուտինի այս խոսքերը կասկած չեն թողնում, որ Ռուսաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է իրականությանը։ Ռուսների հետ միաժամանակ իրենց արժույթով առևտուր անելու մտադրության մասին բարձրաձայնեցին նաև արաբներն ու չինացիները։ Եվ սա ամենևին էր մանրուք չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հիրավի պատմական իրադարձություն։
Ճգնաժամն ու դոլարը շատ ամուր են կապված մեկմեկու, մեկը մյուսից անջատել գործնականում անհնարին է։ Եթե չլուծվի այն խնդիրը, որը ստեղծում է Դաշնային պահուստի համակարգը ողջ աշխարհի համար` առանց վերահսկողության փող դրոշմելով, համաշխարհային ֆինանսական խնդիրներն իրենց լուծումները չեն ստանա երբեք։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ