ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԼԵՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՆՈՐԻՑ ԼԵՌՆԵՐ ԵՆ

ԼԵՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՆՈՐԻՑ ԼԵՌՆԵՐ ԵՆ
09.03.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հայերիս համար անհասկանալի աշխարհը ավելի անհասկանալի դարձավ, հասկանալի աշխարհը` ավելի հասկանալի:
Մարտի 1-ին ՀԱԿ-ի այս տարվա առաջին հանրահավաքն էր Մատենադարանին հարող տարածքում: Ի թիվս այլ ճշմարտությունների` հանրահավաքի բազմահազար մասնակիցներին Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց` ի՞նչ է նշանակում wishful thinking` ցանկալին իրական ընդունելու հակում, որը սին հույսեր արթնացնելով` բթացնում է հասարակության զգոնությունը, հիշեցրեց, որ գործ ունենք Realpolitik-ի հետ, որի էությունը սկզբունքների զոհաբերումն է քաղաքական նպատակահարմարությանը: Կոնգրեսի ակտիվության մասին հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների թվով դատողներին վերստին բացատրվեց, որ հանրահավաքներն ինքնանպատակ չեն և որպես կանոն տեղի են ունենում ընտրությունների ընթացքում, բացառիկ սոցիալ-քաղաքական իրավիճակներում, իսկ հաճախակիությունը նվազեցնում է ներգործությունը: Հանրապետության առաջին նախագահը հայիթյան իսկապես ցնցող մի ասացվածք էլ մեջբերեց. «Լեռներից այն կողմ նորից լեռներ են»` հասկացնելու համար, որ գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո ծագելու են նոր խնդիրներ: Հանրահավաքից հետո երթն ուղղվեց դեպի Մյասնիկյանի արձանը` հարգանքի տուրք մատուցելու 2008-ի զոհերի հիշատակին: Համարյա մեկ ամսից` ապրիլի 6-ին է նախատեսված հաջորդ հանրահավաքը:
Մարտի 1-ից սկսեց գործել Վերին Լարսի անցակետը: Վերջին տարիներին Ռուսաստանի և Վրաստանի միջև սա առաջին դիվանագիտական համաձայնությունն է: Անցակետը վերակառուցվել է և ապահովվել տեխնիկական միջոցներով:
«Son Dakika» կայքի հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի հարցով բանակցությունների հաջող ավարտից հետո թուրքական զորքերն աստիճանաբար դուրս կբերվեն կղզուց: «Մենք նպատակադրվել ենք Կիպրոսի հարցում հաստատուն լուծման հասնել և այդ նպատակի իրականացման համար մեր պարտականությունները կկատարենք: Ոչ ոք թող չկասկածի Թուրքիայի լրջության վրա»,- ասել է Էրդողանը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հունվարի 6-ին ներկայացված «Ցեղասպանության հիշատակի օրվա» օրինագծի քննարկումը շարունակվելու է ապրիլի 30-ին: Անգլիացիներն ընտրել են քննարկման հարմար ժամանակ` ապրիլի 24-ից հետո, երբ որոշ հարցեր արդեն պարզված կլինեն: Օրինագիծն ամբողջությամբ ընդունելու համար պետք է քննարկի նաև Լորդերի պալատը: Եթե խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեն, հավանության պետք է արժանացնի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` Մարիա Ռոսա Ֆորտունիի և Խոսե Սամարտինի օրենսդրական նախաձեռնությամբ:
Հայաստանի քաղաքական կոալիցիայի կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, դիմել են անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Ամբողջ շաբաթ Աթենքում ցուցարարների ու ոստիկանության բախումներ էին. հույներն իրենց բողոքն էին արտահայտում բյուջետային ծախսերը 4,8 միլիարդ եվրոյով կրճատելու կառավարության ծրագրի դեմ: Նրանք չեն հանդուրժում տարեկան 14 աշխատավարձի փոխարեն 12-ը ստանալը, եկամտահարկի բարձրացումը, կենսաթոշակների կրճատումը:
Կառավարության ծրագիրը արձագանքն է բյուջեի դեֆիցիտը կրճատելու Եվրամիության կոչին: Հունաստանի վարչապետ Գեորգիու Պապանդրեուն Բեռլինի ու Փարիզի օգնությանը դիմեց, բայց ԵՄ աջակցությունը ճգնաժամում հայտնված Հունաստանին առայժմ խիստ բարոյական է: Գերմանական թերթերից մեկն էլ առաջարկել է` «Թող վաճառեն Ակրոպոլիսը»:
Մարտի 2-ին «Zaman»-ը գրում էր. «Մոտեցող ապրիլի 24-ն ամեն անգամ ցեղասպանության թեստ է դառնում թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այս տարի էլ ապրիլի 24-ի նախաշեմին թուրքական դիվանագիտությունն ակտիվ գործողությունների է անցել` կանխելու անցանկալի զարգացումները»: Թերթը նկատում է, որ այս տարի Անկարան առավել կտրուկ է արձագանքում իրադարձություններին. մասնավորապես արտգործնախարարությունը զգուշացնում էր, որ 252 բանաձևի ընդունումն ուղիղ հարվածի տակ կդնի հայ-թուրքական մերձեցման հեռանկարը:
Նախօրեին արձագանքելով թուրք գործընկերոջ հայտարարությանը, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում կարող են վավերացվել 3 օրում, բայց դա չի արվում և գործընթացը կարող է նաև կասեցվել, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ասել էր. «Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, ուրեմն Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձանագրությունները, բայց չի արել: Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե 3 օր է անցել, այլ ավելի քան 33 անգամ 3 օր: Այսինքն` Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնց մասին հստակ ասվում է դեռևս 2009-ի օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ: Ավելին` համաձայնությունների իրականացումը չսկսած` թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այդ գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»:
Մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ, 1 չքվեարկած հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը:
Կոնգրեսի հանձնաժողովում բանաձևի ընդունումից առաջ օրինագծին ընթացք չտալու կոչով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին էր դիմել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մինչ հանձնաժողովի քվեարկությունը պատասխանելով Հայոց ցեղասպանության բանաձևի հարցում նախագահ Բարաք Օբամայի և իր դիրքորոշման փոփոխության հարցին` Քլինթոնը նշել էր, որ հանգամանքներն էականորեն փոխվել են. «Երբ նախագահ Օբաման ստանձնեց պաշտոնը, և ես դարձա պետքարտուղար, մենք վճռեցինք, որ Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին մերձեցնելու Շվեյցարիայի նախաձեռնած գործընթացն արժանի է սատարման, և այդպես էլ վարվեցինք. ես անձամբ ներկա եմ եղել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Մենք կարծում ենք, որ դա է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհին ծագած խնդիրների լուծման պատշաճ մակարդակը»: «Չեմ կարծում, թե որևէ այլ երկիր պետք է որոշի` ինչպես երկու երկրները լուծեն իրենց միջև եղած խնդիրները: Ինչպես նախագահ Օբաման, այնպես էլ ես թե՛ անցած տարի, թե՛ այս տարի հստակեցրել ենք, որ չենք հավատում, թե Կոնգրեսի որևէ գործողություն տեղին է, և դեմ ենք դրան»: Տիկին Քլինթոնը հիշեցրել է, որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեք անգամ հավանություն է տվել համանման օրինագծերին. «Հավանական է, որ նրանք կրկին նույն կերպ կքվեարկեն: Բայց մենք չենք հավատում, որ ամբողջ Կոնգրեսը կանդրադառնա կամ պետք է ընթացք տա այդ բանաձևին, և մենք դա հստակ ասել ենք բոլոր ներգրավված կողմերին»:
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կոնգրեսի հանձնաժողովում 252 բանաձևի ընդունումը, համարելով «համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության ևս մեկ վկայություն և կարևոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ բանաձևը հեռու է պատմական իրողություններից և Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում անհամատեղելի քայլ է, որ վնասելու է Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը և ժողովուրդների միջև մնայուն բարեկամական հարաբերություններ կառուցելու ջանքերին: «Պատմության դեմ անարդարություն է քաղաքական շահերից ելնելով ընդունված այս որոշումը: Այս քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում բացասական արդյունքների համար Թուրքիան պատասխանատու չէ»,- ասել է Գյուլը: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` Գյուլն ասել է, որ բանաձևը «արժեք չունի թուրք ժողովրդի աչքում» և հարված կհասցնի Թուրքիայի և Հայաստանի միջև տասնամյակների թշնամանքին վերջ տալու ջանքերին:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը քվեարկությունից անմիջապես հետո դատապարտել է բանաձևի ընդունումը և անհանգստություն հայտնել, որ կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին և Թուրքիայի ու Հայաստանի հարյուրամյա թշնամանքին վերջ դնելու ջանքերին, հաղորդել է «Ռոյթերզը»:
«Մենք դատապարտում ենք այդ բանաձևը, որը մեղադրում է թուրք ազգին մի հանցագործության մեջ, որը նա չի կատարել»,- հայտարարել է Թուրքիայի կառավարությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտա րարել է, թե Թուրքիան կոչ է անում Հայաստանին բացել արխիվները և բանակցություններ վարել դեմ առ դեմ, ոչ թե ճնշում բանեցնել Կոնգրեսի միջոցով: Նա տարօրինակ է համարում բանաձևի 1 ձայնի առավելությամբ ընդունվելը: «Թուրքիան այն երկիրը չէ, որի վրա կարելի է ճնշում բանեցնել: Ցավոք, մի շարք երկրներ մինչև այժմ դա չեն հասկացել: Երբ մենք Հայաստանի հետ ստորագրում էինք արձանագրությունները, մենք ազնիվ էինք, բաց և մտածում էինք, որ կարող ենք վերջ դնել տարաձայնություններին: Սակայն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությանը երրորդ կողմի միջամտությունը, տվյալ դեպքում ԱՄՆ-ի, բարդացնում է հաշտության գործընթացը»,- ասել է Դավութօղլուն` հիմնավորապես «մոռանալով», որ հայ-թուրքական հարաբերություններում միշտ էլ եղել է «երրորդ կողմը»` Ադրբեջանը, որը և իրականում բարդացնում է բոլոր խնդիրները: Նախարարը մամլո ասուլիսում նաև տեղեկացրել է, որ բարձրաստիճան դիվանագետների մի պատվիրակություն է մեկնել Մոսկվա` ՌԴ ԱԳՆ-ում քննարկելու ԱՄՆ-ի Կոնգրեսում 252 բանաձևի ընդունման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:
«Milliyet»-ը գրում է. «Թուրքիան շատ լուրջ արձագանք տվեց բանաձևի ընդունմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից: Թուրքիան ուղիղ եթերում ուշի ուշով հետևում էր քննարկումներին` հույսը դնելով Քլինթոնի և Օբամայի վարչակազմի հորդորների վրա, որոնք կոչ էին անում դեմ քվեարկել փաստաթղթին»:
«Gumhuriyet»-ը գրում է. «Երեկ ողջ օրը Թուրքիայում եռուզեռ էր տիրում: Անկարան հայտարարություններ էր տարածում և զգուշացնում, որ փաստաթղթի ընդունման դեպքում պատրաստ է դիմելու ցանկացած քայլի: Բանակցությունները շարունակվում էին մինչև վերջին պահը»:
«Washington Post»-ը գրում է. «Չնայած Թուրքիայի ճնշումներին` Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կողմ քվեարկեց բանաձևին, որը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին ապրիլի 24-ի ավանդական ուղերձում օգտագործել «ցեղասպանություն բառը»: Այդուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ բանաձևը նախկինում ընդունված նույնաբովանդակ փաստաթղթերի նման այս անգամ էլ կսառեցվի և շատ հեռուն չի գնա»:
«The Wall Street Journal»-ի հարցազրույցում թուրք պրոֆեսոր Հուսեյն Բաղչին ասել է. «Հայ-թուրքական հաշտեցման գործընթացն այլևս կարելի է ավարտված համարել»: Պրոֆեսորը կանխատեսել է, որ Թուրքիայում վերջին տարիների հակաամերիկյան տրամադրությունները կսրվեն, և քվեարկությունը կդիտվի որպես կառավարության արտաքին քաղաքականության ձախողում: «The Wall Street Journal»-ը նաև հաղորդում է, որ քվեարկության արդյունքներն անհանգստացրել են ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերություններին` Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies, Northrop Grumman-ին, որոնք Թուրքիայի հետ ուղղաթիռների, հրթիռների, F-35 ռմբակոծիչների վաճառքի պայմանագրեր ունեն և վախենում են պայմանագրերը չեղյալ հայտարարվելուց:
«Los Angeles Times»-ը հիշեցնում է, որ բանաձևի քննարկումներին ներկա են եղել ցեղասպանությունը վերապրած երեք հայ կանայք, և մեջբերում է կոնգրեսմեն Հարրի Աքերմանին. «Նրանք այստեղ են արդարության համար, մինչև ե՞րբ կարող են սպասել»: Թերթը գրում է. «Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ նախագիծը պալատի լիագումար նիստ կբերեն, երբ համոզված կլինեն, որ բավարար թվով աջակիցներ կունենան»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել էր Փարիզ` հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտին: Մամեդյարովը մտադիր էր համանախագահներից ճշտել Հայաստանի առաջարկները մադրիդյան սկզբունքների չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. «Ադրբեջանական կողմն այդ փաստաթղթի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ որոշ բացառություններով սկզբունքորեն ընդունում է: Մենք ուզում ենք իմանալ հայկական կողմի տեսակետը նորացված փաստաթղթի վերաբերյալ»: Նրա խոսքով` համանախագահների վերջին առաջարկները նախատեսում են հակամարտության կարգավորման շրջանակներում բոլոր հաղորդակցուղիների բացում. «Նշանակում է` հակամարտության կարգավորումը ոչ միայն կհանգեցնի թուրք-հայկական սահմանի բացմանը, այլև բոլոր սահմանների և հաղորդակցուղիների, ենթակառույցների վերականգնման, տնտեսությունների ինտեգրման, բարգավաճման և ամբողջ տարածաշրջանի կենսամակարդակի աճի»,- կանխատեսել է Էլմար Մամեդյարովը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ