«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԱՄՆ-Ի ԽՂՃԻՆ

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԱՄՆ-Ի ԽՂՃԻՆ
27.04.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում խաղաղ չէր կյանքը Հայաստանում, իսկ այնքան հանգիստ էր սկսվել: Ճիշտ է, համարյա բոլորն էլ գիտեին, որ ինչ-որ կարևոր խոսք է ասվելու, և դա բնավ օվկիանոսից այն կողմ չի լինելու:
Ապրիլի 22-ին ԱԺ-ում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որով անընդունելի էին համարում Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից անմիջական կախվածության մեջ դնելը: «Նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ ԱԺ-ում, անհրաժեշտ ենք համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»` ազդարարում էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Ակնհայտ էր, որ սա առաջին քայլն է, որին պիտի հետևի երկրորդը: Ինտրիգը մեկն էր` Հայաստանն ընդամենը առկախելո՞ւ, թե՞ հետ է կանչելու իր ստորագրությունն արձանագրություններից:
Նույն օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը պատասխանեց նաև այդ հարցին` Հայաստանն ընդամենը առկախում է: ՈՒղերձն արձանագրում էր. «Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակելու և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվելու:
Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է: Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»: Իհարկե, Հայաստանը դուռը չի փակում` «Մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը»: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ, և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»: Այսինքն` ամեն կերպ աշխատում ենք ազատվել գնդակը մեր դաշտում ունենալու փորձանքից, որովհետև ֆուտբոլ վատ ենք խաղում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ «ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը հայկական պետության ղեկավարի կողմից` չնայած դժվարություններին, որոնց բախվում է կողմերից յուրաքանչյուրը 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում: Ֆրանսիան քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին` շարունակելու երկխոսությունը և կրկնապատկելու ջանքերը` արագորեն հասնելու համար արձանագրությունների կյանքի կոչմանը, ինչը էականորեն կնպաստի խաղաղությանը և կայունությանն ամբողջ տարածաշրջանում»:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին անկեղծ էր. «Չեմ կարծում, թե անակնկալի ենք եկել նախագահ Սարգսյանի հայտարարությունից: Հայաստանն ակնարկել էր, թե ինչ է պատրաստվում անել: Մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել հայկական ու թուրքական կողմերի հետ Վաշինգտոնում: Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ հասել էին, չեմ ուզում ասել` փակուղի, բայց որոշ տեսակի խոչընդոտների` արձանագրությունները վավերացնելու համար»: Կողմերի հավաստիացումը, թե գործընթացը չի տապալվել, ըստ Քրոուլիի, լավատեսություն է ներշնչում, որ դեռ կարող են վերադառնալ արձանագրությունների վավերացմանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի գնահատմամբ` այս փուլում Հայաստանը և Թուրքիան չգտան այնպիսի լուծում, որը հնարավորություն կտար առողջացնելու քաղաքական մթնոլորտը, տարածաշրջանում ամրապնդելու կայունությունը. «Սերժ Սարգսյանը ոչ մխիթարական արդյունքն ամփոփեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տևական բանակցությունների և հայտարարեց փակուղի մտնելու մասին: Ընդ որում, նա ընդգծեց, որ Հայաստանը միայն կասեցնում է արձանագրությունների վավերացումը, բայց հետ չի կանչում ստորագրությունը: Այդպիսով, մեկ տարի առաջ սկսված գործընթացի հեռանկարը պահպանվում է: Հույս ունենք, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել ներկա բարդ իրավիճակը և պայմաններ ստեղծել հարաբերությունների լայնամասշտաբ նորմալացման համար, որով շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետությունները»:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հետուղերձային վիճակն այսպես գնահատեց. «Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի քաղաքականությունը հայտնի է: Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան մեկ ռազմավարություն ունի: Կովկասի հարցում Թուրքիան վարում է կոնկրետ քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում կայունության հաստատմանը: Իրականում ստատուս քվոն տարածաշրջանում ոչ մի կողմին ձեռնտու չէ: Պետք է փոխել ստատուս քվոն, հասնել Կովկասում խաղաղության և համագործակցության: Լուրջ մոտեցում է պետք ամեն ինչին: Ակներևաբար այս պահին անձայն դիվանագիտության կարիք կա: Անձայն դիվանագիտությունն առանց այդ էլ վաղուց վարվում էր»,- հաղորդում է CNN Turk-ը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը նոր ոչինչ չասաց. «Մենք հաճախ ենք արտահայտել մեր նվիրվածությունը արձանագրությունների տառին ու ոգուն և դրանք իրականացնելու մեր նպատակը»: Ապրիլի 24-ին նա հաստատեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կնորմալանան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո, հաղորդել է CNN Turk-ը:
Արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կարծում է, որ Հայաստանը միակողմանիորեն է որոշում ընդունել, և հուսով է, որ շուտով Հայաստանում և Թուրքիայում կձևավորվի հարմար մթնոլորտ, և գործընթացը կվերսկսվի: Նա հարցը քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, վերջինս էլ ընդգծել է գործընթացը շարունակելու կարևորությունը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն էր: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի սգո օրը համընկավ հայ-թուրքական հարաբերությունների բուռն դրսևորումների հետ: Մատենադարանի հանրահավաքում երիտասարդ ՀՅԴ-ականները «հերոսաբար» վառեցին Թուրքիայի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի դիմանկարները և, «հաղթելով» թշնամուն, շարժվեցին Ծիծեռնակաբերդ: Որքան էլ լուսանկարներ ու պետական դրոշներ այրելն աշխարհում տարածված բողոքի ձև է, ապարդյուն ու անհեթեթ է այդ քայլը և անհարիր սգո օրվան: Իր ամենամյա ուղերձում, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չասաց «ցեղասպանություն» բառը, նա կրկնեց «Meds Yeghern-ը»` բավարարվելով բարոյախոսությամբ. «Միասնաբար թուրք և հայ ժողովուրդներն ավելի կուժեղանան` ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունը»:
Սևազգեստ թուրքեր ու քրդեր` իրավապաշտպաններ, քաղաքականության ու մշակույթի գործիչներ, ապրիլի 24-ին հավաքվեցին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` «Սա մեր ցավն է և մեր ընդհանուր սուգը» կարգախոսով հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդել է CNN Turk-ը:
Թեհրանն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ներառել Թուրքիային: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այդ առաջարկի հնարավորության մասին ասել է. «Համապատասխան գնահատականներ տալու համար անհրաժեշտ է շփումներ ունենալ բոլորի հետ, ովքեր մասնակցում են բանակցություններին, և պարզել նրանց վերաբերմունքը: Հենց դրանով էլ զբաղված ենք»:
Ապրիլի 20-ին Թուրքիայի արտգործնախարարը Թեհրանում էր, ԻԻՀ արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում Դավութօղլուն ասել է. «Թուրքիան, որպես Իրանի հարևան և բարեկամ երկիր, վստահ է, որ միջուկային խնդիրը կլուծվի դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան միշտ պատրաստ է օգնելու Իրանին»:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին վերահաստատել է 252 բանաձևն ընդունելու հանձնառությունը և գործընկերներին կոչ է արել կանգ չառնել, մինչև ԱՄՆ-ի ամբողջ կառավարությունը Ցեղասպանությունը չճանաչի: Նրա գնահատմամբ` այդ խնդիրը մարտահրավեր է ԱՄՆ-ի խղճին:
Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է. «Մենք չենք ուզում, որ մեր տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծվի: Մենք բոլորս միասին կստեղծենք նոր և անվտանգ Կովկաս, որտեղ ամենքը փոխադարձաբար կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»: Նա կարծում է, որ համաձայնեցված մադրիդյան սկզբունքները հիմնախնդրի կարգավորման պատեհ հնարավորություն են, և անհրաժեշտ է, որ բոլորն օգտվեն այդ հնարավորությունից. «Ժամանակ ձգելու, ժամանակի հետ խաղալու փոխարեն այդ սկզբունքների շրջանակներում մնայուն մի լուծման հասնելու համար ջանք գործադրել է հարկավոր»:
Ադրբեջանցի մտավորականները դիմել են ԻԻՀ կառավարությանը` հորդորելով միանալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանկցիաներին և փակել սահմանը. «Մեզ միացնում են ընդհանուր պատմության ու ճակատագրի հարյուրամյակները: Մենք բարեկամներ չենք, մենք եղբայրներ ենք: Մենք ունենք ընդհանուր մշակույթ, սուրբ հավատ»,- գրել են նրանք:
Ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում: Նրա ելույթն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: «Նորից եմ ուզում ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի քննարկման թեմա: Մեր դիրքորոշումը հենված է միջազգային իրավունքի նորմերի, պատմական արդարության և ռեալ տրամաբանության վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Հայաստանի օկուպացիոն ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: Միայն դրանից հետո կարող է խաղաղություն հաստատվել, կբացվեն բոլոր հաղորդակցուղիները: Հայերը, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, և ադրբեջանցիները, որոնք կվերադառնան այնտեղ, կապրեն բարձր կարգավիճակով ինքնավարության շրջանակներում: Նրանք պիտի ապրեն միասնական ադրբեջանական պետության սահմաններում: Այսինքն, մեխանիզմ, որ այսօր կամ հետագայում կարող է Լեռնային Ղարաբաղն անջատել Ադրբեջանից, չկա: Դա հստակ նշված է բանակցություններում»,- ասել է Իլհամ Ալիևը:
«Hurriyet»-ը հրապարակել է թուրք դիվանագետներին տրված հրահանգները, որոնք վերաբերում են հայկական սփյուռքի հետ աշխատանքներին: «Գործողությունների ծրագիրը» հորդորում է սերտ շփումներ սփյուռքահայերի հետ, ակտիվ մասնակցություն հայերի կազմակերպած միջոցառումներին և Թուրքիայի դիրքորոշման ներկայացում: Հետաքրքիր է 3-րդ կետը. «Հայկական սփյուռքում գլխավորապես 3 խումբ կա. ա)ցեղասպանության հարցից եկամուտներ ապահովողներ, բ)Թուրքիայից գաղթած, բայց ներկայումս դեռ կապ ունեցողներ, գ) ցեղասպանության հարցում չափավոր կեցվածք դրսևորողներ: Սփյուռքի ներսում կապ հաստատեք հատկապես այդ չափավոր կեցվածք դրսևորողների հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնեք Թուրքիայի դեմ տրամադրված անձանց: Հակաթուրքական տրամադրություններ ունեցողներին մասնակից դարձրեք թուրքական դեսպանություններում կազմակերպվող միջոցառումներին: Հարկ եղած դեպքում հրավիրեք նաև Թուրքիա»: Հրահանգներում կարևորվում է «Որպես գլխավոր ուղերձ` շեշտադրեք «պատմությունը պատմաբաններին թողնելու անհրաժեշտությունը», «բարձրացրեք «համատեղ պատմական հանձնաժողով» ստեղծելու հարցը, որն առաջարկվել է Անկարայի կողմից և տեղ գտել Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում», «բացատրեք, որ ամբողջ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար բավարար չէ Երևան-Անկարա մերձեցումը: Հարկավոր է շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կարևորությունը»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ