ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Հարավային հոսքի» իրագործումն ընդհանուր շահերի դաշտ կստեղծի Մոսկվայի ու Անկարայի միջև

«Հարավային հոսքի» իրագործումն ընդհանուր շահերի դաշտ կստեղծի Մոսկվայի ու Անկարայի միջև
25.08.2009 | 00:00

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին այցն Անկարա և Թուրքիայի ու Իտալիայի հետ համատեղ «Հարավային հոսք» գազամուղի կառուցման մասին հայտնի պայմանագրի ստորագրումը Հայաստանում անցան գրեթե աննկատ` չարժանանալով անհրաժեշտ մեկնաբանության։ Մինչդեռ Թուրքիան մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իր գործողություններում ու ծրագրերում վաղուց ի վեր նկատվող ինքնուրույնությունը պատահական չէ։ Սա որոշակի մշակված քաղաքականություն է, և Անկարան իրեն բավականին ուժեղ է զգում այդ քաղաքականությունը վարելու համար։
Ի՞նչ տեղի ունեցավ ըստ էության։ Հուլիսի սկզբին Թուրքիան ստորագրեց «Նաբուկո» պայմանագիրը մյուս մասնակից կողմերի (Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա, Ավստրիա) հետ։ Անկարայի այս քայլն իրավացիորեն գնահատվեց որպես հերթական քաղաքական շրջադարձ դեպի իր ավանդական գործընկերները` ԱՄՆ-ն ու Եվրոպան, քանի որ Թուրքիան «Նաբուկոյին» աջակցելով` պատրաստակամություն հայտնեց մասնակցել Ռուսաստանը շրջանցող ճանապարհով Եվրոպային էներգակիրներ մատակարարելու հայտնի ծրագրին, դրանով իսկ լրջորեն հարվածելով Մոսկվայի շահերին։ Մինչև Պուտինի Անկարա մեկնելը` ռուսական մամուլում մեկնաբանությունների պակաս չկար Թուրքիայի այս քայլի հետ կապված, առանձին վերլուծաբաններ նույնիսկ առաջարկում էին «Նաբուկոյի» հավանական «մարշրուտի» ամենախոցելի կետերում` Վրաստանում ու Ադրբեջանում, այնպիսի մի «կորդեբալետ» կազմակերպել, որ արևմտյան տերությունները հավիտյանս հավիտենից մոռանան, թե կարող են էներգակիրների և հատկապես գազի առավել հուսալի մատակարար գտնել, քան Ռուսաստանն է։
Եվ այնուհանդերձ, վերլուծաբանների ու քաղաքագետների բերանով արվող հայտարարությունները մի բան են, իրական քաղաքականությունը` մեկ այլ։ Այսօր արդեն տեղյակ աղբյուրների պնդմամբ, «Նաբուկոյի» պայմանագրի ստորագրմանը հետևած մեկ ամսվա ընթացքում ռուսական կողմն ինտենսիվ աշխատանք էր տանում Թուրքիայի հետ` «Հարավային հոսք» նախագծի իրականացման հետ կապված նրա համաձայնությունը ստանալու համար։ Պատահական չէ, որ Մոսկվան այս խաղի մեջ էր ներգրավել նաև Իտալիայի գործող վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին։ Վերջինս շատ կոնկրետ շահեր ուներ «Հարավային հոսքի» առնչությամբ։ Եթե այդ նախագիծն իրականություն դառնա, ապա գազամուղը, Սև ծովի թուրքական հատվածով անցնելով, կմտնի Բուլղարիա, այնտեղից Հունաստանով` Իտալիա։ Այսինքն, այդ նախագծի իրագործմամբ Իտալիան կդառնա Եվրոպային գազ մատակարարող հիմնական օպերատոր երկրներից մեկն այն դեպքում, երբ «Նաբուկո» նախագծով այդ գործառույթը վերապահված է Ավստրիային, իսկ ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք» նախագծով, որն ավարտին կհասցվի մինչև 2011 թվականը, այդպիսի օպերատորի գործառույթներ է ստանձնում Գերմանիան։ Իտալիան բոլորովին էլ չի ցանկանում դուրս մնալ էներգետիկ եվրոպական խաղից և նպատակ ունի այդ խաղում գոնե այլընտրանքային տրանզիտ-օպերատորի գործառույթներ ստանձնել։ Սա կարելի է համարել Գերմանիայի հետ չհաջողված մրցակցության փորձ, բայց փաստ է, որ Բեռլուսկոնին այդ փորձն արեց։
Թուրքիայում Ռուսաստանի և Իտալիայի վարչապետներին ցուցաբերված ջերմ ընդունելությունն էլ պատահական չէր։ Ճիշտ է, Էրդողանը մի լավ թանկացրեց իր երկրի գինը «Հարավային հոսք» նախագծին հավանություն տալուց առաջ։ Սակայն, միաժամանակ, արժեր Իտալիային այդպիսի «ռևերանս» անել, որովհետև Իտալիան Թուրքիային Եվրամիության անդամ ընդունելու հարցում ամենադրական ու այդ իմաստով նաև հետևողական դիրքորոշում ունեցող երկիրն է։ Այլ կերպ ասած, Սիլվիո Բեռլուսկոնին Եվրոպայում Թուրքիայի լոբբինգն իրականացնող հիմնական քաղաքական գործիչն է, և հասկանալի է, որ Անկարան չէր կարող իր եվրոպական քաղաքականության մեջ անտեսել այդպիսի դաշնակցին և մերժել Բեռլուսկոնիին ինչ-որ մի գազամուղի կառուցման հարցում, մանավանդ եթե դա հնարավորություն է տալիս է՛լ ավելի ծանրացնել իր դերն ու նշանակությունը Միացյալ Եվրոպայի աչքում։ Այս իմաստով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շատ հստակ հաշվարկ էր կատարել` իր այցին զուգահեռ միաժամանակ Բեռլուսկոնիին էլ հրավիրելով միջամտել ռուս-թուրքական բանակցություններին, շատ լավ իմանալով, որ վերջինիս միջամտությունը, մեղմ ասած, գործի հաջողության կեսն է։
Բայց, այնուհանդերձ, գլխավոր հարցադրումն այն է, թե ինչո՛ւ Անկարան «Նաբուկոյի» նախագիծը ստորագրելուց հետո համաձայնություն տվեց նաև «Հարավային հոսքին»։ Մանավանդ որ «Նաբուկոն» նախատեսված է կառուցել մինչև 2013 թվականը, և այդ գազամուղի թողունակությունը պետք է կազմի տարեկան 30 մլրդ խմ գազ։ Այն դեպքում, երբ «Հարավային հոսքի» կառուցումը կսկսվի միայն 2013-ին և ավարտից հետո էլ նրա հզորությունը կազմելու է 20-25 մլրդ խմ գազ։ Ճիշտ է, Ռուսաստանն այս պարագայում ունի փաստարկ, որ ինքը կարող է ապահովել «Հարավային հոսքի» նախատեսված ծավալներով գազամատակարարում Եվրոպային, քանի որ ունի այդպիսի ռեսուրսներ։ «Նաբուկոյի» կենսագործունեության արդյունավետությունն այս իմաստով վտանգի տակ է, որովհետև Ադրբեջանը և նույնիսկ Թուրքմենստանն այդ ծրագրով նախատեսված մատակարարումների ծավալներն ապահովել չեն կարող, եթե վերջնահաշվում Իրանը չմիանա այս ծրագրին, ինչը նույնպես սկզբունքորեն բացառված չէ։ Սակայն Անկարան, երկու նախագծերին էլ մեկ ամսվա տարբերությամբ համաձայնություն տալով, լուծեց իր համար գեոռազմավարական առումով մի շարք կարևոր խնդիրներ, հատկապես Եվրամիության համար իր գինը բարձրացնելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Նաբուկոյի» ստորագրումից անմիջապես հետո հայտարարեց, թե այսպիսի ծրագիրը և Թուրքիայի դերակատարումը դրանում լիովին հիմք են տալիս Անկարային հուսալու, որ Եվրամիությանն անդամակցության հարցում եվրոպական երկրների մեծամասնության բավականին կոշտ դիրքորոշումը կփոխվի։ Ամենայն հավանականությամբ, ռուսական առաջարկը ստանալով` Անկարայում համարեցին, որ երկրորդ գազամուղի կառուցումը միայն ավելի է ամրապնդելու իրենց դիրքերը և ավելացնելու իրենց փաստարկները Եվրամիությանն անդամակցելու հարցում։
Միևնույն ժամանակ «Հարավային հոսք» նախագծի իրականացումն էապես ամրապնդում է ռուս-թուրքական հարաբերությունները։
ՈՒշադրության է արժանի թեկուզ այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ արդեն իսկ էական փոփոխություն է կրել, երբ մի քանի տարի առաջ նույն Նովոռոսիյսկից դեպի Թուրքիա կառուցվեց «Երկնագույն հոսք» գազամուղը, ինչի շնորհիվ Ռուսաստանը դարձավ Թուրքիայի հիմնական գազամատակարարը։ «Հարավային հոսքի» իրագործումն է՛լ ավելի ընդհանուր շահերի դաշտ կստեղծի Մոսկվայի ու Անկարայի միջև, և այդ հանգամանքն ամենից առաջ պետք է նկատի ունենա Հայաստանը։ Այսինքն` ռուս-թուրքական համատեղ շահերը ժամանակի ընթացքում կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ առայսօր մեր հիմնական ռազմավարական դաշնակից համարվող պետությունը կդառնա Թուրքիայի կարևոր դաշնակիցը նույնպես` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեր անցյալի դառը փորձն ապացուցում է, որ ռուս-թուրքական ցանկացած մերձեցում, որպես կանոն, վատ է ավարտվում հատկապես հայերի համար։
Անշուշտ, էներգետիկ նախագծերում Թուրքիայի մասնակցությունն էապես բարելավելու է նրա դիրքերը նաև եվրոպական քաղաքականության մեջ։ Բայց քանի որ Եվրոպան, «Նաբուկոյից» բացի, որը դեռևս միայն ծրագիր է, գազի իր պահանջարկի մի մասը բավարարում է ոչ միայն ՈՒկրաինայով հոսող ռուսական գազով, այլև Ալժիրի ու Նորվեգիայի ռեսուրսների հաշվին, նրա կախվածությունը Թուրքիայից այս պարագայում այդքան մեծ չէ, եթե անգամ «Նաբուկոն» և «Հարավային հոսքը» իրականություն դառնան։ Ավելի մեծ է հավանականությունը, որ Եվրոպան կշարունակի Թուրքիայի ներքին խնդիրները, ինչպես նաև քրդական հիմնախնդիրն ու հայկական հարցը պահել իր ուշադրության ներքո և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ճնշում գործադրել Անկարայի վրա։ Բայց որ վերջին զարգացումներից հետո Թուրքիայի դիրքերը եվրոպական ճակատում մասամբ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում բավականին հիմնավոր ամրապնդվեցին, փաստ է։ Հանգամանք, որ Հայաստանի իշխանություններին պետք է համապատասխան հետևությունների առիթ տա։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ