ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ֆրանսիան առաջարկում է փորձագետների խումբ ստեղծել ԱՀԿ-ում

Ֆրանսիան առաջարկում է փորձագետների խումբ ստեղծել ԱՀԿ-ում
22.04.2020 | 09:43

Ֆրանսիայի իշխանությունները առաջարկում են փորձագետների միջազգային խումբ ստեղծել «մարդկանց ու կենդանիների առողջության պահպանման համար»՝ հայտարարեց ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը Le Monde-ին հարցազրույցում: Հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Նախարարի խոսքով՝ փորձագետների միջազգային խումբը պետք է գործի ՄԱԿ-ում ձևավորված կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի սկզբունքով: «Պետք է ԱՀԿ-ին լրացուցիչ հնարավորություններ տալ՝ ավելի լավ կատարելու իր առաքելությունը՝ վտանգի բացահայտումն ու տեղեկացումը»՝ ասաց Ժան Իվ Լե Դրիանը: «Ցանկալի է ստեղծել մարդու ու կենդանիների առողջության պահպանման բարձրագույն խորհրդատվական մարմին, որ գիտական գնահատական կտար փորձագիտական եզրակացությունների հիմքով»՝ հավելել է նա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ը դադարեցրեց ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ֆինանսավորումը դադարեցվել է կորոնավարակի տարածման տեղեկատվությունը թաքցնելու մեջ ԱՀԿ-ի դերի ուսումնասիրության շրջանում: Նրա մեղադրանքների պատճառը փաստն է, որ Covid-19-ի համաճարակի տարածման վաղ փուլում՝ հունվարին՝ ԱՀԿ-ն խորհուրդ էր տալիս Չինաստանի հետ սահմանները բաց պահել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ-ն գտնվում է Չինաստանի ազդեցության տակ և գործում է նրա ցուցումով: Թրամփը հիշեցրել է, որ 2019-ին Պեկինը 40 միլիոն դոլար է հատկացրել ԱՀԿ-ին, իսկ ԱՄՆ-ը՝ 400 միլիոն: ԱՄՆ նախագահը պատրաստ է մասնակցել կազմակերպության բարեփոխման քննարկումներին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կասկածներ է հայտնել ճգնաժամի կառավարման ընթացքում Չինաստանի իշխանության թափանցիկության մասին: Չինաստանում «կատարվել են իրադարձություններ, որոնց մասին մենք չգիտենք»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը Financial Times-ին ապրիլի 17-ի հարցազրույցում: Նա նաև առաջարկել է ԱՀԿ-ին առընթեր ստեղծել կառույց, որը կենտրոնացած կզբաղվեր «ախտորոշումով, բուժումով ու պատվաստումով»:
RFI


Հ.Գ. Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտպանվում է: Der Spiegel-ը գրում է, որ G20-ի առողջապահության նախարարների հանդիպումից առաջ ԱՀԿ-ն քննադատել է կառավարություններին ու ավելի շատ փող է պահանջել: Մարկուս Բեկերի գնահատականով՝ հիմա ԱՀԿ-ի գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: Ոչ միայն այն պատճառով, որ Դոնալդ Թրամփը կազմակերպությունը սեփական սխալների քավության նոխազ է դարձրել ու փակել ֆինանսների ծորակը, այլև Թրամփի մանևրը ուշադրության կենտրոն է բերել ԱՀԿ-ի թույլ կողմերը: G20-ի առողջապահության նախարարների տեսակոնֆերանսից առաջ ԱՀԿ-ն մեղադրում է աշխարհի կառավարություններին լուրջ բացթողումների մեջ՝ պանդեմիան կանխելու միջոցառումներում և պահանջում է ներդրումների ավելացում՝ ընդգծելով իր առաջատար դերը համաճարակների դեմ պայքարում: Աշխարհի երկրների մեծ մասը համաճարակներին վատ են նախապատրաստված կամ միջին՝ ասվում է 16 էջանոց փաստաթղթում, որ կա Der Spiegel-ի տրամադրության տակ: Միայն երկրների 1/3-ն է ի վիճակի բացահայտել համաճարակի բռնկումը և արձագանքել, բայց բազային ծառայություններ մատուցելու հնարավորությունները սահմանափակ են նույնիսկ առողջապահության բարձր զարգացած համակարգերում: Աղքատ երկրներում՝ առողջապահության ավելի թույլ զարգացած համակարգերով, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներն աղետալլից են լինելու՝ կանխատեսում է ԱՀԿ-ն: Կառավարություններին ներկայացված է մեղադրանքների երկար ցանկ: Որակյալ աշխատակիցների և առողջապահության համակարգերում ինֆրակառույցների պակաս կա: Անբավարար դիմակայություն կա կեղծ տեղեկատվությանը և գիտականորեն չհիմնավորված տեսակետներին՝ մասնավորապես սոցիալական ցանցերում: Չկա մատակարարումների հուսալի շղթա և բուժսարքավորումների արագ ձեռքբերման լոգիստիկա: Չեն հերիքում ներդրումները հիվանդության հարուցիչների հետազոտման համար: Կան թերություններ տվյալների հաշվառման և միջազգային մակարդակում համադրման մեջ: Միջազգային համագործակցությունը վատ է գործում, նախևառաջ այն պատճառով, որ ԱՀԿ-ին հնարավորություն չեն տալիս կոորդինացիա ու կոոպերացիա իրականացնել: Սա բացահայտ պատասխան մեղադրանք է Թրամփին և մյուս քննադատներին, որ վերջերս հարձակումներ են գործում ԱՀԿ-ի վրա: Այս թերությունների մասին բազմաթիվ փորձագետներ ու կազմակերպություններ վաղուց են զգուշացրել՝ ընդգծում է ԱՀԿ-ն: Դեռ 2019-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային է ներկայացվել հաշվետվություն, որ նախազգուշացնում էր պանդեմիայի հնարավորության մասին, բայց ոչինչ չի արվել: Covid-19-ի պանդեմիային աշխարհը պետք է նվազագույնն այնքան վճռական արձագանքի, ինչպես 2008-ի ֆինանսական ճգնաժամին՝ պահանջում է ԱՀԿ-ն: ԱՄՀ-ը ապագայում կարող է հաշվի առնել ազգային առողջապահական համակարգերի վիճակը իբրև տնտեսական գործոն: Պետք է ստեղծել բուժսարքավորումների համաշխարհային պահուստ և ակտիվացնել հիվանդությունների հարուցիչների հետազոտությունը ԱՄՀ-ը առաջարկում է ստեղծել «բժշկական բրիգադներ», որ կարճ ժամանակում հնարավոր է ուղարկել համաճարակների օջախներ ամբողջ աշխարհում: Նրանք կդառնան համաճարակի դեմ պայքարի յուրատեսակ «երկնագույն սաղավարտներ»:


Երբ Թրամփը ԱՀԿ-ին զրկեց ֆինանսավորումից, ԵՄ-ն, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը քննադատեցին ԱՄՆ նախագահի քայլը: Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Ռոլֆ Մյուտցենիխը նրան անվանեց «սպառնալիք մարդկության առողջությանը»: Բայց որքան կլինի ԱՀԿ-ի աջակցությունը, երբ խոսքը կոնկրետ ու թանկարժեք ծրագրերի մասին կլինի, ցույց կտա ժամանակը:


Իրականում ԱՀԿ-ի մեղադրանքների ցանկը պետություններին հենց ցույց է տալիս, որ կազմակերպությունը կամ չի աշխատել, կամ վատ է աշխատել, իսկ կորոնաճգնաժամի կարգավորման խղճուկ ջանքերը, երբ ընդամենը մարտի 11-ին պանդեմիա հայտարարվեց, վկայում են, որ ԱՀԿ նախագահը կամ իր տեղում չէ, կամ սպասարկում է իրեն ֆինանսավորողների, բայց ոչ առողջապահության շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ