«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ճապոնիան չպետք է թույլ տա Ռուսաստանին

Ճապոնիան չպետք է թույլ տա Ռուսաստանին
24.12.2019 | 12:10

Տարածքային հարցով ռուս-ճապոնական բանակցություններում որոշ տեղապտույտի պայմաններում, որի լուծումն անհրաժեշտ է Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար, Ճապոնիայի ԱԳ նախարար Մոտեգի Տոսիմիցուն դեկտեմբերի 18-19-ին հանդիպել է ՌԴ մի քանի նախարարների հետ՝ այցն ավարտելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմամբ: Պարոն Մոտեգին՝ լավ ծանոթ լինելով տնտեսական խնդիրներին, լրջորեն աշխատել է ռուս գործընկերների հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները խթանելու համար: Ճանպոնա-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ռուսական նավթի ու գազի մատակարարումների մեծացումը Ճապոնիա, ձեռնտու է մեր երկրի համար՝ էնեգետիկ անվստանգության ապահովման տեսակետից: Դեկտեմբերի 18-ին ռուս-ճապոնական միջկառավարական հանձնաժողովի նիստում նախարար Մոտեգին ընդգծել է. «Ճապոնական կողմը ելնում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և ավելի լայն բնույթ հաղորդելու ցանկությունից»:

Նա առաջադրել է միասնական «տնտեսական ոլորտի» ստեղծման գաղափարը՝ Հոկայդու կղզուց մինչև Ճապոնական ծովի ռուսական ափ: Ներկայում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը, որ կտրուկ անկում են ապրել 2015-ին նավթի գնանկումից ու Ուկրաինայի իրադարձությունների պատճառով՝ Արևմուտքի պատժամիջոցներից, նվազում են: Արտասահմանից տնտեսական ներդրումների կրճատման պայմաններում տնտեսական իրավիճակը երկրում մնում է բարդ: Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ «Ռուսաստանը սպասում է ճապոնական նոր կապիտալ ներդրումների»: Մոտեգին, որ նախկինում տնտեսության ու արդյունաբերության, նաև տնտեսական զարգացման նախարարն էր, խոսել է Ճապոնիայից Ռուսաստան տնտեսական ներդրումների ներգրավման ցանկության մասին՝ հենվելով իր կապերին Ճապոնիայի գործարար շրջանակներում: Ռուս-ճապոնական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Օրեշկինը աջակցում է Մոտեգիի համատեղ «տնտեսական ոլորտի» ստեղծման գաղափարին: Նա գտնում է, որ «իբրև համանախագահ պարոն Մոտեգիի աշխատանքով՝ կոնկրետ արդյունքներ սկսեցին ի հայտ գալ երկկողմ համագործակցության նույնիսկ այն ոլորտներում, որտեղ մինչ այդ լճացում էր»: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով՝ տնտեսական համագործակցության ընդլայնումը Ռուսաստանի հետ թույլ կտա Ճապոնիային նվազեցնել այն ռիսկերը, որ մեր երկիրը 80%-ով կախված է մերձավորարևելյան էներգառեսուրսներից: Նախարար Մոտեգիի նախաձեռնած «համատեղ տնտեսական ոլորտի» ստեղծման գաղափարը Ճապոնական ծովում ներառում է տարբեր նախագծեր, այդ թվում՝ սեղմված գազի նոր հզոր գործարանի կառուցումը: Սակայն ճապոնա-ռուսական տնտեսական համագործակցության այդօրինակ ընդլայնումը առաջընթաց չի երաշխավորում «Հյուսիսային տարածքների» խնդրի լուծման մեջ: Երկու նախարարների հանդիպումից առաջ ռուս սահմանապահների կողմից ճապոնական 5 ձկնորսանավերի կալանավորումը ևս մեկ անգամ ցույց տվեց «տարածքային հարցում» առաջընթացի հասնելու ամբողջ բարդությունը: Չնայած անցյալ տարվա նոյեմբերին վարչապետ Սինձո Աբեն ու նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցին արագացնել ռուս-ճապոնական բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, այս տարվա հունվարին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարվեց, որ բացառվում է այդ բանակցություններում շտապողականությունը: Պուտինի ու Աբեի Յամագուտայում հանդիպումից 3 տարի է անցել: Ճապոնիայի կառավարությունից պահանջվում է թույլ չտալ Ռուսաստանին իր սովորական «երկդեմ մարտավարությամբ» Ճապոնիան խաղալիք դարձնել բանակցություններում:
Տիկարատակե Տակակի, Sankei Shimbun, Ճապոնիա


Հ.Գ. Հավատարիմ ավանդական դիվանագիտական նրբասացությանը՝ ճապոնացիները մեղմացնում են ռուսական դիվանագիտության հնարավորությունները՝ Ռուսաստանն իրականում «երկդեմ մարտավարություն» չունի, այլ՝ բազմադեմ: ՌԴ նախագահը դա բացատրում է լակոնիկ՝ ռուսական շահի պաշտպանություն: Եվ այդ շահի պաշտպանության դեպքում չկա որևէ հետևողականություն՝ օրինակ, Ղրիմի ժողովրդի ինքնորոշման դեպքում ՌԴ ԱԳ նախարարի համար սուրբ է ազգերի ինքնորոշման իրավունքը, Արցախի հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չունի համարժեք կարևորություն: Ճապոնիայի հյուսիսային տարածքները Ռուսաստանին են անցել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, որտեղ հաղթել է ԽՍՀՄ-ը, Մոսկվան դեմ է Ճապոնիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ պատերազմում հաղթելու հիմքով, բայց և ոչ դեմ, ոչ կողմ է ազատագրված տարածքներում հաղթողի Ստեփանակերտի իրավունքին: Ու ՌԴ արտաքին քաղաքականության մեջ հակասությունների այս շարանը բավականաչափ երկար է: Ինչ արժեն միայն ռուս-վրացական հարաբերությունները, որոնց չկայացման պատճառը Աբխազիայի ու Օսեթիայի ինքնորոշման ճանաչումն է՝ Մոսկվայի կողմից և չճանաչումը Թբիլիսիի կողմից: Փաստացի՝ միջազգային իրավունքի նորմերը միջազգային հարաբերություններում մեկնաբանվում են՝ ըստ ազգային ընթացիկ շահի: Մեկ էլ՝ տնտեսության ու բանակի հզորության: Արեք ձեր եզրակացությունները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ