ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանն ու Ադրբեջանը լրագրողներ են փոխանակել

Հայաստանն ու Ադրբեջանը լրագրողներ են փոխանակել
28.11.2019 | 13:25

Ադրբեջանն ու Հայաստանը լրագրողների խմբերի այցերով են փոխանակվել: Հայկական պատվիրակությունում կար և չճանաչված ԼՂՀ-ից լրագրող: Երկու երկրների լրագրողների փոխայցերը կայացել են գաղտնիության և անվտանգության ապահովման բարձր պահանջներով: Հայ ու ադրբեջանցի լրագրողները բանավիճել են Ղարաբաղի հարցով, քննարկել են ազգային խոհանոցն ու խաղաղության ճանապարհներ են որոնել: Նոյեմբերյան այցերը առաջինն են 2001-ից: Դա հազվադեպ նախաձեռնություն է երկու երկրների քաղաքացիների, ոչ թե պաշտոնական անձանց մակարդակով՝ կազմակերպված Բաքվից ու Երևանից՝ առանց միջազգային հկ-ների մասնակցության: Լրագրողների փոխանակության մասին պայմանավորվել են ԱԳ նախարարները՝ ԵԱՀԿ միջնորդությամբ: Ադրբեջանի լրագրողները եղել են նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ նրանց ընդունելության պատասխատուն ԼՂՀ ԱԳՆ-ն էր: Երկիրները ուղիղ հաղորդակցություն չունեն, այդ պատճառով փոխանակման վայր էր դարձել Թբիլիսին: Նոյեբերի 18-ին Թբիլիսիից հայ լրագրողները թռել են Բաքու, մեկ օր առաջ 3 ադրբեջանցիներ եկել են Հայաստան ու Արցախ: Այցի արդյունքներով ԵԱՀԿ ամփոփիչ հայտարարությունը արգելափակեց Ադրբեջանի ԱԳ-ն՝ առանց պատճառները ներկայացնելու: Տուն վերադառնալուց առաջ լրագրողները հանդիպեցին նոյեմբերի 21-ին, Թբիլիսիում, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը լրագրողներին ներկայացրեց հայտարարության տեքստը, որի հրապարակումը Ադրբեջանն արգելակեց՝ դա անանունության պայմանով հաստատել են դիվանագիտական աղբյուրները: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը ստացել ու չի պատասխանել հայտարարության ճակատագրի մասին BBC-ի հարցումին: Չի պատասխանել նաև ԵԱՀԿ-ն:


Ղարաբաղյան կոնֆլիկտի չափումներից մեկը տեղեկատվական պատերազմն ու տրոլինգն է, երկու երկրների ազգայնականներն էլ միմյանց նկատմամբ քաղաքակրթական գերազանցության մասին են հայտարարում: Այս համապատկերում լրագրողների խոսքը ընդգծված զուսպ է: «Հիանալի երկիր է: Մենք զբոսնել ենք Երևանի սրտում, նորմալ, խնամված քաղաք է»՝ BBC-ին պատմել է «Թրենդի» գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը: «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակում Բաքուն ավելի գեղեցիկ ու հարուստ է դարձել: Երկու խմբերն էլ ճանապարհորդել են թիկնապահների հետ: Երեք հայ լրագրողներին ուղեկցել են 12-40 թիկնապահ՝ պատմել է Երկանյանը: Հայաստանում ադրբեջանցի լրագրողների համար թիկնազորի անհրաժեշտությունը պատճառաբանվել է, որ «ապրիլյան կռիվներում զոհվածների մեջ շատ էին երևանցիները»:

Խոսքը 2016-ի ապրիլին ռազմական կոնֆլիկտի մասին է: Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը BBC-ին պատմել է, որ իր համար այցի նպատակն էր հասկանալ՝ որքան են հակահայկական ու միլիտարիստական դիսկուրսները, որ կարդում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներում, արդյունավետ ու կենսունակ: Երբ խոսքը կոնֆլիկտի էության մասին է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, կոմպրոմիսի հիմքերի բացակայությունը դառնում է ակնհայտ: «Բաքվում ղեկավարվում են տարօրինակ միֆերով ու լեգենդներով» Ղարաբաղի մասին՝ գտնում է այցի մասնակից, Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Իր ռեպորտաժի վերջում հայ լրագրողը հավաստել է, որ այցը միայն ամրապնդել է իր համոզմունքը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Հայերը ուժեղ կարծրատիպեր ունեն ադրբեջանցիների վերաբերյալ» ասել է 1news.az-ի թղթակից Էլշան Ռուստամովը: Նա գտնում է, որ Հայաստանում Ադրբեջանի մասին աղավաղված տեղեկատվություն են ստանում: Նա խոստացել է ընթերցողներին, որ «ոչ մի ադրբեջանցի երբեք չի համաձայնի հայկական երկրորդ պետության ստեղծմանը ադրեբեջանական հողերի վրա»: Արտյոմ Երկանյանը այս բանավեճերը երկրորդական է համարում: «Մենք նոր հարցեր չենք տվել և չենք ստացել նոր պատասխաններ: Այցի բուն փաստը և հասարակության արձագանքը շատ ավելի կարևոր է, քան խոսակցության առարկան»՝ գտնում է Երկանյանը:


Չնայած տարաձայնություններին, այցի արդյունքներով՝ լրագրողները համաձայնեցին, որ «որ երկու կողմերը խաղաղության կողմնակից են»՝ պատմել է Տրենդի գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը: ԼՂՀ-ի հասարակական հեռուստատեսության լրագրող Էդգար Էլբակյանը հավելել է, որ սոցցանցերում նախաձեռնությունը քննադատել են: Պատասխանելով քննադատությանը՝ լրագրողը հայտարարել է, որ Հայաստանի ազգային շահերից է բխում Ադրբեջանի ուսումնասիրությունը: Մարդկային մակարդակում նա կարևոր է համարում «հումանիտար կապեր հաստատելը՝ ծանոթություններ, շփումների փոխանակում, գրագրություն Ֆեյսբուքում»: «Կոնֆլիկտն ինչ-որ ժամանակ լուծվելու է, հավերժական կոնֆլիկտներ չկան, -ասել է Էլբակյանը:- Անկախ երբ և ինչպես է լուծվելու, մենք ստիպված ենք հարևան լինել»:
BBC


Հ.Գ. Սոցցանցերում ինչ էլ գրեն ու չգրեն՝ ԵԱՀԿ նախաձեռնությամբ լրագրողների փոխանակմանը պետք է հաջորդեն այլ խմբերի փոխայցեր, քայլ առ քայլ՝ հաղթահարելով միմյանց նկատմամբ թշնամանքն ու անվստահությունը: Պատահական չէ, որ Ադրբեջանը արգելափակել է այցի արդյունքներով հայտարարությունը՝ դա ուղղակի ազդանշան է ԵԱՀԿ-ին, թե որ երկրում ինչ մթնոլորտ ու ինչ ընկալումներ կան խաղաղության ու պատերազմի մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ