«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թրամփի իմպիչմենտը ստվերեց դեմոկրատների դեբատները

Թրամփի իմպիչմենտը ստվերեց դեմոկրատների դեբատները
23.11.2019 | 12:30

Դեմոկրատական կուսակցության նախագահի հնարավոր թեկնածուների դեբատների հերթական ռաունդը համընկավ Կոնգրսում իմպիչմենտի լսումներին, որի վրա է կենտրոնացած ամերիկացիների ուշադրությունը: Թեկնածուները ոչ այնքան բանավիճում էին, որքան՝ քննադատում Թրամփին ու ներկայացնում իրենց ծրագրերը: Դեբատներին մասնակցում էին քաղաքական 10 գործիչներ (հիմնական չափանիշը աջակցության մակարդակն էր ու հավաքված միջոցները), հարցումներում մյուսներից 4 թեկնածուներ են առաջ անցել՝ սենատորներ Բեռնի Սանդերսը և Էլիզաբեթ Ուորենը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Ինդիանա նահանգի Սաուտ Բենդ քաղաքի քաղաքապետ Պիտ Բուտիջիչը: Որևէ մեկի գերակայության մասին վաղաժամ է խոսել: Համազգային մասշտաբով քառյակը եզրափակում է Բուտիջիչը (կամ պարզապես՝ քաղաքապետ Պիտը, ամերիկացիներն էլ դժվարանում են արտաբերել մալթիական ազգանունը), նրա վարկանիշն էլ վերջին շաբաթներին սկսել է աճել: Երկու հարցումներով նա առաջինն է Այովայում ու Նյու Հեմփշիրում՝ երկու նահանգներում, որտեղ պրայմերիզներն ու կոկուսը՝ ներկուսակցական ընտությունները, առաջինն են լինելու: 37-ամյա Բուտիջիչը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզությունում, աշխատել է կոնսալտինգային ընկերությունում, սիրում է ընդգծել, որ միասեռական է ու հավատացյալ քրիստոնյա: Չորեքշաբթի Բուտիջիչին քննադատոըմ էին դաշնային քաղաքականության փորձի պակասի համար, բայց նա պատրաստվել էր պաշտպանությանը: ՙՊետք է ուշադրություն դարձնել ոչ միայն փորձին Վաշինգտոնում: Հենց հիմա այստեղ վաշինգտոնյան փորձի 100 տարին է, ու ի՞նչ ունենք մենք՚՝ մեղադրանքները հակադարձեց քաղաքապետ Պիտը:


Շատ ամերիկացիները ուշադիր հետևում են Կոնգրեսում իմպիչմենտի գործընթացին, և թեկնածուները երկար ժամանակ հատկացրին այդ թեմային: Եթե Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկի նախագահի իմպիչմենտին, նրա ճակատագիրը կհայտնվի Սենատի ձեռքում: Սենատոր Ուորենը խոստացել է համոզել իր գործընկեր հանրապետականներին Թրամփին հեռացնել պաշտոնից: Սանդերսն ու Բուտիջիչը ևս քննադատեցին նախագահին: Ջո Բայդենը իմպիչմենտի պատմության մեջ գլխավոր դերերից մեկն է խաղում: Թրամփը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Բայդենի ու նրա որդու դեմ հետաքննություն սկսել, և դեմոկրատները գտնում են, որ այդ խնդրանքը կարող է որակվել իբրև պարտադրանք: Բայդենը հայտարարել է, որ Թրամփը ինտրիգներ է հյուսում իր դեմ, որովհետև լուրջ ընդդիմախոս է տեսնում 2020-ի ընտրություններում: Նախկին փոխնախագահը առաջինն է դեմոկատների ընտրախավի սոցհարցումներում, սակայն նրա առավելությունը սկսում է նվազել: Հատկապես խոցելի են նրա դիրքերը Այովայում ու Նյու Հեմփշիրում:


Առավել սուր էր արտաքին քաղաքականության քննարկումը: Սանդերսը հերթական անգամ քննադատեց Բայդենին՝ 2003-ին Իրաք ներխուժումին աջակցելու համար: Կոնգրեսմեն Թուլսի Գաբարդը Բուտիջիչին մեղադրեց, որ առաջարկում էր զորք ուղարկել Մեքսիկա: Բուտիջիչը հերքեց մեղադրանքը: Գաբարդին հիշեցրին 2017-ին այցը Սիրիա ու հանդիպումը Բաշար Ասադի հետ: Աֆրոամերիկացի սենատոր Կորի Բուկերը քննադատեց Բայդենին մարիխուանայի լեգալացման կասկածների համար: Բուկերը հայտարարեց, որ հարուստների համար մարիխուանան փաստացի թույլատրված է, արգելքի պատճառով քրեական գործերի զոհերը դառնում են սևամորթ ամերիկացիները: ՙԵս կարծում եմ, որ դուք ծխախեղդ եք եղել՚, ասաց Բուկերը Բայդենի՝ մարիխուանայի դեմ հայտարարությունների մասին: Բայդենը պատասխանեց, որ ինքը կողմ է քրեական գործերի կարճման ու այդ հոդվածներով բոլոր դատապարտվածների ազատման, բայց մարիխուանայի ազդեցությունն առողջության վրա դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ:
BBC


Հ.Գ. Մերը լինեին նրանց պրոբլեմները՝ սա առաջին տպավորությունն է: Իրականում յուրաքանչյուր թեկնածուի համար աշխատում է մի մեծ թիմ, որ ուսումնասիրում է հասարակական կարծիքը ու ձևավորում պահանջարկված ու հաջողություն երաշխավորող պատասխանները: Այնպես որ թեկնածուները ոչ միշտ են հայտնում իրենց տեսակետը ու ոչ միշտ են անկեղծ: Դա ժողովրդավարության պարադոքսներից է, երբ ընտրվողին պարտադրում է ժողովրդաճո վարքագիծ ու անսահման պոպուլիզմ: Հենդ դա է պատճառը, որ ընտրվելու դեպքում նախկին թեկնածուները հազվադեպ են կատարում իրենց խոստումները: Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որ արդեն երրորդ տարին կատարում է իր խոստումները՝ ինչ գին էլ ունենան ԱՄՆ-ի ու աշխարհի համար: Գուցե նաև այդ պատճառով են Կոնգրեսում իմպիչմենտի հարցում նրա դեմ դուրս եկել կուսակից Հանրապետականները: Բոլոր դեպքերում Թրամփի վերընտրությունն ավելի հավանական է, քան՝ դեմոկրատներից որևէ թեկնածուի ընտրությունը: Թեպետ ամերիկացիների ընտրությունները ու ընտրակարգը ցանկացած անակնկալ կարող են մատուցել իրենք իրենց ու աշխարհին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ