Հայաստանի և Այսրկովկասի շուրջն անհանգիստ է
27.09.2019 | 00:35
Այժմ վերանանք Այսրկովկասից։ Վերևում արդեն գրել եմ, որ Մերձավոր Արևելքի (Սիրիա, Իրաք և Իրան) խնդիրների պատճառով Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ շտապել է Ռուսաստան։ Դիտավորյալ չեմ վերլուծի Էրդողանի և Պուտինի հանդիպման մասին պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունները։ Վերջին ժամանակներս ինձ հաճախ են քննադատում, որ իմ նյութերում «մեջբերումները շատ են», ինձ խորհուրդ են տալիս` «գրիր սեփական ինչ-որ բան». թվում է, թե իմ քննադատներն ու խորհրդատուներն ուզում են, որ ես լինեմ այս կամ այն բանակցությունների, հանդիպումների, իրադարձությունների անմիջական մասնակիցը։ Այնպես որ, կներկայացնեմ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին իմ սեփական տեսլականը, մանավանդ որ այդ բանակցությունների մեծ մասը չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից, քանի որ եղել է գաղտնի։ Ես Պուտինի և Էրդողանի շփման ժամանակ արված շատ լուսանկարներ ու տեսահոլովակներ եմ նայել։ Նկատելի է, որ նույնիսկ երբ Թուրքիայի նախագահը ժպտում էր, ժպիտը թվում էր շինծու, չէր արտահայտում նրա իրական տրամադրությունը և ներքին վիճակը։ Բերանի անկյունները երբեմն ցնցվում էին. դա նշան էր, որ մարդը կատակելու տրամադրություն չունի։ Բայց լուսանկարում կարելի է տեսնել Էրդողանի լարված ու մտահոգ աչքերը։ Ինչի՞ մասին էր նա մտածում, ի՞նչն էր նրան տանջում։ Հավանաբար այն, որ չնայած բարեկամության ու համագործակցության մասին Մոսկվայի և Անկարայի փոխադարձ մեծախոստում հայտարարություններին, նախագահ Պուտինը (ուրեմն` ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն) ոչինչ չի ուզում լսել Թուրքիայից։ Եվ պահանջը հին է, դեռ 2016-ից. Թուրքիա, դուրս Իրաքից և Սիրիայից։
Իսկ Պուտինի դեպքում հակառակն է։ Հանդարտություն, դեմքի մկանների արձագանքի գրեթե բացակայություն։ Բայց աչքերի կոշտ, համարյա պողպատե հայացք։ Ձայնի շինծու անտարբերություն, երբ Էրդողանը հարցնում է` իսկ ՍՈՒ-57-ը թռչու՞մ է։ Իսկ վաճառվու՞մ է։ Պուտինը դադարներով ու շինծու անտարբերությամբ պատասխանում է` այո, թռչում է, այո, կարող եք գնել... Իմ այս ողջ թվարկումը կոչված է թաքցնելու այն փաստը, որ Պուտինն ինչ-որ գերլուրջ բան «բացատրեց» Էրդողանին, ինչը նրան ակնհայտ կերպով «դուր չեկավ»։ Չեմ շարունակի երևակայել. կյանքը բոլորիս, նաև Էրդողանին, կստիպի բախվել դաժան իրականությանը, գուցե նույնիսկ մի շարք ռազմավարական իրականությունների, որոնցից մեկն այլևս ոչ ոք չի թաքցնում. մեր տարածաշրջանում Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը «խաղում» են որպես դաշնակիցներ։ Այո, Չինաստանը ևս։ Ստորև նյութի տեքստից ընթերցողները կհամոզվեն դրանում։ Կարող եմ միայն խորհուրդ տալ Հայաստանի ԱԳՆ-ին, որ մեր երկրի և ողջ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները գնահատելիս հաշվի առնի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դաշնակցությունը։
Արդեն սեպտեմբերի սկզբին Պեկինից սենսացիոն հաղորդագրություն տարածվեց։ «Petroleum Economist» մասնագիտացված կայքը, հղում անելով Իրանի նավթի նախարարության բարձրաստիճան աղբյուրին, հայտնեց, որ մոտակա 5 տարում Չինաստանն Իրանի նավթագազային համալիրում կներդնի 280 մլրդ դոլար, իսկ ստացված միլիոնավոր բարել նավթը և միլիարդավոր խորանարդ մետր գազը գնելու է զեղչերով` առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Առևտրային պատերազմի ֆոնին Պեկինի այդ ներդրումները մարտահրավերներ կդառնան Վաշինգտոնի և իսկական ռումբ` ԱՄՆ-ի նավթագազային արդյունաբերության համար։ Ամերիկայում դեռևս հույս ունեն վերականգնելու նավթի և գազի մատակարարումը Չինաստանին, որն այսօր ածխաջրածինների սպառման ամենաարագ աճող շուկան է։
Օգոստոսի վերջին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆն այցելեց իր չինացի գործընկեր Վան Իին և ներկայացրեց Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին 2016-ին կնքված համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը։ «Petroleum Economist» կայքի իրանական աղբյուրը հայտնում է, որ այդ փաստաթղթի շատ մանրամասներ չեն հրապարակվի։ Նորացված համաձայնագրի առանցքում լինելու են Չինաստանի ներդրումներն Իրանի վառելիքաէներգետիկ համալիրում։ Հաջորդ հնգամյակում նախատեսվում են ևս 120 մլրդ դոլարի ներդրումներ արդեն Իրանի տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածքներում։ Թեհրանն իր կողմից չինական ընկերություններին խոստանում է ինչպես նոր, այնպես էլ աշխատանքները դադարեցրած հին հանքավայրերի մշակման առաջնահերթ իրավունք։ Չին գործընկերներին առաջարկել են նաև մասնակցություն Իրանի ցանկացած նավթաքիմիական նախագծերում։ «Առաջարկի մեջ մտնում է նաև Իրանում 5 հազար մարդու տեղաբաշխումը Չինաստան նավթի, գազի և նավթաքիմիայի արտադրանքի տեղափոխման անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է իրանցի անանուն աղբյուրը։ Նա ավելացրել է, որ Չինաստանը կստանա երաշխավորված 12 % զեղչ հումքի համար և 6-8 % հատուցում ռիսկերի համար։ Չինական ընկերությունները կարող են վճարման հետաձգում ստանալ մինչև երկու տարով ու մատակարարումները վճարել ոչ թե դոլարով, այլ «փափուկ» տարադրամներով, որոնք ստանում են Աֆրիկայի և ԱՊՀ երկրների հետ առևտրից։ Չինաստանը նաև համաշխարհային գների 8-12 % զեղչ է ուզում, որով ընդհանուր զեղչը կհասնի 32 %-ի։ Բացի այդ ամենից, Չինաստանի համար լրացուցիչ եկամուտ կարող է բերել նախագծերում Իրանի ցածր վարձատրվող աշխատուժի օգտագործումը։
«Petroleum Economist»-ի աղբյուրը նշում է, որ Չինաստանի հետ 25-ամյա գործարքում Թեհրանը երեք նպատակ ունի։ Առաջին. Չինաստանը Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է։ «Թույլ չտալու համար, որ պատժամիջոցները դուրս գան ՄԱԿ-ի մակարդակ, Իրանն ունի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երկուսի աջակցությունը։ Երրորդը կարող է դառնալ Ֆրանսիան, ուր օգոստոսին G7-ի գագաթնաժողովի ժամանակ անսպասելի այց էր կատարել Իրանի արտգործնախարարը»,- ասել է աղբյուրը։ Նա ասում է, որ պլաններում կա նաև գազամուղ, որը Չինաստանի արևմուտքը կմիացնի Իրանին, Թուրքիային և Միջին Ասիայի երկրներին. «Պեկինը համաձայնել է նախագծին ռուսական մի ընկերության մասնակցությանը»։ Երկրորդ դրական հանգամանքը կլինի Իրանի երեք առանցքային նավթահանքերից հանույթի աճը։ Չինաստանը խոստացել է ավելացնել Պարսից ծոցում աշխարհի ամենախոշոր գազահանքի («Հարավային Պարս») 11-րդ փուլի յուրացման տեմպերը։ Չինական CNPC ընկերությանն է պատկանում նախագծի 30 % բաժնեմասը այն բանից հետո, երբ նրանից դուրս եկավ ֆրանսիական «Total»-ը։ Չինաստանը նաև համաձայնել է Արևմտյան Քարունի հանքավայրերում նավթի հանույթն ավելացնելուն մինչև 500 հազ. բարել մեկ օրում։ Թեհրանի երրորդ նպատակը Չինաստանին մատակարարվող նավթի ծավալներն ավելացնելն է, ինչին նույնպես Պեկինը համաձայն է։
Չինական մաքսային ծառայության տվյալներով` հուլիսին իրանական նավթի ներմուծումը կազմել է օրական ավելի քան 925 հազ. բարել։ Ընդ որում, Չինաստանում դեռ չմաքսազերծված միլիոնավոր բարելներով նավթ կա, որը տեղական ընկերությունները կարող են օգտագործել ցանկացած պահի։ Այսպիսով, Իրանը Չինաստանի միջոցով (կամ Չինաստանն Իրանի միջոցով) կամ երկուսն իրար հետ իրական մարտահրավերներ են նետում Վաշինգտոնին։ Ինչպես տեսնում ենք, հաստատվում է իմ վերոնշյալ այն կարծիքը, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը «խաղում» են որպես դաշնակիցներ, ընդ որում, և՛ մեր, և՛ աշխարհի այլ տարածաշրջաններում։
Բայց հենց մեր հարևան Իրանն է շարունակում հանդես գալ որպես համաշխարհային ասպարեզի «առաջին ջութակ»։ Վերջերս Թեհրանը նախ մերժեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բոլոր պայմանները` պնդելով, որ քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունի իր պարտությունը և չի հանի հակաիրանական պատժամիջոցները, մինչև ԱՄՆ-ը չվերադառնա Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շրջանակ, որևէ բանակցություն չի լինի։ Հերթական քաղաքական ապտակն ստանալով Թեհրանից` ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հրապարակայնորեն հրաժարվեց իրանական կողմի պայմաններով Իրանի հետ բանակցություններից։ Երկրորդ. Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ վարեց իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը նորից հաստատեցին, որ շուտով աշխարհը կտեսնի Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Իրանի ռազմածովային նավատորմների համատեղ զորավարժությունները։ Զարիֆի խոսքով` Թեհրանը ողջունում է Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու գծով ռուսական առաջարկը։ Նա նշեց նաև, որ Իրանն առաջարկներ է արել Պարսից ծոցում կայունության վերաբերյալ և ծոցի երկրների հետ չհարձակման պայմանագիր կնքելու պատրաստակամություն է հայտնել։ Մոսկովյան բանակցություններից հետո Զարիֆն «IRNA» գործակալությանն ասել է. «Իրանը կանոնավոր ու մշտական բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ վերջին վեց տարում, և իրանա-ռուսական հարաբերությունները ծառայում են միջազգային խաղաղության ու անվտանգության շահերին»։
Ինչպես տեսնում ենք, Թեհրանն աստիճանաբար դադարում է այն փաստը թաքցնելուց, որ իրանա-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային գործակցության բնույթ։ Հայաստանի համար այդ փաստը կարևոր նշանակություն ունի, որովհետև այժմ հաստատ սպասելի է, որ Հայաստանի և Այսրկովկասի վերաբերյալ Իրանի ու Ռուսաստանի ցանկացած որոշում ունենալու է փոխհամաձայնեցված որոշման բնույթ։ Երևանում ոչ ոքի չի հաջողվի «տարաձայնություններ փնտրել Ռուսաստանի և Իրանի միջև»։ Եվ ինչու՞ միայն Երևանում. դա ոչ մեկին չի հաջողվի։ Որովհետև ինչպիսի «վիճելի» բան էլ լինի Մոսկվայի և Թեհրանի միջև, ռազմավարության ու անվտանգության խոշոր հարցերում այդ երկրներն առնվազն 2014-ի ամառվանից կամ թեկուզ 2015-ի աշնանից գործում են ձեռք ձեռքի, համաձայնեցված և՛ Այսրկովկասում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Միջին Ասիայում ու Աֆղանստանում։ Հայաստանում որևէ մեկն արդեն լսե՞լ է, որ Աֆղանստանում ուզբեկներն ու տաջիկները վերականգնել են իրենց Հյուսիսային միությունը «Իսլամական պետության» և «Թալիբանի» դեմ համատեղ զինված պայքարի համար։ Եթե չեն լսել, ապա Հայաստանի քաղաքացիներն ընդհանրապես ի՞նչ գիտեն համաշխարհային քաղաքականության ընթացիկ գերարագ փոփոխությունների մասին։
Բայց վերադառնանք Իրանին ու նրա արտաքին ակտիվ քաղաքականությանը։ Երրորդ. օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը Կասպից ծովում ծավալուն զորավարժություններ էին ընթանում, որոնցում ներգրավված էին հրթիռային ռազմանավեր, տորպեդային կատերներ և ուղղաթիռներ, Իրանի ՌԹՆ դեսանտայինների ջոկատներ։ Ըստ «Tasnim News» գործակալության, զորավարժությունների ժամանակ ծովային հետևակին և դեսանտայիններին «հաջողվել է գրավել հակառակորդի պայմանական նավերը` օգտագործելով ամենատարբեր սարքեր ու զինատեսակներ. այդ թվում` բարձր արագությամբ կատերներ և հրթիռային ֆրեգատներ։ ՌԾՆ դեսանտայինները երկու ուղղաթիռով և հրթիռային ռազմանավերով նույնպես կարողացել են հետ մղել հակառակորդի հարձակողական գործողությունները` կիրառելով մարտական ռազմավարություն, հենվելով հետախուզական տվյալների վրա և օգտագործելով ռադիոտեղորոշման խանգարումների համակարգեր։ Ով գոնե մոտավոր կերպով ծանոթ է ռազմական թեմատիկային, հավանաբար հասկացավ, որ Իրանը ռազմական դիմակայության է պատրաստվում Կասպից ծովում։ Իսկ մարտական գործողություններ Կասպից ծովում հնարավոր են միայն այն երկրների դեմ, որոնցում Իրանը ենթադրում է կամ հաստատ գիտի հավանական հակառակորդի ռազմական ներկայությունը։ Իսկ այդպիսի երկրները երկուսն են` Ադրբեջանը և Ղազախստանը։
Չորրորդ. ինչպես հաղորդել է «Tehran Times» թերթը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին գովել է լիբանանյան «Հզբոլահ» կուսակցությանը սեպտեմբերի 1-ին իսրայելական թիրախների վրա նրա հարձակման համար, ասելով, որ լիբանանցի շիաների պատասխան գործողությունը ցուցադրեց Դիմադրության ճակատի վճռականությունը` դիմակայելու հակառակորդի սպառնալիքներին. «Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածությունը խախտած ամերիկյան անօդաչու ինքնաթիռին դիմակայելը և սիոնիստական վարչակարգին պատժելը լիբանանյան «Հզբոլահի» կողմից նշանակում են տարածաշրջանում ապակայունացնողների և հրահրիչ գործողությունների դեմ պայքարելու Դիմադրության ճակատի վճռականությունը»։ Շամխանիի հիշատակած միջադեպի մասին հայտնեմ, որ լիբանանցի շիաները հակատանկային հրթիռներ են արձակել Իսրայելի տարածքի թիրախների վրա, և դա եղել է վրեժ` ի պատասխան իսրայելական անօդաչու ինքնաթիռների հարձակման և «Հզբոլահին» պատկանող օբյեկտներին հրթիռներով հարվածելու։ Սպանվել է մոտ 20 իսրայելցի զինծառայող։
Հինգերորդ. Իրանի արտքաղաքական նախաձեռնությունների վերը նկարագրված լարված դինամիկայով հանդերձ Թեհրանն ազատ է արձակել հուլիսի 19-ին Հորմուզի նեղուցում կալանված անգլիական «Stena Impero» նավթանավի անձնակազմի յոթ անդամի։ Այսինքն, ժամանակ առ ժամանակ Արևմուտքին պետք է ցույց տալ Իրանի խաղաղասիրությունը. գուցե հանկարծ Արևմուտքում խելքի գան ու դադարեցնեն հակաիրանական հիստերիան։ Ահա թե ինչպիսի վճռական ու միաժամանակ մեծահոգի հարևան ունի Հայաստանը։ Մեր աչքի առաջ Իրանը սրընթացորեն դառնում է համաշխարհային տերություն։ Երևանում բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են դա տեսնել ու հաշվի առնել։ Հիշեցնեմ, որ համաշխարհային տերությունների հետ «կատակները», հատկապես փոքր պետությունների կողմից, անընդունելի են։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ