Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մարտավարություն՝ առանց ռազմավարության

Մարտավարություն՝ առանց ռազմավարության
15.03.2016 | 01:05

1147-ին հիմնադրված Մոսկվան այս տարի կնշի իր 869-ամյակը, քանի տարեկան է Երևա՞նը: Մեր թվարկությունից առաջ 782-ին գումարեք մեր թվարկության 2016-ը՝ 2798: Հիշեք տարբերությունը՝ 1929 տարի: Պատկերացնո՞ւմ եք, որ առանց Մոսկվայի այդքան ապրել ենք:

Անցյալ շաբաթ քաղաքական դաշտը հաշվում ու հաշվարկում էր Ընտրական օրենսգրքի նախագծի դրական ու բացասական կողմերը. իշխանությունը դրականն էր տեսնում, ընդդիմությունը՝ բացասականը: Վերջապես ասպարեզ եկավ Դավիթ Հարությունյանը, որ ասի իր ծանրակշիռ խոսքը, թե չէ ընդդիմության տեսակետները գերակայում էին, ՀՅԴ-ն կրտսերի համեստությամբ լռում էր, իսկ ՀՀԿ-ն մեկումեջ անհոդաբաշխ պատասխաններ էր տալիս մեղադրանքներին: Փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններից առաջ մշտապես փոխվել է (ներեցեք՝ բարեփոխվել է) Ընտրական օրենսգիրքը: Օրվա ընդդիմությունը մեղադրել է օրվա իշխանությանը, որ ԸՕ-ն գրում է իր համար, իշխանությունն էլ մեղադրել է ընդդիմությանը, որ սուբյեկտիվ է, լավ ոչինչ չի տեսնում: Նույն փորձը ցույց է տալիս, որ ԸՕ-ի փոփոխությունների (դարձյալ ներեցեք՝ բարեփոխումների) ընթացքում միշտ կազմավորվել է ապագա Ազգային ժողովը, և օրենսդրությունը ինչ ու ինչպես է, ոչ օգնել է, ոչ խանգարել: Հիմա էլ, չկասկածեք, ԸՕ-ի քննարկումներին զուգահեռ կճշտվեն ուժերը, որ իրավունք կստանան հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխել հնացած ԸՕ-ն ու համապատասխանեցնել նոր պայմաններին: Իսկ ԸՕ-ի ճակատագի՞րը: Ոչ սկզբունքային, հատկապես կոշտ ու փոփոխության համար նախատեսված մի քանի հոդվածներ ընդդիմադիրների պահանջով կբարեփոխվեն (ներեցեք, իսկապես), ու երկուստեք կշահեն. ընդդիմությունը կասի, որ ինքը չլիներ, ընտրություններն անցկացվելու էին այդ բարբարոս օրենսգրքով, իշխանությունը կունենա այն ԸՕ-ն, որ իրեն պետք է՝ ընդդիմության աջակցությամբ: Ինչպես անցյալում, հիմա էլ կլինեն ընտրությունները բոյկոտելու կոչեր, գուցե նաև բոյկոտողներ: Մինչև ընտրությունները գուցե վերջապես իր կուսակցությունը բացի Վարդան Օսկանյանը՝ «ընտրությունների ազատ, արդար ընթացքը ապահովելու և ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ երկրում բերելու համար» միշտ էլ մեկը ընտրություններից առաջ կուսակցություն է բացում, մեկն իր գրասենյակի դռները փակում է ու բանալիները հանձնում ուրիշ կուսակցության: Բոլորը կխոսեն նպատակների ու գաղափարների, ծրագրերի ու զարգացման անհրաժեշտության մասին, համախմբման կարևորության՝ հատկապես, ոչ ոք կոնկրետ ոչինչ չի ասի: Ոչ այն պատճառով, որ գաղտնիությունը կուսակցական մարտավարություն ու ռազմավարություն է, կամ՝ վերջին օրերին են գաղտնի զենքերը կրակելու, որ հաղթանակ ապահովեն: Ոչ: Ամեն ինչ վաղուց ասված է: Ամեն ինչ ասված է՝ աջից, ահյակից, վերևից, ներքևից, ներսից, դրսից, բայց ի՞նչ է արված: Մինչև ընտրությունների օրը հարց կտան՝ ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը, ընտրություններից հետո՝ ինչո՞ւ ոչինչ չարեց Ռոբերտ Քոչարյանը: Լևոն Տեր-Պետրոսյանին հիշելու են իբրև առաջին նախագահի, որ այլևս չի խառնվում մեծ քաղաքականությանը: Պարբերաբար ասպարեզ է նետվելու ապատեղեկատվություն, որ քաղաքականություն է վերադառնում Գագիկ Ծառուկյանը: Օրումեջ աշխատանքից հանելու են Հովիկ Աբրահամյանին, կետ առ կետ ավելացնելով պաշտոնանկության պատճառները: Երբ հրաժարական տա, հաշվարկելու են՝ ո՞ր պաշտոնին է հավակնում: Երբ հրաժարական չտա, բացատրելու են, որ վերականգնեց զրոյացած դիրքերը, որ հետո կարողանա լուծել ինչ-որ հարցեր, որոնք ոչ ոք չի ուզում լուծել: Կամ էլ՝ պե՞տք էր հենց հիմա Ռոբերտ Քոչարյանին աջակից նվիրել:

ՈՒ կպարզվի, որ ընտրության կգնանք առանց ընտրություններից հետո ցուցակները հրապարակելու, ընտրողների մատները թանաքոտելու, ընտրությունը տեսանկարահանելու ու հեռարձակելու իրավունքի, համամասնական ընտրակարգի անվան տակ մեծամասնականով ու ռեյտինգային քվեարկությամբ, որ շիլաշփոթ է ստեղծելու և բոլոր հիմքերը՝ Ընտրական օրենսգիրքը իսկապես բարեփոխելու: Համենայն դեպս՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով եթե համաձայնություն ենք տվել խորհրդարանական կառավարման համակարգին, չի նշանակում, որ համաձայնություն ենք տվել խորհրդարանական կառավարման հենց այս տեսակին ու Ընտրական օրենսգրքի այս տարբերակին: Քվեարկության էլեկտրոնային տարբերակին ամբողջությամբ անցում չի լինի: Ոչ ֆինանսական պատճառներով: Քաղաքական կոնսենսուս չի կայանա` կողմերից ոչ մեկին պետք չէ 100 %-ով չկեղծված ընտրություն: Ո՞վ գիտի այդ դեպքում՝ ի՞նչ իշխանություն կձևավորվի, Հայաստանին պետք է կայունություն, եթե ավելի ճշգրիտ՝ կայուն մեծամասնություն, ավելի ռեալ՝ ՀՀԿ-ի մեծամասնությունը այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից:
Մարտի 10-ին Մոսկվա գնաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այցը աշխատանքային էր և չէր նախատեսում հանդիպում ոչ վարչապետի, ոչ խորհրդարանի վերին ու ստորին պալատների նախագահների, ոչ պատրիարքի հետ: Նարիշկինը Երևան էր եկել, Կիրիլին հանդիպեր՝ որ ի՞նչ ասեր ու ի՞նչ լսեր, Մատվիենկոն էլ մի քանի ամիս առաջ էր Երևանում, ի վերջո, ո՞ւմ համար է գաղտնիք, որ եթե Ռուսաստանում հանդիպում ես Պուտինին, հանդիպել ես բոլորին, որևէ պատգամավոր կամ սենատոր, որևէ նախարար չի ասի ոչինչ, որ համաձայնեցված չէ նախագահի հետ: Ի՞նչ իմաստ ունի մանրանալ՝ մինչև պաշտոնական, առավել ևս պետական այցի մակարդակ: Աշխատանքային այցը լավագույն ձևաչափն է՝ ազատ ես մի հանդիպումով բոլոր հանդիպումների արդյունքը ստանալու, ցուցահանդես գնալու, մրցաշար բացելու: Մոսկվան նորից տեսնելու: Հրապարակված տեղեկատվությամբ՝ ոչնչից չհրաժարվեցինք, ոչ մի կառույցի չանդամակցեցինք: Ոչ ցերեկը, ոչ գիշերը: Անակնկալ էր, որ ՌԴ նախագահն ինչ-որ պրոբլեմներ ուրվագծեց ռուս-հայկական հարաբերություններում, ասաց՝ օբյեկտիվ, տնտեսական, թերևս ուզում էր հանդիպմանը բանակցությունների պատրանք հաղորդել, երբ կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, ինչ-որ հարցերում համաձայնում են, ինչ-որ հարցերում՝ ոչ: Հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանձնահատկությունն է, որ Ռուսաստանն ասում է, Հայաստանը՝ անում: Գուցե նա նկատի ուներ, որ ԵՄ-ն պատժամիջոցները երկարացնում է Ռուսաստանի նկատմամբ, իսկ Մոգերինին գալիս է Երևա՞ն: Կամ՝ Մոսկվա ՀՀ արտգործնախարարը ժամանում է Բրյուսելից, որտեղ հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ¥այն էլ՝ պաշտպանության նախարարի հետ¤, իսկ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի մատույցներին: Կամ՝ Ռուսաստանը ճիգ ու ջանք չի խնայում Թուրքիայի հետ թշնամանալու մեջ, իսկ Հայաստանն առաջինը Թուրքիային պատերազմ չի հայտարարում: Զուգադիպությո՞ւն էր, որ ՌԴ կառավարությունը և Գերագույն դատարանը հենց այդ օրը բացասական եզրակացություն տվեցին Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը քրեական պատիժ նախատեսող Պետդումայի կոմունիստ պատգամավորների օրինագծին՝ պատճառաբանելով, որ ՌԴ օրենսդրությամբ պատիժներ են նախատեսվում ազգային հողի վրա հանցագործությունների, կրոնական զգացմունքները վիրավորելու համար, նոր օրինագծի կարիք չկա: Փաստորեն՝ սեփական կոմունիստներին ասացին՝ սեփական օրենսդրությունը չգիտեք: Հանդիպմանը կողմերը միմյանց ներկայացրին իրենց տեսակետներն ու խնդիրները, որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Հայաստանը չստացավ գազի սակագնի իջեցում, թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարին հույսեր էր ներշնչել. «Հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում»: Ակնկալիքը մերժվեց, իսկ Բելառուսը գազը գնում է 142 դոլարով և դեռ ուզում է գին գցել: ԵԱՏՄ՝ ԵԱՏՄ, հավասարների մեջ միշտ էլ կան ավելի հավասարներ: Նշանակո՞ւմ է դա, որ կարող ենք Իրանի կողմը նայել: Եթե Իրանը դեռ ցանկանում է Հայաստանի հետ բանակցել: Թե՞ Եվրոպա գնալ-գալու ազատություն ունենք միայն: Օբյեկտիվ է, որ Ռուսաստանը փող չունի, բայց որքանո՞վ է օբյեկտիվ, որ Հայաստանը պիտի Ռուսաստանին «փրկի»: Երկու նախագահների հանդիպման ժամանակ հաստատ քննարկվել են ոչ միայն ռուս-թուրքական, այլև ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցերը: Այնքանով, որ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, իսկ ռուսական ամսագրերում ինչ-որ փորձագետներ հրապարակում են գաղտնի տվյալներ (Военно-промышленный курьер. Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխին) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների սպառազինության մասին: Այսինքն՝ Բաքվին զենքը վաճառում են, հետո էլ ցույց են տալիս՝ որտեղ ու ինչով կրակել:
Ռուս-հայկական հարաբերությունների անցյալ շաբաթվա քննարկումների պատկերն ամբողջական չի լինի առանց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցի: Նա Երևանում էր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի առիթով: «Թուրքիան իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը կարևոր դեր ունի խաղաղության ապահովման գործում»,- Երևանում ասում էր Սերգեյ Նարիշկինը ու հավելում. «Հատուկ մտահոգություն են առաջացնում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումները և Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են այս պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միջազգային լարված օջախներին մոտ լինելով՝ կազմակերպության մեջ հատուկ դեր ունի, և մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում և խորհրդարանական փորձը՝ խաղաղության ապահովման գործում»: Հասկացա՞ք՝ երբ կարևորվեցինք: Իսկ երբ Թուրքիան էր խախտում Հայաստանի օդային սահմանը, ոչինչ, ռուսական կործանիչը թուրքերը դեռ չէին խփել: Երբ Բաքուն խփում էր շփման գծում հայկական ուղղաթիռը և երեք օր թույլ չէր տալիս զոհված օդաչուների մարմինները տեղափոխել, ՀԱՊԿ-ը անելիք չուներ: Հայաստանն աջակցել և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի աջակցության մասին պիտի հիշեն իրենց պետք եղած պահին ու մոռանան՝ երբ Հայաստանին է պետք: Սերգեյ Նարիշկինը նաև Ծիծեռնակաբերդում եղավ և ասաց, որ չէր կարող չգալ ու չհարգել զոհերի հիշատակը: Կարող էր՝ 2015-ի ապրիլի 24-ին նա Գալիպոլիում տոնում էր Դարդանելի նեղուցների պատերազմում Թուրքիայի հաղթանակի 100-ամյակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Քննարկվե՞լ է Մոսկվայում Ղարաբաղի հարցը: Իհարկե: Մարտի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Կրեմլը վերջին ժամանակներս» հարցին պատասխանել է. «Դրանք մեկանգամյա ջանքեր չեն, հետևողական գիծ է, որն իրականացվում է միջազգային ձևաչափերով։ Լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակիցը՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն ամեն դեպքում վերջնական որոշումները, վերջնական նախաձեռնությունները կարող են գալ միայն հակամարտության անմիջական մասնակիցներից: Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն»: Ո՞Ւր մնացին Լավրովի առաջարկները: հց-24-ի՞ հետ խփվեցին, թե՞ Բաքվի դեպի Բրյուսել ճանապարհին: Թեպետ ԵԱՀԿ-ն առաջարկում է այն, ինչ Բաքուն չի ուզում, Մոսկվան չի մեկնաբանում՝ տեղակայել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմներ: Ի՞նչ է փոխվել, որ իմանալու ենք հետո՝ մի քանի օրից կամ ամսից: Իսկ ՀՀ նախագահը նորից գնաց Եվրոպա՝ Աթենք ու Նիկոզիա, Բրյուսելն էլ՝ նվեր: Հիմա՝ ճի՞շտ, թե՞ սխալ ենք ապրել 1929 տարի:

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ