Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Քաղաքական կոնյունկտուրան կթելադրի պահի անելիքը

Քաղաքական կոնյունկտուրան կթելադրի պահի անելիքը
15.03.2016 | 00:40

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատությանը» տված հարցազրույցում վերստին հաստատեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Քանի՞ անգամ կարելի է նույն գետը մտնել՝ պնդելով, «Բոլորը գիտակցում են, որ երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա չէ, նույն զարգացում բառն այստեղ կիրառելի չէ, երկիրն իսկապես լճացման մեջ է, և մենք լուրջ խնդիրների առաջ ենք: Բոլորը գիտակցում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի երկրում»: Եթե դա է կուսակցության ստեղծման հիմնավորումը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե առանց Քոչարյանի, Վարդան Մինասիչը իզուր է ուժերն ու փողերը վատնում: Երկրի զարգացումը ճիշտ ուղու վրա չէր և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և հիմա, և այս իշխանական համակարգում ընդհանրապես: Չգիտես ինչու՝ Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու անցյալ տարի փետրվարին ծնված ու մինչ օրս օդում մնացած գաղափարը բոլորը տանում ու կապում են Ռոբերտ Քոչարյանի ու խորհրդարանական առաջիկա ընտրությունների հետ: Եթե իսկապես Վարդան Մինասիչը պլատֆորմ է ստեղծում, որ Ռոբերտ Սեդրակիչը քաղաքականություն վերադառնալու ամուր հենք ունենա, պլատֆորմի շահագործումը ամբողջ ուժով ու հմայքով նախատեսված է բնավ էլ ոչ 2017-ին, այլ 2021-ին՝ 2022-ի ԱԺ ընտրություններից մեկ տարի առաջ: Հենց այդ պատճառով էլ Վարդան Մինասիչն ասում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի, թեպետ գիտի՝ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել քաղաքականություն և խնդրի անդամակցել կուսակցությանը, դռները նրա առաջ բաց են. «Դա ժամանակի խնդիր է... Ինքը բաց կուսակցություն պետք է լինի։ Ես Քոչարյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, ես խնդիր չունեմ։ Ժողովրդի կողմից ինչ-որ ընկալում կա էդ բոլորին։ ՈՒղղակի ես հիմա արձանագրում եմ այն փաստը, որ սա Քոչարյանի հետ կապ չունի՝ այն կուսակցությունը, որ ստեղծվելու է»։ Վարդան Օսկանյանը բոլորովին էլ չի շտապում իր կուսակցությունը ստեղծել այս խորհրդարանական ընտրություններում ինչ-որ վճռական դեր ունենալու համար, նա արդեն շատ է ուշացել, անցյալ տարի պետք է որոշեր «ինչ-որ բան փոխել երկրում»: Սկզբունքային հարցը հիմա ոչ կուսակցության ստեղծման պահն է, ոչ էլ ծրագիրը կամ դաշնակիցները: Խնդիրն ավելի պրոզայիկ է՝ ո՞ր կուսակցության հետ ԱԺ կվերադառնա Վարդան Օսկանյանը՝ պահպանելու համար խորհրդարանական մանդատը, որ քաղաքական դաշտում լրացուցիչ կշիռ ու նաև անձեռնմխելիություն է տալիս նրան: Պատահական չէ, որ նա սերտ շփումներ ունի նախկին ՕԵԿ-ի ու ներկա «Վերածնված Հայաստանի» հետ, և Արթուր Բաղդասարյանն էլ նրան համարում է փորձառու քաղաքական գործիչ: Որ Վարդան Օսկանյանը առանց Ռոբերտ Քոչարյանի այն ֆիգուրը չէ, ում քաղաքական առաջնորդությունը համակիրներ կհավաքի ու կուսակցություն կձևավորի, առանձնապես վիճարկելի խնդիր չէ: Նախկին արտգործնախարարներից փաստացի միայն Վահան Փափազյանը կուսակցական բուռն գործունեություն չի ծավալում, բայց ո՞վ է հասել հաջողության: Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց իր աստղային պահը, որովհետև ինքն իր հաջողությանը պատրաստ չէր: Ալեքսանդր Արզումանյանը «ավելների հեղափոխություն» արեց ու հիմա ազատ դեմոկրատ է: Վարդան Օսկանյանի խնդիրը բոլորովին այլ է: Անցյալի մեղքերի քավությունը՝ մարտի մեկի դատապաշտպանությունն ու փաստաբանությունը նա վերագրելու է պաշտոնին, և երբ պահը գա, գուցե նաև ասելու է, որ սխալ է արել, գուցե պնդելու է, որ այդ պահին երկրի համար դա էր ճիշտ, ու ինքը զոհում էր իր բարի անունը: Քաղաքական կոնյունկտուրան կթելադրի պահի անելիքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ Վարդան Օսկանյանի դեռ անանուն կուսակցությունը ստեղծվելու է մի նպատակով՝ ընտրություններից հետո մեկտեղել բոլոր դժգոհներին և համախմբել մի դաշտում, որը նախկինում եղել է իշխանության սեփականությունը: Դա շատ ավելի ամուր ցեմենտ է, քան պաշտոն ու աշխատանք ունենալու ցանկությունը, որը հավաքեց ու քանդում է ԲՀԿ-ն: Դա իսկապես գաղափարական հենք է, որին թե դրսից կարող են տեր կանգնել, թե ներսում աջակցել խորհրդարան չմտած ընդդիմադիրները: Բայց այս դեպքում Վարդան Օսկանյանը պիտի պատասխանի գլոբալ հարցի՝ զարգացման ո՞ր մոդելում է Հայաստանի ապագան տեսնում: Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք՝ այս հարցի պատասխանն է Օսկանյանի հիմնական խնդիրը, որի լուծումը նա չի շտապի տալ՝ մինչև 2021-ը ժամանակ կա, պայմաններն այնքան արագ են փոխվում:

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ