Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սերբիայի ճակատագիրը կրկնությունն է հայոց ճակատագրի

Սերբիայի ճակատագիրը կրկնությունն է հայոց ճակատագրի
15.03.2016 | 00:10

Սիրիական խնդրի և ռուս-իրանական ռազմական մերձեցման թոհուբոհը մի տեսակ ստվերեց Բալկաններում ահագնացած դրամատիզմը։ Մինչդեռ փետրվարի 20-ի և 21-ի իրադարձությունները Բելգրադում և Սերբիայի մյուս քաղաքներում (դրանք ավելի համեստ ընդգրկումով արձագանք գտան նաև Չեռնոգորիայում) ցույց տվեցին, որ, չնայած Արևմուտքի կողմից օկուպացվածությանը, թերակղզին ներսից շարունակում է եռալ։ Իսկ մարտի սկզբին հակաարևմտյան հանրահավաքների ու ցույցերի կրկնությունը հավաստեց, որ դա լուրջ միտում է, և հենց հիմա կարող է լուծվել այն հարցը, թե մոտ ժամանակներս ինչ են առաջադրելու Բալկաններն Արևմուտքին և Ռուսաստանին։ Երբ նայում ես փետրվարի վերոհիշյալ երկու օրերի տեսագրություններն ու լուսանկարային վավերագրերը, աչքի է զարնում մի քանի փաստ. 1) բողոքավորների թիվը եղել է մի քանի տասնյակ հազար, այսինքն, դա զանգվածային բողոք է եղել, 2) բողոքի շարժման մասնակիցների հիմնական կարգախոսները եղել են՝ «Ո՛չ, ՆԱՏՕ-ին», «ՆԱՏՕ-ն մեր զավակների դահիճն է» և «Հակահարված տանք օկուպացմանը», այսինքն, այդպես էլ սերբերին ոչինչ չի ընկճել, 3) Սերբիայի և անգամ նախկին Հարավսլավիայի դրոշների հետ բողոքողները պարզել էին նաև ռուսական եռագույնը, այսինքն, մարդիկ շատ լավ են հասկանում, որ ամբողջ աշխարհում ֆաշիստական օկուպացմանը դիմադրելու գլխավոր պատվարը Արևելքն է՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Եվ հատկանշական է, որ երբ խորամուխ ես լինում իրադարձությունների ու ամսաթվերի մեջ, հանկարծ գիտակցում ես, որ Բելգրադում և ամբողջ Բալկաններում հակաարևմտյան և հականատոյական տրամադրությունների բռնկմանը կարող էր նպաստել... Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի փետրվարի 12-ին Հավանայում կայացած հանդիպումը։
Մեկ անգամ ևս ուշադրություն դարձնենք «Հակահարված տանք օկուպացմանը» կարգախոսին։ Նատոյական (ավելի ճիշտ՝ ամերիկյան) օկուպացման ներքո առայժմ միայն Կոսովոյի և Մետոխիայի երկրամասն է, և, հետևաբար, խոսելով Արևմուտքի դեմ իրենց բողոքի մասին, շարքային սերբերը նախ և առաջ նկատի ունեին Կոսովոյի խնդիրը, տեղի սերբերի ծանր վիճակը և այլն։ Սրանք նոր հարցեր չեն, սակայն 2016-ի փետրվարի լույս 9-ի գիշերը Հաագայի՝ նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի (ՆՀՄԴ) կալանավորների պահման կենտրոնում մահացավ Բոսնիայի սերբերի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Զդրավկո Տոլիմիրը, մի մարդ, ով «մեղավոր է» ֆիզիկական ոչնչացումից Կոսովոյի և Մետոխիայի սերբերի մասնակի փրկության համար։ Փետրվարի 12-ին Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը բողոքի նոտա հղեց ՆՀՄԴ-ին. «Պարոնայք, պարոն Օրի (ՆՀՄԴ-ի դատավոր Ալֆոնս Օրի- խմբ.) և բոլորդ Հաագայի դատարանում, սովորեք հարգել Սերբիայի Հանրապետությունը, և այդ ժամանակ մենք կշարունակենք խոսակցությունը Սերբիայի օրենքներին համապատասխան»։ Նրա խոսքերով ասած, ՆՀՄԴ-ի նիստում Սերբիայի հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը «անհասկանալի է և անթույլատրելի»։ «Ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ նվաստացնել Սերբիային»,- հայտարարել է նա։ Ճիշտ է, այն մասին, որ Սերբիան մտադիր է բողոքի նոտա ուղարկելու դատարան, երկրի արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչն առաջին անգամ հայտարարեց փետրվարի 10-ի մամուլի ասուլիսում, տեղեկացնելով, որ դա կապված է ՆՀՄԴ-ում Սերբիայի ներկայացուցիչ Սաշա Օբրադովիչի նկատմամբ Միջազգային դատարանի դատավորների վերաբերմունքի հետ՝ այն նիստում, որտեղ քննվում էր սերբական արմատական կուսակցության (ՍԱԿ) երեք անդամների՝ Վերիցա Ռադեին, Պյոտր Յոյիչին և Յովո Օստոյիչին տրիբունալին հանձնելու պահանջի հետ կապված իրադարձությունը, որոնք կասկածվում են ՍԱԿ-ի առաջնորդ Վոյիսլավ Շեշելի գործով «վկաների վրա ճնշում գործադրելու» մեջ։ Ինչպես հայտնի է, Շեշելին ստիպված էին ազատ արձակել, և հենց «Բոսնիայում ցեղասպանությանը» մասնակցելու մեղադրանքի «ապացույցների անբավարարության» պատճառով։
«Դատարանը Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ իրեն դրսևորել է ամբարտավան ու մեծամիտ, ու դա ևս մի մեծ խայտառակություն է Հաագայի դատարանի համար,- ասել է Սելակովիչը։- Այնպիսի իրավիճակում, երբ Սերբիային թույլ չի տրվում ներկայացնել իր տեսակետն ու իր դիրքորոշումը, մենք կվարվենք օրինական պարտավորություններին համապատասխան, բայց առաջին հերթին կպաշտպանենք մեր ազգային շահերը»։ Սելակովիչը հիշեցրել է նաև, որ դեռ 2015-ի հոկտեմբերի 8-ին Սերբիան հարցապնդում էր ուղղել դատարանին, խնդրելով ժամանակավորապես Սերբիա թողնել գեներալ Տոլիմիրին՝ կապված առողջական վիճակի վատթարացման հետ. «Բայց Սերբիայի ձայնը չլսեցին, և մարդը մեռավ։ Սերբիայի կառավարությունը պահանջում է, որ լսեն իր ձայնը»։ Փետրվարի 11-ին Վուչիչը ևս հիշեցրեց այդ դեպքը, ընդգծելով, որ «պարոն Տոլիմիրի կյանքը շատ ավելի կարևոր էր Հաագայի դատարանի բոլոր պահանջներից, և դա է առանցքային հարցը, ոչ թե այն, որ ինչ-որ մեկը ճնշում է գործադրել վկաների վրա։ Որևէ մեկը մեզ պատասխան կտա՞, թե ինչու է մարդը մահացել բանտում»։ Նրա ասելով, Սերբիան այդպես էլ դատարանից չի ստացել իր այն հարցապնդման պատասխանը, որ Տոլիմիրին բուժման համար թողնեն Սերբիա։ Ընդ որում, ՍԱԿ-ի երեք ներկայացուցիչների դեպքում խոսքը «մանր գործերի մասին է», որոնց համար մի քանի ամսվա պատժաչափ է նախատեսված։ Երևի ավելորդ է ասել, որ Հաագայի բանտում հերթական սերբի մահը Սերբիայում բուռն զայրույթ և Արևմուտքի հանդեպ բացահայտ ատելության տրամադրություններ է առաջ բերել։ Չէ՞ որ Տոլիմիրի մահը բացահայտորեն հիշեցնում է, որ հիվանդին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել, այսինքն, համարյա սպանություն է կատարվել։ Եվ եթե հիշենք, որ սկսած Հարավսլավիայի ու Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչից, չգիտես ինչու, Հաագայի դատարանի բանտում միայն սերբեր են «մեռնում», իսկ նույն Շեշելը հայրենիք վերադարձավ «չգիտես ինչու» քաղցկեղով հիվանդ, թեև միանգամայն առողջ էին տարել, ապա լիիրավ ենք պատկերացնելու, թե հիմա ինչ տրամադրություններ են տիրում Բալկաններում, ընդ որում, նույնիսկ Չեռնոգորիայում, որտեղ ՍԱԿ-ի առաջնորդի վերադարձից հետո ակտիվացել են սերբամետ և հակաարևմտյան ուժերը։
Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ Կիրիլ պատրիարքն ու Ֆրանցիսկոս պապը, ի՞նչ կապ ունեն Կոսովոն ու Մետոխիան, և ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի կողմից երկրամասի օկուպացման մասին սերբերը հիշում հենց 2016-ի փետրվարին։ Այստեղ բարդ հանգամանքներ են խճճված, և հասկանում ենք, որ քննությունը, այնուամենայնիվ, պետք է սկսել Հաագայի դատարանից։ Ռուսաստանն ու մի շարք այլ երկրներ պահանջում են ցրել Արևմուտքի այդ պատժիչ մարմինը, որը գործում է բացառապես ԱՄՆ-ի թելադրանքով, և այդ բանն անում են առնվազն 2008-ից, երբ ՄԱԿ-ում ՌԴ ներկայիս մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց. «Իրադրությունը ՆՀՄԴ-ում համարում ենք անբավարար։ Դատարանից ակնկալում ենք մանրամասն հաշվետվություն այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ՆՀՄԴ-ի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեի մերկացումների առթիվ՝ այն փաստերի առնչությամբ, որոնք մինչև վերջին ժամանակներս լռության էին մատնվել դատարանի կողմից։ Տպավորություն է ստեղծվում, որ լուրջ մեղադրանքները, ինչպիսին մարդկային օրգանների զանգվածային բռնի կորզումն է, պարզապես անտեսվում են»։ Հիշեցնենք, որ դա կապված էր ոչ միայն 2008-ի փետրվարին կոսովյան ալբանացիների «անկախության հռչակման» նախաձեռնության, այլև այն բանի հետ, որ ալբանական կեղծ պետության փաստորեն բոլոր ղեկավարները բացահայտորեն մեղադրվում էին թե՛ կենդանի սերբերի օրգանների կորզման, թե՛ «սև փոխպատվաստման» միջազգային սխեմային մասնակցության մեջ։ Եվ հենց որ դել Պոնտեն համարձակվեց «ծպտուն հանել» ալբանական հարցը լուծելու վճռականության մասին, նրան «խռիկ տվեցին» Հաագայից։ Այնուհետև ՆՀՄԴ-ի զեկույցների քննարկման կապակցությամբ 2012-ի դեկտեմբերի 6-ին քննադատությամբ հանդես գալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, Չուրկինը հայտարարեց, որ հարավսլավական դատարանի արդարացման դատավճիռները «վարկաբեկում են միջազգային քրեական արդարադատության գաղափարը»։ Միջազգային դատարանն իր աշխատանքում «ո՛չ արդարություն, ո՛չ արդյունավետություն չի դրսևորում։ Առկա է միայն ուռճացված ինքնագնահատման փաստ»։ Նա ավելացրեց, որ «այն հարցը, թե ով է մեղավոր իրենց բնակության վայրերից քառորդ միլիոն սերբերի արտաքսման և հարյուրավոր սերբերի սպանության համար, մնում է բաց», և հաղորդեց, որ իր պատվիրակությունը մտադիր է հասնել այն բանին, որ ՆՀՄԴ-ն գործունեությունն ավարտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1966 թ. բանաձևով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ նա պահանջեց, որ հաջորդ կիսամյա հաշվետվության ժամանակ ՆՀՄԴ ղեկավարությունը ներկայացնի անհատապես ամեն գործի գծով դատավարության գրաֆիկները՝ ըստ օրերի։ Այդ ամենը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ճնշման պատճառով, Հաագայի դատարանն այդպես էլ չկատարեց։
Բացի այդ, քննադատության ենթարկվեց և ենթարկվում է այն հանգամանքը, որ ՆՀՄԴ-ն հիմնվել է ոչ թե միջազգային պայմանագրով, այլ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով։ Որոշ իրավաբաններ այն կարծիքին են, որ Անվտանգության խորհուրդը իրավասու չէ հետապնդելու մասնավոր անձանց և, համապատասխանաբար, այդ նպատակով ստեղծելու դատական մարմիններ։ Եվ իրոք, մեղադրյալների 60 %-ը սերբեր ու չեռնոգորցիներ են, Հաագայի բանտում հայտնվեցին Սերբիայի և Սերբիայի Բոսնիական Հանրապետության փաստորեն ամբողջ զինվորական հրամանատարությունը, քաղաքացիական ղեկավար անձինք։ Հորվաթները կազմում էին մեղադրյալների ընդամենը 18 %-ը, սակայն բոլոր հորվաթ գեներալները լիովին արդարացվեցին։ Բոսնիական մուսուլմանների պատիժը կրում էր «կոսմետիկ» բնույթ. նրանք բոլորը վաղուց ազատության մեջ են։ Եվ չկա ոչ մի դատապարտված ալբանացի, չնայած այն բանին, որ դել Պոնտեն խոստովանել էր, որ դեռ 1999-2000 թթ. ՆՀՄԴ-ն տեղեկություններ է ստացել Կոսովոյում ու Մետոխիայում սերբերի (նաև այլ ոչ մուսուլմանների) կոտորածների մասին։
(շարունակելի)

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ