Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Առաջ՝ դեպի անցյալ

Առաջ՝ դեպի անցյալ
04.03.2016 | 10:29

«Կփորձենք 2000 թվականին շտկել»


Գուցե քչերն են հիշում, որ 1999-ին հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը երկու հարցի հասցրեց պատասխանել՝ Աղասի Արշակյանի և Մանվել Բադեյանի: «ԱԳՆ-ն որոշակի չափանիշներ ունի՞, որ գնահատի դեսպանատների աշխատանքի արդյունավետությունը»՝ հարցրեց Մանվել Բադեյանը: Վարդան Օսկանյանը դահլիճում չէր, պատասխանեց վարչապետը. «Դեսպանատների աշխատանքի չափանիշը թվաբանությամբ դժվար է գնահատել։ Դեսպանների աշխատանքը թերևս պիտի չափվի մեր արտաքին քաղաքական հաջողություններով և անհաջողություններով։ Գոնե վերջին 2 ամիսը հստակ խնդիր է դրված մեր դեսպանատների, դեսպանների առաջ, որ ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեն նաև տնտեսական կյանքին։ Եվ, կարծում եմ, կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք կգնահատվի երկիր բերած ներդրումների քանակով, տնտեսական ակտիվությամբ։ Կան պետություններ, որտեղ Հայաստանը առանձնապես քաղաքական լուրջ խնդիրներ չունի՝ ասենք, Արգենտինան։ Այդ պետություններում դեսպանների աշխատանքը հատկապես պիտի գնահատվի տնտեսական ցուցանիշներով։ Եվ, իհարկե, չափազանց կարևոր են Սփյուռքի հետ աշխատելու մեր ունակությունները»։ Մանվել Բադեյանը հանրային հեռուստաընկերության աշխատանքի անարդյունավետության մասին էլ հարցրեց, Վազգեն Սարգսյանը իր վրա վերցրեց մեղքը՝ խնդիր չենք դրել, ու հավելեց. «Կփորձենք 2000 թվականին շտկել»: Ընդամենը մի քանի րոպե էր մնում ապրելու: Նրա 2000-ը այդպես էլ չեկավ: 2000-ը այդպես էլ չեկավ Ղարաբաղի հարցում՝ պատերազմում հաղթանակից հետո: 2000-ը չեկավ մի քանի ամսում գույքագրված ու վերականգնման պատրաստված տնտեսության համար: 2000-ը չեկավ Հայաստան-Սփյուռք նոր որակով ու նոր փիլիսոփայությամբ կապերի համար: 2000-ին այլևս ոչ ոք չէր ասում. «Ոչ մի ծրագիր, որքան էլ փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզնից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, ու այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»: 2000-ից բոլորը մոռացան, որ. «Սիրում ենք դարերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր: Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս մեր համընդհանուր անպատասխանատվությամբ և անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչև պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում: Եկել է կանգ առնելու և մի պահ հայացք նետելու ժամանակը: Ու՞ր ենք գնում: Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Ումի՞ց ենք թաքցնում: Ումի՞ց ենք գողանում: Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից»:
2000-ից Հայաստանն ուրիշ երկիր էր, որտեղ բոլորը որոնում էին 21-րդ դարը ու համոզված էին, որ հենց իրենք են գտնողը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու գուցե մեր 2000-ը այդպես էլ շրջանցեց Հայաստանը, որովհետև Վազգեն Սարգսյանը մնաց 40 տարեկան, իսկ Հայաստանի նրա պատկերացրած հանրապետությունը՝ չկառուցվեց ու չպաշտպանվեց: Ոչ ոք չի կարող ասել՝ ի՞նչ կաներ 56 տարեկան Վազգեն Սարգսյանը: Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ