«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերևները հասկացել են` շատ ավելի էժան է ՀՅԴ-ին իշխանությանը մոտ պահելը

Վերևները հասկացել են` շատ ավելի էժան է ՀՅԴ-ին իշխանությանը մոտ պահելը
05.02.2016 | 00:38

Այն բանից հետո, երբ Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որն արդեն երկար տարիներ ՀՅԴ պաշտոնական առաջնորդն է, հայտարարեց, թե հանրապետականների հետ կոալիցիայի շուրջ ըստ էության քաղաքական համաձայնության են եկել, այդ լուրը դարձավ վերջին օրերի քաղաքական հիթը։
Ճիշտ է, հանրապետականներն այս լուրը մեկնաբանելիս բավականին զուսպ էին՝ հիմնականում շեշտելով միայն, որ իրենք երբեք չեն բացառել համագործակցությունն այլ քաղաքական ուժերի հետ, այնուհանդերձ, հասկանալի էր, որ անկախ ՀՀԿ-ականների ցանկություններից, ինչպես ասում են, «процесс пошел»: Այլ հարց է, թե գործընթացը դետալների ճշտման և համաձայնեցման փուլում ինչպես է ընթանում: Իսկ որ այն հարթ չէ, վկայում են վերջին մի քանի օրվա փոխադարձ նյարդային մեկնաբանությունները, որոնք հետևեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ գործող իշխանությունների ցածր վարկանիշի և վարկաբեկված լինելու մասին աղմկահարույց հայտարարությանը:
Ինչևէ, պակաս էմոցիոնալ չէ մթնոլորտը նաև ապագա տանդեմից դուրս: Ինչպես և սպասվում էր, դաշնակցության՝ իշխանության վերադարձի հեռանկարը լուրջ արձագանքներ ունեցավ քաղաքական, փորձագիտական շրջանակներում, մամուլում։ Եվ այդ արձագանքն ընդհանուր առմամբ բավականին կոշտ էր։ Դաշնակցությունը լուրջ քննադատության արժանացավ, այդ թվում՝ կուսակցությանը մերձ կանգնած մարդկանց, նախկին դաշնակցականների, մանավանդ ընդդիմադիր հարթակում գտնվողների կողմից։
Մի քանի օր առաջ այս թեմային ստիպված անդրադարձավ հենց ինքը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանդես գալով ավելի շուտ հռետորական հայտարարությամբ. «Եթե մենք իսկապես ոչինչ ենք, վերջացած, հեղինակազրկված, ո՞ւմ է հետաքրքիր՝ կոալիցիայում ենք, թե ոչ»։
Իսկապես այդ հարցը վերջին շրջանում բավականին շատ է հնչում. այնուամենայնիվ, ինչու է պետք կողմերին նորից ֆորմալիզացնել իշխանական հարաբերությունները։ ՀՅԴ-ի մասով այս հարցադրումը կարծես թե ոչ մեկի մեջ առանձնակի պատրանքներ չի առաջացնում։ Իհարկե, ՀՅԴ-ն քաղաքական որոշ հերթապահ հիմնավորումներ է բերում, որոնցից հիմնականը նոր սահմանադրության ընդունումն է, և քաղաքական այս ուժը՝ որպես նոր սահմանադրության ջատագով, մեկնաբանում է, թե երկար ճանապարհ դեռ ունի անցնելու սահմանադրության դրույթները կյանքի կոչելու համար։ Իսկ դրան հասնելու ամենառեալ մեթոդը, ըստ դաշնակցականների, լծակներ ունենալն է։
Իհարկե, հասարակության լայն շրջանակներում այս հիմնավորումն այլ կերպ է ընկալվում. դաշնակցությունն ըստ էության փորձում է վերադառնալ իշխանության, պաշտոններ վերցնել, և ինչպես ասում են հասարակության ամենաընդդիմադիր հատվածները, ինչը, ի դեպ, շատ է նեղացնում դաշնակցականներին, ՀՅԴ նոմենկլատուրան սկսում է մոտենալ կերակրատաշտին։ Իրավիճակն այնքան բարդ է ՀՅԴ-ի շուրջ, որ կուսակցության վերնախավը նույնիսկ ստիպված էր իր բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել, բացատրական աշխատանքներ տանել, երևի թե հանդարտեցնել կրքերը ներսում, որովհետև կարծես թե կուսակցական էլիտայի որոշումը միանշանակ չի ընդունվում։ Այնտեղ բավականին մեծ դժգոհություն կա, քանի որ հին նոմենկլատուրան փորձում է նորից իշխանությունը վերցնել, իսկ շարքերն այդ առումով ռոտացիա են պահանջում։ Փաստարկները հասկանալի են. եթե անգամ քաղաքական անհրաժեշտություն կա իշխանության վերադառնալու, ինչո՞ւ պետք է հին նոմենկլատուրայի տեսքով դա արվի։
ՀՅԴ-ի մոտ 6-ամյա ընդդիմադիր փորձը ցույց տվեց, որ ֆորմալ առումով ընդդիմության մեջ լինելով՝ լուրջ դիվիդենդներ կուսակցությունը ձեռք չբերեց: Կարելի է արձանագրել, որ ընդդիմությունում գտնվելու փուլում ՀՅԴ-ն ամեն ինչ անում էր իշխանական վերնախավի հետ կամուրջներն անվերադարձ չայրելու համար։ Նույնիսկ երկրի նախագահի հրաժարականի մասին ընդդիմադիր հերթական լոզունգներին չէր միանում։ Ավանդապաշտ ՀՅԴ-ի համար գերզգայուն հայ-թուրքական համաձայնագրի հետ կապված ամենաթեժ պահերին անգամ, ինչի պատրվակով ժամանակին լքեց իշխանական կոալիցիան, ՀՅԴ-ն հանդես էր գալիս բավականին զավեշտալի կարգախոսով՝ պահանջելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Ընդդիմության մեջ գտնվելով՝ ՀՅԴ-ն իր քաղաքական կշիռը վերականգնելու կամ բարձրացնելու առումով որևէ շոշափելի արդյունքի այդպես էլ չի հասել։ Դրա ապացույցն են թեկուզ վերջին մի քանի համապետական ընտրություններում դաշնակցության անմխիթար արդյունքները, երբ ՀՅԴ-ն, ինչպես շատ դեպքերում պնդում են քաղաքական շրջանակներում, իշխանության կամ կոնկրետ Սերժ Սարգսյանի օգնությամբ էր հաղթահարում անցողիկ շեմը։ ՈՒ դա, բնականաբար, անխուսափելիորեն բերում է վարկանիշի է՛լ ավելի անկմանը՝ ի վերջո բավականին լուրջ հիասթափություն առաջացնելով ոչ միայն զգալիորեն նվազած ընտրազանգվածի մոտ, այլև հենց կուսակցական շարքերում։ Արդյունքում, փաստորեն, 125-ամյա պատմություն ունեցող ուժը որոշեց, որ անխուսափելի անկումը կասեցնելու երաշխավորված միակ ճանապարհը նորից իշխանության մեջ մտնելն է։
Այս պարագայում քաղաքական շրջանակներում, հասարակությունում, մամուլում շրջանառվում է տրամաբանական հարց՝ ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք թույլ վարկանիշով և այլևս լուրջ ռեսուրսներ չունեցող քաղաքական ուժի հետ սիրախաղ անելը։ Այստեղ, ըստ էության, մի քանի գրեթե հավասարազոր գործոն կա։
Առաջին՝ դաշնակցությունը, լինելով աշխարհով մեկ սփռված ու տարածված կառույց, շարունակում է մնալ որպես յուրահատուկ բրենդ, «ավանդույթ», որը կապված է աշխարհի շատ կենտրոնների և տարաբնույթ, ազդեցիկ կառույցների հետ։ Թերևս այդ ազդեցիկ կառույցները հիմա էլ շարունակում են, այսպես ասած, ստավկա դնել ՀՅԴ վրա և նրա միջոցով ինչ-որ հարցեր լուծել։
Երկրորդ՝ չի բացառվում նաև աշխարհաքաղաքական գործոնի ազդեցության աճը։ Ռուս-թուրքական հարաբերությունների բացառիկ սրման ֆոնին չի բացառվում, որ Ռուսաստանին պետք լինի ավանդական հակաթուրքական կերպարով ու հռետորաբանությամբ մի ուժ ունենալ ՀՀ իշխանություններում։ Մի բան, որ ՌԴ-ն ակնկալում է Հայաստանից, բայց կարծես թե ամբողջությամբ չի ստանում։ Հայաստանի իշխանությունները, գուցե հակառակ ռուսների ակնկալիքների, ռուս-թուրքական հարաբերություններում ակնհայտ հակաթուրքական կամ ակտիվ ռուսամետ վարքագծով, հայտարարություններով աչքի չեն ընկնում։ ՈՒ չի բացառվում, որ ռուսներին էլ պետք լինի ՀՀ իշխանություններում ունենալ ՀՅԴ-ի նման հակաթուրքական մի ուժ։
Բացի այդ, դաշնակցությունը, անկախ ամեն ինչից, բավականին լուրջ ազդեցություն ունի սփյուռքահայ գաղթօջախների վրա։ Հիմա գուցե ավելի թուլացած, բայց, այնուամենայնիվ, այդ ազդեցությունը պահպանվում է։ Հայկական իշխանությունները հայ-թուրքական «մեղրամսի» շրջանակներում երևի համոզվել են, որ, այնուամենայնիվ, նման դեպքերում ի դեմս ՀՅԴ-ի ավելի գերադասելի է ունենալ դաշնակցի և ոչ թե հակառակորդի։ Արտաքին աշխարհում ՀՅԴ-ն իշխանությունների համար կարող է ինչ-ինչ ասպարեզներում դիվանագիտական կամ քաղաքական հենարան լինել։
Ինչ վերաբերում է ներքաղաքական ասպեկտին, ապա դժվար է չհամաձայնել Արմեն Ռուստամյանի՝ ՀՀԿ-ին տված գնահատականներին: Հանրապետական կուսակցությունը հանրության ամենալայն շրջանակներում ավելի ու ավելի քիչ է ընկալվում որպես զուտ քաղաքական ուժ։ Այն հանրության մոտ ավելի շատ ասոցացվում է հետխորհրդային մոդելի սովորական իշխանական կուսակցության հետ, որտեղ ամեն ինչ կա, բացի քաղաքականությունից և գաղափարախոսությունից։ Եվ դաշնակցությունն իր դասական կերպարով ինչ-որ չափով կարող է քաղաքական իմիջ հաղորդել հանրապետականներին։ Դաշնակցության հետ միանալը քիչ թե շատ քաղաքական իմաստ է հաղորդում ապաքաղաքական՝ բիզնես, նույնիսկ օլիգարխիկ կերպար ունեցող ՀՀԿ-ին։
Բացի այդ, քաղաքական և ներիշխանական խարդավանքներում չափազանց փորձված Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ նույն հանրապետականը միատարր չէ, այն բաղկացած է մի քանի խմբավորումից՝ իրենց հսկայական ֆինանսական կարողություններով, որոշակի քաղաքական, ազդեցիկ արտաքաղաքական կապերով։ Փաստացի այդ խմբավորումներն ավելի շուտ, պայմանականորեն ասած, տարբեր կուսակցություններ կամ խմբակցություններ են նույն կուսակցության ներքո։ Իրականում հանրապետականը մի քանի ազդեցության կենտրոնների կոալիցիա է՝ կազմված հների ֆրակցիայից, 2-3 երիտասարդական ուղղություններից, որոնք տարբեր՝ երևացող կամ քողարկված ղեկավարներ ունեն, և այստեղ էլ բավականին լուրջ պայքար է ընթանում, այդ թվում՝ մամուլում։ ՈՒ դաշնակցությունը Սերժ Սարգսյանի համար կարող է լինել բուֆերի նման մի բան։ Դաշնակցությունն այս պարագայում ՀՀ նախագահի մոտ կարող է վերածվել վերահսկիչ փաթեթի, որն անհրաժեշտության դեպքում բալանսի կբերի ներքին խժդժությունները։ Իսկ որ ներքին լուրջ պայքար է սպասվում, անխուսափելի է, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են՝ իրենց նյուանսներով՝ ով որ տեղն է գրավելու ընտրացուցակում, որ կլանի ներկայացուցիչներն են ավելի շատ ներկայացված լինելու, ովքեր են զբաղեցնելու ամենաբարձր պետական պաշտոնները, ինչից էլ կախված է լինելու հետագա տնտեսական ռեսուրսների վերաբաշխումը և այլն։
Եվ վերջապես, բացառված չէ, որ վերևները հասկացել են` շատ ավելի էժան է ՀՅԴ-ին իշխանությանը մոտ պահելը, քան հեռու, թողնելով, որ անվերահսկելիորեն ինչ-որ գործունեությամբ զբաղվի։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ