«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քրդական հարցի շուրջ տիրող իրավիճակը սրվում է. հարկադրված կլինեն հիշել նաև Հայոց ցեղասպանությունը

Քրդական հարցի շուրջ տիրող իրավիճակը սրվում է. հարկադրված կլինեն հիշել նաև Հայոց ցեղասպանությունը
05.02.2016 | 00:30

(սկիզբը` այստեղ)

Հունվարի 19-ին, այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ թուրք զինվորականները Լաթաքիայի նահանգի Ազազ քաղաքի շրջանում ներխուժել են Սիրիա, այդ երկրի արտաքին գործերի նախարար Մուհամեդ աշ-Շաարը հանդիպում ունեցավ քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Հյուսիսային Սիրիայի Հասեկեի նահանգի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) համատեղ պատվիրակության հետ։ Նույն նպատակով աշ-Շաարը գաղտնի այցելեց Էլ-Ղամշլի, որը գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD)` YPG ջոկատների քաղաքական թևի հսկողության ներքո։ Քրդական «BasNews» գործակալությունը հաղորդում է, որ խոսվել է «Ժնև-3» խորհրդաժողովին PYD-ի մասնակցության մասին։ Ասենք, այս մասին են խոսել նաև YPG-ի հետ, բայց աշ-Շաարը ի՞նչ է քննարկել PKK-ի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ոչ ոք ոչինչ չի հաղորդել։ Փոխարենը հունվարի 20-ին, նշում է գործակալությունը, իրանական մի ստվարաթիվ պատվիրակություն է ժամանել Սուլեյմանիա և Բարզանիի մրցակիցների` «Քրդստանի հայրենասիրական միության» առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ անհանգստություն է հայտնել այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջալալ աթ-Թալաբանիի հիվանդության պատճառով ձգձգվող ճգնաժամի առթիվ և, ըստ էության, կոչ է արել բոլոր միջոցները ձեռնարկել, որ Իրաքի «Քրդստանի հայրենասիրական միության» հսկողության տակ գտնվող շրջաններում ոչ մի ուժ չկարողանա ապակայունացնել իրավիճակը։ «BasNews»-ի աղբյուրները պնդել են, որ Իրանը բոլոր միջոցները ձեռնարկում է դիմակայելու «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» մտադրությանը` օրակարգի հարց դարձնելու Քրդստանի անկախության հանրաքվեն, և իրանական կառավարությունը ևս խրախուսում է «Քրդստանի հայրենասիրական միությանը»` ավելի ակտիվ դեր խաղալու KRG-ում և Քրդստանի խորհրդարանում։
Նույն օրը Բաղդադի շիական կառավարությունը վճռականորեն հրաժարվեց Իրաքի դաշնային բյուջեում և ոսկու պաշարում Իրաքի Քրդստանի երկու տարվա բաժնեմասը տալուց։ Իրաքի սահմանադրության համաձայն, KPG-ն պետք է ստանա Իրաքի բյուջեի 17 %-ը, որը ներառում է նաև Կենտրոնական բանկում պահվող ոսկու պաշարի մասնաբաժինը։ Այլ կերպ ասած, քրդերին «բաց են թողնում», բայց «մերկ», եթե հաշվի առնենք, որ Բաղդադը ամբողջ ընթացքում շրջափակել է նավթի ու գազի մատակարարումները Իրաքի Քրդստանից նույն Թուրքիա և այլուր։ Իրաքի շիաների դիրքորոշումը հասկանալի է. մինչ օրս լուծված չեն Մոսուլի և Քիրքուքի հարցերը, մանավանդ որ Մոսուլը զավթել են ԻՊ-ի ավազակները։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է լինելու Սուլեյմանիայի և Նայնավայի (Նինվեի) նահանգի հետ և այլն, և այլն։ Բայց չէ՞ որ դա Հյուսիսային Իրաքի նավթի-գազի հանքավայրերի տնօրինման հարցի էությունն է։ Եվ անմիջապես հունվարի 21-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ Ալի Մոհամեդ Ջաֆարին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրեց Իրաքն ու Սիրիան տրոհելու փորձի մեջ, հայտարարելով, որ Իրանը կդիմակայի «մուսուլմանների հանդեպ նյութվող նման պլանին»։ Այստեղ մանրամասներ են պետք. առաջին անգամ քրդերի անկախության մասին որպես «Իրաքը տրոհելու Իսրայելի պլանի մի հատվածի» 2014 թ. ամռանը հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Ամիր-Հոսեյն Աբդոլլահիանը, և նա էլ ավելացրեց, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականության նպատակն է ձախողել Իսրայելի այդ պլանը։ Իսկ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը ուղղակիորեն ենթարկվում է միայն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի-Խամենեիին, այսինքն` իր հրապարակային հայտարարություններում արտահայտում է ոչ միայն իր տեսակետը։ Մեջբերում գեներալ Ջաֆարիից. «ԱՄՆ-ը չկարողացավ տրոհել Իրաքն ու Սիրիան, որոնք Բաշար Ասադի և Իրաքի շիական կառավարության ղեկավարությամբ միավորեցին իրենց ջանքերը Իրանի հետ։ ԻՊ-ի ասպատակության միակ դրական բանն այն է, որ Իրաքը, Սիրիան և Լիբանանը Իրանի հետ միավորվեցին իսլամական մեկ ճակատում։ Հենց Իրաքի «Հաշդ ալ-Շաաբի» շիական աշխարհազորը ձախողեց Իրաքն անդամատելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանները»։
Մենք տեսնում ենք, այսպիսով, թե տարածաշրջանի երկրներն ինչպես են արձագանքում ոչ այն է Բարզանիի կլանի, ոչ այն է ԱՄՆ-ի ու Իսրայելի պլաններին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Սիրիայից ստացվող լուրերից իմանում ենք, որ թուրքերը գրոհել են ոչ թե ԻՊ-ի զինյալների վրա, ինչպես հաղորդել է Անկարան Ազազ քաղաքավան ներխուժման կապակցությամբ, այլ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» քրդերի վրա, իբր «պաշտպանելու» այն նույն թուրքմեններին, որոնց առիթով այդքան «նիզակ փշրվեց» ռուսական ռազմաճակատային Սու-24 ռմբակոծչի ոչնչացումից հետո։ Իսկ ահա ԱՄՆ-ը և Ռուսաստանը առանձին խոսակցություն են։ Հունվարի 22-ին Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերը հայտարարեց, որ ամերիկյան հակաիսլամիստական կոալիցիայի անդամ բոլոր երկրները պետք է «զգալիորեն» մեծացնեն հրահանգիչների թիվը «իրաքյան բանակի և քրդական փեշմերգի ուժերի վարժեցման համար»։ Հիշեցնենք` Պենտագոնը Իրաք էր ուղարկել 200 հատուկջոկատայինների` ռազմավարական առումով կարևոր մարզերում ԻՊ-ի դեմ ռազմերթեր կատարելու համար, ինչպես նաև Իրաքում պահում է 3300 ռազմական հրահանգիչների։ Հունվարի 23-ին հենց նա էլ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան պետք է ցամաքային գործողություն սկսի Մերձավոր Արևելքում` «որպես ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարության մաս»։ Բայց սահմանափակեց տարածական առումով. «Մենք պետք է նրանց ոչնչացնենք իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում, և ես կուզեի դրան ձեռնամուխ լինել որքան կարելի է շուտ»։ Եվ խոսքը հենց ամերիկացիների ներխուժման մասին էր։ «Մեզ պետք են սապոգներ գետնի վրա, և դրանք կլինեն այնտեղ»,- ասաց Քարտերը, օգտագործելով անգլիական «boots on the ground» խոսքը։ Որոշ տեղեկությունների համաձայն, ամերիկացիներն իրոք պատրաստվում են ներխուժելու Հյուսիսային Սիրիա, ինչը Ազազի շրջանի թուրքական օկուպացման պայմաններում արդեն հիշեցնում է Հյուսիսային Սիրիայի օկուպացման և այստեղ տխրահռչակ «անվտանգության գոտու» ստեղծման ամերիկա-թուրքական պլանի մասին։ Ծայրաստիճան վտանգավոր խաղ է, և ոչ միայն այն պատճառով, որ հարցականի տակ է դրված սիրիացի քրդերի և Հյուսիսային Սիրիայի ազգային մյուս փոքրամասնությունների ճակատագիրը։ Խոսքը ռուսական ռազմատիեզերական ուժերի զինծառայողների, սիրիական բանակի ու նրա կողմնակիցների հետ բախման վտանգի մասին է, քանի որ Սիրիան էլ է կենտրոնացնում ուժերն ու հնարավորությունները` Թադմորի (Պալմիրայի) և Ռաքքայի ազատագրման համար։
Եթե հավաստի են «BasNews» գործակալության տեղեկությունները, ապա արդեն Ռուսաստանի պատասխանն էլ կա։ Հունվարի 22-ին տարածվել է տեղեկություն այն մասին, որ Սիրիայում իր օդային գործողությունների ընդլայնման համար Ռուսաստանը մտադիր է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Ղամշլիի քաղաքացիական օդանավակայանը վերափոխել ավիաբազայի։ Այսինքն, այն քաղաքի, որտեղ ուժեղ են «ժողովրդավարական միության կուսակցության» և PKK-ի ու YPG-ի ջոկատների դիրքերը։ Իբր ռուս զինվորականներն ու ինժեներները վերջերս եղել են քաղաքում, որպեսզի փորձագիտական գնահատական տան ռմբակոծիչների և փոխադրական ինքնաթիռների համար այդ քաղաքացիական օդանավակայանի օգտագործման հնարավորությանը։ «100 ռուս զինվորականներ, այդ թվում` տարբեր աստիճանի տասը սպաներ, եղել են Էլ-Ղամշլիի օդանավակայանում, այնուհետև գնացել սիրիական վարչակազմի 154-րդ գնդի բազա։ Ռուս զինվորականներին պահպանում են քրդական ուժերն ու սիրիական զորամասերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղի աղբյուրները պնդում են, որ ռուսները կտեղակայվեն Բաշար Ասադի և ոչ թե Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում։ Էլ-Ղամշլիի կենտրոնական և հարավային շրջաններում գտնվող օդանավակայանն ու 154-րդ գնդի բազան վերահսկում է սիրիական բանակը, մինչդեռ YPG-ի քրդերը վերահսկում են քաղաքի մյուս մասերը։ Բայց եթե այդ տվյալները համադրենք Սիրիայի ներքին գործերի նախարար աշ-Շաարի Էլ-Ղամշլի այցի մասին տեղեկությունների հետ, ապա պետք է կարծել, որ քրդերը համաձայն են ռուսների Էլ-Ղամշլի գալուն և այստեղ ռուսական ռազմաբազա տեղակայելուն։
Դժվար է հասկանալ, թե ինչի վրա են հիմնված «BasNews»-ի տվյալները. հավանաբար այն բանի, որ վերջին օրերին Ռուսաստանը կազմակերպել է նաև մարդասիրական գործողություն` օգնություն ցուցաբերելով հարևան Դեյր Էզ-Զորի նահանգին, որտեղ պաշտպանական մարտեր են մղում թե՛ սիրիական բանակը, թե՛ քրդերը, թե՛ տեղացի հայերը։ Բայց հասկանալի է, որ հիմա առաջնայինն այն հարցը չէ, թե ով ինչքան և ինչ կվերահսկի Սիրիայում, այսպես կոչված, «Ժնև-3»-ից առաջ, այլ հենց Սիրիայի և Իրաքի քրդերի ապագայի հարցն է. չէ՞ որ Հասեկեի և Դեյր Էզ-Զորի նահանգները անմիջականորեն սահմանակից են Իրաքի Քրդստանին, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ շրջաններին, որտեղ պատերազմ է։ Ի դեպ, մի շարք հաղորդագրությունների համաձայն, ամերիկացիներն էլ են պատրաստվում իրենց բազան տեղակայելու... Էլ-Ղամշլիի մոտ, այն տարածքից ընդամենը 50 կմ հեռու, որը «BasNews»-ը մատնանշել է որպես Ռուսաստանի նոր ռազմաօդային բազայի տեղակայման վայր։ Հասկանալի է, որ մենք բախվում ենք շատ գործոնների մի բարդ ոստայնի, գործ ունենք, կարծես, և՛ «քրդերի անկախությանը» ԱՄՆ-ի լռելյայն համաձայնության ռազմավարության հետ, և՛ մերձավորարևելյան քաոսի խորացման, հանուն որի տեղի է ունենում ամերիկա-թուրքական դաշինքի ամրապնդում, իսկ հակառակ կողմից` Սիրիայի ու Իրաքի առնչությամբ Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումն է, Իսրայելի խորամանկ կապերը բոլոր «առաջատար դերակատարների» հետ։ Սակայն այս ամենը գալիս է համոզելու, որ Մասուդ Բարզանին նորից «կեղծ մեկնարկի» մեջ է. առայժմ նրա կուսակցությանը ոչ ոք իրական օգնություն չի ցուցաբերի «քրդական անկախության» գործում։ Ընդ որում, դա օրակարգից չի հանում այն հարցը, թե որքանո՞վ են մոտ երկու «կոալիցիաները» Սիրիայում և Իրաքում ուղղակի առճակատումներին ու «թյուրըմբռնումներին»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ