«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քրդական հարցի շուրջ տիրող իրավիճակը սրվում է, հարկադրված կլինեն հիշել նաև Հայոց ցեղասպանությունը

Քրդական հարցի շուրջ տիրող իրավիճակը սրվում է, հարկադրված կլինեն հիշել նաև Հայոց ցեղասպանությունը
02.02.2016 | 11:22

Անգլիական «The Guardian» թերթին ի Քրդական տարածաշրջանային կառավարության (KRG) նախագահ Մասուդ Բարզանիի հունվարի 23-ի հարցազրույցում արված հայտարարությունը կարելի է համարել անսպասելի, որովհետև Հյուսիսային Իրաքի քուրդ առաջնորդներից մեկը ոչ միայն վերստին խոսել է քրդերի անկախության մասին, այլև հընթացս «կտցել է» Արևմուտքի առաջատար տերություններին։ Նրա ասածի համաձայն, ժամանակակից Մերձավոր Արևելքի սահմանները հավաստանշող Սայքսի-Պիկոյի պակտը մեռած է. «Ես կարծում եմ, որ աշխարհի առաջնորդները իրար մեջ հանգել են այն հետևությանը, որ Սայքսի-Պիկոյի դարաշրջանն անցել է։ Ինչ էլ լինի, կասեն նրանք այդ մասին, թե ոչ, կընդունեն նրանք դա, թե ոչ, իրողությունը հենց սա է։ Բայց, ինչպես գիտեք, դիվանագետները պահպանողական մարդիկ են և իրենց գնահատականները տալիս են իրադարձությունների ուշ փուլերում։ Իսկ երբեմն էլ նույնիսկ չեն կարողանում քայլել իրադարձությունների զարգացմանը համընթաց»։ Այնուհետև նա հայտարարել է, թե անկախությունը, որը տասնամյակներ ի վեր քրդական հավակնությունների բարձրակետն է եղել, բայց որին կատաղի հակառակվել են տարածաշրջանում քրդերի կասկածելի հարևանները, «հիմա մոտ է, քան երբևէ»։
Կասկածելի է հենց Բարզանիի լավատեսությունը և ոչ թե Իրաքի հարևանների միանգամայն բացատրելի ձգտումները` թույլ չտալու, նախ, նրա տրոհումը, երկրորդ, Իրաքում քրդերի անկախության հռչակումը։ Ի դեպ, Բարզանին հարցազրույցում նույնիսկ հոգատարություն է դրսևորել Իրաքի ու Սիրիայի նկատմամբ. «Պետք է մեջտեղ գա նոր համաձայնագիր, կարևոր է տեսնել, թե ինչ տիպի համաձայնագիր է դա, ինչ մեխանիզմ կարող է այն բերել, օգնել ֆորմալացնելու իրերը և այն, թե ինչ կարգավիճակ կունենա նա։ Թե երբ տեղի կունենա այդ համաձայնագրի ֆորմալացումը, առայժմ հայտնի չէ։ Տրամաբանական չի լինի շարունակել կամ պնդել, որ կրկնվի այն սխալ փորձը, որը կրկնվել է 100 տարի և ոչ մի արդյունք չի տվել»։ Ըստ էության, KRG-ի ղեկավարը աշխարհի տերություններին առաջարկում է մշակել և հաստատել «նոր Սայքսի-Պիկոյի պակտ»։ Բայց, երևի, հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Իրաքը «հեռանում է» և իր հետևից քարշ է տալիս Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի մնացած քրդաբնակ հողերը։ Չէ՞ որ Սայքսի-Պիկոյի պակտը, ըստ էության, վերաբերում էր ոչ թե բուն Մերձավոր Արևելքին, այլ Օսմանյան կայսրության` Թուրքիայի ճակատագրին։ Բարզանիին, ամենայն հավանականությամբ, ոգեշնչել էր Իսրայելի արդարադատության նախարար Աելետ Շաքեդի հունվարի 21-ի հայտարարությունը ազգային անվտանգության համաժողովում, որը, ինչպես հաղորդել է իսրայելական «Կուրսոր» համացանցային հրատարակությունը, միջազգային ընկերակցությանը կոչ էր արել ճանաչել քրդերի անկախության իրավունքը։ Նա կոչ էր արել փոխել միջազգային իրավունքի նորմերը. «Սահմանները ներկայումս ջնջված են, և հնարավոր չէ ճշգրիտ տարբերել քաղաքացիական անձին ահաբեկիչ զինյալից»։
Իհարկե, ոչ ոք չի մոռացել, որ Բարզանին Շաքեդի հայտարարությունից առաջ էլ էր, ըստ էության, դեմարշ ձեռնարկել, երբ Սիրիայում և Իրաքում սաստկացել էր պայքարն ընդդեմ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական ավազակախմբերի, դեկտեմբերի կեսերին իր Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը հրաման տալով սկսել KRG-ի տարածքի անկախության հանրաքվեի նախապատրաստությունը։ Եվ բոլորն են հիշում, որ Բարզանին հայտարարությունն արեց այն բանից բառացիորեն մի քանի օր հետո, երբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարեց, որ «անկախ Քրդստանի հռչակումը մոտ ժամանակների հարց է»։ Բայց հարցն այն է, որ դա Բարզանիի առաջին «առկայծումը» չէ, ոչ էլ Իսրայելի, ի միջի այլոց։ Այսպես, 2013-ի հունվարին Բարզանին երդմամբ խոստացել էր, որ անկախությունը ձեռք կբերվի իրանական Նոր տարուց` Նովրուզի տոնից անմիջապես հետո, այսինքն` մարտի 21-ից հետո։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2014 թ. առաջին անգամ բացահայտորեն կոչ արեց ստեղծել անկախ Քրդստան, ընդգծելով, որ քրդերի անկախության ձգտումը պետք է պաշտպանել` հանուն իսլամիստների թուլացման։ Այդուամենայնիվ, արդեն 2016-ն է, և համարձակվում ենք ասել, որ մինչև քրդական անկախությունը դեռ նույնքան հեռու է, որքան 2013-14 թթ.։ Թեև, ինչը ևս կասկածելի է, պարզվում է, որ հունվարի 20-ին Բարզանին իր մոտ Էրբիլում ընդունել է Իրաքում Բրիտանիայի դեսպան Ֆրենկ Բեյքերին, զուտ նպատակ ունենալով ապահովել ևս մեկ կոշտ դաշնակից և համոզել հենց այն երկրներից մեկի ներկայացուցչին, որոնք և կազմել են նույն Սայքսի-Պիկոյի պակտը։ Ի դեպ, ավելորդ չի լինի հիշեցնել, որ հենց այդ փաստաթուղթն է, փաստորեն, ոչնչացման դատապարտել հայերին, հույներին, ասորիներին և Թուրքիայի մյուս քրիստոնյաներին, ինչպես նաև եզդիներին։
Առհասարակ հետաքրքիր է, այդ ինչո՞ւ են Բարզանիին այսօր թույլ տալիս խոսել Սայքսի-Պիկոյի պակտի կատարման նպատակով գծված տարածաշրջանային քարտեզի փոփոխման մասին, եթե հենց այդ գաղտնի դավադրության շնորհիվ էր, որ այն ժամանակվա Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որոշեցին, որ Պաղեստինում (այն ժամանակ Օսմանյան կայսրության մաս էր) պետք է ի հայտ գա «հրեական ազգային օջախ», այսինքն` ժամանակակից Իսրայելը։ Եվ հենց Իսրայելն էլ վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ ակնարկ է անում քրդերի անկախության մասին։ Բայց դա, երևի, անհնար կլինի պարզել առանց տխրահռչակ «դավադրությունների տեսությանը» դիմելու, իսկ մենք ուզում ենք ճշտել, թե «դաշտում» ինչ է տեղի ունենում։ Այստեղ ուշադրության առնենք մի նրբություն. պարզվում է, Իսրայելի նախարար Շաքեդը նկատի է ունեցել ոչ թե կոնկրետ իրաքյան քրդերին, այլ խոսել է Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից տարածքների հանդեպ քրդերի իրավունքի մասին։ Ստացվում է, որ Թել Ավիվն այսօր դե՞մ է Իրաքյան Քրդստանի անկախությանը։ Չէ՞ որ քրդերով բնակեցված և Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանակից տարածքները... Հյուսիսային Սիրիան և Արևմտյան Իրանն են։ Սակայն այդ տարածքների քրդերը, փաստորեն, երբեք անկախության հավակնություն չեն ունեցել, առավելագույնը խոսել են ավելի լայն ինքնավարության մասին։ Այնպես որ, Բարզանիի առջև կարող է դժվարին խնդիր ծառանալ, եթե նա շարունակի իր «խաղը». Իսրայելը (ուրեմն և ԱՄՆ-ը), ըստ էության, դեմ է Իրաքի քրդերի անկախությանը, քանի որ դա ինքնավար Քրդստանի գոյության այդքան տարիների ընթացքում չի հանգեցրել «անկախության տրամադրությունների» տարածմանը Սիրիայի և Իրանի քրդերի վրա։ Իսրայելցիներին «քրդական անկախություններ» են պետք Թուրքիայի և Իրաքի միջև կամ կողքին, բայց ոչ երբեք Իրաքում։ Դրա համար չէ՞ր, արդյոք, որ վերջերս ամերիկացիները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հերթական խորհրդակցությունից հետո, հայտարարեցին, որ հանդես են գալիս թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի ամբողջականության պահպանման օգտին։
Այդ գաղափարն առաջադրած երկրների կողմից քրդական անկախության հարցի նկատմամբ մոտեցումների տարբերությունը ստիպում է հպանցիկ նայել, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքի ու Թուրքիայի քրդերի հետ և նրանց շուրջ։ Սիրիայում քրդերին օգնում են Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև այս կամ այն չափով ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Իրաքում քրդերին օգնում են ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, ինչպես նաև այս կամ այն չափով Իրանը և Ռուսաստանը։ Իրանում քրդերն իրենք էլ են ներգրավված Սիրիային և Իրաքին ինչպես պետական, այնպես էլ «կամավորական» օգնություն ցուցաբերելու գործում։ Իսկ ահա Թուրքիայում քրդերին, հատկապես Քրդական աշխատավորական կուսակցությունից (PKK), փաստորեն, ոչ ոք չի օգնում կամ չի օգնում բացահայտ։ Պատերազմ է, ահաբեկչական ակտեր են կատարվում։ Դրանցից վերջինները` Ստամբուլում և Դիարբեքիրի վիլայեթի Չինարի ավանում թուրքական իշխանությունները «սիրով» հավասար բաժանեցին. Ստամբուլինը վերագրեցին ԻՊ-ին, Չինարիինը` PKK-ին, թեև առայժմ որևէ մեկը չի ստանձնել այդ ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը։ Իսկ դա բնորոշ չէ ո՛չ ԻՊ-ին, ո՛չ PKK-ին, հատկապես երկրորդը։ Եվ ինչու պիտի PKK-ն պատերազմի ու հենց Դիարբեքիրում ռազմական դրության պայմաններում այսպես ռիսկի դիմեր։ Ճիշտ է, Լավրովը դեկտեմբերին հանդիպում էր ունեցել քրդերի հետ, բայց դրանք միանգամայն լեգալ թուրքական Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներ էին` Սալահետտին Դեմիրթաշի գլխավորությամբ, և ոչ թե PKK-ի ներկայացուցիչներ։ Բայց, երևի, PKK կուսակցության պարտիզանները, այնուամենայնիվ, սկսել են ինչ-որ օգնություն ստանալ, և մենք հիմա կտեսնենք, թե ումից, և գլխի կընկնենք, թե ինչպիսի օգնություն։ Ի դեպ, թուրքերը հավատարիմ են մնում իրենց. քաղդեական կաթոլիկ եկեղեցու պատրիարքի կողմից զուտ քրիստոնեական Շարանիշ բնակավայրի ավիահարվածի դատապարտումը (ռմբակոծությունից հետո տեղացի քաղդեացիներն ու ասորիները հարկադրված էին փախչել Զախո քաղաք) վկայում է, որ թուրքերը դարձյալ առաջին հերթին մտահոգված են քրիստոնյաների ոչնչացման հարցով և ոչ թե, ասենք, «ԻՊ-ի դեմ պայքարի» կամ Սիրիան կառավարելու ձգտման հարցերով։


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ