Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ո՞վ է Մոսկվայի բարեկամը՝ Արևմո՞ւտքը, թե գործընկերները

Ո՞վ է Մոսկվայի բարեկամը՝ Արևմո՞ւտքը, թե գործընկերները
29.01.2016 | 12:54

Պատժամիջոցների վերացումը վիթխարի իրադարձություն է

Եվրոպացի ներդրողները սպասում են այն օրվան, երբ ԵՄ-ն կհանի ՌԴ-ի պատժամիջոցները, և հույս ունեն, որ այդ օրը կգա այս տարվա հուլիսին՝ գրում է Forbes-ում Քենետ Ռապոզան: «Չեմ կարծում, որ պատժամիջոցները հանելը կփոխի ռուսական տնտեսության վիճակը կարճաժամկետ հեռանկարում, բայց ներդրողների տրամադրությունների համար դա վիթխարի իրադարձություն կլինի»՝ ասում է Prosperity Capital Management-ի գործադիր տնօրեն Մարտին Չարմոյը: Նրան հայտնի է, որ որոշ հիմնադրամներ Ռուսաստանում ներդրումներ չեն անի, քանի գործում են պատժամիջոցները: Նրանք չեն ուզում իրենք պատժամիջոցների տակ ընկնել՝ ներդրուներ անելու համար մի երկրում, որ պատժամիջոցների տակ է: Երբ այդ ռիսկը վերանա, պարգևատրում կստանան Ռուսաստանում ներդրում կատարածները: Գլոբալ, հատկապես եվրոպացի, ներդրողները, որ գործարար սերտ կապեր ունեն Մոսկվայի ու Պետերբուրգի հետ, տեսնում են, որ ռուսական բաժնետոմսերի գինը շատ ցածր է մնում: Երկուշաբթի օրը Bloomberg-ը հաղորդեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի քիչ ավելի է հակվում Մոսկվայի, քան Կիևի կողմը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազում հոգսեր ունի, այդ թվում՝ փախստականների ճգնաժամը՝ ավելի կարևոր խնդիր, քան ռուս-ուկրաինական հարաբերություններում միջնորդությունը: Ոմանք ասում են, որ Սիրիայում Ռուսաստանի պայքարը ջիհադիստների հետ օգնեց բարեկամներ գտնել Եվրոպայում: Գուցե հաջողվի Քերիի սիրտն էլ նվաճել, թեպետ Վաշինգտոնը միասնական տեսակետ չունի Ռուսաստանի վերաբերյալ: Բայց բիզնեսի աշխարհում պատժամիջոցները հանելն ամեն ինչ փոխում է: Արևմտյան շատ ընկերություններ հեռացել են Ռուսաստանից վերջին 18 ամիսներին, նրանք կվերադառնան պատժամիջոցները հանելուց հետո: Հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի աշխարհաքաղաքական մանևրները պատժամիջոցները պահեն մինչև տարեվերջ:
Անցյալ տարի ռուսական արժեթղթերի գինը երբեմն 20 % բարձրանում էր, երբ ենթադրություններ էին շրջանառվում, որ պատժամիջոցները հանվելու են:
Քենետ ՌԱՊՈԶԱ, Forbes

Լուկաշենկոն Պուտինին հյուր է կանչում


Թեպետ Դաշնային պետության շրջանակներում Ռուսաստանն ու Բելառուսը բազում հարցեր են կուտակել, պարզ չէ՝ կկայանա՞ պետական բարձրագույն խորհրդի նիստը: Եթե կայանա էլ, փաստ չէ, որ բելառուսական ակնկալիքները կարդարանան:
Հունվարի 18-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԴՊ-ի պետական քարտուղար Գրիգոր Ռապոտայի հանդիպման ժամանակ Մինսկում քննարկվեց հերթական նիստի անցկացման հարցը: Լուկաշենկոն ասաց, որ Պուտինի հետ պայմանավորվել են նիստն առաջին եռամսյակում անել: Սկզբում նիստը նախատեսված էր դեկտեմբերին: Ճիշտ է, նման նիստերի ժամկետները հաճախ են փոփոխվում: Վերջին նիստը ծրագրվում էր 2014-ի դեկտեմբերին, իսկ կայացավ 2015-ի մարտին:
Լուկաշենկոն ու Պուտինն այնքան հաճախ են հանդիպում, որ գուցե իսկապես նիստի անհրաժեշտություն չկա: Այնուհանդերձ, խնդիրները կուտակվում են: ԵԱՏՄ սամմիթից առաջ վերլուծաբանները գրում էին, որ քննարկման գլխավոր թեմաներից մեկը Մինսկին տրվելիք 2 միլիարդ դոլար եվրասիական վարկը կլինի և բելառուսական տարածքում ռուսական ավիացիոն ռազմաբազայի տեղակայումը: Այդ խնդիրներով համաձայնություն չկայացավ և տրամաբանական է սպասել, որ հարցը տեղափոխվում է ԴՊ-ի նիստի օրակարգ:
Քննարկման ևս մեկ կետ է առևտրատնտեսական համագործակցությունը: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը շարունակում է կրճատվել: 2014-ին 2013-ի համեմատությամբ նվազել էր 5,3 %-ով, անցած տարի՝ արդեն 27,2 %: Չնայած գազի համաշխարհային գների կտրուկ նվազմանը, Ռուսաստանը հրաժարվում է Բելառուսին նոր զեղչ տալ: Բելառուսը ցանկանում է նվազեցնել նավթ մատակարարող ռուսական ընկերությունների պարգևավճարները: Նիստին կքննարկվի նաև դաշնային բյուջեի կատարումը և 2016-ի բյուջեի հաստատման հարցը: 2015-ի համեմատ բյուջեն կրճատվել է՝ 4,85 միլիարդ ռուբլի՝ 4,87 միլիարդից: Եթե հաշվենք ռուբլու կուրսի փոփոխությունը դոլարի համեմատությամբ՝ կստացվի, որ դաշնային ծրագրերին մեկ երրորդով քիչ գումար է հատկացվում: Եթե ռուբլին շարունակի էժանանալ, գումարները կիսով չափ կպակասեն: Ռապոտայի հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասաց, որ լավ կլինի նիստը Բելառուսում անցկացնել՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը վաղուց Մինսկում չի եղել, իսկ Բելառուսի համար դա շատ կարևոր է: Նա խաղը դնում է սեփական դաշտի գործոնի վրա ու պայքարելու է մինչև վերջ, բայց ցանկալի արդյունքի կհասնի, թե ոչ՝ հայտնի չէ: Կրեմլը հիմա լրջագույն խնդիրներ ունի սեփական բյուջեի հետ: Ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը վերջերս հայտարարեց, որ այս պայմաններում Ռուսաստանը 2016-ին հարկադրված կլինի արտասահմանյան ներդրումներում դադար վերցնել: Անկասկած է, որ Մոսկվան նաև քաղաքական հավակնություններ ունի: Համենայն դեպս՝ նեղացած է մերձավոր դաշնակցից, որ չաջակցեց Թուրքիայի հետ դիմակայության մեջ: Եթե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շարունակեն վատանալ, Ռուսաստանի համար կմեծանա Բելառուսի տարածքում ավիաբազայի տեղակայման կարևորությունը և այդ ժամանակ Մինսկի ինչ-որ խնդրանքներ կարող են բավարարվել: Պուտինը հազիվ թե շտապի Բելառուս փետրվար-մարտին՝ նա դադար կվերցնի, որ Մինսկը զիջումների համար «հասունանա»: Չի բացառվում նաև, որ իրենց համար կրիտիկական պահին ռուսական իշխանությունները վճռեն բելառուսական ուղղությամբ բոլոր խնդիրները միաժամանակ լուծել արմատական ձևով:
Անդրեյ ՖԵԴՈՏՈՎ, Белорусские новости


Հ.Գ. Ձեզ չթվա՞ց, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին եք կարդում: Այո, կա, ԵԱՏՄ-ն, բայց ո՞ւմ է պետք ԵԱՏՄ-ն, երբ Ռուսաստանի հետ հարցերը, միևնույն է, լուծվում են երկկողմ հարաբերությունների ձևաչափով, երբ ռազմավարական դաշնակիցները կամ ԵԱՏՄ գործընկերները, գիտակցելով հանդերձ ՌԴ-ի քաղաքական ու տնտեսական վիճակը, շարունակում են ակնկալել զիջումներ ու զեղչեր: ՈՒ այս իրավիճակում, որքան էլ պարադոքսալ, ստացվում է, որ Արևմուտքը Ռուսաստանի համար ավելին է անում, քան ՌԴ դաշնակիցները, համենայն դեպս՝ երբ վերացվեն պատժամիջոցները: Հետխորհրդային համակարգը, ինչ էլ կոչվի՝ Դաշնային պետություն, ԱՊՀ, ԵԱՏՄ, կամ ուրիշ անունով, չի կարողանում հաղթահարել ԽՍՀՄ-ի սինդրոմը՝ Մոսկվան պիտի իրենց պահի, բայց նույնքան Կրեմլը չի կարողանում հաղթահարել իր ղեկավարի սինդրոմը ու պահանջում է, որ իրեն ենթարկվեն: Անկախ պետությունները: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ելքը: ՈՒ եթե Բատկան չի կարողանում Պուտինից փող պոկել, գազի գին գցել, նույնիսկ ռազմաբազայի հաշվին, Կրեմլը փող կտա՞ Հովիկ Աբրահամյանին: Ի վերջո, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը վաղուց նաև Հայաստանում չի եղել (ապրիլին ՌԴ նախագահի այցը խիստ թեմատիկ էր), արժի ի հեճուկս Անկարայի նորից Երևան գալ: Կստացվի՞: Երևի ավելի շուտ պատժամիջոցները հանվեն, իսկ այդ ժամանակ Մոսկվայի հետ արդեն խոսակցությունը կդժվարանա՝ հայտնի պատճառներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ