ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հայաստանը ճեղքում է շրջափակումը. ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը

Հայաստանը ճեղքում է շրջափակումը. ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը
10.01.2016 | 12:34

Իրանի գազային NIGC ընկերության տնօրեն Ալի Ռեզա Կամելին ասել է, որ ավարտվել են Թբիլիսիի հետ բանակցությունները իրանական գազի գնման և Վրաստան փոխադրման մասին՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը: Մատակարարումները՝ 300- 500 միլիոն խորանարդ ֆուտ: Իրանը գազը կհասցնի Հայաստանի սահման, այնտեղից՝ Վրաստան: Գազը նախատեսված է միայն Վրաստանի ներքին կարիքների համար, որ հիմա ապահովվում են ադրբեջանական գազով: Բաքուն առայժմ Վրաստանի գազի հիմնական մատակարարն է՝ ընդհանուր արտահանման 77,9 % տեսակարար կշռով, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով՝ Շահ Դենիզ կասպյան հանքավայրից: Ադրբեջանական պետական SOCAR կոնցեռնը գազը Վրաստան է մատակարարում Ղազախի շրջանով անցնող գազատարով՝ հզորությունը տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր: Բաքուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել Վրաստանին մատակարարվող գազի ծավալը: Նոյեմբերի սկզբին պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում էր, որ Բաքուն «հարյուր տարի հետո էլ կարող է ապահովել ոչ միայն իրեն, այլև հարևաններին ու շուկան, արտահանել Եվրոպա»:

Ինտրիգը սկսեց զարգանալ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքերից հետո, որ գազն իր երկրին չի հերիքում, հատկապես «մոտ ապագայում, երբ Վրաստանի տնտեսությունը կսկսի բուռն տեմպերով աճել»: Նա ասաց, որ «իշխանությունները մտածում են էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մասին և այդ կտրվածքով բանակցություններ են վարում այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, գազային ընկերությունների հետ»: Վրացի փորձագետ Գեորգի Կալատոզաշվիլին այդ հայտարարությունն անվանեց սենսացիա, որի գլխավոր միտքն է, որ «իրանական գազը շուտով կսկսի հոսել Վրաստան՝ Հայաստանի տարածքով»: Իսկ դա՝ հակառակ Բաքվի ջանքերի՝ ուժեղացնել կամ գոնե պահպանել Հայաստանի շրջափակումը, Երևանին տարանցիկ երկրի կարգավիճակ է տալիս, պետական բյուջե եկամուտների նոր հոդված և նոր աշխարհատնտեսական լանդշաֆտ է ստեղծում տարածաշրջանում: Բաքուն դա հիանալի հասկանում էր և որոշակի դիվանագիտական ջանքեր գործադրեց: Իր հրաժարականից առաջ Բաքվում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որ ադրբեջանական մամուլի տվյալներով՝ «անձամբ բացատրեց Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանից մատակարարվող բնական գազի քչության մասին պարոն Կալաձեի բազում հայտարարությունների պատճառները և լրացուցիչ գազի գնման ծրագրերը», որին հաջորդեց Ալիևի այցը Թբիլիսի: Սկզբունքորեն՝ կողմերը կարող էին վերադառնալ «Սաակաշվիլու սխեմային»՝ Իրանի գազի արտահանմանը Վրաստանը «կողմնակի սխեմայով»՝ Իրանը գազ է մատակարարում Ադրբեջանի հարավային շրջաններ, իսկ այդ տարածքների համար նախատեսված ադրբեջանական գազը ուղղվում է Վրաստան: Բայց ոչինչ չստացվեց: Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում SOCAR-ի ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիևն ասաց, որ «Իրանից Վրաստան գազամատակարարումը Թեհրանի համար ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն»:
Երբ Երևանում հանդիպեցին Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և «Россети» ղեկավար Օլեգ Բուդարգինը, Մոսկվայում խոսեցին Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ստեղծման մասին, որ անվանվեց «էլէներգիայի փոխանցման ռազմավարական երթուղի», որը «մեծացնում է նախագծի մասնակիցների էներգետիկ անվտանգությունը»: Այդ միջանցքը կարելի է անվանել, նայած իրադարձությունների զարգացման ընթացքի, կամ՝ զուգահեռ գործող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գազատարին, կամ՝ այլընտրանքային:
Խնդիրը միայն գազը չէ: Անցյալ տարեվերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը, որը կապում է Հայաստանի իրանական ու վրացական սահմանները: Հայաստանը մուտք է ստանում Պարսից ծոց: Այս նախագիծն իրագործվում է ներդրումների հաշվին և նախատեսվում է ավարտել 2019-ին: Իրանից պատժամիջոցները հանելուց հետո վերանում է Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցելու խոչընդոտը: Այդ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է: 300- կիլոմետրանոց ճանապարհն անցնելու է Սյունիքով, Վայոց ձորով, Գեղարքունիքով և կարող է կապել Ասիան Կենտրոնական Եվրոպային:
Իրանի գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու որոշումը Բաքուն որոշեց գնահատել ոչ թե աշխարհաքաղաքական,այլ տնտեսական տեսակետից: SOCAR Energy Georgia-ի գլխավոր տնօրեն Մախիր Մամեդովը հայտարարեց, որ «եթե ինչ-որ ժամանակ որոշ պատճառներով մենք չենք կարող բավարարել գազի պահանջարկը (Վրաստանում գազի պահանջարկն ամեն տարի աճում է 8-9 %-ով), վրացական կողմը գազ կարող է գնել այլ աղբյուրներից»: Վստահություն կա, որ Իրանի դուրս գալը գազի շուկա և վրաց-ռուսական համագործակցության ընդլայնումը էներգետիկայի ոլորտում «Ադրբեջանին մրցակցություն չի ստեղծի»: Վերջին հինգ տարիներին SOCAR-ը դարձել է Վրաստանի ամենամեծ հարկատուն, այդ կարգավիճակը պահպանվել է և 2015-ին: Բաքուն և Թբիլիսին գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել մինչև 2030-ը: Սակայն գլխավորը դա չէ՝ նախ, Ադրբեջանը կորցնում է մոնոպոլիան Վրաստանի գազային շուկայում, իսկ Թբիլիսին հնարավորություն է ստանում կոմերցիոն հիմքով խաղարկել գնային «քարտը» Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի միջև, երկրորդ՝ Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու շանս է ստանում, որ ընդհանուր պլատֆորմ է ստեղծում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շահերի համար: Թբիլիսիի և Երևանի համեմատությամբ՝ Բաքուն առաջինը բախվեց նոր իրականությանը, որ ձևավորվում է Արաքսից հարավ: Իրանի բարձրացումը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության կտրուկ նվազումը, Մոսկվայի ու Անկարայի վերադարձը աշխարհաքաղաքական ու ռազմավարական մրցակցության, Ադրբեջանի համար անսպասելի՝ ԱՄՆ էլիտայի պատրաստակամությունը սահմանափակումներ մտցնել Բաքվի վարչակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, «նավթային հեքիաթի» ավարտը (ի դեպ, ոչ միայն Ադրբեջանի համար), իշխանություններին ստիպում է նոր լուծումներ գտնել՝ երկու-երեք տարի առաջ ընկնելով: Այդ պատճառով, չի բացառվում, որ գազային կտրվածքով Թբիլիսիի հետ պատերազմելուց Բաքվի հրաժարվելը և շրջափակումից Երևանի դուրս գալու փաստը լուռ ընդունելը հայկական ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության մեջ փոփոխության սկիզբ է: Հակառակ դեպքում՝ Բաքուն պիտի խոստովանի, որ Անդրկովկասում իր քաղաքականությունը լիակատար ձախողվել է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ.
Դեռ հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա Իրանից Հայաստանի տարածքով Վրաստանին գազամատակարարման ծրագիրը, հատկապես, երբ կարգավորվեն Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները, որ վաղ թե ուշ լինելու է, ինչ ջանքեր պետք է Թեհրանը գործադրի՝ զսպելու Ռուսաստանի գազային շուկայում մոնոպոլ մնալու ջանքերը և Ռուսաստանին ոչ թե մրցակից, այլ գործընկեր դարձնելու ուղղությամբ, բայց ամենազարմանալին այս հրապարակման ոչ թե բովանդակությունը, շարադրված ու շրջանցված փաստերի ընտրությունն է, այլ տրամադրությունը: Ինչ դառը ցավ է ապրում հեղինակը, որ Բաքուն կորցնում է Վրաստանում գազի մոնոպոլ արտահանողի դիրքը, որ Հայաստանը տարանցիկ երկրի կարգավիճակ կարող է ստանալ ու շրջափակումից դուրս գալ, որ Հյուսիս-Հարավը կարող է միացնել Ասիան Կենտրոնական Եվրոպային, մինչդեռ լրիվ հակառակը պիտի լիներ: Համենայն դեպս՝ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանն է ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, Հայաստանում է Հարավային Կովկասում ռուսական միակ ռազմաբազան: Բայց՝ իրականությունը մնում է իրականություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ