«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրանը մտադիր է իր կազմի մեջ վերադարձնել և Ադրբեջանը

Իրանը մտադիր է իր կազմի մեջ վերադարձնել և Ադրբեջանը
04.01.2016 | 13:20

Անցած տարվա նշանակալից իրադարձություններից էին Նարդարանի դեպքերը: Բաքուն, ի վերջո, այդ տարածքում վերականգնեց ադրբեջանական օրենքները և գյուղակի վրա ծածանեց Ադրբեջանի դրոշը: Հատուկ գործողությունն առանց զոհերի չանցավ՝ զոհվեցին և իրավապահներ, և տեղաբնակներ, որ զինված դիմադրում էին: Մինչև այսօր էլ Նարդարանում զենք ու զինամթերք են գտնում: Որ Բաքվին մերձակա Նարդարան գյուղակը փաստացի «անկախ» տարածք էր, հայտնի էր բոլորին: Շատերը Նարդարանն անվանում էին «փոքրիկ Իրան»: Գյուղակն ապրում էր շարիաթի օրենքներով, քչերն էին դպրոց գնում, ակսակալները Իրանի ազդեցության տակ էին: Դեռ 90-ականներին դատարանում ապացուցվեց Ադրբեջանի Իսլամական կուսակցության (որի կորիզը նարդարանցիներն էին) կապը Իրանի հատուկ ծառայությունների հետ: 1995-ին կուսակցությունը գրանցումից հանվեց, որը չխանգարեց իսլամիստներին աշխատանքը շարունակել Ադրբեջանում: Որտեղի՞ց փոքրիկ գյուղակին այդքան ռեսուրսներ, որ տարիներ շարունակ իրեն հակադրեր մի ամբողջ երկրի: Զինված դիմադրություն նարդարանցիները առաջին անգամ չէին ցույց տալիս, մինչ այդ էլ եղել էին միջադեպեր: Պարզվում է՝ պատճառը «հինավուրց կայսերական վեհությանը» վերադառնալու Իրանի ցանկությունն է: Եվ Ադրբեջանը միակ երկիրը չէ, որ Թեհրանի ուշադրության դաշտում է:

Իրանական հարցը այսօր առավել խոր արտացոլումն է ժամանակակից միջազգային քաղաքականության բոլոր հրատապ խնդիրների: Իրանը չի թաքցնում իր աշխարհաքաղաքական հավակնությունները և ցուցադրում է մեծացող ախորժակը ոչ միայն առանձին տարածքների նկատմամբ, այլև իր ազդեցության սահմանները ընդլայնելու՝ գրում է փորձագետ Վլադիմիր Աբեպիշը CA-News կայքում: Նա հիշեցնում է, որ Իրանի նախագահի խորհրդական Ալի Յունասին ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Իրան. Պետականություն, պատմություն, մշակույթ» համաժողովում հայտարարել է, որ Իրանը փաստացի վերադառնում է հինավուրց կայսերական վեհության ժամանակներին և վերադարձնում է տարածքները, որ ի սկզբանե եղել են Իրանի ազդեցության գոտի: Նա առաջին հերթին նշել է Իրաքը և Մերձավոր Արևելքի մյուս երկրները, նաև՝ Ադրբեջանը և Տաջիկստանը:
Իրանի ազդեցությունը մի քանի երկրների ներքաղաքական իրավիճակի վրա տագնապ է առաջացնում Պարսից ծոցի պետությունների հետ հարաբերություններում: Արտասահմանյան որոշ փորձագետներ կարծում են, որ Թեհրանն է նախապատրաստել քաղաքացիական պատերազմի սցենարը 90-ականների սկզբին Տաջիկստանում և Իրանն է եղել գաղափարական առաջնորդը Միացյալ տաջիկական ընդդիմության ղեկավարների: Այսօր Իրանի կառավարությունը ծավալուն աշխատանքներ է տանում այլ պետություններում շիական իսլամի արմատավորման համար: Այսօր Իրանն ակտիվորեն առաջ է մղում «շիական առանցքի» գաղափարը և իրականացնելով իր ռազմավարական խնդիրները, հաճախ կոպտորեն խառնվում է այլ պետությունների ներքին գործերին, չխորշելով անգամ ահաբեկչական կազմակերպությունների աջակցությունից:
«Իրանը խառնվում է Իրաքի, Ադրբեջանի, Լիբանանի, Բահրեյնի, Եմենի ներքին գործերին, որտեղ կա շիական փոքրաթիվ բնակչություն: Վերջերս Իրանը փորձում է ազդել Տաջիկստանի քաղաքականության վրա»,- գրում է Աբեպիշը: Իրանին նա համարում է անհուսալի դաշնակից, որ կեղտոտ խաղեր է խաղում, որը նախազգուշացում է այլ երկրների, որոնք ուզում են դրական հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Դա լիովին վերաբերում է նաև Ադրբեջանին:


Նաիր ԱԼԻԵՎ, Haqqin.az


Հ.Գ. Նոր տարին բազմազանության համար Ադրբեջանը սկսում է թշնամիների «դիվերսիֆիկացումով»՝ բացի Հայաստանից, Բաքվի ցուցակում է մյուս հարևանը՝ Իրանը: Նարդարանը պատրվակ է՝ ցույց տալու, թե որքան «վտանգավոր է» «շիական առանցքը» սուննիների համար տարածաշրջանում, որտեղ է գլխավոր սունին՝ Թուրքիան: Որքան մեծանում է Իրանի ներգործությունը, այնքան մեծանում է հակազդեցությունը: Իրան-Թուրքիա փոխհարաբերություններում Ադրբեջանը իրեն վերապահում է մանրադրամի դեր՝ փորձելով կանխել Թեհրանի շիաների ներգործությունը ադրբեջանաբնակ շիաների վրա «հատուկ գործողություններով»՝ մեղքը բարդելով իսլամիստական ազդեցության վրա: Դա նվազագույնն է, որ թույլատրում է Անկարան: Կամ՝ Բաքվի սեփական շահերը, որ թույլ չեն տալիս վերջնականապես փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ:
Իսկ Հայաստանում ամանորյան ամենակարևոր իրադարձությունը ձյունն է, որ փակել է ճանապարհները: ՈՒ ոչ միայն ամենակարևոր իրադարձությունն է, այլև ամենազարմանալին՝ ձմեռը ձյուն է գալիս, որին երբեք պատրաստ չեն լինում Երևանում: Սպասենք մինչև հալվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ