«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր պատմության կիսատության տարին

Մեր պատմության կիսատության տարին
31.12.2015 | 00:33

Մի քանի ժամից պատմության դատին ենք հանձնում մեր ապրած տարին ու մեզ՝ մեր արած ու չարած գործերով: Այնքան մեծ էր ցանկությունս ջերմության ու հաղթանակների, սիրո ու հաջողությունների մասին գրելու: Իսկ հիմա հակված եմ արձանագրել, որ արդեն իսկ մեծագույն հաջողությունը բոլորիս համար, որ ողջ ենք, ոմանք նաև առողջ են, իսկ հաղթանակներն ու սերը պատճառն են, որ մեզ ոտքի են պահել: Ինչպես մեր անձնական մեծ ու փոքր հաղթանակները: Այնուհանդերձ՝ աջից, ահյակից, վերևից, ներքևից՝ ինչպես էլ նայես՝ 2015-ը կիսատության տարի էր՝ Այծը շատ էր թեթևամիտ՝ սկսած գործերն ավարտելու համար, ու 2016-ին Կապիկը պիտի շարունակի: Բայց ի՞նչ հույս Կապիկից:

1. Տարին սկսվեց ողբերգությամբ՝ հունվարի 12-ին անակնկալ, դաժան, անմարդկային՝ Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը: Կարծես թե՝ ոճրագործությունը շատ արագ բացահայտվեց, բայց ոճրագործը այդպես էլ հայկական արդարադատությանը չհանձնվեց: Դատավարությունը սկսվեց ու ընդհատվեց:
2. Փետրվարի 12-ին մենք իմացանք, որ «Քաղաքական դաշտը կրկես չէ», արդյունքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի թեթև հոխորտաց ու հեռացավ քաղաքական դաշտից: Քաղաքական դաշտում սպասված վերադասավորումը, սակայն, չկատարվեց: Հընթացս նոր կուսակցություններ ստեղծվեցին խորհրդարանում, որոնք ինչ էլ հռչակեն ու հայտարարեն, ստեղծվել են ու գործելու են խստիվ իշխանական դաշտում՝ ձևացնելով իրենց ընդդիմություն: Քաղաքական դաշտը կրկես չէ, բայց մնաց նույն գաղջ մթնոլորտում ու առանց որոշակիության՝ ով ով է: Նաև՝ փրկության ճակատներ ձևավորվեցին, որ ոչ մեկին չփրկեցին:
3. 2015-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100 տարին: Հռչակագրով, հիշատակի տպավորիչ արարողություններով, Հռոմի սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապի պատարագով, Բեռլինի ու Վաշինգտոնի մայր տաճարներում պատարագներով, եվրոպական կառույցների բանաձևերով ու հայտարարություններով: Աշխարհը արեց՝ ինչ այդ պահին պատրաստ էր, մենք չարեցինք գլխավորը՝ միայն հայտարարեցինք ու կիսատ թողեցինք մեր պահանջատիրության ձևակերպումը, թեպետ ամբողջ քաղաքի պոստերները վկայում էին՝ «Հիշում եմ և պահանջում», ոչ ոք այդպես էլ հստակ չհասկացավ՝ ի՞նչ: Նույնքան կիսատ ու անորոշ մնացին հայ-թուրքական հարաբերությունները:
4. Ամառը քաղաքացիական ակտիվության գագաթնակետն էր՝ ՀԷՑ-ի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մի կողմում, մյուս կողմում՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Էլեկտրական Երևանի» կատարմամբ: Ցուցարարներին ի վերջո տուն ուղարկեց ՀՀ նախագահը իր խոստացած աուդիտով ու բարձրացած սակագնի փոխհատուցման խոստումով: Աուդիտը սկսվեց ու չավարտվեց: ՀԷՑ-ը գնեց Սամվել Կարապետյանը, այդպես էլ՝ հայտնի չէ բաժնետոմսերի քանի՞ տոկոսը և ինչ հեռանկարով սպառողների համար: Էլեկտրական Երևանը կարող է շարունակվել և եկող տարի, որովհետև իր հայտարարած խնդիրները թողեց կիսատ:
5. Դեկտեմբերին կայացավ երկու տարի առաջ հայտարարված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Ծրագրված ու կանխատեսված արդյունքով՝ անկախ ով ինչպես ու ինչու քվեարկեց: Հայաստանը աստիճանաբար անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Կառավարման համակարգի փոփոխության բուն խնդիրը իշխանության ձևավորումն է խորհրդարանական ընտրություններից հետո, ուստի գրեթե ինքաբերաբար՝ այս հարցն էլ մնաց կիսատ, որովհետև ինչ էլ անի իշխանությունը՝ ժամանակը ոչ կարող է կանգնեցնել, ոչ առաջ մղել:
6. Գործնականում ամբողջ տարվա ընթացքում առաջին ու երկրորդ նախագահները ապացուցեցին, որ խաղից դուրս են եկել՝ կատարել են երրորդ նախագահի միասին հեռանալու հորդորը, թեպետ նա հանրաքվեից առաջ հեռուստահարցազրույցում հակասեց ինքն իրեն՝ փաստացի չհերքելով, որ մնում է: Երկրորդ նախագահն էլ երկար ընտրում էր՝ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ բիզնե՞սը, թե՞ քաղաքականությունը: Առայժմ՝ բիզնեսը:
7. Ամբողջ տարին հրադադարը խախտող Ադրբեջանը այս տարի առաջին անգամ շփման գծում ծանր զինտեխնիկա կիրառեց, կրակեց Հայաստանի սահմանների վրա՝ քաղաքացիական բնակչության, տարվա առաջին օրից մինչև վերջինը հայտարարեց, որ վերադարձնելու է Խանքենդին, որ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտն է, Լաչինը ու ամեն ինչ, որ իբր կազմում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն մնաց նույն դիրքերում ու շարունակելու է կրակել: Ղարաբաղի հարցը նույնպես չլուծվեց ու մնաց կիսատ, հայկական կողմը հայտարարեց, որ զինադադար այլևս չկա, կա պատերազմ:
8. Միանգամայն անակնկալ հանրաքվեի նախօրեին Հայաստանում հայտնաբերվեց ահաբեկչական խմբավորում՝ տպավորիչ զինված, տարբեր տեղեկություններով՝ պետական հեղաշրջման ծրագրով, ձերբակալվածների թվով: Հետաքննությունը շարունակվում է ու պաշտոնական տեղեկություններից այդպես էլ պարզ չի դառնում՝ դեպի ուր և ում են տանում խմբավորման թելերը: Եվս մի կիսատ գործ:
9. Տարեվերջին վարչապետը հայտարարեց, որ անդուլ աշխատելու են և կառավարության կառուցվածքի ու կազմի փոփոխություններ են անելու, կրճատելու են պետական ծառայողներին: Նոր տարվա նվեր էր՝ վարչապետավարի: Բայց նաև բոլորին ժամանակ տրվեց՝ թիկունք գտնել ու աշխատատեղը պահպանել, կկրճատվեն միայն «անտերները» ու դա կկոչվի պետական կառավարման համակարգի օպտիմալացում, որի կարիքը կար: Գուցե նաև անվանվի կոռուպցիայի դեմ պայքարի մաս: Դարձյալ՝ կիսատ:
10. Եվ վերջապես իրադարձություն, որ սկսվել է 25 տարի առաջ ու եկող տարի տոնվելու է իբրև Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձ: Արդեն չասեմ, թե ինչ տարեդարձ է դա լինելու, եթե այս տարի Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին տարեսկզբին, իսկ տարեվերջին վերսկսեց բանակցությունները Եվրամիության հետ: Ի՞նչ տվեց ԵԱՏՄ-ն Հայաստանին, գուցե եկող տարի ասի ՀՀ նախագահը, ինչպես այս տարի ասաց՝ ի՞նչ է տալիս, ավելի ճիշտ՝ չի տալիս ՀԱՊԿ-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսքանը ընդամենը հպանցիկ հայացք անցնող տարվան, իսկ կա մեծ աշխարհը, որտեղ ճգնաժամ, պատերազմ, ահաբեկչություն, կոալիցիաներ՝ ամեն ինչ խառնվել է իրար ու ինչպես սկսվել էր վաղուց, այնպես էլ շարունակվելու է 2016-ին ու ավելի:
Իսկ գուցե կիսատությունը դարձել է կենսաձև ու օրինաչա՞փ:
Երջանկություն ու լրիվություն ձեզ:

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ