«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսական տնտեսության ռեցեսիան՝ ո՞վ է շահում

Ռուսական տնտեսության ռեցեսիան՝ ո՞վ է շահում
28.12.2015 | 09:40

Տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում բավականին պրոբլեմներ է ստեղծում ընկերությունների համար, բայց ոչ բոլոր ընկերություններն ունեն դժվարություններ՝ գրում է Բենիամին Տրիբեն Frankfurter Allgemeine-ում: Արժեզրկված ռուբլին, իսկ ռուբլու թուլացման պատճառը Ռուսաստանի գլխավոր արտահանվող ապրանքի՝ նավթի գնանկումն է՝ բարելի դիմաց 110-ից 40 դոլարի, օգնում է որոշ չափով փոխհատուցել դոլարային կորուստները նավթի վաճառքի ժամանակ: Կորուստների մեծ մասը վճարվում է ռուբլով, ինչի հետևանքով մոսկովյան աճուրդում ռուսական նավթարդյունաբերող ընկերությունների բիզնես ցուցանիշները ենթադրվածից բարձր են՝ օրինակ, «Роснефть»-ի բաժնետոմսերը սկզբից աճել են մեկ քառորդով, իսկ մեծությամբ երկրորդ «Лукойл»-ինը՝ 4 %-ով: Չնայած շրջանառության շոշափելի կրճատմանը 2015-ի ինը ամիսներին, երկու ընկերություններն էլ շահույթ ստացել են՝ «Роснефть»-ը՝ 4,3 միլիարդ դոլար, «Лукойл»-ը՝ 2,3 միլիարդ: Նավթն էժանացել է, բայց ընկերությունները արդյունահանումը չեն կրճատել՝ Ռուսաստանն օրական 10,8 միլիոն տոննա նավթ է արդյունահանում, որ ռեկորդ է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ճիշտ է, պետական Газпром-ը չունի նման ցուցանիշներ: Այս տարի կոնցեռնը, ամենայն հավանականությամբ, արդյունահանման նվազագույն ցուցանիշները կունենա 1990-ականներից սկսած: Հունվարից՝ նոյեմբեր, անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ՝ գազի արդյունահանումը կրճատվել է 7 %-ով: Տաք ձմռան և պոլիտեխնիկական իրավիճակի պատճառով գազի արտահանումը Եվրոպա նվազել է, Ռուսաստանում էլ աճում է մրցակցությունը՝ գազի արդյունահանմամբ սկսել է զբաղվել «Роснефть»-ը: Ի հետևանս՝ Газпром-ի բաժնետոմսերը 2014-ի համեմատությամբ էժանացել են 150 ռուբլով, որ դարձել է 2011-ի առավելագույն գնի կեսը: Այնուամենայնիվ, գազանավթաարդյունահանող ընկերությունների բաժնետոմսերը շահութաբեր են մնում: Իսկ սպառողական ընկերություններում այլ վիճակ է՝ առևտրական մեծ ցանցերի և սննդի արդյունաբերության բաժնետոմսերը ավելի էժան են վաճառվում, քան սպասվում էր:
Մեծությամբ չորրորդ սննդամթերքի վաճառքի ցանց «Дикси»-ն, չնայած վաճառքի 14 % աճին, երրորդ եռամսյակում հայտնվել է ծանր վիճակում: Գարնանից բաժնետոմսերը էժանացել են 40 %-ով: Սննդամթերք արտադրողները շահում են պատժամիջոցներից՝ Կրեմլն արգելել է եվրոպական սննդի ներկրումը, իսկ ինքնաթիռի միջադեպից հետո՝ թուրքական մրգի ու բանջարեղենի ներկրումը: Թեպետ թանկացումները խփում են բնակչության գրպանին, նախկինում ոչ մրցունակ ընկերություններում հիմա տոն է, օրինակ, «Росагро» հոլդինգի բաժնետոմսերը տարեսկզբից աճել են 160 %-ով:
Ճգնաժամից շահել է և ռուսական ամենամեծ ավիափոխադրող «Аэрофлот»-ը: Ռուբլու անկումը հանգեցրել է ռուսական ավիաընկերությունների դոլարային կորուստներին՝ կերոսինի կամ արտասահմանյան ինքնաթիռների լիզինգի դիմաց: Այդ պատճառով աշնանը սնանկացավ մեծությամբ երկրորդ «Трансаэро» ավիաընկերությունը, իսկ «Аэрофлот»-ը միայն շահել է՝ հոկտեմբերից բաժնետոմսերը թանկացել են երկու երրորդով և ընկերությունը մասամբ ծածկել է ուկրաինական ճգնաժամով հարուցված կորուստները: «Аэрофлот»-ը նաև վերցրել է «Трансаэро»-ի ամենաշահութաբեր չվերթերը և օգտվելով շուկայում ուժեղի դիրքից՝ բարձրացրել է գները: Դա հարուցեց Հակամենաշնորհային ծառայության քննադատությունը և, հավանաբար, ընկերությունը ստիպված կլինի մասամբ իջեցնել գները: Բայց ուղևորների հոսքը ավելացել է և երրորդ եռամսյակում ընկերությունը վերադարձել է շահութաբերության գոտի:
Բենիամին ՏՐԻԲԵ, Frankfurter Allgemeine


Հ.Գ. ՈՒ ինչպե՞ս չհիշես ռուսական հայտնի ասացվածքը՝ «Не было бы счастья, да несчастье помогло!»: Բոլոր իրավիճակներն ունեն շահեկան ու կորստաբեր կողմեր, ճգնաժամն՝ առավել ևս, պատժամիջոցները՝ հատկապես: Պատժամիջոցների առաջին օրից ՌԴ նախագահն ու վարչապետը ամեն առիթով ասում են, որ հիանալի պահ է տնտեսության դիվերսիֆիկացման՝ միայն նավթի ու գազի արդյունահանման հաշվին ապրելուց հրաժարվելու, տեղական արտադրողին խթանելու, արտադրական հզորությունները նորացնելու համար, փոխարենը աճում է միայն ռազմական արդյունաբերությունը, իսկ նավթն ու գազը շարունակում են շահութաբեր մնալ: ՈՒրեմն՝ նվազում է դիվերսիֆիկացիայի խթանը: Ի՞նչ կկատարվի ռուսական տնտեսության հետ 2016-ին, եթե պատժամիջոցները շարունակվեն ոչ թե վեց ամիս, այլ ավելի, եթե Եվրոպան իսկապես նվազեցնի գնվող գազի ու նավթի ծավալները: Կփոխե՞ն ռուսները վերջապես իրենց տնտեսության կառուցվածքը, թե՞ կշարունակեն հույս դնել իրենց պատմական «Авось»-ի վրա «Авось пронесет»: Դա շատ լուրջ ու շատ կարևոր հարց է մեզ համար՝ մեր տնտեսությունը (գոնե այն, ինչ կա) մեծապես կախված է ռուսական էներգակիրներից ու ռուսական տնտեսությունից: Ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանում սկսեն մտածել տնտեսության կառուցվածք փոխելու մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ