«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստան-Թուրքիա՝ Պուտինի վենդետան

Ռուսաստան-Թուրքիա՝ Պուտինի վենդետան
16.12.2015 | 11:26

Լարումը Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում օրեցօր ավելանում է՝ գրում է Գուիդո Օլիմպիոն Corriere della Sera-ում: Պուտինը հրապարակավ խոստացավ վրեժ լուծել Թուրքիայից Су-24 ռմբակոծիչը խփելու համար և քայլ առ քայլ իրականացնում է խոստումը: Նա մտադիր է պատժել Անկարային՝ խուսանավելով ուղղակի բախումից: Մոսկվան տարբեր խաղաքարտեր է սեղան նետել, որոնք բազում ռիսկեր ունեն բոլորի համար: Ռուսական ավիացիան մի շաբաթ շարունակ ռմբահարում է Սիրիայի հյուսիսը, որտեղ գերազանցապես սիրիացի թուրքմեններ են ապրում՝ ցանկանալով դժվարացնել Անկարայի պաշտպանյալ ապստամբների մատակարարումը: Մոսկվան տեղեկատվական արտահոսք է արել քրդերի ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին աջակցության մասին: Էգեյան և Սև ծովերում միջադեպերը մշտական ճնշման բաղկացուցիչներ են՝ ուղղված Անկարային դժվարին վիճակի մեջ դնելուն: Մնում է հասկանալ, թե որքա՞ն Էրդողանը կհաշտվի իրավիճակի հետ և չի՞ լինի պատասխան: Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջատարի դերին և պետք է պահպանի դիրքերը՝ չկորցնելով դեմքը: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանն արդեն անկայունանում է:
Corriere della Sera


Հ.Գ. Ռուս-թուրքական հարաբերությունները եղել են նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցի օրակարգում: Առաջիկայում կերևա՝ որևէ հաջողության հասե՞լ է Քերին Լավրովի ու Պուտինի հետ բանակցություններում մի հարցում, որը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանին, այլև առնչվում է ՆԱՏՕ-ին: Որքա՞ն է մտադիր Մոսկվան շարունակել իր վենդետան՝ կախված է նաև Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան համաձայնություններից, որ պտտվում են նույն կետում՝ համատեղ պայքար ահաբեկչության դեմ, բայց պայքարի ձևերն ու պայքարի օբյեկտը երկու երկրներն էլ շատ տարբեր են պատկերացնում: Ի՞նչ առաքելությամբ է Քերին Մոսկվա եկել: Անկախ, թե ինչ տեղեկատվություն կհաղորդվի բանակցությունների մասին, Քերիի այցի նպատակներից մեկը Պուտինին ու Լավրովին հաղորդելն է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները կպահպանեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ ամբողջովին չի կատարվել Մինսկի համաձայնագիրը՝ Արևելյան ՈՒկրաինայում կրակի դադարեցման մասին: Դեկտեմբերի 31-ը համաձայնագրի կատարման վերջնաժամկետն է, բայց ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը շարունակում է զինել, ուսուցանել ու անհրաժեշտով ապահովել ռուսամետ ապստամբներին: Երկրորդ անհետաձգելի խնդիրը Սիրիան է՝ Քերիին պետք է ստանալ Մոսկվայի աջակցությունը կոնֆլիկտի դադարեցման ծրագրի հարցում: Նա հույս ունի պահպանել բանակցային գործընթացը և արդեն հունվարին Սիրիայի կառավարության ու ապստամբների ամբողջական բանակցությունների հնարավորության հարցը լուծել: Նա ցանկանում է, որ Պուտինը Ասադին պարտադրի իր ներկայացուցչին ուղարկել բանակցությունների: Նախօրեին Փարիզում արաբ ու եվրոպացի դիվանագետների հետ Քերին քննարկում էր անցումային շրջանի հարցը և Ասադի դերը անցումային շրջանում: Նույն հարցը նա քննարկելու է Մոսկվայում: Թեպետ Իրանն աներեր պաշտպանում է Ասադին, ԱՄՆ-ում հույս ունեն, որ ավելի ու ավելի խրվելով ռազմական գործողությունների մեջ՝ Կրեմլը կմեղմացնի իր դիրքորոշումը Ասադի հարցում և կհամաձայնի, որ կոնֆլիկտի հետագա հաղթահարմանն Ասադը չի մասնակցելու: Եվրոպացիներն ու ԱՄՆ-ը հասկացնում են Ռուսաստանին, որ համաձայն չեն ՈՒկրաինան Սիրիայով փոխանակել՝ տարբեր են ոչ միայն խնդիրները, այլև լուծման ուղիները:
Տարածաշրջանային խնդիրների շրջանակում ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը վստահաբար կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացը, հրադադարի խախտումները և ստեղծված խիստ լարված իրավիճակից հնարավոր ելքերը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ, որի օրը հայտնի չէ, բայց կայանալու է մինչև տարեվերջ՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ադրբեջանական լրատվական գործակալությունների տեղեկատվության: Եվ այս հարցում էլ, ակնհայտորեն, երկու երկրները տարբեր դիրքերում են ու տարբեր տեսակետներ ունեն հարցի լուծման նպատակների, պայմանների ու ձևերի վերաբերյալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ