«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հետահայաց հանրաքվեին

Հետահայաց հանրաքվեին
15.12.2015 | 11:44

Քաղաքական կյանքը ինքնամփոփվում է: Հանրաքվեն չդարձավ մեկնակետ քաղաքական դաշտի փոփոխությունների համար: Քաղաքական ուժերը հանրաքվեից առաջ ու հետո մնացին նույն դիրքերում: Նույն տեսակետներով: Թեպետ հանրաքվեն կառավարման համակարգ է փոխում, անտարբեր մնաց նաև հասարակությունը: Բոլորն անում են լիովին կանխատեսելի քայլեր: ՀՀԿ-ն հայտարարում է, որ հանրաքվեում սահմանադրական փոփոխությունները համաժողովրդական «այո» են ստացել, ՀԱԿ-ը պնդում է, որ համաժողովրդական «ոչ» են ստացել: ԿԸՀ-ն, բնականաբար, հայտարարեց «այո»-ի հաղթանակը, և՝ անցանք առաջ: ՀԱԿ-ը պատրաստաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել հանրաքվեի արդյունքները՝ ստորագրահավաք է սկսել խորհրդարանում, մի քանի պատգամավոր էլ ստորագրել են, մյուսները մինչև դեկտեմբերի 18-ը ժամանակ ունեն: Այս անգամ Գագիկ Հարությունյանին գործը չի հասնի, ՀԱԿ-ը չի ստանա 27 ստորագրություն՝ անցել են այլընտրանքային ժամանակները, ԲՀԿ-ն հիմա գիտակից և պատասխանատու կուսակցություն է: ՀԱԿ-ը չի էլ ուզում ՍԴ հասնել՝ հաստատ իմանալով ՍԴ-ում հայցի ընթացքը: ՀԱԿ-ի նպատակն ավելի համեստ է՝ «Եթե այսպիսի աղաղակող, խայտառակ օրինախախտումների և հանրաքվեի կեղծման մասին տեղեկությունների այս տեղատարափի պարագայում, ԱԺ պատգամավորները չեն միանում այս դիմումին, անձամբ դառնում են այս ոճրագործության պարտակող»,- սահմանել է Լևոն Զուրաբյանը։ Շատ զարմանալի հայտարարություն: Լևոն Զուրաբյանը բավականին երիտասարդ է՝ ամնեզիայի համար, բայց նա պարբերաբար մոռանում է ԱԺ-ում ուժերի թվական դասավորությունը և քաղաքական կողմնորոշումը: Նրան պարտադիր պետք է «ոճրագործություն պարտակող» պիտակը, բայց ի՞նչ է դա տալիս ընդհանրապես: Ոչինչ, ՀԱԿ-ը իր պայքարով փայլուն կատարեց հանրաքվեն լեգիտիմացնելու գործընթացը նախքան հանրաքվեն և հիմա իր վճարն է պահանջում ժողովրդից՝ տեսեք որքան արդարամիտ ենք ու ինչ պայքար ենք մղում «ոճրագործություն պարտակողների» դեմ: Տեսեք ու գնահատեք:
Իսկ Աժ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը հայտարարում է. «Հանրությունը հանրաքվեի արդյունքների հետ կապված լուրջ կասկածներ չունի» ու 480 հազար կեղծված քվեների մասին ընդդիմության պնդումները անլուրջ են: Ավելի ճիշտ՝ հանրությունը անտարբեր է կեղծիքներին ու կեղծիքների թվական կազմին:
«Նոր Հայաստանը», որ նույնպես փայլուն կատարեց հանրաքվեն լեգիտիմացնելու խնդիրը և հիմա ավելի փայլուն որոշել է քաղաքական դադար վերցնել հայտարարում է, որ վերանայում է մարտավարությունը, որ գտնի սխալները, որոնց պատճառով հանրության մոբիլիզացիա չեղավ: «Մենք, ի տարբերություն 20-ամյա ավանդական ընդդիմության մարտավարությանը, չենք եզրափակելու մեր հանրահավաքային պայքարը հայտնի տեքստով, որ մենք արեցինք, ժողովուրդը չեկավ, և ինչ անենք՝ էլ բան չենք կարող անել: Մենք երբեք մեղքը մեր ժողովրդի վրա չենք գցելու», - հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Եվ որպեսզի շատ բացահայտ չլինի խնդիրն առաջադրողների ու լուծողների կապը՝ վստահեցնում է, որ վերջում գտնելու են «այն բանալին, որ մոբիլիզացնելու է մեր ժողովրդին»: Ռազմավարական սխալը՝ «մեր ժողովրդին» ձևակերպումն է: Ժողովուրդը մեր ու ձեր չի լինում: «Նոր Հայաստանը» ոչ մի ընդդիմադիր բևեռ էլ չի ձևավորել, որ հակառակորդ իշխանությունները ինչ-որ լծակներ գործադրեն՝ նրանց վրա ազդելու համար: Ժիրայր Սեֆիլյանն էլ այնքան ծեր չէ, որ կարծրախտով տառապի, նա պարզապես ինքնամեծարանքի փուլ է ապրում՝ համարելով, որ «անվերահսկելի, նաև անկանխատեսելի բևեռ» է դարձել, որի հետ «մեր երկրում խաղացող աշխարհաքաղաքական ուժերը չեն կարող հետ հաշվի չնստել»: Պարզապես հրավեր է դրսի ուժերին՝ եկեք, ձեր խաղը խաղացեք, մենք պլացդարմ ենք ստեղծել: Իսկ դրսի ուժերը, ի տարբերություն նրանց, գիտեն հաշվել, ոչ միայն խաղի արդյունքը, այլև մասնակիցների թիվը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միակ լուրջ արձագանքը այս ամենին տալիս է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: «Հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»՝ հայտարարարել է դեսպանատունը՝ սա պարզապես զգուշացում է՝ մենք ամեն ինչ գիտենք ու տեսնում ենք, ի տարբերություն շատերի՝ հասկանում ենք ու եզրակացություններ էլ կարող ենք անել:
«Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու արդյոք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերում և միջոցառումներում»,- հայտարարել է դեսպանատունը: Այսինքն՝ վիզա չենք տա, հաշիվները կսառեցնենք ու նման սքանչելի պատժամիջոցներ: Սա է հանրաքվեի առավել ռեալ արդյունքը, իսկ կառավարման մոդելի փոփոխությունը իրավական հետևանք է, որ կարող է աշխատել, կարող է չաշխատել: Հայաստանում միշտ էլ օրենքները ենթարկվել են քաղաքական նպատակահարմարությանը:

Դիտվել է՝ 1107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ