ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գտեք ձեզ ու ձեր լաբիրինթոսը

Գտեք ձեզ ու ձեր լաբիրինթոսը
15.12.2015 | 00:58

Անկասելի մոտենում ենք 2016-ին, ինչ-որ երկու շաբաթ, և 2015-ը դառնում է պատմություն: Աշխարհի ու մեր պատմությունը: ՈՒ ի՞նչ: Ի՞նչ տվեց մեզ 2015-ը ու ի՞նչ տարավ: Առողջություն ու երջանկություն բոլոր նրանց, որ այս տարի ծնվեցին, հողը թեթև լինի նրանց վրա, ովքեր հեռացան: Իսկ մենք, որ ապրում ենք, մեր կյանքի մեկ տարում գտա՞նք Կապույտ թռչունը, թե՞ ոչ մի թռչուն այլևս գետնատարած մեր հայացքը չի կտրում օրվա հոգս ու ցավից: Չգիտեմ: Հարցը խիստ անձնական է, բայց և՝ ընդհանրական: Ընդհանրական, եթե համարենք, որ մեզնից յուրաքանչյուրը կսկսի լավ ապրել, երբ բոլորս լավ ապրենք: Կասեք՝ այդպես չի՞ լինում: Լինում է: Հենց այդպես է լինում: Կա միջին բարեկեցության մակարդակ, որից հետո նորմալ մարդու նորմալ ցանկությունները վերածվում են քմահաճույքների: Միջին բարեկեցության մակարդակից Հայաստանը դեռ հեռու է՝ թե՛ պաշտոնական վիճակագրությամբ, թե՛ մթնոլորտի, թե՛ պետության՝ աշխարհում ունեցած դերի կտրվածքով: Մենք լուծում ենք գոյատևման հարց: Ոչ բոլորս, իհարկե: Հասարակության շերտավորման ու բևեռացման գործընթացն անցնող տարում ավելի խորացավ: Անջրպետի հաղթահարման միայն մեկ տարբերակ կա՝ աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձի և սպառողական զամբյուղի գների հավասարեցում: 2015-ին դա չկար: Հայաստանի վարչապետը պաշտոնավարման օրից անշեղ հավաստում է, որ տնտեսությունը գործում է, ցուցանիշները բարելավվում են, տնտեսական աճն անգամ ավելանում է: Հավատանք նրան ու մեր կենսամակարդակում փոփոխությունների սպասենք: Գուցե պաշտոնավարման 100-ամյակին Հովիկ Աբրահամյանը հասնի կենսամակարդակի վրա իր բարձրաձայնած ցուցանիշների ռեալ ազդեցությանը: Թեպետ դա նրա համար համեստ ցուցանիշ է: Նա ընդհանրապես համեստ վարչապետ է: Եվ ճիշտ կաներ, որ սուրբ Հովհաննեսից հետո անցներ մյուս առաքյալների անուններով եկեղեցիների կառուցմանը՝ այդպես հաստատ կմտներ պատմության մեջ: Պատկերացնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի անվան 12 առաքյալների եկեղեցիներ: Ամեն մեկը մի մարզում և, իհարկե, Երևանում: Երկուսը: Թեկուզ Ազատության պողոտայի սկզբնամասում: Դեռ բավականին ծառեր կան, կարելի է հատել ու եկեղեցի կառուցել: Ինչո՞ւ ոչ: Սուրբ գործ է:
Պատմության մասին։ 2015-ը բոլոր հայերիս համար Ցեղասպանության 100-րդ տարին էր նախ և առաջ: Նախ և հետո էլ: 100 տարի առաջ ու հիմա ցեղասպանության ընկալումները, հարկավ, տարբեր են: Ես չգիտեմ՝ փոխվեցի՞ն մեկ դար առաջվա հայրենազրկումի մեր գնահատականները: Շատ կուզեի, որ փոխվեին: 1915-ը տարբեր պատճառներով մեզ համար միշտ զուգորդվել է կոտորածի, կողոպուտի ու կորստի հետ: 100 տարի հետո գոնե պարզեցի՞նք պատճառները՝ ինչպե՞ս ու ինչո՞ւ հնարավոր դարձավ մեկուկես միլիոնի սպանդը: Գոնե տեղեկացա՞նք, որ անմռունչ սպանվելուց բացի դիմադրել ենք, կռվել ենք, սպանել ենք մեզ սպանողներին ու որտեղ կռվել ենք, այնտեղ փրկվել ենք: 100 տարի հետո Հայ առաքելական եկեղեցին Ցեղասպանության զոհերին սրբադասեց: Հայ առաքելական եկեղեցին աշխարհում ամենից շատ սրբեր ունեցող եկեղեցին է: Հանգստություն բոլոր նրանց հոգիներին, որ չապրեցին իրենց կյանքը այս արևի տակ ու իրենց հողի վրա: Հիմա այլևս նրանք երկնային մեր ուժն ու զորությունն են դարձել: Եթե վերադառնանք երկիր ու մեր ժամանակները, պիտի արձանագրենք, որ 2015-ը անսպասելի անհանգիստ տարի էր՝ սովորաբար ընտրություններից հետո քաղաքական անդորրի շրջան է սկսում: Բայց 2012-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանի քաղաքական դաշտում ուժերի վերադասավորումը չավարտվեց: Պատճառը մեկն էր՝ խորհրդարանի կազմը չէր արտահայտում քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Ազգային ժողովը հիմնականում ինքնավերարտադրվեց: 2013-ի նախագահական ընտրությունները ևս քաղաքական դաշտում փոփոխություններ չբերեցին: Միջին վիճակագրական ընտրողը ապացուցեց իր բողոքական կարգավիճակը, ընդդիմությունը՝ իր պայքարի մեջ չմտնելու համառությունը:

Բոլորս պրագմատիկ ենք դարձել՝ եթե պատը մնալու է պատ, ի՞նչ իմաստ ունի մեր ճակատը փորձարկելը: Քաղաքական անեկդոտներն ավելացան նախագահական ընտրություններից հետո, իսկ քաղաքական փոփոխությունները հետաձգվեցին: Գուցե 2013-ին միայն մեկ մարդ գիտեր, որ այլևս համաժողովրդական նախագահական ընտրություններ չեն լինելու: ՈՒ այդ մարդը փոխեց Հայաստանում պետական կառավարման մոդելը՝ կիսանախագահականը՝ խորհրդարանականի: Լա՞վ է, թե՞ վատ: Չկա նման հարց: Այդ կարգի հարցերը լավի ու վատի չափանիշներ չունեն: Առավել ևս՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կառավարման մոդելը չի որոշում պետության զարգացումը, այլ՝ կառավարման ձևը, ավելի պարզ՝ քաղաքական կամքը: Սինգապուրի օրինակը չբերեմ: Հետպատերազմյան Ճապոնիան չհիշեցնեմ, որ աշխարհում միակ պետությունն է, որտեղ ատոմային ռումբ է պայթել, իսկ ճապոնացիները վերցրին և ունեցած ֆինանսները կրթության վրա ծախսեցին: Ամենափառահեղ ներդրումը, որ մեկ տասնամյակ հետո պետություն վերականգնեց, ու Ճապոնիան այսօր աշխարհի ամենազարգացած երկրների տասնյակում է: Չինաստանն էլ չհիշեցնեմ, որ քաղաքականությունը ծառայեցրեց տնտեսությանը, տնտեսությունը՝ քաղաքականությանը, երկուսն էլ՝ պետությանը, և այսօր դառնում է աշխարհի առաջին տնտեսությունը ու պատրաստ է ներդրումներ անել բոլոր մայր ցամաքներում, օդում, ջրում, տիեզերքում: Մի պայմանով՝ ի նպաստ Չինաստանի հզորության: Գրավում է աշխարհը՝ առանց պատերազմ հայտարարելու: Մենք աշխարհի մասին ամեն ինչ գիտենք, աշխարհի փորձը մեզ ոչինչ չի ասում: Եթե երկու կետերը միացնող ամենակարճ ճանապարհը ուղիղն է, մենք միշտ գտնում ենք զարտուղին: Զիգզագը՝ ազգային քաղաքականություն: Համարյա ճակատագիր, մենթալիտետ, առօրյա: Մենք մեզ նորմալ ենք զգում լաբիրինթոսում, երբեք չենք փորձում ելք գտնել, ելք չկա՝ փոխում ենք լաբիրինթոսը: Եթե չկա, ստեղծում ենք: Ռացիոնալ ու իռացիոնալ մտածողության մեր դեգերումները տրամաբանություն ու օրինաչափություն չունեն: Ապրում ենք՝ ինչպես ապրվում է: Փետրվարի 11-ին որևէ մեկը կարո՞ղ էր ասել՝ ի՞նչ է լինելու փետրվարի 12-ին, կասե՞ր, որ «մենք կրկես դարձնելու հայրենիք չունենք», 12-ին կասե՞ր՝ ի՞նչ կլինի 13-ին: Կասե՞ր, որ «համաժողովրդական» պայքարի ալիքը մեռնելու է, երբ պարզվի, որ գլադիատորը բազկամարտի չեմպիոն է, բայց ո՛չ քաղաքական մենամարտի: Ճիշտ է՝ անհավասար պայմաններում: Բայց նույնիսկ Հռոմի Կոլիզեումում գլադիատորները հավասար պայմաններ չեն ունեցել: Քաղաքական պայքարում հավասարություն ու ստերիլ պայմաններ չեն լինում: Լինում է միշտ անբարենպաստ ժամանակ, որ պետք է քեզ համար բարենպաստ դարձնես: Չկարողացար՝ պիտի հեռանաս: Այս տարվա փետրվարին, խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի տրանսֆորմացիայից հետո էլ, քաղաքական դաշտում հստակություն չհաստատվեց: Ինչ-որ չափով անկանխատեսելի ու անկառավարելի այլընտրանքը պաշտոնապես հայտարարվեց ընդդիմություն ու անցավ իշխանության տրամադրության տակ՝ սա էր արդյունքը: Ֆինանսական հենքը կորցրած ոչիշխանությունը մինչև այսօր փորձում է պահել ընդդիմադիր դեմքը, բայց ինքն էլ չգիտի՝ իրենից բացի ո՞ւմ համար: Արդյունքում՝ 2015-ը ավարտում ենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեով պետական կառավարման մոդել փոխած, բայց վերստին քաղաքական դաշտում խառնաշփոթով: Որևէ օտարերկրացու չես կարող բացատրել՝ ինչպե՞ս է, որ պաշտոնական ընդդիմությունը նույն իշխանությունն է, ինչո՞ւ Հայաստանում կա իշխանություն ու ոչիշխանություն, բայց ոչ՝ ընդդիմություն: Ինչո՞ւ իրական ընդդիմությունը քաղաքական դաշտում չի կարողանում իր բուն դերակատարումն ունենալ՝ հասարակական պահանջարկ ունենալով, բայց չունենալով երկրում որևէ գործընթացի վրա ներգործելու հնարավորություն, ինչն իր առաքելությունն է: Ինչո՞ւ լինում են մշտապես «քայլ առաջ» ընտրություններ, որոնց արդյունքները, ինչպես բոլոր երեք հանրաքվեների, միշտ վիճարկվում են ու լեգիտիմության հավատ չեն ներշնչում: Բայց՝ ոչինչ երկրում չի փոխվում: Բացի ժողովրդագրական վիճակից: Նվազում ենք: Անշեղ: Ծնելության ու մահացության թվերը կապ չունեն: Հայերն այսօր ամեն տեղ ապրում են, և միայն 30-35 %-ը ոչ մի դեպքում Հայաստանից չի հեռանա: Տարիքային հարցախույզ չի արվել, բայց դժվար չէ հասկանալ, թե որ տարիքային ու սոցիալական խումբն է կազմում այդ 30-35 %-ը: Իսկ մյուսները իրենց ապագան հայրենիքում չեն տեսնում, ու պատճառը կոսմոպոլիտ լինելը չէ, օտարամոլության մարմաջը չէ՝ մարդիկ աշխատանք ու նորմալ կյանք են ուզում: Քանի՞ հանրաքվե կլինի, ի՞նչ հարցով ու ի՞նչ արդյունք կունենա բացարձակապես նշանակություն չունի 30-35 %-ի ու արդեն հեռացածների համար: Նրանք կմնան ու կվերադառնան միայն աշխատանք ունենալու դեպքում: Կառավարման մոդելի փոփոխությունը, իշխանություն-ոչիշխանություն խաղերը որևէ իմաստ ու նշանակություն կունենան մեկ դեպքում՝ որևէ գործընթաց, ծրագիր, քայլ պետք է ուղղված լինի կոնկրետ մարդուն ու նրա կոնկրետ խնդրի լուծմանը: Մեկ, հինգ, տասը, հարյուր՝ բայց մարդու, որ ապրում է այստեղ ու հիմա: Այստեղ ու հիմա: Ո՛չ առաջ, ո՛չ հետո: 2016-ը ի՞նչ է ժառանգելու ու ի՞նչ է փոխելու: Չգիտեմ: Համարյա ոչինչ: Խորհրդարանը հերթական ու արտահերթ նստաշրջաններով զբաղվելու է օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելով ու ընտրական օրենսգիրքը վերաձևելով՝ պաշտոնապես, հիմնականում անհատական ծրագրով հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվելով: Կառավարությունը զբաղվելու է բոլոր հնարավոր վարկերը ներգրավելով ու պետական պարտքը բազմապատկելով՝ սոցիալական վճարները կատարելու ու երկրի նվազագույն կենսապահովման համար: Ինչ-ինչ, բայց որպեսզի կառավարություն լինի, պետություն է պետք: Քաղաքական էլիտան շարունակելու է ինքնավերարտադրումը՝ ավելի բազմազան դարձնելով իր կյանքը, ասենք, դրվելու է էլիտայի երիտասարդացման խնդիր՝ խումբ-խումբ ասպարեզ են նետվելու անպրոբլեմ, անհող-աներկինք փողկապավորներ, որ մի քանի լեզու գիտեն, չգիտեն փողի գինը, փոխարենը գիտեն հավատարմության արժեքն ու իրենց ինքնարժեքը: Նրանց ինքնահաստատման համար բազմապատկվելու է քաղաքական «թոշակառուների» թիվը, և որքան էլ եղածներից դժգոհ ենք, եկողները տարբերվելու են միայն փորձի պակասով ու ամբիցիաների ավելցուկով: Փորձ հնարավոր է կուտակել, ամբիցիաները հրաշալի են, եթե հիմքեր ունեն, բայց դա նրանց դեպքը չէ՝ այդ կաստան միշտ իրեն օրենքից վեր է զգալու ու համարելու է, որ ինքն է օրենքը: 2017-ին խորհրդարանական ընտրություններով խորհրդարանական կառավարման մոդելը կսկսի գործել: Եվ ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվեր խորհրդարանական ընտրություններից առաջ, ոչ թե հետո: 2018 չի լինելու, փոխարենը լինելու է Հայաստանի Հանրապետության ամենադժվար ու ամենակարևոր խորհրդարանական ընտրությունը՝ 2017-ին: Մինչ այդ պարբերաբար մեծ ու մանր սենսացիաներ են հրապարակ նետվելու՝ քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու համար: Իշխանությունն իշխելու է ու կոալիցիաների կազմերի լրատվական «արտահոսքեր» է տալու, մեկ-երկու նախարար է փոխելու, մի քանի մանր-մունր կաշառակեր է բռնելու, որովհետև ավելի մեծն արդեն կոռուպցիա չէ, բիզնես է: Պաշտոնական ընդդիմությունը ցերեկները իշխանության դեմ աշխարհացունց ելույթներ է ունենալու, երեկոները՝ իշխանության հետ ճշտումներ, թե էլ ի՞նչ է պետք անել՝ անխոնջ ընդդիմադիրի կեցվածքն ամրապնդելու համար: Ոմանք նույնիսկ պարբերաբար գնալու են Ազատության հրապարակ, հետո մամուլով բողոքելու են, որ դժվարացել է ժողովրդին ինքնակազմակերպելը: Այսպես կամ համարյա այսպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Գտեք ձեզ ու ձեր լաբիրինթոսը: Չկա՞, կառուցեք, պարապությունից են ծնվում բոլոր հեղափոխությունները:

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ