ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թուրքիայի «գլուխը քոր է գալիս»

Թուրքիայի «գլուխը քոր է գալիս»
15.12.2015 | 00:39

Արցախի ճակատային գծերում Ադրբեջանի վերսկսած ռազմական սադրանքների ֆոնին Թուրքիան ծանր կացության մեջ է ընկել, որովհետև քրդերի դեմ պատերազմ է մղում թե՛ իր սահմանների ներսում, թե՛ Հյուսիսային Իրաքում։ Ընդ որում, շարունակում է սրել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ Իրաքի հետ։ Ծիծաղելի էին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե, իբր, Իրաքի կառավարությունն է իրեն խնդրել թուրքական զորք մտցնել Հյուսիսային Իրաք։ Եվ դա այն բանից հետո, երբ լրացավ Բաղդադի վերջնագրի 48-ժամյա ժամկետը թուրքական զորքերի անվերապահ դուրսբերման մասին, այն բանից հետո, երբ թուրքերի կողմից Իրաքի մի մասի զավթման փաստը պիտի քննարկվի արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Իհարկե, իրենք` իրաքցիները, հազիվ թե համարձակվեն գրոհել թուրքերի վրա, անգամ իրենց տարածքում։ Բայց բացառված չեն նաև այլ սցենարներ. իրավիճակը տեղում չի դոփում, մշտապես խորանում է ճգնաժամը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Թուրքիայի նկատմամբ առանձին եվրոպական երկրների վերաբերմունքում։ Ապացո՞ւյց։ Խնդրեմ։ Օրերս թե՛ Ֆրանսիական ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենը, ով շահել է Ֆրանսիայի մունիցիպալ ընտրությունների առաջին փուլը և հայտարարել է, որ այսուհետև իր կուսակցությունը գլխավոր ուժն է երկրում, թե՛ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կտրականապես հերքեցին այն բանի հավանականությունը, թե Թուրքիան կընդունվի ԵՄ։
Բայց թուրքը միշտ էլ մնում է թուրք` լկտի, ինքնավստահ, հավակնոտ, և սպասում է, թե ամբողջ աշխարհը պետք է ուրախ լինի, որ աջուձախ խաբում է։ Ամբողջ ուժով ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը, այդ թվում` Դեիռլուկի և Շիլաձի շրջաններում քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազաների ու ճամբարների տեղակայման վայրերը։ Դա արդարացնում են նրանով, թե, իբր, Քրդստանի տարածաշրջանային կառավարության գործողությունները «Իրաքի ժողովրդի համար ոչ մի իրավունք չեն նախատեսում»։ Մոսուլի շրջան զորք մտցնելը թուրքերի վաղեմի երազանքն է, ուղղակի անհասկանալի է, թե ինչի վրա է հույս դնում Անկարան. մի՞թե աշխարհը չգիտե, որ Մոսուլն ու հարակից շրջանը օկուպացրել են ԻՊ-ի ջիհադականները։ Այնպես որ, Թուրքիան որոշել է, որ ժամանակն է այլևս չքողարկելու իր գործակցությունը ԻՊ-ի հետ։ Եթե այդպես է, և եթե ենթադրենք, որ Թուրքիան իբրև ՆԱՏՕ-ի երկիր և իբրև ԱՄՆ-ի դաշնակից, հազիվ թե համարձակվեր իրականացնել նման լկտի, ագրեսիվ գործողություններ, եթե չլիներ Արևմուտքի միասնական որոշումը, ապա ստացվում է, որ Անկարան ու նրա հովանավորները որոշել են հասունացնել քայքայիչ գործընթացները Իրաքում, հասկանալով, որ Սիրիայում հեռանկար չունեն։ Թվարկված հարցերին կարելի կլինի պատասխանել միայն այն բանից հետո, երբ հասկանալի կդառնա, թե մտադի՞ր են, արդյոք, ՄԱԿ-ի ԱԽ-ում Արևմուտքի ներկայացուցիչները հաշվի նստելու այն բանի հետ, որ Իրաքի օրինական վարչապետ Հեյդար ալ-Աբադին (ի միջի այլոց` Արևմուտքի դրածո) շարունակում է պահանջել թուրքական զորքերի դուրսբերումը և խոսում է թուրքերի դեմ մարտական ավիացիա օգտագործելու մտադրության մասին։
Բայց չէ՞ որ դա ընդամենը կես դժբախտություն է թուրքերի, ասենք, նաև համաշխարհային ընկերակցության համար։ Բանն այն է, որ վերջին օրերին Էրդողանն ու իր աջ ձեռքը` վարչապետ Դավութօղլուն, իսկական վայրահաչ են սկսել Ռուսաստանի և Իրանի հասցեին։ Թուրքերը Մոսկվային մեղադրել են այն բանում, թե իբր Ռուսաստանը «էթնիկ զտում» է կատարում Սիրիայում։ Երևի Անկարան նկատի ունի, որ այն վայրերին հատուցման հարվածների արդյունքում, որտեղ խփվեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը և սպանվեց ռուս օդաչուն, «Գորշ գայլերի» ավազակախմբի տեղացի անդամները, լինեն թուրք թե թուրքմեն, փախել են, և սիրիական բանակն արդեն գրավել է այդ տարածքները։ Իհարկե, չի կարելի բացառել, որ «Գորշ գայլերի» անդամների հետ կարող էին փախչել նաև սիրիացի թուրքմենները, երկյուղելով, թե Թուրքիայի հետ սահմանամերձ գոտի վերադարձող սիրիացիները կարող են վրեժ լուծել Սիրիայի նկատմամբ վայրագություններին թուրքմենների մասնակցության համար։ Բայց ինչպե՞ս կարելի է դա համարել «էթնիկ զտում»։ Այդ դեպքում ի՞նչ է անում Թուրքիան Արևմտյան Հայաստանի և Միջագետքի տարածքներում ընդդեմ նույն քրդերի։ Կամ էլ Սիրիայում և Իրաքում` ընդդեմ նույն քրդերի։ Անկարայի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը «էթնիկ զտում» է իրականացնում Սիրիայում, անհիմն են ու անվայել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Դա խոսում է կյանքից, իրականությունից Թուրքիայի ղեկավարության լիակատար կտրվածության մասին, այն մասին, որ նա չի ընկալում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Այդ անվայել հայտարարությունները, անհիմն մեղադրանքները, որ մենք լսում ենք Անկարայից, պերճախոս են։ Դրանք ավելի ու ավելի են անզոր կատաղություն հիշեցնում»։
Եվ իրոք, Դավութօղլուի հայտարարությունները, ըստ էության, բացահայտում են թուրքերի ու սուննի ջիհադականների պլանները։ Խորամուխ լինենք Թուրքիայի վարչապետի հայտարարություններում. նրա ասելով, Լաթաքիայի նահանգի (հենց այդ նահանգն է Թուրքիայի հետ սահմանակից, և սահմանի հենց այդ տեղամասով էին գրոհայինները հարձակումներ գործում Թուրքիայի տարածքից, այդ թվում` ընդդեմ հայկական Քեսաբի) հյուսիսում Ռուսաստանի գործողությունները միտված են այն բանին, որ «սիրիացի թուրքմեններին և Բաշար Ասադի նկատմամբ ընդդիմադիր սուննիներին ստիպեն հեռանալ իրենց բնակության վայրից, դրանով իսկ Մոսկվան ուզում է ապահովել Ասադի վարչակազմի և Լաթաքիայում ու Տարտուսում գտնվող ռուսական բազաների անվտանգությունը»։ Եվ այսպես, Թուրքիայի նպատակն է և՛ ցեղասպանության ենթարկել սիրիացի ալավիներին, որոնք մեծամասնություն են կազմում Լաթաքիայի նահանգի բնակչության մեջ, և՛ գրոհել ռուսական ռազմաբազաների վրա։ Այնպես որ, ճիշտ է Զախարովան` Ռուսաստանը և նրա դաշնակիցները լիովին տորպեդահարել են Սիրիայի առնչությամբ Թուրքիայի նյութած պլանները։ Ահա թե ինչու Էրդողանը հապճեպ իրաքյան Մոսուլ նետվեց։
Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ Թուրքիայի մեղադրանքներն ու սպառնալիքները համատարած գրոհի բնույթ են կրում։ Համաձայն թուրքական լրատվամիջոցների` Էրդողանը հայտարարել է, որ նախազգուշացրել է իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիին այն մեղադրանքների առնչությամբ, թե Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքը թաթախված են ԻՊ խմբավորման հետ նավթի վաճառքի գործարքում։ Էրդողանի և Ռոհանիի հեռախոսային խոսակցության ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, Թուրքիայի նախագահը, իբր, իր իրանցի պաշտոնակցին նախազգուշացրել է, որ եթե նման մեղադրանքները շարունակվեն, ապա դա «Իրանի վրա թանկ կնստի»։ Այսպես Անկարան արձագանքեց այն բանին, որ Իրանը, այն բանից հետո, երբ Արևմուտքում կասկածի տակ առան ռուսական հետախուզության տվյալները Իրաքից և Սիրիայից դեպի Թուրքիա մաքսանենգ նավթի հոսքի մասին, հայտարարեց, որ ինքը հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե ինչպես են ջիհադականները նավթ, բամբակ ու պատմական արժեքներ վաճառում Թուրքիայի տարածքով։ Արդեն դեկտեմբերի 10-ին Էրդողանը իրանական և իրաքյան շիաներին մեղադրեց Իրաքում և Սիրիայում սուննիների էթնիկ հետապնդումների մեջ։ Նրա ասելով, Իրաքի հյուսիսային շրջաններում, ըստ էության, երկրի հուսալի կառավարում գոյություն չունի. «Ժողովուրդը որևէ իրավունքից չի օգտվում և ուզում է վերադարձնել իր իրավունքները։ Ցավոք, մենք երկրի իսկական կառավարում չենք տեսնում, հենց դրա համար էլ այդքան անհանգիստ է ժողովուրդը։ Ի՞նչ կլինի սուննիների հետ։ Այնտեղ կան արաբ սուննիներ, թուրքմեն սուննիներ, քուրդ սուննիներ։ Նրանք պետք է իրենց անվտանգ զգան»,- հայտարարել է Էրդողանը, պնդելով, թե Իրանի և Իրաքի շիաները զբաղվում են սուննի բնակչության հետապնդումներով։
Իրանը ևս երկու հարթությունում է պատասխանել։ Իրանական կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոբհատը, ի պատասխան այն հաղորդագրությունների, թե Էրդողանն սպառնացել է Ռոհանիին, հայտարարել է. «Եթե Էրդողանը պնդում է, թե սպառնացել կամ նախազգուշացրել է Իրանին, ապա նա պետք է իմանա, որ իրանական իշխանությունները բազմիցս հիշեցրել են, որ անգամ գերտերությունները չեն կարող սպառնալ Թեհրանին, էլ ուր մնաց Թուրքիան»։ Իսկ ահա Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռըզա Փուրդաստանը տեղի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է. «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ասպարեզում ամրապնդվել են, և այս կապակցությամբ ռուսական T-90 տանկերի ձեռքբերումը օրակարգային հարց է։ Մենք հուսով ենք, որ համապատասխան պայմանագրերը կկնքվեն, և մեր մասնագետները կմեկնեն Ռուսաստան` ժամանակակից տեխնիկայի շահագործման փորձ ձեռք բերելու համար»։ Ինչպես հաղորդել է իրանական «Tasnim» գործակալությունը, T-90 տանկերի մատակարարման հայտն արդեն պատրաստ է և շուտով կքննարկվի Ռուսաստանի կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, երբ թուրքերը խոցեցին ռուսական Սու-24-ը, Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին պայմանավորվածություն ձեռք բերեցին այն մասին, որ Իրանը կանոնավոր բանակի ուժերով Սիրիայում ցամաքային գործողություններ կիրականացնի։ Իսկ Իրանից Սիրիա անցնելու համար, ինչպես հայտնի է, անխուսափելի է իրանցիների մուտքը Իրաքի տարածք։ Ռուսական T-90-ը շատ հարմար կլինի արագ և արդյունավետ տանկային գրոհների համար, էլ չենք խոսում այն մասին, որ իրանական ավիացիան էլ է նետվում Սիրիա։
Ռուսաստանը ևս պատասխանեց թուրքերին, բացի Զախարովայի շշպռանքից։ Ռուսաստանը ռազմական բեռներ ուղարկեց ԻՊ-ի դեմ պայքարող իրաքցի քուրդ «փեշմերգի» աշխարհազորային ջոկատներին, ներառյալ թեթև հրազենը։ Տեղեկությունը, որ Մոսկվան ռազմական մատակարարումներ է կատարել Իրաքի Քրդստանի զորամիավորումներին, հրապարակեց քրդական «Rudav» գործակալությունը` վկայակոչելով Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Սիմակովին։ Դիվանագետի խոսքերով, ինքը ինքնավարության ՆԳՆ ղեկավար Քարիմ Սինջարիին ռուսական ռազմական օգնության տեղ հասնելու մասին տեղեկացրել է անցած շաբաթվա սկզբին` իրենց հանդիպման ժամանակ։ Դա արվել է Բաղդադի շիական կառավարության իմացությամբ և համաձայնությամբ. մինչ այդ Ռուսաստանը երբեք ուղղակի ռազմական օգնություն չէր ցուցաբերել Իրաքի քրդերին, բոլոր զինամատակարարումները կատարվում էին Բաղդադի միջոցով, որը քրդերին տրամադրում էր իրենց բաժին զենք-զինամթերքը։
Հասկանալի է, որ թուրքերը հիմա անհանգստացած են նույնիսկ ոչ այնքան Սու-24-ի համար հնարավոր մեծ հատուցման հեռանկարից, ինչը դեկտեմբերի 3-ին խոստացավ Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Անկարան վախենում է, որ ռուսների և իրանցիների օգնությամբ կազատագրվեն Մոսուլն ու Ռաքքան. երկու դեպքում էլ տեղեկություններ կան, որ ջիհադականների դեմ մղվող մարտերին մասնակցում են նաև պարտիզաններ` ՔԱԿ-ի անդամ թուրքական քրդեր։ Թե քուրդ պարտիզաններն ինչով են զբաղված այժմ Թուրքիայում, և այս ամենի հետ ինչպես է կապված Աբդուլա Օջալանի գործոնը, մենք կխոսենք հաջորդ անգամ։ Սակայն հիմա թուրքական սադրանքները կարող են դժվար կանխատեսելի հետևանքներ ունենալ, եթե Անկարայի արևմտյան դաշնակիցներն իրենց մեջ ուժ չգտնեն զսպելու «չափավոր իսլամիզմի» դրոշի ներքո կապը կտրած նոր օսմանիստներին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ