Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչու պիտի Եվրոպան խուսափի Թուրքիայից

Ինչու պիտի Եվրոպան խուսափի Թուրքիայից
14.12.2015 | 12:14

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որ պատմության ֆակուլտետի շրջանավարտ է, ամենայն հավանականությամբ, այնքան էլ պարտաճանաչ ուսանող չի եղել: Տպավորություն է ստեղծվում, որ նա բաց է թողել ֆրանսիացի քաղաքական մեկնաբան Ալեքսիս Թոքիլի շատ կարևոր դասը. «Պատմությունը ցուցահանդես է, որտեղ քիչ են բնօրինակները ու շատ են պատճենները»:
Նոյեմբերի վերջին Լեհաստանի նախկին վարչապետը իր պաշտոնական Twitter-ում գրեց, որ Եվրամիության և Թուրքիայի նոյեմբերի 29-ին նշանակված նիստը կոչված էր «աշխուժացնել մեր հարաբերությունները և դադարեցնել միգրանտների հոսքը»: Այդ որոշումը ընդունվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ամենալուրջ միգրացիոն ճգնաժամի պատճառով: Համաձայնագիրը պարունակում է Թուրքիային աջակցության գործողությունների ծրագիր, որպեսզի Թուրքիան կարողանա օգնել Եվրոպային հաղթահարել միգրացիոն ճգնաժամը: Եվրոպացիները Թուրքիային շռայլ փաթեթ են առաջարկում, որ ներառում է 3 միլիարդ եվրո երկու տարում, վիզային սահմանափակումների մեղմացում և ԵՄ-ին անդամակցության արագացում: Շատերը այդ առաջարկն անվանեցին «անազնիվ գործարք», ԵՄ անդամներն այդպես էլ կոնսենսուսի չեկան համաձայնագրի ֆինանսավորման հարցում:
500 միլիոն եվրո կտրամադրվի ԵՄ բյուջեից, մնացած 2,5 միլիարդը պետք է հատկացնեն ԵՄ առանձին անդամներ՝ յուրաքանչյուր պետության ներդրումի չափը հաշվարկվելու է նույն բանաձևով, ինչ ԵՄ բյուջեի մուտքերը: Դա նշանակում է, որ բոլորից շատ պիտի վճարեն Գերմանիան (534 միլիոն եվրո), Մեծ Բրիտանիան (410 միլիոն եվրո) և Ֆրանսիան (386 միլիոն եվրո): Թեպետ ամենամեծ ներդրումն անելու է Գերմանիան, կանցլեր Անգելա Մերկելը, ում համարյա մեկ միլիոն փախստական ընդունելու պատրաստակամությունը հանգեցրեց ներքաղաքական վիթխարի ճնշումի, այցելեց Էրդողանին Թուրքիայում ընտրությունների նախօրեին և ստիպեց ԵՄ մյուս անդամներին վերջնականապես ձևակերպել համաձայնագիրը: Սակայն Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները (օրինակ՝ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը) վճռականորեն դեմ են այդ գաղափարին՝ չցանկանալով ԵՄ-ին առնչվող գործերում շատ մեծ հույսեր կապել մի պետության հետ, որ ԵՄ անդամ չէ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը միգրացիայի խնդիրներին նվիրված նոյեմբերյան սամմիթի ժամանակ ասաց. «Մենք չենք ուզում Թուրքիայի հետ բանակցությունների սեղանին նստել, որովհետև այդ դեպքում նրանք կորոշեն, որ մեր փրկության վերջին հույսն իրենք են»: Նա լուրջ կասկածներ ունի ԵՄ ձգտող Թուրքիայի հուսալիության վերաբերյալ, երբ մեր արևմտյան հարևանները պատրաստ են եվրոպական արժեքները մի կողմ դնել և միգրանտների հարցը լուծել՝ հետևելով Վոլտերի հայտնի ասույթին՝ «Երբ խոսքը փողի մասին է, բոլորը նույն հավատի են»: Զարմանալի է, թե որքան երեսպաշտ կարող ենք լինել մենք, ահաբեկչություններ ապրելով և մեր կենսակերպը պաշտպանելու սուր անհրաժեշտություն զգալուց հետո, որպեսզի աչքներս փակենք Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վրա և համաձայնենք Անկարայի պահանջին՝ իրեն փող տալ, իմանալով, որ «ԵՄ մտնելու Թուրքիայի ցանկությունը թելադրված է հիմնականում տնտեսական պատճառներով, այլ ոչ թե ժողովրդավարության որակը և երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու համար»՝ ինչպես գրել է Chatham House-ի վերլուծաբան Ֆադի Հակուրան: Սիրիայի ջիհադիստներին թուրքական զենքի մատակարարման զեկույցների լույսի տակ, որ հրապարակել են անօրինական ձերբակալված լրագրողները, Մոսկվայի նկատմամբ ագրեսիայից հետո, որը փորձում է պայքարել ԻՊ-ի դեմ փարիզյան ահաբեկչություններից հետո, իրավիճակն այնպիսին է, կարծես մենք վերապրում ենք 1855-ի սցենարը: Այնուհանդերձ, Դոնալդ Տուսկի խոսքով՝ «մենք այլ ելք չունենք», բացի համաձայնագրից մի երկրի հետ, որի պատմական ու մշակութային արմատները ոչ մի կապ չունեն Եվրոպայի հետ:
Ադրիել ԿԱՍՈՆՏԱ. The National Interest, США


Հ.Գ. Միգրացիոն ճգնաժամի հարուցած ֆինանսական խնդիրները չարյաց նվազագույնն են, իրականում փախստականները Հին աշխարհին շատ ավելի ծանր ու լուրջ խնդիր են առաջադրում՝ քաղաքակրթական բախում ու համարյա պատերազմ, մի քանի տասնամյակից Եվրոպայի իսլամականացում, եթե Եվրոպան շարունակի իր տոլերանտ քաղաքականությունը ագրեսորի հետ հարաբերություններում: Որտեղով անցել է թուրքը, մնացել են ավերակներ, բայց պատմական կտրվածքը այնքան կարևոր չէ, որքան հայացքն ապագային:
Իսկ Եվրոպան դեռ լուծում է Դանիայի արքայազնի հարցը, որ թատերական պերճախոսությամբ հարցնում էր՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»: Մուսուլմանները նման դեպքերում ունեն մի պատասխան՝ ալլահ աքբար, իսկ ի՞նչ են քրիստոնյաները հակադրում՝ իրենց տասը պատվիրաննե՞րը, թե՞ երկու հազար տարին խելամիտ ինչ-որ փորձ կուտակել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ