Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչպես երեքը բաժանել երկուսի

Ինչպես երեքը բաժանել երկուսի
11.12.2015 | 01:49

Ասում էի, չէ՞, պաշտոնական քաղաքական կյանքը Հայաստանում ավարտվեց հանրաքվեի քվեարկության ավարտի հետ, մնացածը տեխնիկական գործընթացներ են: Ի՞նչ ունենք հանրաքվեից հետո: Պետություն, որ կառավարման մոդել է փոխում: Որի գործող նախագահը համաժողովրդական ընտրությամբ ընտրված վերջին նախագահն էր, այսինքն՝ մենք այլևս չենք ունենալու նախագահական ընտրություններ, նախագահին ընտրելու է խորհրդարանը, որին, իբր, ընտրելու ենք մենք: Իսկ դա նշանակում է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները խորհրդարանական հանրապետություն Հայաստանում ավելի պայթյունավտանգ են լինելու, քան անցած բոլոր նախագահական ընտրությունները: Այսինքն՝ իշխանության առաջնահերթ խնդիրն է դառնում պատրաստվել ընտրություններին իշխանական ու ընդդիմադիր դաշտերում միաժամանակ, որ արտահամակարգային ոչ մի ուժ մոտ չգա Բաղրամյան 19-ին: Սա ինքնասպասարկման նոր մակարդակ է, որը կրկնում է նախորդ մակարդակների մեթոդները, թեթևակի փոխվում են կարգախոսները, անունները, բուն բովանդակությունը մնում է նույնը: Հասարակությանը ճշմարտության անվան տակ նույն սուտը մատուցելու նույն տեխնոլոգիաները վկայում են, որ պայմանական են հնի ու նորի բաժանումները: Իրականում բաժանարար գիծ չկա, կա անպարագիծ ձգտում դեպի իշխանությունը, որը բավարարվում է պարբերաբար դերակատարներին փոխելով ու հանդիսատեսին պրեմիերա խոստանալով, երբ նույնն են պիեսը, պիեսի հեղինակն ու բեմադրիչը: Նույնն է նաև հանդիսատեսը:
Հպանցիկ հիշեցում. մեզնից առաջ հարևան Վրաստանում արդեն կառավարման համակարգը փոխվել է՝ Վրաստանը նախագահականից անցել է խորհրդարանական կառավարման՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությամբ, երբ ավարտին էր մոտենում նրա պաշտոնավարման ժամկետը: Փոխելով Սահմանադրությունը՝ Սաակաշվիլին օրենսդրական հնարավորություն էր ստանում մնալ մեծ քաղաքականության մեջ՝ պաշտոնավարելով իբրև վարչապետ: Սահմանադրական փոփոխություններից առաջ շատերն էին նրան այդ մեղադրանքը ներկայացնում, բայց 2012-ին նա պարտվեց խորհրդարանական ընտրություններում՝ «Միացյալ ազգային շարժումը» դարձավ ընդդիմություն, իշխանությունն անցավ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանքին», հետո նաև Իվանիշվիլին հրաժարական տվեց ու դարձավ պետության ստվերային կառավարիչ՝ հմտորեն խաղարկելով վարչապետի ու նախագահի իրավասությունների ու անձնական հավակնությունների բախման խաղաքարտը, որպեսզի մշտապես լինի արբիտրի դերում: Հարևան Ադրբեջանը, առանց ժողովրդավարական հավակնությունների ու ձևականությունների, Սահմանադրության մեջ փոխեց մի քանի բառ և նախագահ Իլհամ Ալիևին տվեց ցմահ նախագահելու օրենսդրական հնարավորություն՝ ինչպես ամբողջ Միջին Ասիայում է: Հարևան Թուրքիայում երկրորդ անգամից հասնելով նպատակին՝ խորհրդարանական ընտրություններում միակուսակցական կառավարություն կազմելուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արդեն հաջորդ օրը հայտարարեց, որ թուրք ընտրողն իր առաջ խնդիր է դրել անցնել նախագահական կառավարման, այլապես՝ ո՞ւմ էր պետք ԱԶԿ-ի հաղթանակը, եթե չի ծառայելու երկրի զարգացմանը: Հավերժ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չհիշեցնեմ: Այսինքն՝ այս թատրոնը խաղարկվում է տարածաշրջանային բեմում, և ոչ միայն՝ հետխորհրդային տարածքում ևս: Ռուսաստանը մի թեթև փոփոխություն բերեց. նախագահը դարձավ վարչապետ, վարչապետը՝ նախագահ, նախագահը՝ նորից վարչապետ, վարչապետը՝ նորից նախագահ: Եվ բոլոր երկրներում իշխանություն-ընդդիմություն թեման քաղաքական հիմնական խնդիրն է:

Միջին Ասիայում ընդդիմությունը բաժանվում է երկու մասի՝ յուրայիններ, որոնց ժամանակավորապես հանձնարարել են խաղալ ընդդիմության դերը, և իսկապես ընդդիմադիրներ, որոնք պաշտոնապես հայտարարվում են քրեական հանցագործներ կամ դառնում են քաղաքական բանտարկյալներ: Արևելքից Արևմուտք շարժումը ի հայտ է բերում համեմատական ժողովրդավարացում, գոնե պահպանվում են արտաքին հայտանիշերն ու խաղի որոշակի կանոններ, բայց նույն վայրի պայքարն է հանուն իշխանության: Ինչպե՞ս անցավ հանրաքվեն Հայաստանում: Նույն շրջանակում: Եվ իբրև պայքարի շարունակություն՝ ի հայտ եկավ հին ու նոր ընդդիմության կռիվը: Իրականում չկա հին ու նոր ընդդիմություն: Նրանք բոլորը նույն համակարգի մասերն են, որ չեն կարող դուրս գործել համակարգից և համատեղ պայքարում են հանուն համակարգի գոյատևման: Իսկ ավելի կոնկրետ՝ արդեն հանրաքվեից մեկ օր անց իրենց նոր ընդդիմություն հռչակած «Ալյանս» և «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունները խորհրդարանի հարթակից մեղադրեցին հին ընդդիմությանը՝ «Ոչ»-ի միասնական շտաբի մեջ մտնող ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին, «Նոր Հայաստան» կուսակցությանը, որ տապալեցին «ոչ»-ը և իշխանափոխությունը: Դեռ մինչև հանրաքվեն արձագանքելով Ժիրայր Սէֆիլյանի իրեն հարթակ հրավիրելու կոչին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական պայծառատեսության մղումով հայտարարել էր, որ դեպի պարտություն չի տանի ժողովրդին: Հանրաքվեից հետո նա և «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան ՈՒրիխանյանը արդեն պատրաստ էին ստանձնել ընդդիմադիր ընտրազանգվածին առաջնորդելու պատասխանատվությունը: «Մեկ միլիոն, եթե ոչ ավելի մարդ արտահայտեց իր դժգոհությունը, արտահայտեց իր «ոչ»-ը: Սա նշանակում է, որ հենց այդքան մարդ դժգոհ է անարդյունավետ կառավարումից, դժգոհ է առկա իրավիճակից, դժգոհ է նրանցից, ովքեր իրականացնում են այդ անարդյունավետ կառավարումը»,- հայտարարեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան ՈՒրիխանյանը՝ անհրաժեշտ համարելով այնպիսի ուժի ձևավորումը, որը դաշտից կհեռացնի իշխանություններին և նրանց սպասարկող հնացած ավանտյուրիստներին: Այսինքն՝ գալիս է նոր ավանտյուրիստների աստեղային պահը, որ խոստանում են «եկող ընտրությունների ժամանակ ստեղծել այն ուժը, որը չի տանելու հերթական պարտությունների»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեից հետո հանրության մեծամասնությունը նորից հիասթափություն է ապրում՝ լուծումների հասկանալի բանաձև չգտնելով, որ պետք է առաջարկեր հրապարակի ընդդիմությունը: Նրանց բանաձևը չի աշխատում, երբ հրապարակը չի լցվում տասնյակ հազարավոր քաղաքացիներով, ովքեր պետք է իշխանափոխություն իրականացնեն, ու Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր բանաձևը՝ ստեղծել կուսակցություն, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններում կկարողանա ապահովել իր ստացած ձայների անձեռնմխելիությունը: Նաև ձևն է առաջարկում՝ 6 հազար հոգանոց վստահված անձանց միավորում՝ ամեն ընտրատեղամասում 3-ական, որ կապահովեն ընտրությունների իրական արդյունքի ամրագրումը: Փաստացի՝ նոր ավանտյուրան լիուլի տոգորված է ռոմանտիզմով՝ «Սիրելի հայրենակիցներ, դարձեք 6 հազար վստահված անձանցից մեկը, քաղաքական թիմի ներկայացուցիչներից մեկը, ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանը կազմակերպչական, ֆինանսական աջակցություն ցուցաբերողներից մեկը, և մենք միասին կհաղթենք: Հաղթանակը գործողություն է սպասում մեզնից յուրաքանչյուրից»: Հասկացա՞ք՝ ինչքան հեշտ է, վեց հազար կամիկաձե և ձերն է կապույտ եզրաշերտերով ափսեն, որի վրա երեք բանալիներն են՝ կառավարության, խորհրդարանի և նախագահականի: Այդ ընթացքում իշխանությունն արդեն կամ՝ խորապես համակված է լինում ինքնամեկուսացման համաճարակով և համարյա իր ձեռամբ է ափսեն հանձնում սամուրայներին՝ վստահ, որ խարակիրի չի լինի, կամ՝ նրանց ուղարկում է հին ընդդիմության նվիրական ոտնահետքերով, որովհետև համակարգում ոչ միայն ամեն մեկն ունի իր տեղը, այլև իր ժամանակը, հավերժ է պայքարը, պայքարողները գալիս-գնում են:
Այո, ստացվեց այնպես, որ հանրաքվեում «Ոչ»-ը ապահովեց «Այո»-ի ցուցադրական հաղթանակը: Հանրաքվեում՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած իշխանությունն ուներ երկու խնդիր՝ նախ ապահովել մասնակցություն, հետո՝ «այո»: Դատելով հանրաքվեի նախնական արդյունքներից՝ իշխանությունն ընտրեց առավելագույն հավաստիություն ներշնչող նվազագույն շեմը, որ պահանջում էր հանրաքվեի մասին օրենքը՝ կայացած համարելու համար հանրաքվեն՝ քվեարկության գնաց 51 %-ը: Տեխնիկայի հարց էր 51 %-ի ներսում «այո»-ի ու «ոչ»-ի համամասնությունը կազմելը: Հանրաքվեն բոյկոտել առաջարկողները հիմա մեղադրում են «Գնացեք ու «ոչ» ասեք» մարտավարությունը, իրականում դա ևս հնարովի մեղադրանք է՝ կգնային, թե չէին գնա, կ«այո»եին, թե կ«ոչ»եին, ԿԸՀ-ն վաղուց ուներ քվեարկության պատկերը, որ տեխնիկական որոշ դժվարությունների բախվելով՝ ի վերջո բարեհաջող պրոյեկտեց լրագրողների համար, և իրենց վճռական խոսքն ասացին ՀՀ բոլոր ընտրողները՝ Հայաստանում են, թե Հայաստանում չեն, ոչ մի նշանակություն չունի: Առաջին նախագահը լռեց, երկրորդը միայն երրորդ օրը կրկնակի միջնորդավորված՝ իր խոսնակի միջոցով, ոչ առաջին դեմքով հայտարարեց, որ «հանրաքվեի արդյունքները զրկվում են լեգիտիմությունից» ու «տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում», «երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներ» են առաջանում, երրորդ նախագահը հենց հաջորդ օրը, առանց սպասելու հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակմանը՝ հայտարարեց, որ Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման ու աշխատելու են միասին: Ո՞Ւր էր շտապում՝ ինքը գիտի: Փոխված սահմանադրությունը նրան լիուլի ազատություն է տալիս. կուզես՝ նախագահ դարձիր՝ յոթ տարով, կուզես՝ վարչապետ՝ հինգ տարով: Կա նաև վեցերորդ գումարման ԱԺ նախագահ դառնալու տեսական հնարավորություն: Բոլոր հաշվարկները կառուցված են այն հիմքով, որ ՀՀԿ-ն կազմում է կայուն մեծամասնություն խորհրդարանում և արդեն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական բիլինաների հերոսի նման հայտնվում է երեք ճանապարհների ճամփաբաժանին, որոնք ի վերջո, նույն տեղն են տանում: Իսկ եթե ՀՀԿ-ն չի՞ դառնում կայուն մեծամասնություն: Նախ՝ դառնում է անպայման ու անվերապահ՝ իբրև Հայաստանի ամենակայացած, ամեն օր ու ամեն տեղ աշխատող, բոլոր մարզերում կառույցներ ունեցող, ամենակայացած, պահպանողական քաղաքական ուժ, որ անկախ Հայաստանի պատմությունը զուգահեռել է իր պատմությանը, ապա՝ ինչի՞ համար են օժանդակ ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ընթացքում կորոշվի նաև ովքեր նորերից, որ կոչված են լինելու կոալիցիա կազմած կամ չկազմած ՀՀԿ-ի համար կատարել ընդդիմության միշտ զբաղված, բայց միշտ թափուր դերը: Սա է պատմությունը: Ինչու «Նոր Հայաստանը» իշխանափոխություն չարե՞ց: Ինչի՞ն էր նվիրված ձմեռային գիշերակացությունը հրապարակում ու երթուդարձը փողոցներում: Ի՞նչ պատգամներ էր տալիս Րաֆֆի Հովհաննիսյանը, ու ի՞նչ էր սպառնում Ժիրայր Սէֆիլյանը: Չափահաս մարդիկ եք, լուրջ եղեք, անտրակտը թատրոնում ներկայացման մասն է, նույնիսկ եթե ոչ ոք այդ ընթացքում ոչինչ չի խաղում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց 2016-ի պետական բյուջեի նախագիծը: Եզրափակիչ ելույթում վարչապետն ասաց. «Ամեն ինչ էլ կարելի էր գրել ու ասել, եթե դու չես դրա պատասխանատուն, եթե դու չես լինելու ասվածի և հետո այդպես էլ չարվածի կրողը»: Թարգմանաբար՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 2016-ին վարչապետը ինքն է: Եթե ընդունենք, որ ընտրություններից առաջ վարչապետ չեն փոխում, ինքն է նաև 2017-ին, դեռ կարող է շտաբի պետ էլ լինել: Ի՞նչ մնաց: Մնաց Սերժ Սարգսյանը որոշի՝ ինչպես երեքը բաժանել երկուսի: Առանց ամբողջականությունը խախտելու: Համակարգի ներսում:

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ