«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ ո՞ւմ է համոզելու

Ո՞վ ո՞ւմ է համոզելու
04.12.2015 | 01:42

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին: Երկար ժամանակ խոստացված հարցազրույցը, որ հանրաքվեից չորս օր առաջ լինելով՝ պիտի փարատեր կասկածողների կասկածները և ամրապնդեր հավատացողների հավատը: Սահմանադրության փոփոխությունները, բնականաբար, եղել են ընտրյալների հետ հաղորդակցության առանցքում, և ընտրյալներն էլ արդարացրել են բարձր վստահությունը: Ժողովրդի: Երեկ հարցազրույցի որոշ հատվածներ հրապարակվել էին, և այդ հատվածների ընթերցումից երկու հրատապ հարց ծագեց։ Առաջին՝ իսկ ի՞նչ գիտի Հայաստանի մասին ՀՀ նախագահը, և երկրորդ` ի՞նչ գիտի Հայաստանը ՀՀ նախագահի մասին: Ակնհայտորեն տարբեր են գիտելիքները, բայց դա նորմալ է, ավելի մտահոգիչ է, որ գիտելիքի ձևավորման չափանիշներն են տարբեր: Նաև՝ կիրառման: Օրինակ՝ երբ միջազգային վարկանիշով Հայաստանը որակվում է տարածաշրջանի ամենաապահով երկիր, նշանակում է, որ ՀՀ նախագահը կատարել է ապահով Հայաստանի նախընտրական խոստումը, թեպետ ինքն էլ թվարկում է, թե անապահովության ինչ դեպքեր կան: Հիշեցնեմ վերջինը՝ ահաբեկչական խումբ է ձերբակալվում մայրաքաղաքի ամենաապահով թաղամասում, որի անդամները հանրապետության մարզերից են: Հիմա ապահո՞վ, թե՞ անապահով երկրում ենք ապրում: Լավ, «խորհրդարանական համակարգում գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունը երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է»: Լավ, ռազմական իրավիճակներում վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար և, ունենալով խորհրդարանի սատարումը, կարող է շատ համարձակ լինել իր որոշումների կայացման մեջ: Լավ, «ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք անել՝ հավասարակշռելու նպատակով», «իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որ ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն»: Լավ, Սերժ Սարգսյանն աշխատելու է մինչև 2018-ը՝ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցի վարչապետին կամ նախագահին: Լավ, եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 նախագահի թեկնածու: Լավ, Սերժ Սարգսյանը «կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չի հրաժարվում», բայց նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից հրաժարվում է: Միջազգային կառույցներին չի կաշառում, Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցում է, 3 տարի հետո կավարտվի Վրաստանի սահման-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը: Լավ, մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն: Եվ կարող է լինել միայն մեկ կուսակցություն, որի անդամներն ամեն օր ու ամեն ժամ աշխատում են, իսկ մյուսները չեն ուզում աշխատել, բայց ուզում են ընտրություններում հաղթել: Լավ, մենք կուսակցությունների թվով համաշխարհային առաջատար ենք: Լավ, «վիրտուալ աշխարհում ապրող մարդիկ կան»: Լավ, չկա մի երկիր, որտեղ օրենքները 100 տոկոսով գործում են, որտեղ չկան կաշառակերներ, վատ ոստիկաններ, դավաճան դատախազներ: Լավ, համեմատությունը պետք է անել ժամանակի մեջ և տարածության: Լավ, «իշխանությունների համար շատ դժվար է իդեալական վիճակ ստեղծելը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ամեն ինչ հասկացանք, բայց կա երրորդ հարցը՝ ե՞րբ ենք սկսելու նորմալ ապրել, ու այդ աննորմալ ցանկության և հանրաքվեի միջև կապ կա՞: Երբ երկրի նախագահը այսքան իդեալիստ է, իսկ երկիրն այսքան մերկանտիլ, ո՞վ ո՞ւմ է համոզելու իր ճշմարտության մեջ, թե՞ շարունակելու ենք իբրև «ակադեմիկոսներ» բարևել իրար, ու ավելացնելու ոչինչ չի մնալու:

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ