«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էրդողանը վա բանկ գնաց

Էրդողանը վա բանկ գնաց
01.12.2015 | 12:36

Եթե ակնկալվում էր, որ Փարիզում համաշխարհային առաջնորդները կնպաստեն ռուս-թուրքական լարման նվազեցմանը, կամ նրանք չարեցին այդ քայլերը, կամ հաջողության չհասան: Էրդողանը ներողություն չխնդրեց, Պուտինը նրան չհանդիպեց: Թուրքերն արդեն հաշվում են ռուսական պատժամիջոցներից առաջին վնասները՝ 6,5 մլրդ դոլար` 6 մլրդ դոլար զբոսաշրջության ոլորտում, 500 մլն՝ գյուղատնտեսության ոլորտում։ Բայց դա միայն սկիզբն է: Էրդողանին չհանդիպելու համար ՌԴ նախագահն անգամ ուշացել է Փարիզում բոլորի հետ համատեղ լուսանկարից ու հետո բացատրել է «տեխնիկական պատճառներով»՝ «աշխատանքային լարված գրաֆիկի»: Որ ՌԴ նախագահը բոլոր հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորություն ունի, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Նրա մամլո քարտուղարը հաճախ է տարբեր պատրվակներ գտել՝ արդարացնելու հավերժական ուշացումների սովորությունը: Փարիզում մամլո ասուլիսում Պուտինը նորից հայտարարել է, որ Ռուսաստանը նոր ապացույցներ է ստացել, որ ԻՊ-ի վերահսկած տարածքներից նավթ է հասնում Թուրքիա, որ կարևոր չէ, որ Էրդողանն անձամբ չի ընդունել Սու - 24-ը խոցելու որոշումը, դա Անկարայի մեծ սխալն է: Իսկ հետո ափսոսել է իր ժամանակն ու ջանքերը, որ ծախսել է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու վրա:
Էրդողանի պատասխան քայլը չի ուշացել՝ նա հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկն ապացուցի, թե «Իսլամական պետությունից» Թուրքիան նավթ է գնում ու վաճառում, ինքը հրաժարական կտա և հարցրել է՝ իսկ եթե չապացուցվի, պարոն Պուտինը կլքի՞ պաշտոնը։ Ավելին՝ Էրդողանն ասել է, որ մի քանի նախագահների հետ հանդիպմանն այդ մասին խոսել է: Փաստացի՝ ձնագունդը մեծանում է: ՈԻ՞մ է ձեռնտու ռուս-թուրքական հակասությունների ավելի խորացումը, ինչո՞ւ չեն փորձում նրանց կանգնեցնել: Այս հարցը դեռ իր պատասխանների ժամանակն ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Հայաստանի երդվյալ ռուսամետները արդեն գտել են իրենց ժամանակը՝ բոլորիս վախեցնելու, որ ստեղծված վիճակում Թուրքիան դրդելու է Ադրբեջանին պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի Ռուսաստանից վրեժ լուծի Հայաստանի միջոցով: Պետականության զգացումի իսպառ բացակայությունը և համաշխարհային քաղաքականությունը թաշկինակի հետ շփոթելու հակումները նրանց մղում են նման եզրակացությունների: Նոր պատերազմը միայն մառազմատիկների մտահանգումների մեջ է ծագում ու հրամցվում հասարակությանը որպես ռեալ վտանգ՝ առավել սերտ Ռուսաստանից կառչելու համար: Ե՞րբ են նրանք հասկանալու, որ իրենց հայրենիքը Հայաստանն է:

Դիտվել է՝ 1573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ