«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անթալիան՝ հանդիպման հարթակ

Անթալիան՝ հանդիպման հարթակ
17.11.2015 | 01:26

G20 սամմիթը սկսվել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, սամմիթին չի մասնակցում Ֆրանսիայի նախագահը: Անթալիայում G20-ի շրջանակներում կայացել է ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԲՌՀՉՀ-ն էական ներդրում ունի համաշխարհային առևտրի, արդյունաբերության և տեխնոլոգիական կոոպերացիայի մեջ: Նա ընդգծել է, որ G20-ի օրակարգը համապատասխանում է ԲՌՀՉՀ-ի գերակայություններին՝ ԲՌՀՉՀ-ի երկրները և G20-ը մեծ ուշադրություն են դարձնում ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: G20-ը նա համարել է լավ հնարավորություն համադրելու տեսակետները առանցքային հարցերում, գնահատելու որոշումների կատարման ընթացքը և նոր ուղենիշներ սահմանելու: ՌԴ նախագահի կարծիքով՝ օրակարգային է մնում համաշխարհային բաց տնտեսություն ստեղծելու խնդիրը, առևտրի, տրանսպորտի, տեխնոլոգիական փոխանակումների դիվերսիֆիկացիան, գլոբալ տարադրամաֆինանսական համակարգի բարենորոգումը: Այդ խնդիրների լուծմանն էր ուղղված նրա կարծիքով, ՈՒֆայում ընդունված մինչև 2020-ը Տնտեսական գործընկերության ռազմավարությունը, որի իրականացումը կամրապնդի կառույցի երկրների փոխգործակցությունը, թույլ կտա օգտագործել բոլոր ռեսուրսները: Նա կարևորել է Զարգացման բանկի գործունեությունը՝ 200 միլիարդ դոլար կապիտալով, որը ինքնուրույն ռազմավարական ծրագրեր իրականացնելու հնարավորություն է ԲՌՀՉՀ երկրների համար: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև G20-ի օրակարգին, որը ներառում է ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների խնդրի լուծումը: «Մենք լավ հասկանում ենք, որ ահաբեկչական սպառնալիքը վերացնել և օգնել միլիոնավոր մարդկանց, որ կորցրել են իրենց տունը, հնարավոր է միայն համաշխարհային հանրության ուժերը միավորելով: Մենք բոլորս տեսանք փարիզյան սարսափը: Մենք ցավակցում ենք բոլոր տուժածներին և միշտ հանդես ենք գալիս ուժերը համատեղելու կոչով՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար: Պետք է գործել ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան, հիմք ընդունելով միջազգային նորմերը և հարգելով յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն ու շահերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է, որ եկող տարի ԲՌՀՉՀ-ում նախագահելու է Հնդկաստանը, իսկ G20-ում՝ Չինաստանը, հնդիկ ու չինացի գործընկերներին հաջողություն է մաղթել ու ամենագործուն աջակցություն խոստացել:
Թուրքիայի նախագահի անձնական հրավերով Իլհամ Ալիևը ևս մասնակցել է G20-ին: Աշխատանքային ճաշի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն ճգնաժամի թեմայով քննարկումներում G20-ի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, թե իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է»: Նա հայտնագործել է, որ «Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության գործողություններից ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել» և կրկնել է Լեռնային Ղարաբաղի հարցով դիրքորոշումը՝ «հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. G20-ի շրջանակներում Անթալիայում 20-րոպեանոց ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ՌԴ նախագահն ու ԱՄՆ-ի նախագահը, հանդիպմանը ներկա են եղել միայն թարգմանիչները: ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովն ասել է, որ երկու նախագահները քննարկել են իրավիճակը Սիրիայում, ապա՝ ՈՒկրաինայում, ավելի մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայի խնդրին: Հարցին՝ հնարավոր դարձե՞լ է Սիրիայի հարցում ավելի մերձ դարձնել տեսակետները, Յուրի ՈՒշակովը պատասխանել է, որ երկու պետությունների ռազմավարական նպատակները ԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարում շատ մոտ են, բայց մարտավարական տարբերությունները մնում են առաջվանը: Reuters-ը ևս հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման քննարկել են Սիրիայի հակամարտության հանգուցալուծման տարբերակները: Նրանք նշել են Վիեննայի բանակցություններում նշանակալից առաջընթացը և միակարծիք են եղել, որ Փարիզի ահաբեկչությունները անհրաժեշտ են դարձնում Սիրիայում հրադադարի հաստատումը: Բարաք Օբաման ցավակցել է Վլադիմիր Պուտինին A321 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Ֆրանսիայի ողբերգական դեպքերը վկայում են, որ անհրաժեշտ է և վաղուց էր պետք համատեղել ջանքերն այդ չարիքի դեմ պայքարում»,- ասել է Պուտինը G20-ի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։ Ցավակցելով ՌԴ նախագահին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ միասին պետք է աշխատել ահաբեկչության դեմ պայքարում։

Դիտվել է՝ 1221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ