ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կիկոսը չի մեռել

Կիկոսը չի մեռել
15.11.2015 | 14:37

Նոյեմբերի 2-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում 24 կողմ, 16 դեմ ձայներով հավանություն է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլտերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցին, ու մամուլը սկսել է աղմկել: Ճիշտ է անում: Բայց ի՞նչ է ասում: Տարատեսակ մեղադրանքներ ու «ինչուներ» առաջադրողները հարկ համարո՞ւմ են քննարկել պատճառները, թե՞ ավելի հեշտ է հետևանքների հետևից ընկնել: Ինչո՞ւ է ոմանց թվում, որ ԵԽԽՎ-ն պիտի լինի հայկական շահերի պաշտպանության հարթակ: ՈՒ առհասարակ՝ ամբողջ Արևմուտքը գործը մի կողմ թողած՝ պիտի զբաղվի Հայաստանի Հանրապետություն պահելով: Որևէ մեկի մտքով անցնո՞ւմ է պարզել, թե Հայաստանի Հանրապետությունն իրեն ինչպե՞ս է պահում Արևմուտքի ու Եվրոպայի հետ հարաբերություններում: Որևէ մեկը կհիշի՞, որ զեկույցի գաղափարը և վերնագիրը ի հայտ եկան եվրաասոցացումից Հայաստանի կտրուկ հրաժարումից հետո: Թե՞ եվրոպացիներին տրված է ըմբռնումը, մեզ՝ հարկադրված քայլերի ազատությունը: ԵԽԽՎ-ն շատ փառահեղ ընտրեց Ռոբերտ ՈՒոլտերին՝ Մեծ Բրիտանիայի պատգամավորին: Նախ՝ կան ավանդույթներ. ԼՂ հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովը ժամանակին գլխավորել էր Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հանգուցյալ լորդը մի քանի տարի չկարողացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելուն նպաստել, այնպես էլ դեռ ողջ Ռոբերտ ՈՒոլտերը չի կարող խորացնել անվստահության մթնոլորտը: Որևէ մեկը թվաբանական հաշվարկ արե՞լ է՝ քանի՞ պատգամավոր կա ԵԽԽՎ-ում, ԵԽԽՎ անդամ երկրներից քանի՞սն են մուսուլմանական ու մուսուլմանամետ հենց Եվրոպայի կենտրոնում: Երրորդ՝ այդ երկրներից քանի՞սն ունեն տարածքային խնդիրներ հարևանների հետ: Ինչո՞ւ է տարածքային ամբողջականության սկզբունքը նրանց համար նախընտրելի ազգերի ինքնորոշման սկզբունքից: Թեկուզ ԵԽԽՎ-ն հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից իր որոշումներում ու բանաձևերում: Եթե այս հարցերի պատասխաններն ունեք, անցնենք հաջորդ հարցին՝ միջազգային կառույցներում Հայաստանին առնչվող որոշումների ընդունման կամ չընդունման պատասխանատուն այդ կառույցներում Հայաստանի պատվիրակությո՞ւնն է, թե՞ Հայաստանի Հանրապետությունը: Սա սկզբունքային հարց է: Երբ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը միայնակ դեմ է քվեարկում Ռուսաստանին վերաբերող հարցին, նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետությո՞ւնը, թե՞ իր անձնական տեսակետը: ՈՒ ի՞նչ հետևանքներ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի անվերապահ ռուսամետությունն ու ռուսական շահի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության՝ իբրև անկախ պետության համար: Ռուսաստանը երբևէ որևէ միջազգային կառույցում անվերապահ պաշտպանե՞լ է Հայաստանի Հանրապետության տեսակետը: Նույն ԵԽԽՎ-ում, երբ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը դեռ մասնակցում էր լիագումար նիստերին: Որևէ մեկը տեղյա՞կ է ՌԴ պատվիրակության քվեարկություններից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի՞, թե՞ Հայաստանի էին: ՈՒ՝ ինչո՞ւ: Նրանք ունեն շահեր, մենք՝ ո՞չ: Մերը Ռուսաստանին միջազգային կառույցներում միայնակ չթողնե՞լն է՝ ԵԱՏՄ-ից մինչև Ղրիմ: Սեփական երկրի և օտար երկրի շահերի նույնականացման հետևանքները ի հայտ են գալիս տարբեր զեկույցների ու որոշումների տեսքով, որոնց պետք է պատրաստ լինել, երբ աչքներս բաց քվեարկում ենք հօգուտ ռազմավարական գործընկերոջ՝ հակառակ բոլորի:
Վաղուց հայտնի էր՝ ո՞վ է Ռոբերտ ՈՒոլտերը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը ոչինչ չունե՞ր անելու: Այո, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարող է իր հայրենակցի զեկույցի վերաբերյալ ասել, որ նա անկախ է ու ներկայացնում է անձնական, բայց ոչ Մեծ Բրիտանիայի տեսակետը այդ հարցում: Բայց ուրի՞շ ինչ պիտի ասի նորանշանակ դեսպանը:

Հրապարակավ բացատրի՞, որ դիվանագիտական աշխատանքը միայն հանդիպումներն ու հայտարարությունները չեն, որ կան աշխատանքի տասնյակ մեթոդներ՝ ոչ հրապարակային, արդյունքի միտված: Կամ՝ ի՞նչ է արել ԼՂՀ արտաքին գործերի նախարարը, որ Ռոբերտ ՈՒոլտերը առանց Ղարաբաղում լինելու Ղարաբաղի մասին զեկույց է գրում: Ղա-րա-բա-ղի՝ իրենց, առաջին շահագրգիռը իրենք պիտի լինեն, որ զեկույցը իրականությանը համարժեք լինի, որ հասկանալի դառնա, թե ո՞վ է այդ «Բռնության էսկալացիայի» հեղինակն ու պատվիրատուն, որո՞նք են «Ադրբեջանի այլ գրավյալ տարածքները»: Լեռնային Ղարաբաղն էլ հետը՝ ո՞վ է գրավել, Ղարաբաղը ինքն իրե՞ն գրավել է ու պատա՞նդ է պահում: Մի շաբաթից ավելի է անցել՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը ձայն հանե՞ց: Ասա՞ց՝ ճիշտ եք անում, կամ՝ սխալ եք անում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից հետո հայտարարություն արե՞ց: ՈՒ՝ ի՞նչ ասաց:
Իսկ ի՞նչ պիտի աներ Ադրբեջանը: Գոնե մի տեղ պիտի՞ փորձեր ռևանշի հասնել: ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունները չեն ստացվում՝ որքան էլ խումբը պահպանում է պարիտետային հայտարարությունների քաղաքականությունը, Բաքվի համար քիչ է, այնքան քիչ է, որ արդեն կրակում է նրանց վրա: Այնքան քիչ է, որ վաղուց փորձում է հարցը տեղափոխել միջազգային բոլոր հնարավոր ատյաններ ու այնտեղից իրեն ձեռնտու որոշումներ, բանաձևեր ու հայտարարություններ պոկել: Այնքան քիչ է, որ վաղուց սեպարատ բանակցում է Մոսկվայի հետ՝ ԵԱՏՄ մտնելու մասին՝ Ղարաբաղը ստանալու դիմաց: Եվ հաջողության չի հասել, որովհետև Մոսկվան ուզում է ոչ թե Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայությանը հանձնել, այլ իր գերակայությունը սահմանել: Հետո ի՞նչ` սահմաններ չունի: Խաղաղարարներ կտեղակայի, ու ահա քեզ սահման: Այն, ինչ իր զեկույցում շարադրել է Ռոբերտ ՈՒոլտերը, պատերազմում պարտված Բաքվի երազանքների պատմությունն է: Այո, պատգամավորի կինը թրքուհի է, այո, Ադրբեջանում բիզնեսներ ունի, այո, ՈՒոլտերը խախտել է ԵԽԽՎ կանոնակարգը՝ հայտարարելով, որ շահերի բախում չունի: Ի՞նչ բախում ունի՝ լիովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Այնքան է պաշտպանում, որ զեկույց է գրում մի տարածքի մասին, որտեղ չի եղել: Ինչո՞ւ լիներ՝ Բաքվում եղե՞լ է, եղել է, բավարար չէ՞ Բաքվի տեսակետը արտահայտելու համար: Ինչո՞ւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը 24 կողմ և 16 դեմ ձայներով քվեարկեց հօգուտ ստի ու բացարձակ կանխակալության: 24 պատգամավոր համոզված են, որ իրավունք ունեն ընթացք տալ զեկույցի քննարկմանը: Նրանց չի մտահոգում զեկույցի բովանդակությունը, որ գուցե չեն էլ կարդացել: Նրանց պետք է, որ Ստրասբուրգում լիագումար նիստում զեկույցը քննարկվի: Եթե նրանք Փարիզում զեկուցող փոխեին, հարց էր ծագելու՝ մինչև հիմա ի՞նչ էիք անում, որ նոր եք արթնացել: Զեկուցող փոխելը, ինչպես առաջարկում էր Հայաստանի պատվիրակությունը, նշանակելու էր զրո կետից սկսել հարցը, իսկ դա ներքին պայմանավորվածությունների խախտում էր: Հունվարին Ստրասբուրգում Ադրբեջանն ու Թուրքիան տոտալ զորահավաք կհայտարարեն «իրենց» պատգամավորների, որ զեկույցն ընդունվի և ընդունվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ, որ Բաքվի ձեռքին բացի անցյալ դարում ընդունված ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերից, գոնե՝ մեկ այս դարում ընդունված փաստաթուղթ լինի, որ իրենք զոհ են, Հայաստանը՝ ագրեսոր: Ի՞նչ ենք անում մենք: Ինչպես միշտ, խոսում ենք՝ տեղյակ-անտեղյակ, հին-նոր, ով ասես ու ինչ ասես ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, բայց ոչ բուն հարցի մասին: Բոլորն էլ փայլուն գիտեն՝ ինչպես ու ինչու հնարավոր դարձավ, որ նման զեկույց պատրաստվի, բայց հիմա հարցերի հարցը դա են դարձրել, մտածելու փոխարեն՝ ի՞նչ անել հունվարին, որ Ադրբեջանը չհասնի իր նպատակին: Պարտվողականությունը ուրի՞շ է լինում: Լրատվական դաշտը պատասխանատվություն չունի՞ իրավիճակի համար: Հայաստանը միայն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությա՞ն հայրենիքն է, թե նաև մի քիչ մերը: Քանի՞ լրագրող է գնում ԵԽԽՎ նստաշրջաններին ու Ստրասբուրգից լուսաբանում՝ ինչ է կատարվում լիագումար նիստում ու կուլիսներում: Քանի՞ լրագրող է անձամբ տեսել՝ ինչպես է պատվիրակությունն աշխատում, աշխատում է, թե չի աշխատում, ով ինչ է անում ու չի անում: Քանի՞ պաշտոնյա՝ նախկին ու ներկա, որ այսօր ծանր ու մեծ դաս են տալիս, իրենք իրենց հնարավորություններով փորձել են իրավիճակ փոխել: Իհարկե, Ստրասբուրգը Համզաչիման գնալ չէ, ֆինանս է պետք, վիզա, անգլերենի կամ ֆրանսերենի իմացություն, միջազգային կառույցի կառուցվածքի ու աշխատանքների իմացություն, ավելի հեշտ է Երևանից զանգահարել պատվիրակության այս ու այն անդամին ու հարցնել՝ ի՞նչ կա, ի՞նչ է եղել, ինչո՞ւ, հետո գրել՝ ինչ ուզում ես: Դու ի՞նչ մեղավոր ես, որ քեզ Ստրասբուրգ չեն տարել: Իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, երբ գալիս է նստաշրջան, լրագրողները պատվիրակության անդամներից շատ են լինում ու ամեն տեղ նրանց հետևից տեսախցիկներով ման են գալիս, որ իրենց հանրությանը ներկայացնեն նրանց աշխատանքը, վերջապես, որ տպավորություն թողնեն, թե Ադրբեջանում որքան են կարևորում լրատվությունն ու հասարակական կարծիքը: ՈՒ դա բոլորովին էլ երկրորդական հարց չէ Հայաստանի պատվիրակության համար: Կանոնակարգով պատվիրակությունը կազմվում է ԱԺ խմբակցությունների ներկայացրած թեկնածուներով: Սովորաբար ընտրում են նրանց, ովքեր անգլերեն կամ ֆրանսերեն գիտեն, բայց փորձը ցույց է տալիս, որ նվազագույն պահանջ լինելով՝ դա չէ կարևորը: Պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը, որ անգլերեն գիտի և Երևանում փայլուն դատապարտում է պատվիրակության «ձախողումները», չի՞ գիտակցում, որ ինքն իրեն է դատապարտում, ինքն անձամբ քանի՞ պատգամավորի է համոզել, որ ՈՒոլտերը սխալվում է՝ մինչև Փարիզը: Առանց կանոնակարգ փոխելու՝ իսկապես հարկ կա վերանայել պատվիրակության կազմը՝ հիմք ընդունելով աշխատունակության օգտակար գործողության գործակիցը՝ մարդկային որակներն ու շփման ունակությունները: Քաղաքական հարցերը մի կողմ, պատգամավորների քաղաքական հայացքները քննարկման թեմա չեն: Խոսքն աշխատանքի արդյունավետության մասին է: ԵԽԽՎ-ն կարող է դառնալ Միլի մեջլիս, հատկապես եթե նկատի առնենք, թե ապագայում ինչ հետևանքներ է ունենալու միգրանտների հոսքը Եվրոպա, բայց ԵԽԽՎ-ն չի կարող ամբողջությամբ հրաժարվել ինքն իր արժեքներից, ապացույցը 16 պատգամավորն են, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում դեմ են եղել զեկույցին: Վհուկների որսի ու վայնասունի փոխարեն հիմա ու մինչև հունվար աշխատել է պետք, որ Բաքուն չստանա իր կապույտ եզրաշերտերով ափսեն: Աշխատել բոլոր ուղղություններով՝ առանց բարձրագոչ հայտարարությունների ու Ադրբեջանին տեղեկացնելու սեփական քայլերի հաջորդականության մասին: Քիչ, շատ քիչ է մխիթարությունը, որ ճշմարտությունը մեր կողմից է, ճշմարտությունը սովորաբար հանդերձներ չի ունենում, իսկ մերկությունը ամենից շատ է բռնաբարվում: Մի քվեարկությամբ աշխարհը ոչ ավերվում է, ոչ կառուցվում, բայց դա հիմք չէ, որ ապավինենք խավիարակերների ու խավիարատուների դաշինքի անխախտությանը ու համարենք մարտը տանուլ տրված: Ի վերջո, կա ասիմետրիկ պատասխանի տարբերակը՝ ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը չի կարող առաջարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրման զեկույց, մասնավորապես Յունուսների ճակատագրի, նույն փախստականների կարգավիճակի, որ այսքան տարում ոչ պակասում են, ոչ ավելանում: Չի կարելի պարփակվել բացասական հարթության մեջ ու ողբալ, թե Կիկոսը մեռավ, տուններս քանդվեց: Առավել ևս, որ Կիկոսը դեռ չի էլ ծնվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հայաստանը ստացավ փայլուն աջակցություն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի՝ գտնվեց մեկ մարդ (Իգոր Պոպովի ականջը կանչի), որ բարձրաձայնեց՝ առանց Մինսկի խմբի զեկույց-մեկույցներ մի գրեք ու մի հաստատեք: Մի խանգարեք բանակցություններին: ՈՒ բնական էր, որ Բաքուն պիտի բողոքեր, մենք գոնե արժևորեցի՞նք:

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ