«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆիլմը կոչվում է՝ «Նկարում ենք բյուջե»

Ֆիլմը կոչվում է՝ «Նկարում ենք բյուջե»
06.11.2015 | 00:36

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2016-ի պետական բյուջեի նախագիծը: Երկուշաբթի ցնցող ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը: Այնպիսի տպավորություն էր, որ վարչապետը կամ փորձագետի դերի մեջ է մտել ու գնահատականներ է տալիս, կամ վարչապետը ուրիշ մեկն էր, ում դիմում էր ինքը, կամ նկարահանվում էր վատ ֆիլմ լավ մտադրությունների մասին: Ո՞Ւմ էր դիմում վարչապետը: Պատգամավորների՞ն: Նրա՞նք են բյուջեն կատարելու: Հաստատելո՞ւ են: Բայց գաղտնի՞ք է, որ բյուջեի նախագծի փոխարեն տնտեսության զարգացման կամ կազմաքանդման կոմիքսներ ներկայացվեն, խորհրդարանը հաստատելու է: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ բյուջեի նախագիծը սոցիալական է: Այսինքն՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դեսից-դենից վարկ բերի, աշխատավարձերն ու կենսաթոշակները վճարի, և այդ ծախսերը բյուջեի համար անձեռնմխելի են՝ աշխարհը քանդվի, վճարվելու են: Որովհետև աշխարհը, իրենց կարծիքով, քանդվում է, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2016-ին չի նախատեսում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում: Այսինքն՝ ստացեք ձեր 30-50000 դրամն ու ամսվա մեջ 3-5 օր լիակատար երջանիկ եղեք: Այդ գումարը չի լցնում կենսապահովման զամբյուղը, ու Հովիկ Աբրահամյանը դա լավ գիտի: Իսկական սոցիալական բյուջեն պետք է ոչ թե ուղղվեր կենսաթոշակի ու բյուջետային հատվածի աշխատավարձերի վճարմանը, այլ սոցիալական ծրագրերին, որոնց արդյունքում հնարավոր լիներ լուծել ամենածանր երեք խնդիրներից գոնե մեկը՝ աղքատության մեծացում, գործազրկության աճ, միգրացիայի կանխում: Բայց եթե երկրում չեն լինում ինստիտուցիոնալ փոփոխություններ, եթե կոռուպցիայի դեմ պայքարը Հանրապետության հրապարակից դուրս չի գալիս, եթե վարված քաղաքականությամբ հարուստները հարստանում են, աղքատները՝ աղքատանում, եթե Հայաստանում փողով փող աշխատելու հնարավորություններ չկան, ու գումարները դուրս են բերվում երկրից, եթե ամենահեշտը բիզնես սկսելն է, բայց համարյա անհնար՝ շարունակելն ու շահույթ ստանալը, ինչի՞ մասին է խոսքը: Անգամ երկրի կայունության ցուցիչ համարվող բանկային համակարգում շահույթը նվազում է՝ ընկնում է վարկերի վերադարձելիության տոկոսը: 21 բանկերից 7-ը աշխատում են վնասով: ՈՒ՝ ի՞նչ: Չէ, իհարկե, կառավարությունը կառավարում է, օրինակ՝ բարձրացնում է ակցիզային հարկը, որ լցնի բյուջեն: Իսկ ակցիզային հարկը բարձրացնելու է ոչ միայն ծխախոտի ու օղու գինը, այլև գազի ու բենզինի: Եթե ոմանք կարծում են, որ ծխելն ու խմելը վնասակար են ու եթե ծխախոտի ու խմիչքի գինը բարձրանա, ծխողների ու խմողների թիվը կպակասի, լավ է, կեցցե առողջ ապրելակերպը, թող կարծեն: Ոչ մի իսկական ծխող կամ խմող գնին չի նայի, վերջին հաշվով՝ նույն խմիչքը միայն առողջության քայքայման համար չէ, նաև մարդու կյանքում ուրախ ու տխուր իրադարձություններ են լինում, երբ սեղանին ալկոհոլ պիտի դրվի ու դա ավանդույթ է, որ առողջ կամ անառողջ ապրելակերպի հետ կապ չունի: Իսկ գազի ու բենզինի գնի բարձրացումը ինքնաբերաբար բարձրացնում է առաջին անհրաժեշտության ապրանքների ու սպասարկման գինը: ՈՒ ինչպե՞ս ապրել: Տնից դուրս չգա՞լ: Հասարակական տրանսպորտ կամ տաքսի չնստել, ավտոմեքենան հանձնել ավտոտնակին ու ոտքո՞վ ման գալ՝ նույնպես առողջ ապրելակերպ է, բայց այդքան առողջությունը կարճացնում է կյանքը: Գիտի՞ Հովիկ Աբրահամյանը: Իհարկե: Դուշանբե է գնացել, Մեդվեդևին է հանդիպել, Չինաստանում է եղել, Իրանում, ամռանը Փարիզում էր՝ Արևմուտքն էլ է տեսել, Արևելքն էլ: 2016-ը սկսելու ենք 5 մլրդ 122 մլն դոլար պարտքով, որը 670-680 մլն դոլարով ավելի է, քան 2015-ի սկզբին: 2016-ի բյուջեի նախագծում նախատեսվում է վճարել 99 մլրդ դրամի տոկոսներ: Պարտքն ավելի է ավելացվում, քան տնտեսական աճը: Զարգացման վկայությո՞ւն է: Թե՞ 2016-ը պարտքերի հաշվին տնտեսական աճ ապահովելու տարի է: Գիտի՞ վարչապետը: Իհարկե: Բայց մեկ է՝ բյուջեն շարունակում է լցնել դրսից ներգրավվող վարկերով, որոնցով լուծում է սոցիալական հարցեր: Անգամ Որոտանի կասկադի վաճառքի գումարը ուղղվեց «Նաիրիտի» աշխատավարձերի պարտքերը վճարելուն, բայց ոչ մի լումա չի ուղղվում տնտեսական հզորության ստեղծմանը:

Ամբողջ ամառը օրախնդիր ՀԷՑ-ի հարցը ինչպե՞ս լուծվեց: Փողոցային բողոքները կանխելու համար հնարվեց աուդիտ, համարվեց, որ հարցը լուծված է, հետո առանց աուդիտի արդյունքները պարզելու՝ ՀԷՑ-ը սեփականատեր փոխեց ու համարվեց հարցի վերջնական լուծում, որը պետք է լիներ ոչ թե միջպետական կուլիսներում, այլ հրապարակային: Այո, սեփականատերը ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն էր, բայց առանց ՀՀ կառավարության համաձայնության ոչ ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն, ոչ Բիբինը չէին կարող ՀԷՑ-ը վաճառել: ՀՀ կառավարությունը ինչո՞ւ համաձայնեց կուլիսային գործարքի, ինչո՞ւ ՀԷՑ-ը չպետականացվեց և միջազգային աճուրդի չդրվեց: Շատ ռիսկայի՞ն էր: Հարցեր կայի՞ն: Գնորդ չէ՞ր լինի: Սամվել Կարապետյանը գնեց ու հարցերը փակվեցի՞ն: Մինչև ե՞րբ: Եկող ամա՞ռ, երբ նորից էլէներգիայի սակագնի բարձրացման հարց է դրվելու, որովհետև կառավարությունն ու սեփականատերը այլևս չեն փոխհատուցելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը: Մենք ենք վճարելու: Բոլորս: Բայց մեզ վճարո՞ւմ են: Մեր կատարած աշխատանքին համարժեք գումար ստանո՞ւմ ենք, որ վճարենք: ՈՒ՝ ընդհանրապես՝ մենք աշխատանք ունե՞նք: Ինչո՞ւ պիտի Տուլայի մերձակայքում ութ հայ ավտովթարի զոհ դառնար, ի՞նչ էին անում նրանք Ռուսաստանում: Ինչո՞ւ պիտի Հայաստանը ապրի տրանսֆերտների հաշվին, որովհետև այդպես Ռուսաստա՞նն է ուզում: Ե՞րբ պիտի Հայաստանի կառավարությունը դադարի ԵԱՏՄ աշխատուժ արտահանելը գերնպատակ համարել: Առայսօր Հայաստանի կառավարության քաղաքականությունը շեշտը դնում է կամ արտաքին ներդրումների ներգրավմանը, կամ ամեն ինչ անելուն, որ հայերը գնան դրսում փող աշխատելու:
Ի՞նչ էր ասում վարչապետը նոյեմբերի 2-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: «Հայաստանի Հանրապետության 2016-ի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները: Անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն»: «Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»: Այսինքն` 2016-ին նախատեսվում է 2,2 % տնտեսական աճ, որ հավասարակշռի՞ 2015-ի 4,1 %-ին: Իրական ու ցանկալի պատկերների հավասարեցման ազնիվ մոտեցո՞ւմ է: Համարենք, այդ դեպքում այս տարվա տնտեսական աճը իրակա՞ն էր, թե՞ ամբոխահաճություն էր: Եթե իսկապես «բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015-ի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009-ի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը», ի՞նչ են առաջարկում այդ տնտեսագետներն ու միջազգային կառույցները: Բացատրո՞ւմ, թե՞ արդարանում է վարչապետը, երբ ասում է. «Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները ՌԴ-ում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերտների զգալի անկման: Անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը»: Հեղինակավոր տնտեսագետները չե՞ն ասում, որ տնտեսությունը դիվերսիֆիկացնել է պետք, որ Հայաստանում ոչ թե շուկայական հարաբերություններ են, այլ այդ հարաբերությունների ծաղրանկար՝ առանց մրցակցության, մոնոպոլիաներով ու հարկային մի քաղաքականությամբ, որի նպատակը գանձարանը լցնելն է շարքային հարկատուների հաշվին: Վերջապես ո՞ւմ է վարչապետն ասում. «Արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ»: Ո՞վ պիտի հայրենի արտադրողին խթանի, հայրենի գյուղացու բերքը դաշտում թողնո՞ղը, թե՞ մեքենաներում փչացնողը: Բերքը կորցրած գյուղացին փակելո՞ւ է բանկերից վերցրած վարկերը: Ինչո՞վ: Նոր վա՞րկ է վերցնելու: Բանկերը Հայաստանի Հանրապետությունո՞ւմ չեն: Կարևոր չէ՞ վարկերի վերադարձելիությունը, ավելի ճիշտ անվերադարձելիությունը, որ բարձրացնում է վարկերի տոկոսադրույքները՝ հաշվի առնելով ռիսկայնությունը, իսկ բարձր տոկոսադրույքները անվերադարձնելի են դարձնում վարկերը: Վարչապետը դա գիտի՞: Իհարկե: ՈՒ՝ ի՞նչ: Գիտի նաև, որ «գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը», ու առաջարկում է ՀՀ նոր Հարկային օրենսգրքի նախագիծ վեց պահանջների բավարարող: Սքանչելի հրահանգներ է տվել վարչապետը ֆինանսների նախարարությանը՝ նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա, երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա, հիմնադրույթ ընդունել բյուջեի թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ կայունությունը, առաջնային ռեսուրս դիտարկել հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը, նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով՝ թիրախավորելով կարիքավոր խավերին և փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ժամկետ էլ է նշել՝ 3-5 տարի՝ հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով: Այսինքն՝ ոչ եկող, ոչ մյուս, ոչ էլ մինչև 3-5 տարի արդյունքներ չե՞ն լինելու: 3-5 տարին կառավարության ապահովության բարձի՞կն է, կառավարությունը կկառավարի, իսկ կառավարվող 3-5 տարի կմնա՞: Նույնիսկ եթե կառավարությունը շատ ժուժկալ դառնա ու իսկապես խնդիրներին նայի «ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից», եթե «հնարավորի սահմաններում երկարաժամկետ օգուտները գերադասի անմիջական եկամուտների գայթակղությունից»: Իրականում բյուջեն ունի ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական ուղղվածություն՝ ապահովելով ընդամենը աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարում՝ լավ իմանալով, որ այդ գումարը սպասվող գնաճի պարագայում չի նվազեցնելու, այլ խորացնելու է աղքատությունը, գործազրկությունը ոչ թե նվազելու, այլ աճելու է, դե իսկ արտագաղթը ածանցյալն է վարվող քաղաքականության: Միայն հռչակագրի մակարդակով են կառավարության օրակարգում աշխատատեղերի ստեղծումը, կոռուպցիայի դեմ պայքարը, երկարաժամկետ ծրագրերն ու մնացած գեղեցիկ մտադրությունները: Ազգային ժողովը տարեվերջին կքննարկի, փայլուն ու ծրագրային ելույթներ կունենան պատգամավորները՝ բոլոր խմբակցություններից: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կշեշտադրեն հեռանկարներն ու կհիմնավորեն պայծառ ապագան, Արծվիկ Մինասյանն օգտակար առաջարկներ կանի, Լևոն Զուրաբյանը կհարցնի, թե Ռուսաստանը համաձա՞յն է, որ Հայաստանը բյուջե ունենա, հետո կասի, որ կատակ է անում, Զարուհի Փոստանջյանը կպահանջի դատել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանը քարը քարի վրա չի թողնի ու նորից կհավաքի իր քարուքանդ արած նախագիծը, հետո կգա օրը, ու խորհրդարանը կընդունի 2016-ի պետական բյուջեի նախագիծը, երկրին հիմնական ֆինանսատնտեսական փաստաթուղթ պարգևած՝ կգնա Ամանորը տոնելու: Վերջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ կմնա, եթե տնտեսական աճից հանենք գնաճը: Հնարավո՞ր է այդ գումարով ապրել: Հիմնավոր պատասխանը կարժանանա 2016-ի Նոբելյան մրցանակի: Բոլոր բնագավառներում՝ բժշկությունից տնտեսագիտություն, քիմիա, մաթեմատիկա, գրականություն ու անգամ խաղաղության Նոբելյան մրցանակ: Խիզախեք: Վարչապետը կգնահատի: Նա մտածում է երկարաժամկետ:

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ