«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարա-Բաքու՝ նույն գծի վրա

Անկարա-Բաքու՝ նույն գծի վրա
07.11.2015 | 05:18

Մեր հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, նոյեմբերը սկսեցին խորհրդարանական ընտրություններով: Երկու ընտրություններում էլ հաղթանակը իշխանությանն էր: Եթե Ադրբեջանի ընտրությունների արդյունքները կասկածի տեղ չէին թողնում առավել ևս ընդդիմության (պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմություն Ադրբեջանում) ընտրությունները բոյկոտելու պարագայում, Թուրքիայի ընտրությունների ինտրիգը մեծ էր: Հունիսի 7-ից նոյեմբերի 1 Թուրքիան ճգնաժամի մեջ էր՝ նախ կառավարական, երբ չկազմավորվեց կոալիցիոն կառավարություն ու ձևավորվեց ժամանակավորը, հետո ազգամիջյան, երբ սկսվեցին բախումներ քրդերի հետ, հավելեք ամբողջ ընթացքում Սիրիայի ճգնաժամը և փախստականների հոսքը:
Ընտրատեղամասերը փակվելուց մի քանի ժամ անց Cumhuriyet-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների արդյունքները՝ խորհրդարանում են վերստին 4 կուսակցություններ, ինչպես հունիսի 7-ի ընտրություններից հետո, փոխվել է ձայների բաշխումը նրանց միջև: Հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել էր 40,9 տոկոսը և 550 պատգամավորով խորհրդարանում ստացել 258 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 49,1 տոկոս և 316 մանդատ։ 58 մանդատի հավելումը (անհրաժեշտ էր առնվազն 276) ԱԶԿ-ին միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն է տալիս։ Հունիսի 7-ին ԺՀԿ-ն ստացել էր 25 տոկոս՝ 132 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 25,3 տոկոս՝ 134 մանդատ։ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն իրենց մանդատները հավելել են ի հաշիվ ԱՇԿ-ի և ԺԴԿ-ի: Հունիսի 7-ին ԱՇԿ-ն ստացել էր 16,3 տոկոս՝ 80 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 10,9 տոկոս՝ 41 մանդատ։ ԱՇԿ-ի «կորցրած» 39 մանդատը «գտավ» ԱԶԿ-ն: Հունիսի 7-ին ԺԴԿ-ն ստացել էր 13,01 տոկոս՝ 80 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 10,6 տոկոս՝ 59 մանդատ՝ ևս 21 մանդատի «նվեր» ԱԶԿ-ին։
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Star-ը հաղորդեց, որ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին որոշել է հրաժարական տալ՝ խորհրդարանում կորցնելով 39 մանդատ։ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հաջողություն համարեց, որ կուսակցությանը հաջողվել է նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով մտնել խորհրդարան՝ 59 մանդատով։ Դեմիրթաշն Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարեց. «Այս անգամ մենք չենք անցկացրել գովազդային կամպանիա՝ մեզ վրա գործադրված ճնշման պատճառով: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել 10-տոկոսանոց ընտրաշեմը՝ ստանալով քվեների գրեթե 11 տոկոսն ու խորհրդարանում ձեռք բերելով երրորդ ուժի կարգավիճակ։ Դա հաջողություն է»։
Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ-ի նախագահ Ահմեդ Դավութօղլուն Կոնիայում հայտարարեց. «Այս հաղթանակը մեր ամբողջ ժողովրդի հաղթանակն է։ Մենք երբեք թիկունքով չենք շրջվել ձեզ և չենք շրջվի։ Շնորհակալ ենք ամենադժվարին ժամանակներում, ամենածանր օրերին աջակցելու համար։ Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է»։
Ինչպես հունիսին, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խոսեցին բոլոր քաղաքական ուժերը, լռեց միայն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Եթե հունիսին նա ելքեր էր որոնում, նոյեմբերին վայելում էր հաղթանակը: Անցած հինգ ամիսներին ԱԶԿ-ն պաշտոնապես վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, դեֆակտո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ արեց հնարավորը՝ երկրորդ ընտրություններում Ազգային մեծ ժողովում 276 մանդատի իրավունքը վերադարձնելու համար: Կիրակի օրն Էրդողանն ուներ պարզ խնդիր՝ տանուլ չտալ: Նվազագույնը հաղթել ընտրություններում, առավելագույնը՝ ստանալ ձայների մեծամասնությունը: Նա լուծեց առավելագույն խնդիրը: Մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցները իրար հերթ չտալով՝ հիմնավորում էին՝ ինչո՞ւ Թուրքիայում կրկնվելու է հունիսյան ընտրությունների պատկերը, կամ՝ ինչո՞ւ է Էրդողանը պարտվելու: Նշվում էր, որ ընտրարշավին զուգահեռ սրվել է իրավիճակը Սիրիայում, հիշատակվում էր հոկտեմբերի 10-ի Անկարայի ահաբեկչությունը՝ 100-ից ավելի զոհերով, որը ժողովուրդը չի ների իշխանությանը: Շեշտվում էր, որ ոստիկանությունը շրջում է ենթադրյալ ահաբեկիչների տներով, ու ձերբակալություններն առօրյա են:

Քրդամետ կուսակցության նախագահ Սալահեդին Դեմիրթաշը մեղադրել էր իշխանություններին. «Քանի դեռ ԱԶԿ-ն հստակ չի տարանջատվել ահաբեկչությունից, Թուրքիայի քաղաքացիների կյանքը ամեն օր ու ամեն պահ վտանգի տակ է: Այս ահաբեկչությունն ուղղված չէր պետության ու ժողովրդի միասնության դեմ, սա պետության հարձակումն էր ժողովրդի վրա»: Քուրդ ակտիվիստների ձերբակալությունները և հակաքրդական պետական քարոզչությունը ևս հետընտրական ու նախընտրական Թուրքիայի առօրյան էին: ԱԶԿ-ն հակադարձում էր, որ Անկարայի ահաբեկչության կազմակերպիչը ԻՊ-ն էր, որի զինյալները Թուրքիա են մտնում Սիրիայից: Ահաբեկչությունից մեկ շաբաթ անց իշխանական լրատվամիջոցներին արգելվեց հիշատակել ահաբեկչությունը՝ ասես ոչինչ չէր եղել: Ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանը շատ ավելի լավ է ճանաչում թուրք ժողովրդին և գիտի անհրաժեշտ լծակների տեղը, պարզապես ամռանը նրան խանգարեց ինքնավստահությունը՝ բթացել էր իշխանական բնազդը տասնամյակներ իշխանության մեջ լինելու պատճառով: Թուրքիայի նախագահը կարողացավ հունիսից նոյեմբեր երկրում ստեղծել կառավարելի քաոս ու ներկայանալ քաոսի միակ կարգավորիչ: Ի՞նչ էր մնում ընտրողին՝ ընտրել մինչհունիսյան արդարությունն ու զարգացո՞ւմը, թե՞ հետհունիսյան անարդարությունն ու ահաբեկչությունները, ամենօրյա ձերբակալություններն ու պայթյունները, անջատական տրամադրությունները ամբողջ երկրում: Ընտրությունները վերահսկում էին 380000 ոստիկաններ, մարտական պատրաստվածության վիճակում էր բանակը: Աշխատեց եթե ոչ վախը, բնազդը՝ հաստատ: ՈՒ ի՞նչ: Կկատարվի՞ Էրդողանի ոսկե երազանքը՝ սահմանադրական փոփոխություններով անցում նախագահական կառավարման: Այո, բայց ոչ հիմա և ոչ էլ շուտով: Էրդողանը դեռ պետք է իր հարուցած քաոսը կարգավորի, երկրի կառավարելիությունը վերականգնի: Նրան հաջողվեց խուսափել կոալիցիոն կառավարությունից՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն, բայց նա Ազգային մեծ ժողովում ստացավ կայուն ու ազատության համն առած, իշխանության հոտն առած ընդդիմություն, որ բնավ էլ տոգորված չէ Էրդողանին սուլթան տեսնելու տենչանքով: Հավելեք ժողովրդին, որ մի քանի ամսում մի քանի տարվա քաղաքական պայքարի փորձ ստացավ: Թուրքիան փոխվում է և միայն ԱԶԿ-ն չի ուզում ընդունել՝ ունենալով կայսերական Թուրքիայի մոդել, որին հակառակվում է երկիրը: Միակուսակցական կառավարությունն անհամեմատ հեշտ կառավարելի մեխանիզմ է Էրդողանի ձեռքում, բայց իշխել կառավարությանը և կառավարել երկիրը տարբեր խնդիրներ են: Քրդական հարցը օրակարգում է, օրակարգում է Սիրիայի հարցը: Հիմա ավելի մեծ եռանդով է Էրդողանը փորձելու մասնատել Սիրիան և մեծացնել Թուրքիան: Օրակարգում է ԻՊ-ը: Ինչքա՞ն կարող է Էրդողանը երկակի խաղ խաղալ՝ ԻՊ-ի հետ ու ԻՊ-ի դեմ: Եթե Եվրոպան հասկանում է ու «ներում»` հանուն փախստականներին Թուրքիայում թողնելու, խալիֆաթը չի ների դավաճանությունը: Արևմուտքը բացահայտ «տեր» կանգնեց Թուրքիայի նախագահին՝ չափազանց շատ են թեժ կետերը տարածաշրջանում, որ թույլ տրվի բազմամիլիոնանոց Թուրքիան մխրճել քաոսի մեջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Անկարա առաջին հայացքից էր «իրավիճակային»՝ միգրացիոն խնդիրներով, ով-ով՝ կանցլերը լավ գիտեր ո՞ւր է գնում և ե՞րբ, ընտրություններից առաջ ի՞նչ ազդեցություն են ունենալու իր հայտարարությունները ընտրողների վրա: Բայց Թուրքիան ունի ոչ միայն ներքաղաքական խնդիրներ, արտաքին քաղաքականը պակաս հրատապ չէ: Սիրիան՝ Սիրիա, Մոսկվայի հետ չի ստացվում «Թուրքական հոսքի» հարցը լուծել, սպառնացին միջազգային դատարան դիմել, ռուսները գինը չեն իջեցնում, «Գազպրոմը» դիմադրում է: Իսկ գազը պետք է: Թեհրանի հետ հարաբերություններն ավելի են սրվել Սիրիայի պատճառով: Ասադի հարցը դադարել է Սիրիայի ժողովրդի ընտրության հարցը լինել՝ նրա ու Սիրիայի ճակատագրի հարցը աշխարհի մայրաքաղաքներով պտտվում է, ու Անկարայում Թեհրանին տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն: Տարածաշրջանի «գլխավորի» դերը, որ արաբական գարունից հետո փորձարկում էր Անկարան, հերթով խափանեցին Սաուդյան Արաբիայից՝ Սիրիա ու Իսրայել, վերջնական հարվածը տվեց Իրանը: Երկար նիրհել հաղթողի դափնիների վրա ԱԶԿ-ին չի հաջողվի: Ժամանակավոր կառավարության հրաժարականից, Ազգային մեծ ժողովի ղեկավար մարմինների ընտրությունից հետո Ահմեդ Դավութօղլուին կտրվի հերթական 45 օրը կառավարություն կազմավորելու համար: Այս անգամ հարցը կլուծվի ավելի արագ, և չի բացառվում, որ նոյեմբերին Թուրքիան նոր կառավարություն ունենա:
Կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ էին Ադրբեջանում: BBC-ն ընտրություններից մեկ օր առաջ նշում էր. «Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում Միլլի մեջլիսի ընտրություններ են։ Երկրում ուժեղ է նախագահի իշխանությունը, և 125 օրենսդիրները վճռորոշ դեր չեն խաղում, ուստի այս ընտրությունները հազիվ թե հանգեցնեն Իլհամ Ալիևի կառավարման ավտորիտար ոճի փոփոխման։ Խորհրդարանում վերստին կգերակայեն նախագահի կողմնակիցները, որ պաշտոնը 2003-ին ժառանգել է հորից՝ Հեյդար Ալիևից։ Ալիևների դինաստիայի օրոք, վերջին 20 տարում բոլոր ընտրությունները զրկված են եղել մրցակցության տարրերից և չեն համապատասխանել ժողովրդավարական չափորոշիչներին։ Այս ընտրությունները հազիվ թե բացառություն դառնան: Հիմնական ընդդիմադիր խմբավորումներն արդեն կոչ են արել բոյկոտել ընտրությունները, իսկ արևմտյան առաջատար կազմակերպությունները, որոնք մոնիտորինգ են անցկացնում ընտրություններում, հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջան»։ Հոկտեմբերի 23-ին ԿԸՀ-ն գրանցեց 768 թեկնածուի, որ հավակնում են 125 պատգամավորական տեղերին։ 331-ը ներկայացնում են 24 կուսակցություն, 7 կուսակցություն հանդես են գալիս «Ազատություն-2015» դաշինքով։ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր դաշինքը՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ), որը 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրել էր նախագահի թեկնածու (Ջամիլ Հասանլին), հրաժարվել է մասնակցել ընտրությունների «պատրանքին», հայտարարելով, որ չի կատարվել ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն անհրաժեշտ պայմանների անգամ կեսը, ուստի չի ցանկանում լեգիտիմացնել ընտրություններն իր մասնակցությամբ: Բոյկոտեցին նաև Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը և «Մուսավաթը»: Սեպտեմբերին ԵԱՀԿ ԽՎ-ն հայտարարեց, որ չի հետևելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին՝ իշխանությունների կիրառած սահմանափակումներից հետո։ ԱՊՀ-ն մտադիր է Ադրբեջան ուղարկել 70 դիտորդ։ Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է 46 երկրի 420 դիտորդ՝ 33 միջազգային կազմակերպություններից։ Ադրբեջանի իշխանությունները իրենց քննադատների հանդեպ միջնադարյան ինկվիզիտորների պես են իրենց պահում, քաղաքական տասնյակ դատավճիռներ են կայացվում, կալանավորվել են այլախոհ իրավապաշտպաններ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ ու բլոգերներ, շատերը հեռացել են Ադրբեջանից։ Իշխանությունները սառեցրել են անկախ քաղաքացիական խմբերի ու նրանց ղեկավարների բանկային հաշիվները, արգելում են արտասահմանյան դրամաշնորհներ ստանալ ու երկրից դուրս գալ։ Քննադատներին կալանավորելու համար օգտագործվում են կեղծ պատրվակներ՝ սկսած թմրանյութեր ու զենք պահելուց մինչև խուլիգանություն, հակաօրինական կոչեր և պետական դավաճանություն։ Ահա այս պայմաններում՝ ինչպես ԱՊՀ դիտորդական առաքելությունը փաստեց՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եղան երկրում, որ ագրեսոր է անվանում Հայաստանին, իսկ առաջին տիկինը պատգամավոր է ընտրվում 98,6 %-ով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ընտրությունների նախօրեին մոլլաներն ասում էին՝ դժոխք կգնա, ով ձայն չտա ԱԶԿ-ին, փաստորեն Թուրքիայի ընտրողների կեսը դրախտ է գնալու, կեսը՝ դժոխք: Թեպետ ԱԶԿ-ն կարող է դժոխքը բերել այս կյանք: Նրանց համար, ովքեր իրեն չեն հավատում: Իսկ Ադրբեջանում բոլորին հրամայված է համարել, որ դրախտում են, թեպետ դրախտն ու դժոխքը պայմանական են հարևան երկրում:

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ