«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խաղում են բոլորը

Խաղում են բոլորը
30.10.2015 | 01:32

Անորոշություն բառով կարող է բնութագրվել այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը, մեր հայրենիքում և ընդհանրապես` աշխարհում։ Կարելի է կարծել, թե այնտեղ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Ռուսաստանն անհողդողդ առաջ է շարժվում: ՈՒ ԱՄՆ-ի գլխում կատարյալ քաոս է: Ամենևին։ Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայի օդային ռմբակոծության առաջին օրերի քարոզչական և մարտական հաջողությունները կարող են փոխարկվել երկարատև ու ծանր մարտերի, որոնք իրեն կներքաշեն ոչ միայն օդային, այլև ցամաքային գործողությունների մեջ, ինչի մտադրությունն ու ռեսուրսներն ինքը չունի:
Իր հերթին ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը հենց ցամաքային գործողությունների անցնի, խրվի Սիրիայում, ինչպես Աֆղանստանում, դրա համար էլ դեպի իրեն է քաշում Իրանին` հրավիրելով Սիրիայի խնդրով բանակցությունների, որպեսզի կտրի Ռուսաստանից, Ռուսաստանը միայնակ մնա իր անորոշության հետ:
Էլ ավելի անորոշ է վիճակը ղարաբաղյան «ֆրոնտում», որը «պատիվ է ունեցել» կրկին ընդունելու վաղուց արդեն անորոշ գործառույթներ իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս անգամ «հերոսականորեն» զրահաբաճկոն հագավ, որովհետև «հումորաշատ» Ալիևն ու յուր հրոսակախումբը որոշել էին վերջիններիս մի քիչ վախեցնել առաջնագծում և կրակել:
Չմոռանանք. ՄԽ-ն տարածաշրջան էր ժամանել` կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տարեվերջյան հանդիպումը: Հանդիպման «ցանկությունն» առավելապես ամերիկյան կողմինն է: Նախագահները տվել են նախնական համաձայնությունը, սակայն կկայանա՞ հանդիպումը, Ռուսաստանը կթողնի՞ այն կայանա, խիստ անորոշ է: Նոյեմբերի մեկին խորհրդարանական ընտրությունների գնացող, թիկունքից կրակող «օլուխ»-Ալիևն այդքան «հերոս» չէ՞ր լինի` հանուն Ռուսաստանի ասեր` համաձայն չեմ, ինչպես չհամաձայնեցի սեպտեմբերին գալ ՄԱԿ և հանդիպել Ձեզ ու Սերժ Սարգսյանի հետ: Եթե ասեր, ԱԱԾ ղեկավար ու գեներալներ, արտաքին գերատեսչության աշխատակիցներ հեռացնող Ալիևը հաստատ նոյեմբերի 1-ին է՛լ ավելի մեծ խնդիր կունենար: Եվ հատկապես Արևմուտքի հետ: Չնայած` էլ ո՞ւր:
Սակայն անորոշության այն դոզան, որն առկա է այսօր հայոց ոստանում, ուղղակի աննախադեպ է: Մեկ պարզ պատճառով: Անորոշություն է, նախ և առաջ, հայոց մտքում: Թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանավորների, թե՛ բոլորի:
Ընդդիմադիրները մեծ հաշվով չգիտեն` ինչ են ուզում. իշխանությո՞ւնից են ուզում, թե՞ իրենք իրենցից: Նախկինում արտաքին խաղացողները գոնե մասնակի «ստավկաներ» էին դնում նրանց վրա, այսօր նրանք այնքան խնդիրներ ունեն, որ հերթը հայոց խամրած ընդդիմադիրներին չի հասնում, հավես ու ժամանակ էլ չունեն ու, ժամանակ չկորցնելու համար, խորհրդարանական խաղում են իշխանությունների հետ, ընդդիմադիրներն էլ դառնում են որբի գլուխ, ու մի «հստակ» ձեռք հավեսով խուզում է այն, բազմափշուր անում «գլուխը»՝ թողնելով միայն ճակատն ու ճակատիկները: Իշխանական մեկ այլ «ձեռքիկ» էլ այդ փշուրներից հատիկներ է հավաքում, իր տակ է քաշում` «նեղ օրվա» համար:
Սակայն այնպիսի անորոշություն, ինչպիսին առկա է իշխանական ճամբարում, անհնար է երևակայել, չնայած այն հանգամանքին, որ այստեղ շատ լավ գիտեն` «ինչքա՜ն» են ուզում և «ումից»: Ցավն այստեղ այլ է: «ՈՒմիցը» չի ասում, թե ի՛նքն ինչ է ուզում:
Առաջացած այդ «եռաֆազ» անորոշությունն էլ նոր անորոշությունների է մղում խաղի բոլոր կողմերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ