«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վիեննայում ավելի շատ խոսում էին սիրիական հակամարտության կարգավորմանը Իրանի մասնակցության մասին

Վիեննայում ավելի շատ խոսում էին սիրիական հակամարտության կարգավորմանը Իրանի մասնակցության մասին
30.10.2015 | 00:38

Համաշխարհային քաղաքականությունը մի կարևոր օր էլ անցկացրեց, երբ հոկտեմբերի 23-ին Վիեննայում հանդիպում ունեցան և գաղտնի բանակցություններ վարեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մևլյութ Չավուշօղլուն, արքայազն շեյխ Ադել ալ-Ջուբեյրը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Աշխարհի լրատվամիջոցները տարածեցին միայն պաշտոնական տեղեկություն. Վիեննայում կքննարկեն «իրադրության զարգացումը Սիրիայում», ինչպես նաև տեղի կունենա «մերձավորարևելյան քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) հանդիպում` նվիրված պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Իհարկե, Սիրիայի մասին խոսեցին, սակայն եթե հետևենք Վիեննայից առաջ և հետո տեղի ունեցած գործողություններին, հատկապես` Ս. Լավրովի, ապա հարկադրված կլինենք խոստովանելու, որ Սիրիան, կարծես, բանակցությունների ամենագլխավոր թեման չէր. զուր չէ, որ չորսի ձևաչափով հանդիպումից առաջ էլ Ռուսաստանի նախագահի և Քերիի միջև տեղի էր ունեցել առանձին հեռախոսազրույց, իսկ արդեն բուն Վիեննայում նրանք վարեցին առերես բանակցություններ, ընդ որում, լրատվամիջոցների համար ոչ մի մանրամասնություն չհաղորդվեց։

Այն, որ հանդիպումից ու բանակցություններից անմիջապես հետո տեղի ունեցավ նաև Պաղեստին-Իսրայել թնջուկին նվիրված մերձավորարևելյան «քառյակի» հանդիպում, ընդգծում է միայն, մեր կարծիքով, որ Վիեննայում առհասարակ մի կողմ էին քաշվել սիրիական թեմայից, թեկուզ և սկսել էին դրանից։ Համենայն դեպս, Լավրովն ու Քերին հաստատ մտադիր չէին իրենց շփումների ամբողջ ժամանակը նվիրել Սիրիային։ Նախօրեին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրային ճառով հանդես եկավ «Վալդայ» ակումբի նստաշրջանում, Լավրովը հայտարարել էր, որ նման քառակողմ հանդիպումը բավարար չէ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար։ Նրա կարծիքով, այդ հարցի լուծմանը պետք է մասնակցեն Իրանը, Եգիպտոսը, հնարավոր է` նաև Կատարը, ԱՄԷ-ն և Հորդանանը։ Լավրովն ավելացրել էր, որ այդ երկրների մի մասը «լիովին կարող է լինել Վիեննայում, բայց արդեն զուգահեռ հանդիպումներում»։ Ռուսաստանը պատրաստ է աշխատելու նրանց հետ, ընդգծել է նա։ Ավաղ, Իրանի թեկնածությանը կտրուկ դեմ էին Քերին, Չավուշօղլուն և արքայազն ալ-Ջուբեյրը։ Ընդ որում, ԱՄՆ-ի դիրքորոշումը հեռու էր հետևողական լինելուց. Բարաք Օբաման արդեն քանիցս` սկսած օգոստոսից, հայտարարել է, որ «իրանական խնդիրը» լուծված է։ Ավելին, Սիրիայի առնչությամբ շփումների մասնակիցների թվի ավելացման մասին ասել է նաև Քերին` հոկտեմբերի 22-ին Բեռլինում, չհիշատակելով, սակայն, այն պետությունները, որոնք մատնանշել էր Լավրովը։ «Այդ հանդիպումը վերաբերում է ոչ միայն չորս կողմերին,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։- Բոլորը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում` Գերմանիան»։ Պաշտոնապես, սակայն, Սիրիայի առնչությամբ այս կամ այն կազմով ինչ-որ կոնկրետ լրացուցիչ շփումների մասին այսօր Վիեննայում խոսք չի եղել։ Եվ անհասկանալի է, թե Սիրիային նվիրված բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք Գերմանիան։ Անմտություն, ի տարբերություն որի, Իրանն անմիջական մասնակցություն ունի թե՛ սիրիական ճգնաժամի կարգավորմանը, թե՛ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պատերազմին։

Վիեննայում տեղի ունեցած շփումների մասնակիցները բանակցությունները հրապարակավ չէին կապում Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի` հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած բանակցությունների հետ, սակայն, ակնհայտորեն, նրանցից ոչ ոք չէր ժխտում, որ միջազգային ասպարեզում Սիրիայի նախագահի «ապաշրջափակումը» հենց հարկադրեց Ասադի տապալման նախաձեռնողներին մտածմունքի մեջ ընկնել և շտապել։ Իսկ ինչու ենք մենք պնդում, թե, այնուամենայնիվ, Սիրիայի մասին խոսեցին ավելի քիչ, քան Մերձավոր Արևելքի ավելի գլոբալ հարցերի։ «Ռեբուսի» լուծման համար հեռու գնալ պետք չէ. Ռուսաստանին հրապարակայնորեն հրավիրեցին «վերադառնալ» մերձավորարևելյան խնդրի կարգավորման գոտի, որովհետև Իսրայելում և Պաղեստինում արդեն հինգերորդ Ինթիֆադան է, և իրադրությունը, չնայած իսրայելական ուժայինների ջանքերին, արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Հրեաների դանակահարությունները չեն դադարում, ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիների, ահաբեկչական հարձակումների հեղինակները ոչ թե պաղեստինցիներն են, այլ... Իսրայելի քաղաքացի արաբները։ Երկրորդ կետը (այն առաջին անգամ հնչեց հոկտեմբերի 22-ին` Սոչիում Պուտինի ունեցած ելույթում). ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին խաբեց «իրանական ատոմային սպառնալիքով», և ծագած աղմուկի պայմաններում դուրս եկավ միջազգային նշանակության մի շարք ռազմավարական պայմանագրերից, նախ և առաջ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) պայմանագրից։ Ավելին, շարունակում է ամբողջ աշխարհում ծավալել ԱՄՆ-ի ազգային ՀՀՊ տարրերը, և դա նկատելի է հատկապես Ռուսաստանի սահմանների մոտակայքում։ Եվ դա երկրորդ, սիրիական հարցից ոչ պակաս կարևոր ռազմավարական խնդիրն է, ինչի կապակցությամբ Մոսկվան պնդել և պնդում է, որ Արևմուտքը պետք է համաձայնի տարածաշրջանային կարևորագույն հարցերի լուծմանը Իրանի մասնակցությանը։ Նշեմ, ամենևին զուր չէ, որ այն օրվանից, երբ հաղորդվեց «իրանական ատոմի» վերաբերյալ Վիեննայի համաձայնագրի ստորագրման մասին, Թեհրանն ավելի քան չորս ամիս ՄԱԿ-ից, ՄԱԳԱՏԷ-ից ու արևմտյան երկրներից պահանջում է ճնշում գործադրել Իսրայելի վրա և ստիպել վերացնելու իր ատոմային զենքը։

Առայժմ պատասխան չունի այն հարցը, թե ինչու է ԱՄՆ-ը կտրականապես դեմ Իրանի մասնակցությանը սիրիական հարցի լուծմանը։ Այն կարծիքը, թե իբր ԱՄՆ-ը «շատ է հարգում» Անկարայի և Էր Ռիադի դիրքորոշումները, դատարկախոսություն է, ԱՄՆ-ը հաշվի չի նստում ոչ մեկի շահի հետ, բացի սեփականից, ինչը բազմիցս ապացուցվել է գոնե վերջին գրեթե երկու տարում ՈՒկրաինայի կապակցությամբ։ Քանի՜-քանի անգամ է աշխարհը ապացույցներ ստացել, ընդ որում` հենց ամերիկացիների շուրթերից, որ իրենք թքած ունեն Եվրամիության շահերի վրա։ Եվ եթե ԱՄՆ-ը հաշվի չի նստում Եվրամիության շահերի հետ, ապա ինչո՞ւ պիտի հաշվի նստի թուրքերի ու սաուդցիների շահերի հետ, եթե նախնական նպատակադրությունը` Ասադի տապալումը, արդեն անիրագործելի է։ Հասկանալի է, որ Մերձավոր Արևելքի արաբական երկրների գործերին Իրանի մասնակցության գաղափարի մերժման գաղտնիքը այլ տեղ է, օրինակ, Իրանի դիրքորոշման անհողդողդությունը։ Չէ՞ որ, մեկ անգամ ևս հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին իրանական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին իր որոշմամբ արգելեց որևէ բանակցություն ԱՄՆ-ի հետ` դա համարելով անօգուտ Իրանի համար։ Իսկ այաթոլլահի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հոկտեմբերի 8-ին զարգացրեց գաղափարը` «Իրանը ԱՄՆ-ի կարիքը չունի»։ Մանավանդ որ, ԱՄՆ-ին համահավասար, միայն թուրքերն են մնացել Սիրիայի գործերին Իրանի մասնակցության անհաշտ հակառակորդներ։ Սաուդցիները, կարծես, ավելի զգուշավոր են դարձել. երևի ազդեցություն է գործում այն, որ Էր Ռիադը վերջին ժամանակներս ավելի հաճախ է «խորհրդակցում» Ռուսաստանի հետ, Իրանի աջակցությունն էլ Եմենում ապստամբած զեյդի շիաներին արդեն միլիոնավոր խնդիրներ է դրել Սաուդյան Արաբիայի առջև։ Իհարկե, Ասադի քաղաքական ապագան իրոք քննարկվել է և գայթակղության քար դարձել ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Ռուսաստանի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում։ Ի դեպ, Ասադը Մոսկվա կատարած այցից հետո արդեն հրապարակել է իր պլանները` նա պատրաստ է (ահաբեկիչներին ճնշելուց հետո) անցկացնելու վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, փոխելու Սահմանադրությունը, բայց պատրաստ է նաև, «եթե ժողովուրդը դեմ չլինի», մեկ անգամ ևս մասնակցելու նախագահական ընտրություններին։ Իհարկե, այս խոսքերը արդյունք են այն անսահմանափակ աջակցության, որ Սիրիան ստացել է Ռուսաստանից և Իրանից։ Բայց ոչ միայն. վերջին շաբաթների ընթացքում Ասադի կողմն են անցել խմբավորումներ, որոնք առաջ անընդունելի էին համարում նրա իշխանությունը։ Երևի սաուդցիներն արդեն որոշ բաների տեղյակ էին։ «Մենք մշակել ենք ընդհանուր սկզբունքներ, բայց մինչև հիմա տարաձայնություններ կան Բաշար Ասադի ճակատագրի հարցում։ Դրանք վերաբերում են նրա հեռանալու անհրաժեշտությանն ու իշխանության փոխման ժամկետին։ Մենք կշարունակենք քննարկումները»,- «քառյակի» բանակցություններն այսպես է մեկնաբանել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը։ Բայց, ի պատիվ նրա, արդեն անվիճարկելի չի հայտարարել, թե «Ասադը հենց հիմա պետք է հեռանա»։ ԱՄՆ-ը, ըստ էության, նույնպես չի պահանջում արդեն Ասադի անհապաղ պաշտոնանկությունը, և ստացվում է, որ մեր հարևան Թուրքիան միայնակ է մնացել Սիրիայի նախագահի անձի նկատմամբ իր ատելությամբ։ Բայց բանն այն է, որ Սիրիայի, Ասադի ապագայի և սիրիական հարցի կարգավորմանը Իրանի մասնակցության նկատմամբ իր դիրքորոշումը կտրուկ փոխել է Եվրամիությունը։ Հենց տաք հետքերով, հոկտեմբերի 23-ին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, թե ԵՄ-ը պաշտպանում է Իրանի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Ավելին, Եվրոպային պետք է բանակցություններ վարել Ասադի հետ և, ինչն ավելի կարևոր է, եվրոպացիները Ասադի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին տեսնում են նաև ահաբեկիչներին ճնշելուց հետո։

Արդեն Վիեննայից հետո Լավրովը ռուսական օգնություն առաջարկեց նաև «սիրիական ընդդիմությանը», պայմանով, որ այն «ի հայտ գա» և ցանկություն հայտնի կռվելու «Իսլամական պետություն», «Ջեբհաթ-ան-Նուսրա» և այլ խմբավորումների դեմ։ Եթե դատելու լինենք «Reuters» գործակալության հոկտեմբերի 25-ի հաղորդագրությունից, «Սիրիայի ազատ բանակ» անվանմամբ Սիրիայի տարածքում կռվող ապստամբների մի մասը հրաժարվել է ռուսական ռազմական օգնությունից»։ Սիրիայում ընդդիմադիրներին ընտրություններ էլ պետք չեն, պնդում է «Reuters»-ը, և այդ թեմայով Ռուսաստանի կողմից արվող դատողությունները իրականում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին ցուցաբերվող քողարկված աջակցություն է։ Այդ հիմարության պատասխանն արդեն տրված է. «Reuters»-ը տարածում է այն «ընդդիմադիրների կարծիքը», ովքեր իրապես երդում են տվել ԻՊ-ին կամ «Ջեբհաթ-ան-Նուսրային», որովհետև «Սիրիայի ազատ բանակի» որոշ խմբավորումներ արդեն կապի մեջ են մտել թե՛ Սիրիայի ղեկավարության, թե՛ ռուս զինվորականների հետ։ Այստեղ անմիջապես գռմռաց Կատարը` սպառնալով... ցամաքային ներխուժում կատարել Սիրիա (երևի Պարսից ծոցի արաբները վաղուց քոթակ չեն կերել Իրանի հատուկջոկատայիններից)։ Ծիծաղելի է, չէ՞ որ հոկտեմբերի 23-ին Լավրովը Հորդանանի իր պաշտոնակցի հետ պայմանագիր ստորագրեց այն մասին, որ Սիրիայի հարցում Հորդանանը կհամագործակցի Ռուսաստանի հետ։ Կատարը պատրաստ է պատերազմելու նաև Հորդանանի՞ հետ։ Չէ՞ որ Հորդանանի թագավոր Աբդալլան, ըստ էության, երբեք չի ներկայացել իբրև «Ասադի թշնամի»։ Եվ, ի վերջո, Վիեննայում պետքարտուղար Քերին ևս հավաստեց «երկուստեք նպատակը` բոլոր սիրիացիների համար միասնական, ժողովրդավարական և կայուն երկիր»։ Իսկ Սիրիայի միասնության պահպանումը որպես իրենց գլխավոր նպատակ հռչակում են հենց Ռուսաստանն ու Իրանը, այդ թվում` հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի նստաշրջանում Վ. Պուտինի և Իրանի Մեջլիսի նախագահ, Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանիի ելույթներում։

Ահա թե ինչ է տեղի ունեցել Վիեննայում, և այն փաստը, որ բանակցությունների ավարտից անմիջապես հետո Լավրովը զանգահարել է Իրանի և Եգիպտոսի իր պաշտոնակիցներին, պերճախոս վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը այսուհետ ևս կպնդի, որպեսզի սիրիական հարցի կարգավորմանը միանան Իրանն ու Եգիպտոսը, այս անգամ` ԵՄ-ի աջակցությամբ։ Իսկ ահա Ռուսաստանի և Իրանի ընդդիմախոսները առայժմ համառում են, որովհետև հոկտեմբերի 24-ին պետքարտուղար Քերին հանդիպել և բանակցել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ։ Դրանից հետո, հոկտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, «Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ը մտադիր են շարունակել և մեծացնել աջակցությունը Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը»։ ՈՒ դարձյալ ծիծաղելի է. Սիրիայում արաբա-քրդական ինչ-որ դաշինք (համարյա անհայտ ու սակավաթիվ խմբերի) ստեղծելով, ամերիկացիները, փաստորեն, ընդունեցին, որ Սիրիայում ոչ մի «չափավոր ընդդիմություն» էլ չկա։ Բացի այդ, Վաշինգտոնն ու Էր Ռիադը վերստին կրկնեցին այն անմտությունը, թե «քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախագահ Բաշար Ասադի, ով պետք է հեռանա»։

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի այդ անմտության առնչությամբ ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հեգնական դիտողությունը տեղին է. նա Twitter-ի էջում գրել է, որ Օբաման կարող է իր պաշտոնից հեռանալ Ասադից շուտ. «Դեռ 2012 թ. մարտի 2-ին Օբաման հայտարարեց, թե «Ասադի օրերը հաշվված են»։ Այդ ժամանակից ի վեր անցել է ուղիղ 1331 օր, իսկ ԱՄՆ-ում մինչ օրս էլ հաշվում են Ասադի օրերը։ Այդպես էլ Օբաման կգնա...»։ Թող մեկ տարի հետո լինի, բայց հենց Ռուսաստանն ու Իրանը, ԵՄ-ի գործակցությամբ (եթե, իհարկե, եվրոպացիներն ուզում են դուրս գալ ԱՄՆ-ի ճնշման տակից), կորոշեն, թե ինչ և ինչպես կլինի Սիրիայի հետ։ Մոսկվան ակնբախորեն ցույց տվեց Վաշինգտոնին, որ Մերձավոր Արևելքում իր գործակցությունը Թեհրանի հետ կայացած ու անշրջելի իրողություն է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ