«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ով և ինչու է վախենում սիրիական պատերազմի հետևանքներից, և ինչի է պատրաստվում Իրանը

Ով և ինչու է վախենում սիրիական պատերազմի  հետևանքներից, և ինչի է պատրաստվում Իրանը
20.10.2015 | 00:06

Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը անգլիական «Reuters» գործակալությունը մի խելահեղ աղմուկ բարձրացրեց, հաղորդելով, թե Սիրիա են ժամանել հազարավոր իրանցի զինծառայողներ և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության շիական կամավորներ։ Անգլիացիները տագնապ են հնչեցնում այն կապակցությամբ, որ Սիրիայի բանակը այդ ուժերի օգնությամբ և ռուսական ռազմական ավիացիայի աջակցությամբ մոտ օրերս պատրաստվում է հակահարձակման անցնելու Հալեպի նահանգում և այդ հատվածում դուրս գալու սիրիա-թուրքական սահման։ Միանգամից ասենք` տա Աստված, որ դա իրոք տեղի ունենա։ Այդ ժամանակ Սիրիայի թե՛ հայերը, թե՛ մյուս քրիստոնյաները, ինչպես նաև քրդերը վերջապես կազատվեն հարևան Թուրքիայի տարածքից ահաբեկիչների ներխուժման մշտական սպառնալիքից։
Անգլիացիների բարձրացրած աղմուկն ավելորդ է։ Սիրիայում առանց այդ էլ մոտ 50-հազարանոց զորամիավորում կա` բաղկացած լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության զինված անդամներից, իրանցի ռազմական խորհրդականներից ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» ստորաբաժանման հատուկջոկատայիններից, աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Իրաքից, Պակիստանից ու Մալայզիայից հավաքված շիական կամավորներից։ Եվ անմիջապես սոցցանցերում սկսեց տարածվել բացահայտ ապատեղեկատվություն` մեկ թուրքերը «ռուսական ինքնաթիռ են խփել», մեկ թուրքական տանկերը (ընդ որում, չգիտես ինչու, առաջարկված լուսանկարում պատկերված են բացահայտորեն ոչ այն տանկերը, որոնցով զինված է թուրքական բանակը) «ներխուժել են Սիրիա և տերուտնօրինություն են անում», մե՛կ «Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի բանակի զինանոցները»։ Շահագրգիռ շրջանակների վարձած գրչակներին հերքելը զուր բան է։ Ճշմարտությունը միայն այն է, որ ինչ-որ մեկը (ընդ որում, ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվությունը չի ստանձնել) հերթական անգամ ականակոծել էր Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքը, զոհեր չեն եղել։ Կասկածներ կան, որ ցանկացել են վնասել Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին սիրիացիների 5-հազարանոց ցույցի մասնակիցներին։ Բայց ցույցի մասնակիցներն էլ չեն տուժել, ՌԴ արտգործնախարարությունը Դամասկոսում ռուսական դեսպանության հետ կապված միջադեպն արդեն որակել է իբրև ահաբեկչական ակտ։
Բայց հետաքրքիր է մեկ այլ բան։ Չէ՞ որ Իրանն իրոք ինչ-որ բան է նախապատրաստում, ընդ որում, տարբերություն չկա, թե հատկապես ում դեմ։ Դա կարող են լինել թե՛ Իսրայելը, թե՛ Արևմուտքը, թե՛ Թուրքիան, թե՛ «սիրիական ընդդիմությունը»։ Առաջարկում եմ միասին հետևել, թե Իրանի քաղաքական ու ռազմական ոլորտներում ինչ էր տեղի ունենում ընդհուպ մինչև հոկտեմբերի 14-ը, և այն ժամանակ շատերի համար պարզ կլինի, որ կամա-ակամա ուշադրության կենտրոնը ռուսական ավիացիայի գործողություններից պետք է տեղափոխվի այն բանի վրա, թե ինչ է նախապատրաստում Իրանը տարածաշրջանում։ Եվ այսպես, գլխավոր ներքաղաքական իրադարձությունը. իրանական Մեջլիսը (խորհրդարանը) հավանություն տվեց ատոմի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրին։ Հոկտեմբերի 6-ին ձայների մեծամասնությամբ նախնական հավանություն տրվեց մի օրինագծի, որով կանոնակարգվում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի, այսինքն, գործողությունների համատեղ համալիր պլանի (ԳՀՀՊ) կատարման կարգը։ Նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 12-ին հայտարարեց, որ «Իրանի միջուկային դիվանագիտությունը հպարտության աղբյուր է ամբողջ ժողովրդի համար»։ Դա նշանակում է, որ Ռոհանին մտադիր չէ խախտել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սահմանած կարգը, որն առայժմ շարունակում է պաշտպանել ԳՀՀՊ-ն։ Սակայն վերջնական քվեարկությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին` Մեջլիսի դռնբաց նիստում։ Հաստատումից հետո օրինագիծն ուղարկվեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգաբարձուների խորհուրդ, որը կքննարկի այն` իրանական սահմանադրությանը և իսլամական օրենքներին դրա համապատասխանության աստիճանի որոշման նպատակով։
Ընդ որում, հոկտեմբերի 8-ին Մեջլիսի ղեկավար Ալի Լարիջանին առանձնահատուկ ընդգծեց, որ խորհրդարանում քննարկված նոր օրինագիծը կոչված է վերահսկելու միջուկային համաձայնագրի իրականացման համապատասխանությունը երկրի շահերին։ Նրա ասելով, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը նույնպես իր ցանկությունն է հայտնել օրինագծի առնչությամբ, որը պետք է հաշվի առնեն խորհրդարանականները. «Արևմուտքի կողմից միջուկային համաձայնագիրն ի վնաս Իրանի օգտագործումը կանխելը կարևորագույն նպատակն է։ Օրինագիծը կբովանդակի մեխանիզմներ, որոնք արևմտյան կողմին թույլ չեն տա համաձայնագիրն իրականացնելիս ինչ-որ սողանցքնր օգտագործել»։ Ընդ որում, հոկտեմբերի 12-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրեց ԳՀՀՊ-ի ընդհանուր շրջանակները։ Ընդունված օրինագիծը թույլ է տալիս որոշ միջոցներ ձեռնարկել ԻԻՀ սահմանադրությանը համապատասխան ԳՀՀՊ-ի իրականացման ուղղությամբ։
Ընդգծենք, որ ԳՀՀՊ-ի շուրջ ներխորհրդարանական բարդությունները թեև հենց Իրանի ներքին կյանքի մասն են, այդուամենայնիվ, ուղղակիորեն կապված են ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության և նույնիսկ ամբողջ աշխարհառազմավարության հետ։ Այդպիսին էր նաև անցած շաբաթվա մեկ այլ ներխորհրդարանական հարց, որին սևեռված էր Իրանի հանրության ուշադրությունը. հոկտեմբերի 7-ին 11 խորհրդարանականներ դիմել էին ԻԻՀ-ի արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին, խնդրելով լայն հասարակությանը հասանելի դարձնել ամերիկյան լրտես Ջեյսոն Ռեզայանի գործի մանրամասները։ «Միջուկային բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը Իրանից շարունակ պահանջում էր ազատ արձակել Ռեզայանին, պնդելով, թե նա սովորական լրագրող է, սակայն հիմա նրա մեղքը լիովին ապացուցված է։ Այդ մարդը գլխավորում էր Թեհրանում գործած ամերիկյան հետախուզական կենտրոնը»,- նշված է դիմումում։ Բացի այդ, պատգամավորներն արդարադատության նախարարին կոչ էին արել հրապարակել Իրանում լրտեսական լայն ցանցի ստեղծման վերաբերյալ Ռեզայանի տեսախոստովանությունը, ինչպես նաև սպառիչ տեղեկություն տալ Իսլամական Հանրապետության տարածքում լրագրողի լրտեսական գործունեության վերաբերյալ։ Հայտնի է, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը ներկայացրել էր հաշվետվություն, որտեղ նշվում է, որ «Washington Post» թերթի թղթակից Ջեյսոն Ռեզայանը ձերբակալվել է Իրանի վարչակազմի փոխման նպատակով դավադրությունների իրականացման գործում ամերիկյան Սենատին օգնելու փորձի համար։ Ինչպես նկատել է, հարցը կրում է նաև թե՛ ռազմական, թե՛ հետախուզական բնույթ, այսինքն առնչվում` է ԻԻՀ-ի անվտանգության ոլորտին։
Հոկտեմբերի 7-ին ԻԻՀ-ի ներքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Զոլֆաքարին հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում կիբերհամակարգերի անվտանգությունն ուժեղացնելու երկրի պլանների մասին. Իրանի պահապանների մամուլի քարտուղար Նեջաթոլլահ Էբրահիմիյանի տվյալներով, երկրի օրենսդիր մարմնի հաջորդ ընտրությունների պաշտոնական ամսաթիվը 2016 թ. փետրվարի 26-ն է։ Զոլֆաքարիի հետագա հայտարարությունները վերաբերում էին արդեն մեծ մասամբ արտաքին քաղաքականությանն ու հետախուզությանը. նա ընդգծել է, որ երկրի ՆԳՆ-ն վերահսկում է Իրանի թշնամիների բոլոր փորձերը` հետախուզական գործողություններ իրականացնելու ԻԻՀ-ի տարածքում։ Նրա ասելով, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն։ «Օտարերկրյա հետախուզության գործակալների ներթափանցման բոլոր փորձերը խափանվում են բոլոր մակարդակներում։ Կասկածների առաջացման դեպքում, թե թշնամին ձգտում է թափանցել երկրի տարածք կամ լրտեսություն անել, կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է Զոլֆաքարին։
Արտաքին քաղաքական ոլորտում Իրանը բազմաթիվ իրադարձություններ ու փաստեր է ունեցել։ Հոկտեմբերի 7-ին Արաբական թերակղզու արաբական վարչակազմերը հայտարարեցին, թե պատրաստ են երկխոսելու Իրանի հետ, այդ թվում` Սիրիայի ու Եմենի հարցերով։ Բայց այդ նույն օրը այաթոլլահ Խամենեին իր որոշմամբ արգելեց ամեն տեսակի բանակցություն ԱՄՆ-ի հետ, դրանք համարելով անօգուտ Թեհրանի համար։ Իսկ այաթոլլահի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հոկտեմբերի 8-ին զարգացրեց «Իրանը ԱՄՆ-ի կարիքը չունի» գաղափարը։ Բայց միաժամանակ Իրանի արտգործնախարարի` Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գծով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանն ասաց, որ Իրանը պատրաստ է մասնակցելու տարածաշրջանային երկխոսությանը, եթե այն լինի գործնական և արտատարածաշրջանային ուժերի ազդեցություններից զերծ։ Հասկանալի է` խոսքն այն ազդեցության մասին էր, որ արաբական միապետությունների վրա ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Բայց գլխավոր իրադարձությունները հետո եղան։ Նախ Իրանի նախագահի խորհրդականը և հետախուզության նախկին նախարար Ալի Յունեսին հրապարակավ ենթադրություն արեցին, թե Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ վերջերս տեղի ունեցած ողբերգությունները կարող էին նախապատրաստված լինել Իսրայելի «Մոսադ» հատուկ ծառայության կողմից, որով հարցին միանգամայն այլ հնչողություն տվեցին (մուսուլմանական աշխարհի պայմաններում)։ Իսկ Մեջլիսի փոխխոսնակ Սեյեդ Տորաբի-Ֆարդն ընդգծեց, որ Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգական միջադեպը կդառնա «փոփոխությունների սկիզբ մուսուլմանական աշխարհում»։ Ի զարգացումն հոկտեմբերի 12-ի գաղափարի, իսլամական մազհաբների ¥շարիաթի իրավունքի դպրոց իսլամում-խմբ.¤ մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար այաթոլլահ Մոհսեն Արաքին մուսուլման գիտնականներին կոչ արեց ստեղծել իսլամական երկրների դաշինք։ Այսինքն, մուսուլմանական աշխարհում Արաբական թերակղզու արաբների և Թուրքիայի անդեմ «առաջատար դիրքերի» վերանայման փորձ, որոնց Իրանը վաղուց մեղադրում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին ծառայելու մեջ։ Հոկտեմբերի 12-ին Իրանի Գերագույն առաջնորդի հաջի և ուխտագնացության գործերի ներկայացուցիչ Ալի Ասղար Կազին կոչ արեց բարեփոխել Սաուդյան Արաբիայում ամենամյա հաջի կառավարումը, քանի որ սաուդցիները «ունակ չեն կառավարելու հաջը` արդյունավետ կառավարման բացակայության և հնացած մեթոդների կիրառման պատճառով»։ Այսպիսով, Թեհրանն իրականում հող է նախապատրաստում մուսուլմանական աշխարհում հեղաշրջում կատարելու համար։
Հոկտեմբերի 10-ին Թեհրանն ընդգծեց, որ Իրանը չի համաձայնի սիրիական ճգնաժամի կարգավորման և ոչ մի պլանի, եթե դրան չմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Միաժամանակ իրանցիները նախազգուշացրին, որ կարող են միանալ Սիրիայում գործող ահաբեկիչների դեմ ուղղված օդային հարվածներին և «պատրաստ են հրթիռային ուժ կիրառելու»։ Հոկտեմբերի 12-ին Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար (ԻՀՊԿ նախկին հրամանատար) գեներալ Մոհսեն Ռեզայիին խոստացավ «թաղել Սիրիայում և Իրաքում գործող տակֆիրիստական ահաբեկիչներին», այսինքն, խոսքը «Իսլամական պետության» և Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի աջակցությունը վայելող ահաբեկիչների մասին է։ Հոկտեմբերի 13-ին այաթոլլահ Խամենեին հրապարակայնորեն հայտարարեց` Արևմուտքը շարունակում է «փափուկ պատերազմը» Իրանի դեմ։ Այսպիսով, Թեհրանը ցույց է տալիս, որ ո՛չ Վիեննայի ԳՀՀՊ-ն, ո՛չ Արևմուտքի մյուս ջանքերն ու քայլերը ի վիճակի չեն խաբելու Իրանի քաղաքական, հոգևոր և զինվորական ղեկավարությանը։
Ռազմական ոլորտում նշված են հետևյալ կարևոր իրադարձությունները. հոկտեմբերի 9-ին, իրանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, պաշտպանության նախարար Հոսեյն Դեխղանը հայտարարեց երկրի զինված ուժերի կողմից նորագույն հեռահար բալիստիկ հրթիռների հաջող փորձարկման մասին։ Գեներալի խոսքով` նոր հրթիռն ընդունակ է մեծ ճշգրտությամբ խոցելու նպատակակետը։ «Երկիր-երկիր» դասի «Edam» հրթիռը իրանական առաջին հրթիռն է, որ հնարավոր է կառավարել ու վերահսկել, ապահովելով դիպուկ խոցումը»,- ճշգրտեց Իրանի պաշտպանության նախարարը։ Դեխղանի ասելով, «Edam» հրթիռը, որ ունակ է մեծ ճշգրտությամբ խոցելու և լիովին ավերելու նպատակակետը, նախագծել են իրանցի մասնագետները։ Այդ պատճառով ԱՄՆ-ը հոկտեմբերի 12-ին Թեհրանին մեղադրեց «ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու» մեջ։ Ի պատասխան դրա, հոկտեմբերի 13-ին Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Աբաս Արաքչին ընդգծեց, որ Իրանը ոչ մի պարագայում օտարերկրյա պետությունների հետ չի խորհրդակցի ազգային անվտանգության և պաշտպանական արդյունաբերության հարցերի շուրջ։ «Իրանում նորագույն «Edam» բալիստիկ հրթիռի փորձարկումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համալիր պլանի (ԳՀՀՊ) խախտում չէ»,- պարզաբանեց Արաքչին։ Այդ օրն ավելի ուշ Թեհրանը սպառնաց արգելել իր ռազմական օբյեկտների մոնիթորինգը։ Նույն օրը պաշտպանության նախարար Դեխղանը հայտարարեց, որ երկրի պաշտպանության նախարարության փորձագետները առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ մշակել են մի նորագույն տորպեդ, որն ընդունակ է զարգացնելու մեծ արագություն։ Բացի այդ, նրա մարտագլխիկը հնարավորություն ունի մի քանի րոպեում արդյունավետորեն ոչնչացնելու նպատակակետը, ներառյալ խոշոր ծովային նավերը։ Հայտարարվել է կատարելագործված տորպեդը զանգվածային արտադրության հանձնելու մասին։ Կատարելագործված տորպեդներով կզինվեն ԻՀՊԿ-ի սուզանավերը։ Նպատակակետերն ի հայտ կբերվեն սոնարի և ռադարի միջոցով։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հաղորդվեց Սիրիայում ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Հոսեյն Համեդանիի զոհվելու մասին, ով այդ երկրում էր գտնվում որպես սիրիական բանակի ռազմական խորհրդական։ ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, գեներալը սպանվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից` Հալեպ քաղաքից ոչ հեռու, սիրիական զորքերի համար խորհրդատվական ծառայությունների ապահովման առաքելություն իրականացնելիս։ Համեդանին ԻՀՊԿ-ի հրամանատար էր նշանակվել 2005-ին։ Բրիգադային գեներալը վերահսկում էր «Կոդս» ստորաբաժանման հատուկ ջոկատայինների գործողությունը։ Բացի նրանից, Սիրիայում խորհրդատվական առաքելության իրականացման ժամանակ սպանվել է նաև ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատար, բրիգադային գեներալ Ջաբար Դարասավին։ Հոկտեմբերի 12-ին ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Զաֆարին հոգեհանգստի արարողության ժամանակ խոստացավ, որ մոտ օրերս Սիրիայի տարածքում կռվող ահաբեկչական խմբերը «լուրջ կորուստներ կկրեն»։ Իսկ իրանական բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ահմադ Փուրդաստանը խոստացավ դաժան վրեժ լուծել և ասաց, որ Սիրիայում բրիգադային գեներալ Համեդանիի մահը ավելի վճռական կդարձնի Թեհրանին։ «ԻՀՊԿ-ի գեներալի նահատակությունը կամրապնդի մեր մտադրությունը` շարունակելու պայքարը ծայրահեղականության դեմ և վրեժ լուծելու ահաբեկիչներից ու նրանց կողմնակիցներից»,- նշեց Փուրդաստանը։
Հնարավոր է, որ Արևմուտքն ու Սիրիայի գծով նրա դաշնակիցները չեն վախենում իրանական ոխից։ Եվ իզուր։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ