«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այս խաղում կա միայն ձին

Այս խաղում կա միայն ձին
19.10.2015 | 14:46

Էս ինչ խեղճ է ու ինչքան տաղտուկ Հայաստանի քաղաքական կյանքը: Միակ ուրախությունը հարսանիքներն են, երկուսն ամուսնանում են, ամբողջ քաղաքը բամբասում է, եթե ամուսնացողները պաշտոնյաների կամ օլիգարխների ընտանիքներից են: Մեկ-մեկ էլ՝ կնունք: Էսքանը: Ոչ մի դրական աուրա, ոչ մի պայծառ խոսք՝ ազգային բայղուշությունը տեր ու տիրական է՝ բոլորը բողոքում են, բոլորը մեղադրում են, բոլորը ամեն ինչ գիտեն, Վանգան գլուխը պատին էր տվել նրանց համեմատ: Ոչ մի գաղափարական հարց, որ բանավեճ դառնար: Ոչ մի սկզբունք, որը պաշտպանելու համար տեսակետներ լինեին: Ոչ մի լուրջ բացահայտում, անգամ ոչ մի կոմպրոմատ, առավելագույնը՝ Գագիկ Հարությունյանը Ջանի Բուքիքիոյին կաշառել է: Հետո կպարզվի՝ քաղաքական կաշառք է եղել, մեջը փող չկար: Էս է: Ինչ լինի, Հայաստանը պաշտոնապես կամ իր գոհունակությունն է հայտնում՝ Դողու Փերինչեքը վկա, կամ՝ անհանգստանում է՝ հրադադարի խախտման դեպքերն ապացույց: Հայ դիվանագիտությունը ուրիշ զգացում չունի՝ կամ բավարարվում է, կամ՝ բավարարում: ՈՒրիշ գործ էլ չունի՝ արձանագրում է ու արձանագրում:
Բնական է, որ էս մթնոլորտում, երբ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, նոր մարդու հայտնությունը դառնում է երկրաշարժ: Ո՞ր խելագարը մեր ժամանակներում կդառնա կամիկաձե: Չկա խելագար, կան հանձնակատարներ: Գործ է՝ անում են: Իսկ ինչո՞ւ ոչ: Գաղջ մթնոլորտ է, ջուր պղտորելը մեկով մեկ է, մինչև ջրերը պարզվեն, ձուկը բռնած կլինեն: Էսքանը: Հա, բա հետո՞: Արա Աբրահամյանը հիշեց Հայաստանը: Լավ արեց՝ Մալիշկայում է ծնվել, Մալիշկան Հայաստան է՝ երբ ուզի՝ կհիշի, կգա էլ, կգնա էլ, ուզեց՝ եկեղեցի էլ կկառուցի (մեկը ի՞նչ է, մի քանիսը կկառուցի), նոր թերթ-մերթ կբացի (Հակոբ Ավետիքյանի ականջը խուլ), կուսակցություն-մուսակցություն (ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ընկերության աչքը լույս): Ինչո՞ւ ոչ: Ժողովրդավարություն է: Շուկայական հարաբերություններ: Բիզնես-նախագծերը մենակ տնտեսության մեջ չեն լինում՝ տնտեսությանը փող տալը ջուրը գցել է, ո՞վ իմանա՝ ո՞ւմ գրպանում է հայտնվելու: Պետության գրպանը ծակ է: Ֆեմիդայի աչքերը, հայտնի է, փակ են: Բայց քաղաքականության մեջ բիզնես-նախագծերը շահույթ ապահովում են՝ աթոռի տեսքով: Բազկաթոռի: Փափուկ: Բաղրամյան պողոտայում: Հանրապետության հրապարակում: Մի խոսքով՝ քաղաքի կենտրոնում: Ինչո՞ւ ոչ՝ կրկնում եմ: ՈՒ հենց ըտենց Արա Աբրահամյանի շատ մարդկային, շատ անշահախնդիր, շատ հայրենասեր, շատ սկզբունքային, շատ անկախ, շատ անքաղաքական, շատ գաղափարական քայլը դարձավ հայրենիքի ճահիճը նետված հրաբուխ: Բոլորը սկսեցին քլթքլթալ, գոլորշի արձակել, գորտերը դուրս թռան ու սկսեցին կռկռալ: Ագռավներն էլ՝ վերևից: Ճահիճը սկսեց մտածել ինքնապահպանության մասին: Վտանգի հոտը, օ, վտանգի հոտը ոչ մի ֆրանսիական օծանելիք չի մարի: Անգամ «Օպիումը»՝ իր դառը՝ արբեցնող ու երջանկացնող եթերայուղերով: ՈՒ՝ ի՞նչ: Դաշտը բաժանվեց՝ կեսը նրան հայտարարեց օտար նվաճող, կեսը լծվեց նրան յուրային դարձնելու գործին, երրորդ կեսն էլ կա՝ սպասում են, թե ինչ կլինի, որ հետո ասեն իրենց տղամարդու խոսքը: Սկսեց ՕԵԿ-ը՝ պարզվեց ՕԵԿ-ի ու Արա Աբրահամյանի հարաբերությունները մեծ պատմություն ունեն, է, ո՞վ չգիտի՝ Աբրահամյաններից գոնե մեկը միշտ եղել է ՕԵԿ-ի ընտրացուցակում: Հետո ՕԵԿ-ին մի կողմ մղեցին ու ասացին՝ սպասիր, տեսնենք, մեծերն ի՞նչ են որոշում: Մեծերը ովքե՞ր են: Էլ ի՞նչ մեծ, եթե հայտնի լինի՝ ովքեր են: Դա պետական գաղտնիք է: Հետո եկավ Արա Աբրահամյանը, միանգամից վերցրեց ակադեմիան (երևի ասել էին՝ իրենց հարգող, ապագա ընտրություններում հաղթող դաշինքներն ու կուսակցությունները ակադեմիայում են շտաբ-մշտաբ բացում, ասուլիս-մասուլիս տալիս), ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին նստեցրեց կողքը ու ասաց, որ իշխանափոխություն չի ուզում, նախագահ-վարչապետ դառնալ չի ուզում, փաստորեն ոչինչ չի ուզում, բայց եկել է: Եկել է, որովհետև Պուտինը միշտ ճիշտ է, ու Պուտինը ասել է՝ ամոթ չի՞, որ հայերը Ռուսաստանում ընդամենը երեք միլիոն են: Հայերի բազմացման ծրագիր է պետք, որ հենց ծնվեն, գրանցվեն՝ գնան Ռուսաստանը շենացնելու՝ Կալինինգրադից՝ Սիբիր, Սիբիրից՝ Արկտիկա: Մնում են Հայաստանում, ի՞նչ անեն: Ռազմավարական համագործակցություն է, չէ՞: Դե էսքանից հետո ի՞նչ է մնում հայերին անել: Պաշտպանվել է պետք, չէ՞: Բայց անվտանգ պաշտպանություն: Ինքնագոլ չլինի, մայր Թերեզային՝ ալբանացի լինելով՝ հայ հայտարարեցինք, հերիք է, Ալբանիայի հավաքականին առաջնություն ուղարկեցինք՝ հերիք է, ինքնագոլի լիմիտը՝ վերջացավ: ՈՒ ի՞նչ է մնում: Մնում է հայտարարել, որ Արա Աբրահամյանը եկել է Երևան բարեգործական նպատակներով, քաղաքական բարեգործության՝ ուզում է կուսակցություն բացել ու բիզնես-նախագծի անունն է… Ռոբերտ Քոչարյան: Հա, բա, Քոչարյանին փող որտեղի՞ց, Մոսկվան ձեռից առավ, համ էլ, որ սկզբից իմանան Ռոբերտ Քոչարյանն է սպիտակ ձիու վրա գալու վերջում, հայի նախանձություն կանեն՝ կխանգարեն: Իսկ սենց՝ լավ է ու լավ: Բոլորն իրենց տեղում՝ իրենց գործն են անում: Իշխանությունը իշխում է, ընդդիմությունը ընդդիմանում է, ժողովուրդը հեռանում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Բոլոր նրանք, ովքեր փորձում են Արա Աբրահամյանի հաշվին փող աշխատել, ձախողվելու են, նա փողի հաշիվը գիտի: Բոլոր նրանք, ովքեր ուզում են տանուլ տված խաղում շախմատի տախտակը շրջել, նույնպես ձախողվելու են՝ սա Հայաստանն է, ու բոլորն ամեն ինչ գիտեն: Այս խաղում կա միայն ձին, որ կարող է ձիավոր դառնալ, կարող է ձիավոր ստանալ: Բայց այդ ձիավորը հայկական ճահճուտից չէ, նախկին նախագահ չէ, նախկին վարչապետ չէ, ոչ էլ ԱԺ նախագահ: Արա Աբրահամյանին ու Ռոբերտ Քոչարյանին կապելով՝ Մոսկվայի ծրագիր ներկայացնողները նույնպես սխալվում են: ՀՀԿ-ին պարզապես պետք է Մոսկվայի դրածոյին հնարավորինս չեզոքացնել, բայց ոչ հրապարակային: Մոսկվան դեռ ոչինչ չի որոշել, արվում են նախնական քայլեր, որ որքան կարող են շարունակվել, նույնքան՝ ավարտվել չսկսված: Տեսական կցմցումները իրականության մեջ ճաք են տալիս, առայժմ պետք է խաղատախտակին սեփական ֆիգուր ունենալ, հետոն հետո կերևա: Երկու տարի կա: Ինչ ասես կարող է լինել: Փոխվել, վերափոխվել, բարեփոխվել: Սահմանադրությունից սկսած: Կյանքով վերջացրած:

Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ