«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տիգրան Սարգսյանի ճակատագրի նոր շրջադարձը

Տիգրան Սարգսյանի ճակատագրի նոր շրջադարձը
17.10.2015 | 18:51

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Նյու Յորք այցը, փաստորեն, շատ բազմակողմանի է եղել և դեռ նորանոր իրադարձություններ են ի հայտ գալու ի հետևանս: Այս դեպքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի առնչությամբ: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, նախկին վարչապետ, դեռ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016-ի փետրվարի 1-ից կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: ՈՒրբաթ օրը Ղազախստանում Եվրասիական բարձրագույն տնտեսական միության նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է. «Մենք որոշում ենք ընդունել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան: Մենք նաև որոշում ենք ընդունել, թե փետրվարի 1-ից Ռուսաստանից հետո կոնկրետ ով կղեկավարի հանձնաժողովը. Սարգսյան Տիգրան Սուրենի՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը»: Լուկաշենկոն հավելել է, որ Սարգսյանի թեկնածությանն աջակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ աշխատել է Տիգրան Սարգսյանի հետ և լավ գիտի նրան: Սա իսկապես անսպասելի շրջադարձ է Տիգրան Սարգսյանի կյանքում, եթե նկատի առնենք, որ իր վարչապետության ողջ ընթացքում համարվում էր, որ նրան աջակից է Արևմուտքը՝ ի դեմս Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական կառույցների, ավելին՝ Տիգրան Սարգսյանը ռուսական բարեհաճությունը «չէր վայելում»: Համենայն դեպս նա է եղել Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը և հիմնավորել է: Հիմնավորապես է հիմնավորել: Հիմա պարզվում է, որ Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ և համաձայն է նրան վստահել ԵԱՏՄ-ում բարձր պաշտոն: Ճիշտ է՝ դա խիստ ժամանակավոր է և ռոտացիոն կարգով փոխվելու է: Իսկ ի՞նչ է անելու հետո Տիգրան Սարգսյանը: Թերևս սլացիկ վերադառնալու է Հայաստանի քաղաքական դաշտ՝ ճիշտ ընտրությունների շրջանում: Կա, իհարկե, նորից դեսպան դառնալու հավանականությունը, բայց ավելի քիչ, քան Հայաստանում նորից բարձր պաշտոն ստանձնելն է: Փաստորեն, արդեն որոշված է նաև, թե ո՞վ է նրան փոխարինելու ԱՄՆ-ում: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկրում դեսպանի պաշտոնը երկար ժամանակով թափուր չի մնա: Նոր դեսպանը թերևս իր հավատարմագիրը հասցնի ներկայացնել հենց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Իհարկե, հարց է՝ կընդունի՞ Օբաման նրան անձամբ, ինչպես Տիգրան Սարգսյանին, և ընդամենը երկու շաբաթում, թե՞ նոր դեսպանը կմնա Ջոն Քերիի հույսին, բայց դա արդեն եկող տարվա պատմություն է: Առավել կարևոր է, թե Տիգրան Սարգսյանի համար ի՞նչ հեռանկար է պատրաստվում Հայաստանում, երբ կավարտի պաշտոնավարությունը ԵԱՏՄ-ում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը Տիգրան Սարգսյանի համար այն հարթակը չէ, որտեղ անձամբ իր կամ Հայաստանի համար կարողանա շահավետ գործունեություն ծավալել՝ կառույցի շրջանակներում նա լինելու է ընդամենը որոշումներ վավերացնող, ոչինչ ավելին: Բայց առավել կարևորը այդ նշանակման ոչ թե իրավական, այլ քաղաքական կողմն է՝ փաստորեն սա մասն է առավել մեծ համաձայնության Հայաստանի քաղաքական դաշտի վերաբերյալ, որտեղ կատարվում են առաջին հայացքից անհասկանալի ու անհավանական փոփոխություններ, եթե նկատի ունենանք Արա Աբրահամյանի հանկարծահաս «հայրենասիրությունը» և այդ հայրենասիրության բացահայտ հակասությունները ՀՀ օրենսդրության հետ: Քանի՞ օրենք պետք է Հայաստանում փոխվի, որ Արա Աբրահամյանը Հայաստանում մշտապես չբնակվելով հանդերձ՝ իրավունք ունենա մասնակցել խորհրդարանական ընտրություններին և իրավունք ունենա ֆինանսավորել որևէ կուսակցություն՝ լինելով օտարերկրացի: Դա ՀԷՑ գնել չէ, դա քաղաքականություն է, որտեղ գոնե պատշաճության համար գործող օրենքների հետ պետք է հաշվի նստել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչպե՞ս է Տիգրան Սարգսյանը վերաբերվում իր կյանքի նոր շրջադարձին: Վաշինգտոնից հեռանալու և ժամանակավոր կանգառից հետո Հայաստան վերադառնալու հեռանկարը, հաստատ որոշակի պայմանավորվածություններով է ամրակայվել, որոնց համաձայն է եղել նաև ԱՄՆ-ը: Այլապես ոտքի վրա նման քայլեր չեն արվում՝ ԱՄՆ-ի դեսպանին բերել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերությունների այս համապատկերում:

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ