«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վլադիմիր Պուտինն Արևմուտքին ստիպում է ընտրություն կատարել

Վլադիմիր Պուտինն Արևմուտքին ստիպում է ընտրություն կատարել
02.10.2015 | 00:12

Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, սեպտեմբերի 28-ին մի աներևակայելի բան տեղի ունեցավ։ Պետք չէ մոլորության մեջ գցել սեփական գիտակցությունը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանին մասնակցող պետությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին քիչ էին հետաքրքրում տոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հրավիրած ընթրիքը։ Այդ նստաշրջանին սպասում էին դեռ սեպտեմբերի սկզբից` այլ պատճառներով։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու ոմանք այդքան չէին ուզում, որ 70-րդ նստաշրջանը բացվեր սեպտեմբերի 5-ին, այսինքն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձի տոնակատարության առթիվ Պեկինում կայացած հաղթանակի շքերթից փաստորեն անմիջապես հետո։ Կազմակերպիչները երկյուղում էին «ավելորդ» զուգահեռներից, երբ ստիպված պիտի լինեին մեկ անգամ ևս ընդունելու և ընդգծելու նախկին ԽՍՀՄ-ի (այս պարագայում Ռուսաստանի) առաջատար դերը Գերմանիայի և Ճապոնիայի դեմ 1941-45 թթ. պատերազմում տարած հաղթանակում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացումը սեպտեմբերի 5-ից 15-ին հետաձգելու կազմակերպիչների հղացումը ձախողվեց։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քարոզ-դասախոսությունը ոչ ոքի վրա տպավորություն չգործեց, ու չէր էլ կարող գործել։
-Ինչպե՞ս կարող ես մտածել, թե դու հետայսու ևս կարող ես «անել, ինչ ուզում ես» և պարտադրել ժողովրդավարության մասին քո պատկերացումները, ռազմական ուժի դիմել, եթե ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած պաշտոնական ելույթում միաժամանակ խոստովանում ես, որ ԱՄՆ-ը միայնակ չի կարող գլուխ հանել աշխարհի առավել սուր խնդիրներից։ Իսկ Սիրիայի հարցում ապավինում ես և պատրաստ ես համագործակցելու Ռուսաստանի և Իրանի հետ։ Եվ դեռ «անիրազեկ» ու «նեղացած» ձևանաս և ծպտուն չհանես (նույն սիրիական ճգնաժամի հարցում) Չինաստանի դերի մասին։ Անհեթեթություն. միայն այսպես կարելի է մեկ բառով բնութագրել Նյու Յորքում Օբամայի ճառում հնչած թեզիսները։ Ասենք, ԱՄՆ-ի նախագահից առանձնապես ոչ ոք ոչ մի գերնոր բան չէր էլ սպասում։ Եվ Չինաստանից նրա խոժոռ նեղացածությունը հասկանալի է. ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը մոտ մեկ շաբաթ (սեպտեմբերի 28-ից առաջ) պետական այցով գտնվում էր Ամերիկայում։ ԱՄՆ-ում բոլորը, սկսած Օբամայից, շողոքորթությամբ ու քծնանքով էին նայում չինացի հյուրի աչքերին, նրան համոզելով Ամերիկայի հետ դաշն կնքել «լավագույն ապագայի համար պայքարում»։
Իսկ Սի Ցզինպինը Նահանգներ էր եկել այն բանից հետո, երբ արդեն հրաման էր արձակել Վաշինգտոնի համար մի նրբին ռազմավարական անակնկալի վերաբերյալ. Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հարվածային հրթիռակիր հածանավի` Սիրիայի ափերին մոտենալուց հետո տեղ հասան նաև չինական ռազմանավերը` «Լյաոնին» ավիակրի գլխավորությամբ։ Տեղ են հասնում նաև չինական ծովային հետևակայինները։ Պատրաստվում են Միջերկրական ծով նետելու նաև չինական տախտակամածային և այլ ավիացիա։ ՉԺՀ-ն իր ռազմաօդային ուժերը կուղարկի Բասել Ասադ միջազգային օդանավակայան (Լաթաքիայի մերձակա Ջաբլեհի շրջան), որտեղ նրանք կմիանան Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերին,- գրում է «The Arab Sourse» պարբերականը։ Այո, Պեկինը միացել է արտաքին ագրեսիան հետ մղելու գործում Սիրիային օգնություն ցուցաբերելու գործողություններին, որ իրականացնում են Իրանը, Ռուսաստանը և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատները։ Իրոք, «նեղանալու» բան ունի ԱՄՆ-ի նախագահը. նա այնքա՜ն ջանքեր էր գործադրել Չինաստանին «իր կողմը հրապուրելու» համար։ Իսկ Չինաստանը համառորեն ակնարկում է. «Վերադարձրու ոսկին` կհավատամ»։ Խոսքը նախապատերազմական (գոմինդանական) Չինաստանի ոսկու պաշարի մասին է, որը տարվել էր ԱՄՆ և բարեհաջող «կորավ» Նյու Յորքում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգության ժամանակ։ Այստեղ նույնիսկ Թայվանի հարցը ամենագլխավորը չէ։
ԱՄՆ-ի մոտ ինչ-որ բան տեղապտույտ է տալիս նաև Իրանի հետ հարաբերություններում։ Եվ աշխարհը լսում է. դե հա՜, իհարկե, «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները մեծ գլխացավանք են։ Ռուսաստանն ինքնին առհասարակ «գլխացավանք է ԱՄՆ-ի համար»։ Եվ արդյունքում, Օբամայի ճառում, չնայած խոստովանությանը, թե ԱՄՆ-ը միայնակ չկարողացավ գլուխ հանել Մերձավոր Արևելքի խնդիրներից, և որ Սիրիայի հարցում պատրաստ է համագործակցելու ռուսների և իրանցիների հետ, այնուամենայնիվ, Վաշինգտոնի գլխավոր հակառակորդներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը։ Զարմացնո՞ւմ է սա։ Ոչ։ Ինքնիշխան, ինքնուրույն արտաքին քաղաքականության ձգտող ցանկացած երկիր ինքնաբերաբար ԱՄՆ-ի թշնամին է, քանի որ ԱՄՆ-ին պետք են միայն հլու-հնազանդ գաղութներ, որոնց ղեկավար կդրվեն խամաճիկ վարչախմբեր։ Թեև արտաքուստ ամեն ինչ միանգամայն «ժողովրդավարական» տեսք կունենա։
Թե հետո ինչ եղավ` ամբողջ աշխարհը տեսավ, շատ հեռուստաալիքներ ուղիղ հեռարձակում էին կատարում։ Օբամայից հետո բոլորը սպասում էին, թե ինչ են ասելու Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Չինաստանի ղեկավարն ավանդաբար զուսպ էր, բայց գլխավորն ասաց։ Դա խորհուրդ չէ Արևմուտքին, դա նախազգուշացում է։ Առավել ևս, դեպի Սիրիա ՉԺՀ-ի ռազմանավերի ջոկատի երթի ֆոնին։ Առաջին` չզբաղվել օտար պետությունների ներքին գործերին միջամտությամբ, «այլևս չհամարձակվել նեղացնել փոքրերին»։ Երկրորդ` եթե Արևմուտքը «ծանր քար» է վերցնում, ապա պետք է պատրաստ լինի, որ վաղ թե ուշ նա «քարը իր ոտքին է գցելու»։ Երրորդ նախազգուշացում` երկարաժամկետ և ռազմավարական կարգի, ավելի շատ վերաբերում է ամբողջ մոլորակի ապագային և, ինչ-որ չափով, նաև տնտեսական ուղերձ է. հարկ է պատրաստվել փոքր ածխաջրածնային նախագծերի։ Պեկինը հասկանալ տվեց, որ իր պատմության մեջ սկսվում է մի ժամանակաշրջանի պատրաստվելու դարագլուխ, երբ ավանդական ածխաջրածինները` նավթը և գազը, երկրորդական-երրորդական տեղ կունենան էներգետիկայի և տնտեսության մեջ։ Համապատասխանաբար, առհասարակ ի չիք կդառնա «թերթաքարային նավթի և գազի թեման»։
Գանք Ռոհանիիի խոսքերին. չնայած Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերին և ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկին տրված հավանությանը, Իրանի նախագահն այնուհետև խիստ քննադատեց Սաուդյան Արաբիային` և՛ մուսուլման ուխտագնացների շրջանում եղած զոհերի, և՛ Եմենի դեմ սանձազերծած ագրեսիայի համար, ինչպես նաև... Վաշինգտոնին մեղադրեց «ահաբեկչական քաղաքականություն» վարելու մեջ։ Այսպես, Ռոհանին բնութագրեց ամերիկյան ներխուժումը Իրաք և Աֆղանստան, ինչպես նաև «Պաղեստինի ժողովրդին ճնշող սիոնիստական վարչախմբին ցուցաբերվող աջակցությունը»։ ԱՄՆ-ի դերը մանրամասնվել է. Իրանի նախագահը Իրաքի օկուպացումը ուղղակիորեն կապել է «Իսլամական պետություն» խմբավորման ի հայտ գալու հետ։ Մերձավոր Արևելքում ծայր առած ահաբեկչությունը, ընդգծեց նա, ԱՄՆ-ի և Իսրայելի անպատասխանատու և հանցավոր քաղաքականության հետևանք է։ Ռոհանին միջազգային ընկերակցությանը, հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին, կոչ արեց «միասնական ճակատ» ստեղծել ծայրահեղականության և բռնության դեմ պայքարի համար։ Առաջ անցնելով ասենք, որ Իրանի նախագահը բառացի կրկնեց Պուտինի ճառի թեզերից մեկը։ Վերջապես, Ռոհանին քննադատեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` նախկինում պատժամիջոցային ռեժիմ սահմանելու համար։ Նա հայտարարեց, որ Իրանը երբեք մտադիր չի եղել միջուկային զենք ստեղծել, և պահանջեց «սիոնիստական վարչախմբին թույլ չտալ միակ խոչընդոտը մնալ միջուկազերծ Մերձավոր Արևելքի ստեղծման ճանապարհին»։ Իսկ Արևմուտքի հետ գործարքը Իրանի նախագահն անվանեց «հաղթանակ պատերազմի նկատմամբ, ինչը խաղաղություն և կայունություն բերեց Մերձավոր Արևելքին»։
Եվ ահա եկավ Պուտինը... Ռուսաստանի նախագահի ելույթի տեքստը իմաստ չունի վերապատմելու. դա վերջնագիր է ԱՄՆ-ին` ինչպես Սիրիայի առնչությամբ, այնպես էլ ԻՊ-ի դեմ ամերիկացիների գլխավորած կոալիցիայի անարդյունավետ պայքարի, ՈՒկրաինայի և «ժողովրդավարական հեղափոխությունների» արտահանության խնդրի առնչությամբ։ «Դուք գոնե հասկացե՞լ եք, թե ինչ եք արել»,- դառնությամբ, բայց կոշտ արտաբերեց ՌԴ նախագահը, և դահլիճը բառացիորեն քարացավ ու սսկվեց։ Նա շոշափեց թե՛ միջազգային քաղաքականության, թե՛ տնտեսության, թե՛ առևտրի, թե՛ բնապահպանության փաստորեն բոլոր ամենաօրախնդիր հարցերը։ Կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Է՜, մեր ինչի՞ն են պետք դրանք։ Ոչ մի խոսք չասաց ո՛չ Հայաստանի ու Արցախի, ո՛չ Կովկասի մասին»։ Բայց հենց լավ է, որ չասաց։ Եվ հետո, նա ներկայացնում է Ռուսաստանը, իսկ հայ ազգի շահերն ու իղձերը ներկայացնելու համար մենք մեր նախագահն ունենք։ Ասենք, Սերժ Սարգսյանը որոշեց հպանցիկ միայն խոսել մեր սահմաններին Ադրբեջանի զինված սադրանքների ու փոխհրաձգությունների մասին, բայց փոխարենը աշխարհին ոգևորությամբ հիշեցրեց ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի դրոշների ներքո խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրած ավանդի մասին։ Երևի ինչ-որ մեկը նրան այդպիսի խորհուրդ էր տվել։ Թեև պետք էր օգտվել հնարավորությունից։
Իսկ Ռուսաստանի նախագահը բացահայտորեն կոչ արեց ամբողջ աշխարհին. կամ մոլորակի երկրներն ու ժողովուրդները Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ մեկտեղ ոչնչացնում են ԻՊ խմբավորումը, կամ... Իբրև բացարձակ չարիքի դեմ լայն ճակատի կոալիցիայի օրինակ, ու դա ևս Պուտինի մտահղացումն էր, նա հիշեցրեց նաև 1941-45 թթ. հակահիտլերյան կոալիցիայի և այն մասին, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)` որպես համաշխարհային քաղաքականության հետպատերազմական կառավարման մարմնի, ստեղծման որոշումն ընդունվել է հենց Ռուսաստանում` Յալթայում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Նա բացահայտորեն հաշիվ ներկայացրեց հերթով. ԱՄՆ-ին, Թուրքիային, Եվրամիությանը, Սաուդյան Արաբիային և Քաթարին, երբ հիշեցրեց, որ ԻՊ-ի վախճանը կարող էր վրա հասնել շատ ավելի շուտ և միայն Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչներին հակահարված տալու շնորհիվ, եթե չլինեին «օգնականների» հզոր ֆինանսական հոսքերը։ Իսկ դրանք «սիրիական ընդդիմությանը» ուղղակի ֆինանսական ներարկումներն են, թմրամիջոցների առևտուրը (Իրանը դեռ 2008-ից է հենց ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին մեղադրում, որ նրանց «հովանավորությամբ» Աֆղանստանից թմրամիջոցների արտահանումը ավելացել է մի քանի անգամ), զենքի ապօրինի առևտուրը, Իրաքից և Սիրիայից մաքսանենգ ճանապարհով դուրս բերվող նավթի վաճառքը (բոլորն էլ գիտեն, որ գողացված նավթը վաճառվում է հենց Թուրքիայում) և այլն, և այլն։
Հիմա տնտեսության մասին չենք խոսի։ Թեև «ինտեգրացիաների ինտեգրման» վերաբերյալ Պուտինի առաջարկությունը հայտ է նաև 22-րդ դարի համար։ Կարևորն այլ բան է. Սիրիայից և ահաբեկչության դեմ պայքարից հետո Ռուսաստանի նախագահը նշեց նաև այնպիսի գործողությունների անթույլատրելիությունը, որոնք հանգեցնում են ուկրաինականի տիպի պետական հեղաշրջման և քաղաքացիական պատերազմի։ Եվ անմիջապես ընդգծեց, թե ում հետ կգործակցի ռուսական հակաահաբեկչական կոալիցիան Սիրիայում. դրանք են սիրիական զինված ուժերը և, համապատասխանաբար, դրանց գլխավոր հրամանատար Բաշար Ասադը, ինչպես նաև... քրդական աշխարհազորը։ Չգիտեմ, հասկացավ, արդյոք, որևէ մեկն այս նուրբ ակնարկը, բայց փաստը մնում է փաստ. Մոսկվան վերադառնում է ոչ միայն պարզապես Մերձավոր Արևելք։ Նա վերադառնում է «քրդական հարցին»։ Դե, իսկ Օբամայի և Պուտինի բաղձալի առերես հանդիպումը մոտ հեռանկարի վերլուծության և քննարկումների առարկա է։ Առայժմ ասենք. քանի որ բանակցություններից հետո լրագրողներին մոտեցավ միայն Ռուսաստանի նախագահը, ուրեմն Օբաման ասելիք չուներ։ Առայժմ նա պետք է գտնի վերջնագրի պատասխանը. ինքը «հակահիտլերյան կոալիցիայի» հե՞տ է, թե՞ ոչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի հանցագործությունների և ֆաշիզմի հետ համագործակցած անձանց արդարացման անթույլատրելիության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի առնչությամբ ԱՄՆ-ը դեմ է քվեարկել։ Տեսնենք, թե ԱՄՆ-ը ինչ կպատասխանի ժամանակակից ֆաշիստներին համատեղ ոչնչացնելու առաջարկության առնչությամբ։ Չինաստանն ու Իրանը (որ ինքնըստինքյան հասկանալի է) արդեն հրապարակավ պաշտպանել են Պուտինի վերջնագիրը։ Մեկը մյուսից հետո միանում են Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրները։ Եվրոպան կուչ է եկել և լռում է` սպասելով Վաշինգտոնի արձագանքին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ