«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պեկին ու Մոսկվա՝ Նյու Յորքից առաջ

Պեկին ու Մոսկվա՝ Նյու Յորքից առաջ
25.09.2015 | 00:54

Շաբաթվա սկզբին «Անկախություն-24» տոնակատարություն, ու անմիջապես ի գործ: Վարչապետը մեկնեց Պեկին, ԱԺ նախագահը ոչ մի տեղ դեռ չի գնացել, նախագահն ընդունում է մարզպետներին, հյուրանոց ու շենք է բացում, խորհրդակցություններ գումարում: Լրիվ նախընտրական կյանք: Արտգործնախարարն էլ գնաց Նյու Յորք: Եռում է կյանքը Հայաստանում: Գյուղացիները կրակն են ընկել խաղողի ձեռքը: Գագիկ Ծառուկյանը գնաց ու ասաց՝ խնդիր չունեք, կառնեմ 100 դրամով, հիմա էլ վարունգն է ձեռքից գնում՝ 10 դրամով էլ առնող չկա, իսկ Երևանում գինը 250-300-ից չի իջնում: Գոնե օղի թորել չի լինում, հետաքրքիր կլիներ վարունգի օղին: Վրաստանում էլ բերքը պակաս չէ, Ռուսաստան էլ տանել ռուբլու արժեզրկման պայմաններում ավելի շատ վնաս է, քան առևտուր: Փոխվարչապետն էլ Հայաստանի տնտեսական աճն է կասկածի տակ առնում: Համենայն դեպս այնքան, ինչքան վարչապետը ոգևորված չէ: Ինչքան չլինի՝ Կենտրոնական բանկից է եկել, հաշվել գիտի: Միայն քաղաքական հարցեր չի լուծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորից գնաց Չինաստան: ՀՀ նախագահի մարտյան այցից, չին-հայկական համաձայնագրերից ու Հռչակագրից հետո վարչապետի սեպտեմբերյան այցը թվում է հետախուզություն՝ մարտից հետո: Պաշտոնական տեղեկատվությամբ նա բանակցություններ է վարել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի ու Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ: Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Մանրամասն քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրությունը, պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարի կբարձրացնի: Հովիկ Աբրահամյանը Լի Կեցյանին հրավիրել է Հայաստան, նա էլ սիրով համաձայնել է: Հարց՝ մարտից սեպտեմբեր ի՞նչ փոխվեց, որ նախագահից հետո վարչապետը գնաց Պեկին: Սի Ձինպինը քի՞չ էր, Լի Կեցյա՞նը պիտի «վերահաստատեր»: Կես տարին բավարար ժամանակ չէ՞ր գոնե մի համաձայնագրի մի քիչ կատարման համար, թե՞ Հովիկ Աբրահամյանը գնացել է պարզի՝ ինչո՞ւ չի կատարվում, բայց դա պարզելու համար Պեկին չպիտի գնար, այլ լրիվ հակառակ ուղղությամբ: Կամ՝ գնար Թբիլիսի ու հարցներ՝ ինչո՞ւ չինացիները մտադիր են Վրաստանում մեքենաների հավաքման գործարան բացել, խոշոր ներդրումներ անել վրացական նավահանգիստներում, բայց Հայաստան գալիս-գալիս՝ տեղ չեն հասնում: Կամ էլ Պեկինից գալիս Թեհրանում վայրէջք կատարեր ու պարզեր՝ Իրանը Հայաստանի հետ կապող երկաթուղին դեռ ուզո՞ւմ է կառուցել, թե՞ արդեն այնքան առաջարկներ ունի, որ Հայաստանի պահանջարկը նվազել է կամ վերացել: Հընթացս էլ գործընկերոջը Երևան կհրավիրեր: Կարևորը հանդիպումներն ու համաձայնագրերն են, որոնց չկատարումը միշտ էլ կոնկրետ պատճառ ունի:
Բայց ոչ այնքան վարչապետի Պեկին այցն էր կարևոր Հայաստանի համար ու Հայաստանին վերաբերող խնդիրների, որքան… Մոսկվայում մզկիթի բացումը:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ մահմեդական աշխարհի տասնյակ առաջնորդներ են լինելու, տասնյակը սկսում ու ավարտում էր Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվա չգնաց: Չգնաց նաև Իլհամ Ալիևը: Մզկիթն առիթ էր Մոսկվայում լինելու: Էրդողանի համար: Ինչպես՝ Պաղեստինի նախագահի: Առանց պատրվակ որոնելու Մահմուդ Աբասից առաջ Պուտինի հետ հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Պատճառ անվանվեց Սիրիան: Իսրայելի վարչապետին մտահոգել էր, որ Դամասկոսին տրվող զենքը չհայտնվի «Հըզբոլլահի» ձեռքում ու չկրակի իր երկրի վրա: Բնականաբար, կար նաև Իրանի հարցը: Հանդիպումից հետո Նեթանյահուն ասաց, որ Իսրայելն ու Ռուսաստանը իսրայելա-սիրիական սահմանին զինված ուժերի միջև բախումները կասեցնելու համակարգման մեխանիզմներ են մշակելու, դա չափազանց կարևոր է Իսրայելի անվտանգության համար: Ռուսաստանի ռազմական աջակցությունը Ասադին Մոսկվան համարում է Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածման միջոց: Պուտինն անթաքույց փորձում է համաշխարհային մակարդակով վերականգնել Ռուսաստանի երբեմնի դերն ու դիրքը: Բացի Լաթաքիայի ռազմական օդանավակայանում տանկերի ու զրահապատ մեքենաների տեղակայումից, ՌԴ-ն Սիրիա է տեղափոխել ցամաք-օդ հրթիռներ և մարտական ինքնաթիռներ: Իսրայելը Ռուսաստանի համար կարևոր դաշնակից է, համենայն դեպս Թել Ավիվը մերժել է ամերիկյան ու եվրոպական նախաձեռնությունները Ղրիմի գրավումը չեղարկելու վերաբերյալ և չի միացել հակառուսական պատժամիջոցներին: Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հանդիպելուց մեկ օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Պաղեստինի նախագահին: Հանդիպումը Մահմուդ Աբասն անվանեց պատմական պահ, երբ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար: Նա բողոքեց, որ Պաղեստինը մեծ լարում է ապրում Երուսաղեմում ստեղծված իրավիճակի պատճառով՝ նկատի ուներ Ալ Աքսա մզկիթում բախումները, Իսրայելը շարունակում է վերաբնակեցման ծրագիրը, իսկ հրեա վերաբնակիչները ահաբեկչական գործունեություն են ծավալում ու ամեն օր սպանում են պաղեստինցի երիտասարդներին: Սիրիայի իրավիճակը ևս քննարկվեց. Պաղեստինը կարծում է՝ պահը հասունացել է, բացվել են քաղաքական լուծման դռները: Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը ամբողջացնում էր Ռուսաստանի մերձավորարևելյան նոր քաղաքականության հիմքերի ամրապնդումը: Իհարկե, Պուտինն ու Էրդողանն ունեն քաղաքական ու տնտեսական մեծ օրակարգ՝ ելնելով ռազմավարական համագործակցության երկուստեք հայտարարված մտադրություններից: Մոսկվան ու Անկարան լավագույն ժամանակները չեն ապրում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Արևմտյան պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, Թուրքիայում հունիսյան ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության մեծամասնությունը կորցնելը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը նոր իրողություններ են, որ փոխհարաբերություններում նոր օրակարգ են սահմանում: Պուտինը հաջողություններ մաղթեց Էրդողանին խորհրդարանական ընտրություններում և հիշեցրեց, որ Ռուսաստանը Թուրքիայի առևտրատնտեսական երկրորդ գործընկերն է, մեծանում է ներդրումների ծավալը երկու երկրներում՝ արդեն 10 միլիարդ դոլարի է հասել: Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ 2014-ին ապրանքաշրջանառությունը 31 միլիարդ դոլար է եղել, այս տարի՝ արդեն 11, հույս ունի մինչև 2023-ը հասցնել 100 միլիարդ դոլար մակարդակի։ Ի՞նչ են նրանք խոսել «համաշխարհային օրակարգի» մասին, հայտնի չէ: Պարզ է, որ Պուտինն ու Էրդողանը չէին կարող չանդրադառնալ Սիրիայի հարցին ու «Իսլամական պետության» դեմ պայքարին, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին ու քրդերի հարցին, չէին կարող շրջանցել «Թուրքական հոսքը», որ հոսում-հոսում, տեղ չի հասնում, չէին կարող տարածաշրջանի շրջագծում չճշտել միմյանց դիրքորոշումը Իրանի հարցում՝ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հետո Թեհրանի քաղաքական ու տնտեսական նոր դերի կտրվածքով: Առավել ևս, որ Մոսկվան ու Անկարան բոլոր հիմքերն ունեն Թեհրանին մրցակից համարելու, բայց և բոլոր հիմքերն ունեն Թեհրանին գործընկեր ունենալու: Դեռ Ղարաբաղի հարցն էլ կա ու կա: Բարդ, ներհակ ու մանվածապատ արվեստ է քաղաքականությունը:
Ինչո՞ւ Մոսկվա չէր մեկնել Իլհամ Ալիևը, որ Արևմուտքին հայտարարած խոր «անհամաձայնության» համապատկերում պիտի կարևորեր մզկիթի բացման առիթով ադրբեջանա-ռուսական բարձրամակարդակ հարաբերություններն ընդգծելը: Բայց՝ չկարևորեց: Ավելին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանից առաջ չցանկացավ ՌԴ նախագահի հետ քննարկել հարցեր, որոնք Նյու Յորքում հնչելու են: Իլհամ Ալիևն ամեն ինչ ճշտե՞լ է Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, սպասո՞ւմ է Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպմանը: Թե՞ Էրդողանը նաև այդ հարցով նրան փոխարինեց Մոսկվայում: Կամ՝ խաղաղապահների տեղակայումն այլևս օրակարգում չկա՞: Ղազախստանի նախագահի բացակայությունը ևս չպատճառաբանվեց, Նուրսուլթան Նազարբաևը, թեև ֆինանսավորել է, հարկ չհամարեց ինչ-որ մզկիթի համար հասնել Մոսկվա: Ի վերջո, Դուշանբեում հանդիպեց Պուտինի հետ, այս ընթացքում նոր ոչինչ չի ավելացել՝ փոխադարձ հետաքրքրություն ունեցող:
Միայն անխոնջ Ջեյմս ՈՒոռլիքն է անվերջ հույս հայտնում, բացատրում, մտահոգվում: Նկատե՞լ եք, որ մյուս համանախագահները երդվյալ լռություն են պահպանում և կարծես միայն Ջեյմսին են տեղեկատվական առաքելությունը լիազորել: «Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Համանախագահներն այդ պլանները կքննարկեն երկու երկրների արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը»,- ասել է նա:
ՌԴ նախագահի՝ ԱՄՆ մեկնելուց և Նյու Յորքում Սիրիայի հարցով ելույթից առաջ նրան, այնուամենայնիվ, երկու հանդիպում «պակասում» է: Սի Ձինպինի հետ, որ արդեն պետական այցով Վաշինգտոնում է ու հանդիպել է Բարաք Օբամայի և Հասան Ռուհանիի հետ, որ դեռ իբրև ԻԻՀ նախագահ Մոսկվայում չի եղել ու Թեհրանում չի ընդունել ՌԴ նախագահին: Մինչդեռ երկու երկրների հարաբերությունները վաղուց թելադրում են նախագահների մակարդակով հանդիպում և ունեն ծավալուն օրակարգ: Փաստորեն, օրակարգը՝ օրակարգ, բայց դեռ այդ օրակարգի շուրջ չկան համաձայնություններ, որոնց առկայությամբ իմաստ ունի հանդիպելը: Իսկ մինչ այդ կան Սերգեյ Լավրովն ու Ջավադ Զարիֆը: Եվ կա որոշակի համաձայնություն Սիրիայի հարցում: ՈՒ՝ բազում անհամաձայնություններ այլ հարցերում, որոնց հետևանքով էլ չի կայանում ո՛չ ՀՀ նախագահի այցը Թեհրան, ո՛չ ԻԻՀ նախագահի այցը Երևան: Իսկ ՀՀ վարչապետն էլ 2008-2015՝ գնում-գալիս է Պեկին ու մեկ միլիարդ, ընդամենը մեկ միլիարդ դոլարի ներդրում չի ստանում: Խոստումներ՝ որքան ասես: Այսօր կառավարության նիստում նա հաստատ կպատմի Պեկինում իրեն տրված խոստումների մասին: Ի վերջո, պետք է հիմնավորել տնտեսական աճը, որը հրապարակավ կասկածի տակ են դնում փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը, իսկ ԱԺ նախագահն ասում է, որ ոչ էլ կասկածի տակ են դնում: Ամեն ինչ ճիշտ է ու ամեն ինչ լավ է: Սովորաբար, Գալուստ Սահակյանը միշտ ճիշտ է՝ հավատանք նրան ու սպասենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ «Անկախություն-24»-ը կհիշվի Արմենչիկի «վաստակավորությամբ» ու Սմբատ Հակոբյանի ծեծով: Այնուամենայնիվ, ինչքան տարբեր են Հայաստանում պաշտոնական և իրական հարթությունները: Պաշտոնական հարթության մեջ Հայաստանը դրախտավայր է, իրական հարթության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվում: ՈՒ այնքան հաճախ, որ արդեն դադարել է մտահոգել ու զարմացնել: Չմոռանամ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն նախապատրաստվում է սահմանադրական բարեփոխումների: Քաղաքական և տնտեսական անցուդարձը պետք է դիտարկել նաև հանրաքվեի տեսանկյունից:

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ