«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՊԿ նստաշրջա՞ն, թե՞ Սիրիայի հարցը Դուշանբեում

ՀԱՊԿ նստաշրջա՞ն, թե՞ Սիրիայի հարցը Դուշանբեում
16.09.2015 | 09:48

Երեկ Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցեցին նեղ կազմով, ապա՝ ընդլայնված, պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հավարտ նստաշրջանի՝ ընդունվեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը, կառույցի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին:
Նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` հյուրընկալ Դուշանբեում ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել 2015-ին Տաջիկստանի ակտիվ նախագահությունն ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման գործում էական ներդրումը և ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները։ Թե ի՞նչ է ասել ՀՀ նախագահը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման նոր ալիքի և Հայաստանի գյուղերի հրետակոծման մասին, պաշտոնական տեղեկատվությունը չի մանրամասնում: Առավել ևս՝ հայտնի չէ, թե ՀԱՊԿ անդամները ինչպես են արձագանքել նրա ելույթին և բարձրացրած հարցերին:
Նստաշրջանի ավարտից հետո Սերժ Սարգսյանը, Էմոմալի Ռահմոնը և Նիկոլայ Բորդյուժան լրագրողների համար ամփոփել են նստաշրջանի արդյունքները:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում քննարկել են դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը և նախանշել ծրագրերը: Հայաստանը Տաջիկստանից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Նիստի արդյունքներով ընդունվել է Հայտարարություն, որում ամրագրված են ՀԱՊԿ ձևաչափով փոխգործակցության հիմնական ուղղություններով աշխատանքների գնահատականները: Հայաստանի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ իրենք բավարարված են ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին: Որոշվել է երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը: Նա ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնայնությունները.
- ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:
- ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:
- ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:
- ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:
Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը: Համոզված եմ, որ պայմանավորվածությունների իրականացումը ծանրակշիռ ներդրում կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Թե այս կետերից ո՞րն է դառնալու Հայաստանի անվտանգության ապահովության երաշխիք, դժվար է ասել: Թերևս ոչ մեկը: Ռուս փորձագետներն ասում են, որ ՀԱՊԿ-ը իրականում ոչ թե հավաքական անվտանգության կազմակերպություն է, այլ Ռուսաստանի և հետխորհրդային մի քանի երկրների երկկողմ հարաբերություններն ամրագրող կառույց: Եվ դա առավել մոտ է իրականությանը, եթե անդրադառնում ենք ոչ թե փաստաթղթերին, հայտարարություններին, կոչերին, այլ՝ գործերին:
Իսկ ընդհանրապես Դուշանբեի ՀԱՊԿ նստաշրջանը նվիրված էր բոլորովին էլ ոչ ՀԱՊԿ-ին, այլ՝ Սիրիային: Համենայն դեպս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը գերազանցապես վերաբերում էր Սիրիայի խնդրին և Սիրիայի հարցի լուծման ընթացքին: Ակնհայտ է, որ նստաշրջանում քննարկվել է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը և հնարավոր մասնակցության հարցը Պուտինի նոր ծրագրերին: ՀԱՊԿ անդամներից Հայաստանն ամենամոտ երկիրն է Սիրիային և հայկական մեծ համայնք ունի Սիրիայում՝ այս փաստը նոր իրավիճակում նոր բովանդակություն է ստանում: Գուցե Նովո-Օգարյովոյում արդեն իսկ հարցը քննարկվել է՝ մինչև Դուշանբե հասնելը: Եվ եթե Հայաստանը ինչ-որ մասնակցություն ունենալու է, ապա փոխարենը ի՞նչ է խոստացել Պուտինը Սարգսյանին: Դուշանբեում իր ելույթում ՌԴ նախագահն ասել է, որ առարկայական քննարկվել է ՀԱՊԿ պատասխանատավության գոտու իրավիճակը՝ հրատապ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներով, արձանագրվել է սպառնալիքների մեծացումը, որոնց բախվում են ՀԱՊԿ անդամները տարբեր ուղղություններով: Այսքանը: Առանց փակագծերը բացելու՝ նա արագ անցել է Աֆղանստանի իրավիճակին՝ արձանագրելով, որ անվտանգության ապահովման միջազգային ուժերը բավականաչափ երկար են աշխատել, սակայն չեն հասել իրավիճակի որակական, արմատական և վերջնական բարելավման: Արտասահմանյան զինուժի դուրսբերումով իրավիճակն Աֆղանստանում ավելի է վատացել, մեծացել է ահաբեկչական և էքստրեմիստական խմբավորումների ներխուժման վտանգը: Հայտնի կազմակերպություններին ավելացել է Իսլամական պետությունը, որի գործողությունները արդեն դուրս են գալիս Իրաքից ու Սիրիայից:
«Դրությունը Սիրիայում շատ լուրջ է: Այսպես կոչված՝ Իսլամական պետությունը վերահսկում է Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Ահաբեկիչներն արդեն հայտարարում են, որ հասնելու են Մեքքա, Մեդինա ու Երուսաղեմ: Նրանց ծրագրերում իրենց ակտիվության տարածումն է Եվրոպայում, Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայում»՝ ասել է ՌԴ նախագահը:
Նրա գնահատականով՝ տարրական ողջամտությունը, գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատվությունը պահանջում են համաշխարհային հանրության ուժերի միավորումը այդ սպառնալիքի դեմ: Պետք է մի կողմ դնել աշխարհաքաղաքական հավակնությունները, հրաժարվել երկակի ստանդարտներից, առանձին ահաբեկչական խմբավորումներն ուղղակի կամ կողմնակի օգտագործելուց՝ սեփական կոնյունկտուրային նպատակների համար, այդ թվում՝ անցանկալի կառավարությունների ու վարչակարգերի փոփոխության:
Պուտինը կրկնել է իր առաջարկը՝ անհապաղ լայն կոալիցիա ձևավորել էքստրեմիստներին հակադարձելու համար: Կոալիցիա, որ կմիավորի նրանց, ովքեր պատրաստ են ռեալ ներդրում ունենալ ահաբեկչության դեմ պայքարում՝ ինչպես արդեն անում են Իրաքի ու Սիրիայի զինված ուժերը: Նա հաստատել է, որ Ռուսաստանը աջակցում է Սիրիայի կառավարությանը՝ դիմակայելու ահաբեկչությանը և շարունակելու է անհրաժեշտ ռազմատեխնիկական օգնությունը՝ կոչ անելով մյուս երկրներին միանալ: Նա ակնհայտ է համարում, որ առանց Սիրիայի իշխանության և զինվորների ակտիվ մասնակցության ահաբեկիչներին Սիրիայից ու տարածաշրջանից հնարավոր չէ վտարել: Իհարկե, պետք է մտածել և քաղաքական վերափոխումների մասին՝ նախագահ Բաշար Ասադը պատրաստ է պետության կառավարմանը մասնակից դարձնել ընդդիմության առողջ ուժերին:
ՌԴ նախագահը խոսել է և փախստականների հորձանքի մասին, զարմացել, որ Արևմուտքը փախստականների հոսքի մեղավոր համարում է Ռուսաստանին՝ իբր խնդիրը ծագել է, որովհետև Ռուսաստանն աջակցում է օրինական իշխանություններին, ու հերքել է մեղադրանքը: Վերադառնալով ՀԱՊԿ-ին՝ Պուտինը ասել է, որ ծրագրվում է ամրապնդել կազմակերպության զինված ուժերի փոխգործակցությունը և ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե նկատեցիք՝ Սիրիային նվիրված ամբողջ ելույթում գեթ մեկ անգամ չէր նշվում Իրանի անունը, որ պաշտպանել ու պաշտպանում է Բաշար Ասադին, փոխարենը Դուշանբեի նստաշրջանից հետո ռուսական լրատվամիջոցները նշում էին, որ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել, առաջին հերթին՝ անդամ ունենալով Իրանին ու Եգիպտոսին:
ՌԴ նախագահը հրապարակային ելույթում չհնչեցրեց և Թուրքիայի անունը, մինչդեռ Անկարան հայտարարելով, թե պայքարում է Իսլամական պետության դեմ, իրականում հարվածներ է հասցնում Սիրիայի քրդերին, որ պայքարում են ԻՊ-ի դեմ ու սա փաստ է, որ արձանագրում են թուրքերն իրենք՝ մեղադրելով Էրդողանին՝ հակաքրդական հարձակումների համար: Պուտինը ոչ մի անգամ չտվեց նաև Չինաստանի անունը: Պեկինի դիրքորոշումը հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման ու ձևաչափի հարցում շատ կարևոր է: Այդ հարցերին ՌԴ նախագահը արդեն կանդրադառնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում: ՈՒ այդպես էլ անհայտ մնաց, թե Հայաստանն ի՞նչ ստացավ Դուշանբեում՝ բացի ՀԱՊԿ-ի նախագահությունից, որը այս խառը ժամանակներում ամենևին էլ չի թեթևացնելու մեր խնդիրները, եթե չավելացնի:

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ