«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նովո-Օգարյովոն մանրամասների մեջ

Նովո-Օգարյովոն մանրամասների մեջ
09.09.2015 | 10:34

Դեռ երեկ հարց էր, թե ՀՀ նախագահը ի՞նչ է քննարկել ՌԴ նախագահի հետ Նովո-Օգարյովոյում իր աշխատանքային այցի ընթացքում: Անսպասելի արագ այդ հարցը ստանում է իր պատասխանը միանգամից մի քանի ուղղությամբ: Եվ, որ հատկապես կարևոր է, այս դեպքում պատասխանը ներառում է ոչ միայն Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերը, այլև Վլադիմիր Պուտինի տված պատասխանները:
1. Հայաստանը ՀԱՊԿ գագաթաժողովում բարձրացնելու է կազմակերպության մյուս անդամների դաշնակցային պարտավորությունների իրականացման հարցը: Թույլատրելիության սահմանները բացատրել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Ռազմական օգնությունն ամենավերջին փուլն է: Դաշնակցային պարտավորությունները ենթադրում են քաղաքական հայտարարություններ, քննադատություն՝ հարցի լուծման ոչ քաղաքական մեթոդներին: Հանրապետության նախագահը ՀԱՊԿ մեր գործընկերներին կներկայացնի իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում»: Զարմանալի է, որ ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հավատում է, որ քաղաքական հայտարարությունների մակարդակով ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտավորությունների կատարումը ինչ-որ կարևորություն ունի: Իրականում Հայաստանին ավելին պետք էլ չէ: ՀԱՊԿ-ի, այսինքն՝ Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը հակամարտության տարածքում կամ շրջակա շրջաններում իրավիճակ է փոխելու, որը Հայաստանին կարող է ոչ թե պաշտպանված դարձնել, այլ՝ ավելի խոցելի: Դուշանբեում Սերժ Սարգսյանը հերթական անգամ կասի ով է Ալիևը իրականում ու ինչ է անում, նրան կառարկեն կամ նրա հետ համաձայն կլինեն, ՀԱՊԿ-ը առայժմ քաղաքականությունը չի փոխի:
2-րդ՝ ՀԱՊԿ-ն առայժմ քաղաքականությունը չի փոխի կոնկրետ այս հարցի առնչությամբ, բայց մյուս հարցերում ՀԱՊԿ-ը շատ ճկուն է: Ռուսաստանն աշխատում է Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ` հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի նախագիծն անցել է ներհանրապետական բոլոր ընթացակարգերը և պատրաստվում է ստորագրման»,- հաստատել է նա:
3-րդ՝ Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ ստեղծել ՀԱՊԿ երկրներում՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գրոդնոյում: «Մեզ մոտ նման բազաներ գոյություն ունեն: Խոսքը և Ղրղըզստանի, և Հայաստանի մասին է: Մենք պատրաստ ենք ավիաբազաներ ստեղծել այն երկրներում հետ, որոնց հետ մեզ կապում են դաշնակցական հարաբերությունները` կլինի դա ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ գումարած դաշնային պայմանավորվածություն` ինչպես Բելառուսի հետ»,- ասել է Մեդվեդևը: Ի պատասխան ՆԱՏՕ-ի, իհարկե: Ո՞վ ասաց, որ Գյումրիից բացի Հայաստանում ուրիշ ռազմաբազա լինել չի կարող: Թեմա է՝ վարիացիաներով:
4-րդ՝ Գրոդնոյում ՌԴ վարչապետը նաև ընդունել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական բարդ ու ծանր իրավիճակում է ու ասել է, որ դա պետք Է խթան դառնա ջանքերի համախմբման համար: ՛՛Մենք բավականին բարդ տնտեսական իրավիճակում ենք այն իրադրության համեմատությամբ, որում ստեղծվում Էր մեր միությունը: Համաշխարհային տնտեսության վիճակը բարդ Է, հակասական ու անկանխատեսելի: Անկայունություն Է տիրում մի ամբողջ շարք խոշորագույն երկրների ֆոնդային շուկաներում ու կապիտալի շուկաներում: Ռուսաստանի տնտեսության վրա, բացի նշված գործոններից, ազդում Է պատժամիջոցների ճնշումը, կատարյալ անորոշության վիճակում Է մնում ածխաջրածինների շուկան»,-ասել Է Մեդվեդևը: Նա զգուշացրել է, որ կարեւոր Է թույլ չտալ մրցակցային արժեզրկում՝ խուսափել ազգային արժույթի թուլացման հաշվին արտաքին առեւտրում կարճաժամկետ առավելություններ ստեղծելու գայթակղությունից: Մեդվեդևը համարում է դա վտանգավոր ուղի, որը հղի Է տարբեր շարք ճյուղերի հավասարակշռության խախտմամբ: Փաստորեն սա նախազգուշացում է Ղազախստանին՝ տենգեի քառասուն տոկոսանոց անկումից հետո:
5-րդ՝ այսքան ՛՛դրականի՛՛ հետ պիտի լիներ և ՛՛բացասականը՛՛՝ ԱՊՀ երկրների՝ արտաքին քաղաքական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռառը, անդրադառնալով ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությանը, թե ԵՄ-ն Հայաստանի և Բելառուսի հետ համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում, մարգարեացել է, որ ՌԴ-ն դեմ չի լինի: «Ռուսաստանը դեմ էր, որ Ուկրաինան ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, բայց դեմ չէր, որ ստորագրեն Հայաստանն ու Բելառուսը: Ուստի ՌԴ-ն դեմ չի լինի, որ Հայաստանն աշխատանքային հարաբերություններ ունենա Եվրամիության հետ»: Պատկերացնու՞մ եք: Ի՞նչ շրջադարձ՝ Ռուսաստանը դեմ չէր Հայաստանի եվրաասոցացմանը, Հայաստանը ինքն իրեն որոշեց միանալ Մաքսային միությանը: Եվ հիմա էլ Ռուսաստանը չի խանգարի: Գնա՝ ապրի:
6-րդ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու՝ հրաժարվելով դոլարից: Նաև հակադարձ երթևեկության առաջարկ է արել՝ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առեւտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ երկխոսության ձեւավորմանը:
7-րդ՝ իր ներդրումն է ունեցել արտաքին գործերի նախարարը՝ Փարիզից, որտեղ մասնակցում է Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին: Նա ասել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է իր անմիջական հարևանությամբ` Մերձավոր Արևելքում, ծավալվող իրադարձություններով: Նախարարը խոսել է հիմնավոր, օրինակներով ու կանոններով:
8-րդ՝ Ռոբերտ Քոչարյանն էլ հիշեցրեց, որ վաղ է իրեն մոռանալ:
9-րդ՝ չեն լինի նոր ներդրումներ:
10-րդին չանդրադառնանք: Պարզապես ձևացնենք, թե սահմանադրական փոփոխություններից կարևոր հարց Հայաստանը չի ունեցել իր և համաշխարհային պատմության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հիմա բոլոր այս կետերը միացրեք իրար, կարող եք փոխել նաև համարակալումը և տեղակայումը, կարևորը, որ նրանք կան, բանաձևված են: Երբ ձեզ փողոցում հարցնում են՝ ժամը քանիսն է, միշտ չէ, որ չգիտեն, երբեմն ուզում են համոզվել, որ դուք գիտեք:

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ