«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պետք է սպասել Թուրքիայի շուրջ ու Թուրքիայի ներսում դրամատիկ նոր զարգացումների

Պետք է սպասել Թուրքիայի շուրջ ու Թուրքիայի ներսում դրամատիկ նոր զարգացումների
16.06.2015 | 00:29

Հունիսի 7-ի Թուրքիայի հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո Արևմուտքի, Ռուսաստանի ու Անդրկովկասի փորձագետները հիմնականում քննարկում են չափավոր իսլամիստների կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության հարաբերական պարտությունը, հիմնականում խորանալով ներկուսակցական խորխորատների մեջ և քննարկելով կուսակցության ու նրա առավել գործուն անդամների՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հնարավոր ապագան: Առավել քիչ է քննարկվում հարցը, թե ինչ է սպասում Թուրքիային հարևանող երկրներին, քանի որ նեոօսմանիզմի քաղաքականության իրականացման Անկարայի համառ փորձերը և աջակցությունը արաբական երկրների իշխող վարչակարգերի փոփոխության ալիքին, Կովկասում ինչ-որ «հատուկ դեր» ստանձնելու համառ ջանքերը, կարծես, վերջին ընտրություններից հետո կմնան միանգամայն արդիական արտաքին քաղաքական մարտահրավեր Թուրքիայի բոլոր հարևանների համար: Այս տեսակետից հետաքրքիր են ոչ թե ընտրություններն իրենց արդյունքներով, այլ շուրջքաղաքական նյուանսները և արտաքին քաղաքական մթնոլորտը, որ ստեղծել էին արտատարածաշրջանային ու տարածաշրջանային ուժերը թուրքական ընտրությունների նախօրեին: Պարզ է, որ հունիսի 7-ից հետո Էրդողանն ու Դավութօղլուն շատ ավելի քիչ հիմքեր ունեն կարծելու, որ իշխանությունն աներեր է և ժամանակ կա իրականացնելու իրենց ու դաշնակիցների ծրագրերը տարածաշրջանում:
Դա նվազ կարևոր չէ, քան «զարմանալը» «քրդամետ» ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP, նախագահը՝ Սելահեդդին Դեմիրթաշ) համեմատական հաջողությամբ կամ «սքանչանալ», որ վերջին 50-60 տարում առաջին անգամ թուրքական խորհրդարանում կլինեն հայ պատգամավորներ: Հունիսի 2-ին թուրքական Show TV հեռուստաընկերության եթերում Էրդողանը հայտարարեց, որ արևմտյան լրատվամիջոցները կանխամտածված սրում են իրավիճակը Թուրքիայում. «CNN-ը, BBC-ին, New York Times-ը ամեն ինչ անում են Թուրքիայի մասնատման համար: Իրականում ոչինչ չի փոխվում: Նույն New York Times-ը 1896-ին նույնն էր անում Աբդուլ Համիդի նկատմամբ»: Թուրքիայի տարածքային մասնատման ու բաժանման մասին խոսում էին ոչ Թուրքիայի նախագահի նշած արևմտյան լրատվամիջոցները և ոչ էլ նույնիսկ կառավարող կուսակցության ընդդիմադիրները, այլ ինքը Էրդողանը: «Ազատություն» ռադիոկայանը մեջբերել էր Թուրքիայի նախագահի հակահայկական հայտարարությունները արևելյան Բինգյոլ նահանգի հունիսի 3-ի բազմամարդ հանրահավաքում: «Հայկական լոբբին, հոմոսեքսուալները՝ բոլորը ժողովրդադեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք սադրում են մարդկանց: Այդ խմբին կարելի է հավելել Dogan Media Group-ը, որ այդ կուսակցության մեծագույն դաշնակիցն է»՝ մեջբերում էին ԶԼՄ-ները Էրդողանի բառերը: Dogan Media Group-ի կազմում են ազդեցիկ լրատվամիջոցներ CNN Turk հեռուստաընկերությունը, Hurriyet ու Radikal թերթերը, որ նախընտրական շրջանում բավականին կոշտ դիրքորոշում էին դրսևորում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ: Էրդողանի հարձակումները քրդամետ HDP կուսակցության վրա նույնպես պատահական չէին: Էրդողանը համոզված է, որ իր ու իր կուսակցության դեմ դավադրությունները հյուսվում են ոչ միայն երկրից դուրս, այլև Թուրքիայում: Սակայն ոչ թե Էրդողանի հայտարարություններն էին արտացոլում Թուրքիայի ներսում ու Թուրքիայի շուրջ զարգացող իրադարձությունների դրամատիզմը, այլ փաստը, որ այդ հայտարարություններին արձագանքեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հունիսի 5-ի բրիֆինգում՝ անընդունելի որակելով Թուրքիայի նախագահի խոսքերը. «Երբ խոսքը լրագրողների մասին է, ԱՄՆ-ը միշտ պաշտպանում է խոսքի ազատությունը: Մենք անհանգստացած ենք Թուրքիայի կառավարության միջամտությամբ խոսքի ազատության ոլորտում: Երկար ժամանակ ենք մենք այդ մասին խոսում ու մեր անհանգստությունն արձանագրում: Ազատ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության նշանակալից մասն է: Մենք թուրքական իշխանություններին կոչ ենք անում իրենց գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին՝ ներառյալ դատական համակարգի անկախությունը և խոսքի ազատությունը»: Ի պատասխան լրագրողի հարցի՝ դատապարտո՞ւմ է պետդեպարտամենտը Էրդողանի քննադատական հայտարարությունները հայերի հասցեին, Հարֆը ասաց. «Միանշանակ»:
Հասկանալի է, որ դաշնակիցների միջև էլ (իսկ Մերձավոր Արևելքում Թուրքիան ու ԱՄՆ-ը, անկասկած, դաշնակիցներ են) ժամանակ առ ժամանակ սև կատու է անցնում, բայց պետդեպարտամենտի քննադատությունը ստիպեց հիշել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության և ԱՄՆ-ի միջև երկար ամիսներ բազմաբևեռ «պարզաբանումներ» են կատարվում «թուրքական իսլամիզմի հայր» Ֆեթուլահ Գյուլենի և նուրսիստների օրդենի դերի մասին: Անցած տարիներին Էրդողանը նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էր ստիպել «մաքրել» իր շրջապատը Գյուլենի ու նուրսիստների կողմնակիցներից: Գյուլենը երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում և բացառված չէ, որ եղել և մնում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հովանու ներքո: Իզուր չէ, որ Արևմուտքը և արևմտյան ԶԼՄ-ներին քննադատելիս Էրդողանն ասաց, որ նրանք կատարում են հրահանգները նրանց, ում հեգնաբար անվանեց «բարձրագույն գիտակցություն»: «Ո՞վ է նրանց թիկունքում, պարզ է», բազմանշանակ ավարտեց խոսքը Էրդողանը՝ ձեռնպահ մնալով հետագա ճշտումներից: Մայիսի վերջին Էրդողանը կտրուկ քննադատեց NYT-ի՝ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին մայիսի 22-ի խմբագրականը («Մութ ամպեր Թուրքիայի վրա» վերնագրով), որտեղ Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ում Անկարայի մյուս դաշնակիցներին կոչ էր արվում ներգործել Էրդողանի վրա, որ նա «հեռանա ներքին քաղաքական բռնաճնշումների կործանարար ճանապարհից»: Ի պատասխան նախագահ Էրդողանը մեղադրեց NYT-ին, որ անցնում է «թույլատրելիի սահմանները»: Մեկ զինվորականների, մեկ գյուլենականների հետապնդումները, մեկ տարբեր քրդական ու քրդամետ կուսակցությունների ավանդական լուծարումները, իհարկե, Թուրքիայի ներքաղաքական իրականությունն են: Թուրքիայի ղեկավարության ցավագին արձագանքը վկայում է, որ չափավոր իսլամիստների բարձրագույն ներկայացուցիչները քիչ չեն նպաստում ներքաղաքական ու միջէթնիկ սահմանագծմանը: Ճիշտ է, հնարավոր չէ ասել, որ ոչ ոք երկրից դուրս շահագրգռված չէ Թուրքիայի մասնատմամբ: Համարյա ակնհայտ է, որ ԱԶԿ ղեկավարության ներքաղաքական ճկունության բացակայությունը, բազմապատկած Կովկասում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում գերհիմար քաղաքականությամբ, պարզապես օգնում են արտաքին այն ուժերին, որոնք, բացառված չէ, ունեն թուրքական վարչաքաղաքական աշխարհագրության վերանայման ծրագրեր:
Անկարայի անհեռատես արտաքին քաղաքականության միայն մեկ օրինակ՝ շարունակելով աջակցել սիրիական ահաբեկչական տարբեր կազմակերպություններին, Ալ Քաիդային, «Իսլամական պետությանը», բացելով Սիրիայի ու Իրաքի հետ սահմանները նրանց զինյալների ու օտարերկրյա վարձկանների առաջ, Թուրքիան միաժամանակ նախաձեռնում է (բոլորն էլ գիտեն՝ ինչու, ի շահ ԱՄՆ-ի) ռազմական ու ռազմաքաղաքական բարձր ակտիվություն: «31 մայիսի-10 հունիսի, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը անցկացնում են համատեղ զորավարժություններ Թուրքիայի տարածքում, որոնց նպատակն է երեք երկրների համագործակցության, համակարգման և բարեկամական հարաբերությունների զարգացումը», - հաղորդում է Թուրքիայի գլխավոր շտաբը: Թուրքիայից զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ջոկատայինները, երկու ուղղաթիռ, մեկ բեռնատար ինքնաթիռ, Ադրբեջանից ու Վրաստանից՝ հատուկ ջոկատայինների մեկական գումարտակ: Ո՞վ չգիտի, ինչին և ում են իրականում ծառայում տխրահռչակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Իսրայելին: Այդ խողովակներով գործնականում ոչինչ Արևմուտքի շուկա չի հասնում, Ադրբեջանի ածխաջրածինները չունեն այդքան ծավալ: Ո՞վ արգելակեց Կովկասյան պլատֆորմում Իրանին ներգրավելու ու արտատարածաշրջանային ուժերին բացառելու լրացուցիչ առաջարկները (օրինակ՝ Հայաստանի ու Ռուսաստանի): Անկարան՝ ԱՄՆ-ի հզոր ճնշման տակ: Ո՞վ էր երկար տարիներ «հովանավորում» ՎՈՒԱՄ (Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) մեռելածին բլոկին: Թուրքիան՝ ԱՄՆ-ի նույն շահագրգիռ հովանավորությամբ: Վերջապես՝ ո՞վ թույլ տվեց Մալաթիայի մերձակայքում տեղակայել ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ցամաքային ինֆրակառույցները՝ հակառակ Իրանի նախազգուշացումների: Անկարան՝ դարձյալ ԱՄՆ-ի սերտ գործակցությամբ: Ստացվում է` մերժելով հարևանների կշռադատված ու ողջախոհ այլընտրանքները, թուրքերը դեֆակտո մասնակցում են Սիրիայի դեմ պատերազմին ու շարունակում են զենքեր ճոճել Անդրկովկասում: Ավելին՝ «բաժին» ունեն Կոսովոյում ու Մետոխիայում ալբանացի էքստրեմիստների ուսուցման գործում, որ վերջերս ի հայտ եկավ Կումանովոյի ողբերգության ժամանակ նախկին հարավսլավական Մակեդոնիա Հանրապետությունում:
Ընդ որում` թուրքերը (որ, բնորոշ է ոչ միայն Անկարային, Հայաստանն էլ թեթևամտորեն փորձում է ժամանակ ձգել և խելոք ձևանալ) դեգերում են «Թուրքական հոսքի» ու «Հարավային գազային միջանցք» (Տրանսկասպյան շրջան, TANAP Ռ TAP) ամերիկյան նախագծի միջև: Մնում-մնում ու կտրուկ քննադատում են Արևմուտքին՝ ի դեմս ԵՄ-ի: Ընտրությունների նախօրեին, հունիսի 5-ին, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հայտարարելով, որ Անկարան Ռուսաստանից սպասում է վերջնական տվյալներ գազատարի ցամաքային մասի կոորդինատների վերաբերյալ և ստանալոց հետո պատրաստ է սկսել շինարարությունը («Առայժմ դա միակ հարցն է, որ արգելակում է գործընթացը»), նկատեց, որ տարօրինակ է համարում Արևմուտքի դիրքորոշումը, որ մի կողմից դեմ է այդ նախագծի իրականացմանը, մյուս կողմից՝ ուզում է գազ ստանալ այդ նախագծի շրջանակներում: «Դա անհետևողական, անտրամաբանական դիրքորոշում է»,- ասաց թուրք նախարարը:
Իսկ զարմանալի ու տարօրինակ չէ՞, երբ Թուրքիան մշտապես շատախոսելով, որ ցանկանում է բոլորի հետ ապրել խաղաղության, բարեկամության ու համագործակցության մեջ, այնուհանդերձ, ռազմական ու ռազմաքաղաքական ծրագրերում գործում է Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի ու Սիրիայի շահերի դեմ: Եվ այդ պատճառով դառնում է ոչ միայն հարևանների կտրուկ քննադատության առարկա, այլև բացահայտ սպառնալիքների (հիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյիդ Ալի Հուսեյն Համեյնիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սեֆևիի զգուշացումը Թուրքիայի տարածքում ամերիկյան հակաօդային պաշտպանության հրթիռների տեղակայման առիթով, որ Իրանը սպառնալիքի դեպքում չի հապաղի հարվածել թուրքական տարածքին): Բնավ զարմանալի չէ, որ իշխող կուսակցությունը պատգամավորական մանդատներ է զիջում այն կուսակցություններին (բացի HDP-ից, նաև իբր սոցիալ-դեմոկրատական ժողովրդահանրապետական կուսակցությանը, CHP-ին, քեմալական-«աթաթուրքականներին»՝ առաջնորդը Քեմալ Քիլիչդարօղլու, Թյուրքեշի քրդական Ազգայնական շարժման կուսակցությանը, առաջնորդը՝ Դովլեթ Բահչելի), ովքեր … խիստ քննադատում են Էրդողանին ու Դավութօղլուին Թուրքիան ԱՄՆ-ի ու Մերձավոր Արևելքում Իսրայելի հակասիրիական խաղերի մեջ ներքաշելու համար: Սիրիայում ու Մերձավոր Արևելքում իշխող կուսակցության վարած քաղաքականության նկատմամբ նույնքան անհաշտ են տրամադրված և HDP-ի քրդերը: Հաքյարի նահանգի վարչակազմի անդամ, HDP-ական Լոկման Օզդեմիրն անցյալ տարի հրապարակավ մեղադրեց Անկարային ԻՊ-ին աջակցելու մեջ, որ «ԱՄՆ-ը Իսրայելի հրահանգով տարածաշրջանում քրդերի ցեղասպանություն է իրականացնում»: Այո, քրդերն իրենք էլ մշտապես «հանդիպակաց գծերի վրա են խաղում»՝ հավանաբար դրանով է բացատրվում Էրդողանի հետընտրական չարացածությունը HDP-ի ու մյուս քրդական կուսակցությունների ու կազմակերպությունների վրա: Ընտրությունների օրն էլ ինչ-որ մեկը ահաբեկչություն էր կազմակերպել Դիարբեքիրում, որ քրդերը համարում են Թուրքական Քրդստանի «մայրաքաղաք»: Դեռ ընտրություններից մեկ շաբաթ առաջ թուրքերը Դիարբեքիր ռազմական տեխնիկա, ոստիկանության և անվտանգության ուժերի ուժեղացված ջոկատներ էին փոխադրել, քաղաքի վրա պտտվում էին ուղղաթիռներն ու մարտական ինքնաթիռները: Իրավիճակը լարված էր և է Էրզրումում, Կարլիովայում, Բինգյոլում և հարավի մյուս քաղաքներում, մինչև ընտրությունները քրդերի ու HDP-ի կուսակցությունների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարվեցին ու զոհեր եղան: Ո՞վ է մեղավոր, որ տարածաշրջանային հարցերում Անկարայի վարած քաղաքականության դեմ միավորվեցին քրդերը, քեմալականները, ազգայնականները (դա չի վերաբերում MHP-ի հակաքրդական հռետորաբանությանը): Ավելին՝ թուրքական ընդդիմությունը դեմ է սիրիական զինյալների ուսուցմանը Անկարայի, Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի կողմից:
Մինչդեռ նախքան ընտրություններն էլ դիտորդները նկատում էին, որ իշխող ԱԶԿ-ն սպառնալից մոտեցել է ներքին տրոհմանը: Խնդիրը միայն Գյուլենի ու նրա կողմնակիցների հալածանքները չեն: Անցյալ տարվանից խորանում է անջրպետը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և Էրդողանի միջև: Թուրք փորձագետները նույնիսկ կարծում էին, որ Գյուլը կարող է դուրս գալ ԱԶԿ-ից և նոր կուսակցություն ստեղծել իր կողմնակիցների հետ: Այս տարի կառավարության նիստերում ի հայտ եկան Էրդողանի ու Դավութօղլուի տարաձայնությունները, մի քանի սկանդալներ հայտնվեցին մամուլում: Եվ եթե կան Թուրքիայի ապակենտրոնացման ներքին ազդակներ, սկզբում կլինի չափավոր իսլամականների ներքին բաժանումը: Հունիսի 7-ի ընտրություններն ընդամենը ապացուցեցին Թուրքիայի էլիտաների ներքին խոր ճգնաժամը: Հաշվի առնելով, որ երկիրը շարունակում է օգտագործվել իբրև ԱՄՆ-ի ու Իսրայելի արտաքին քաղաքականության «հարվածային ուժ» հարևան տարածաշրջաններում, պետք է սպասել Թուրքիայի շուրջ ու Թուրքիայի ներսում դրամատիկ նոր զարգացումների:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ