«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պայմանագրախտ՝ պատճառներ ու հետևանքներ

Պայմանագրախտ՝ պատճառներ ու հետևանքներ
30.05.2015 | 21:25

Շատ ընդդիմադիրոտ շաբաթ օր ստացվեց, մի կողմից՝ «Քաղաքացիական պայմանագիր», մյուս կողմից՝ «Հիմնադիր խորհրդարան»: Մեկը կուսակցություն հռչակեց, մյուսը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով Ազատության հրապարակում հանրահավաք արեց, հետո երթ: Բոլորը խոսեցին, խոսեցին, խոսեցին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնային նպատակը 2017-ի խորհրդարանական ընտրություններն են։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդին պարտության չեն տանելու և ընտրություններին հաջողության հասնելու համար պատրաստվում են հանրապետության բոլոր բնակավայրերում տարածքային կառույցներ ստեղծել, յուրաքանչյուր ընտրատեղամասում էլ դիտորդ ունենալ։ Ինստիտուցիոնալ ընդդիմություն են լինելու, պատմությունը ուսումնասիրել են՝ նախկին սխալները չեն կրկնելու։ «Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է տեսանելի ապագայում, ժողովրդի վստահության քվեին արժանանալով, ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ծափեր՝ բուռն ու երկարատև: Մինչ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև հենց ծափերը դադարեն, տրվելու են հարցեր, օրինակ՝ ինչպե՞ս: Կամ՝ ո՞վ էր նախկինում հայտարարել, թե ժողովրդին պարտության է տանելու, բոլորն էլ խոսել ու խոսում են միայն հաղթանակից: Կամ՝ եթե ընտրություններում հաջողության հասնելու գաղտնիքը հանրապետության բոլոր բնակավայրերում տարածքային կառույցներ ստեղծելը և յուրաքանչյուր տեղամասում էլ դիտորդներ ունենալն է, ո՞վ է ֆինանսավորելու բոլոր բնակավայրերի տարածքային կառույցները, եթե վիրտուալ չեն լինելու, դիտորդները նոր իրավասություննե՞ր են ստանալու, թե նույն Ընտրական օրենսգրքի շրջանակներում են գործելու մի սխրանք, որ նախկինում չեն գործել: Ի՞նչ է նշանակում ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ընդդիմության մի տեսակ, որ պատմությունը ուսումնասիրել է և նախկին սխալները չի՞ կրկնելու։ Որո՞նք էին այդ սխալները և ի՞նչը չի կրկնվելու: Ինչպե՞ս են ժողովրդին վերադարձնելու պետություն ունենալու և քաղաքացի լինելու վստահությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արայիկ Հարությունյան նախագահ ունենալո՞վ է այդ հարցերի պատասխանը տալու, թե ոչինչ դեռ հայտնի չէ, քայլ ենք անում, հայտարարում ենք, որ մենք կանք, շարքում ենք, իշխանության հերթում ենք, ու սպասում ենք իշխանության քայլերին: Հընթացս, որ մեզ չմոռանան դաշտում, պարբերաբար հայտարարություն-մայտարարություն, ավտոերթ-մավտոերթ, նոր դեմք-մեմք ենք ի հայտ բերում, որ հետո ճիշտ պահին ճիշտ տեղում լինենք:
ՈՒժեղ ընդդիմություն ստեղծելը հայտարարությամբ չի լինում: Գաղափարը ո՞րն է: Կա՞ նոր գաղափար: Նոր գաղափարը իրականացնելու մեխանիզմ կա՞:
Հայաստանում սկսվել է պայմանագրախտ՝ նախագահ Սերժ Սարգսյանը գնում է, Չինաստանում է պայմանագրեր կնքում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Ղազախստանում, «Հիմնադիր խորհրդարանը»` առայժմ Ազատության հրապարակում: Նախորդ պայմանագրերը, որ կնքվեցին ստվերային կառավարություն կազմելու և արտահերթ ընտրություններում հաղթելու համար, չգիտես՝ գործո՞ւմ են դեռ, թե՞ լուծարվել են, բայց այսօր «Հիմնադիր խորհրդարանը» առաջարկում է նոր պայմանագիր, ավելի ազդեցիկ ու հեռանկարային՝ անհնազանդության պարտավորագիր: Հնչո՞ւմ է, չէ՞: Ստորագրեցի՞ր, ուրեմն ազատ ես իշխանությանը չենթարկվելու և ինքնուրույն գործելու: Հենց այդպես՝ վերցնում ես ու չես ենթարկվում, անակնկալի եկած իշխանությունը զարմանում է, զայրանում է, հետո նորից է զարմանում ու զայրացած հեռանում է, ու դու գալիս ես, որ նրա քաղաքական ու տնտեսական հանցագործությունները գաղտնազերծես: Դու նստեցի՞ր համարյա մի ամիս, դե թող հիմա իրենք նստեն՝ ավելի երկար ու հիմնավոր:
Շաբաթ օրը ընդդդիմադիրոտ էր, շոգ է՝ բայց ոչ բանականությունը մթագնելու չափ: ՈՒրեմն՝ ինչո՞վ է պայմանավորված այս «պայմանագրախտի» համաճարակը, ապաքինվելու է ալյանսո՞վ, թե՞ դա այլ օպերայի դերերգ է, որի պարտիտուրը դեռ գրվում է: Ինչպես և մնացած «պայմանագրերինը»: Եթե դրանք ժողովրդի հետ չեն, ուրեմն կնիքը դնում ու նոտարով վավերացնում է իշխանությունը, ուրիշ ճանապարհ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փետրվարին դաշտը «մաքրվում էր», որ տեղ բացվի պայմանագրախտով ալյանսվածների համա՞ր, թե մեկը մյուսի հետ կապ չունի: Ոչ էլ գործող իշխանության: Ոչ էլ ժողովրդի: Խնդիրը մեկն է բոլորի համար՝ գալ իշխանության: Ճանապարհն էլ մեկն է՝ ընտրություններով: Բայց Հայաստանում ընտրությունները սկսվում ու ավարտվում են ընտրությունների օրից առաջ, ըստ՝ քաղաքական պայմանավորվածությունների, ստատուս քվոների: Գործի մե՞ջ ես, խորհրդարանում ես, գործին չե՞ս խառնվում, արտախորհրդարանական ես: Ժողովուրդը կապ չունի՝ նա միշտ կատարում է «ճիշտ» ընտրություն: Բայց ինչքան ենք մենք հոգնել…

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ