«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչո՞ւ է խաղեր տալիս Դմիտրի Պեսկովը

Ինչո՞ւ է խաղեր տալիս Դմիտրի Պեսկովը
09.04.2015 | 16:26

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին Երևան այցի հարցը «դիտարկվում է»: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նաև ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված կլինի հիշատակի միջոցառումներին՝ ծրագրված մեր թուրք գործընկերների կողմից Չանաքկալեում»:

Ինչո՞ւ է խաղեր տալիս Դմիտրի Պեսկովը, կամ՝ Վլադիմիր Պուտինը: «Դե, իհարկե, թռչում է»-ից մինչև Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի մասնակցություն «բարձր մակարդակով»՝ մի քանի օրում: Իրարամերժ տեղեկատվության հոսք և «հարցը դիտարկվում է» հերթապահ պատասխան: Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի համար դարակազմիկ իրադարձություններ չեն ոչ այցը Երևան, ոչ էլ Ստամբուլ: Նա պարզապես իր այցը օգտագործում է իբրև քաղաքական ճնշում՝ այս կամ այն հարցում ցանկալի լուծումը ստանալու համար, որ իր պարագայում անվայել է, մեր պարագայում՝ վիրավորական, Թուրքիայի պարագայում՝ խաղարկվող մրցանակ՝ ո՞վ կարժանանա: Հայաստանը նրան չի հրավիրել խրախճանքի կամ տոնակատարության, Երևան նա հրավիրվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, ցեղասպանություն, որտեղ գերմանացիների ու թուրքերի հետ պակաս մեղավոր չէ նաև Ռուսական կայսրությունը, իսկ 1917-ի հեղափոխությունից հետո և 1918-1923 թթ. շարունակվող ջարդերի համար նաև Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունը: Պատմությունը պատմություն է՝ ոչ կհերքես, ոչ կփոխես: Կգա՞ ՌԴ նախագահը Երևան, թե՞ չի գա՝ իր խնդիրն է, ավելի ճիշտ՝ իր վարկի ու հեղինակության, իր մարդկային նկարագրի ու արժեհամակարգի: ՌԴ նախագահը շատ բարձր ու պատասխանատու պաշտոն է: ՌԴ նախագահի պաշտոնում գտնվող մարդու ընդունած որոշումները նախ և առաջ քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ այդ որոշումներից իսպառ պիտի բացակայի բարոյական ու մարդկային հատկանիշների բաղադրիչը: Վլադիմիր Պուտինը սովոր է պետական այցը Հայաստան վեց ժամում տեղավորել: Այս դեպքում էլ կարող է մի քանի ժամ Երևանում մնալ, մի քանի ժամ Ստամբուլում: Կարող է ոչ Հայաստան գալ, ոչ Թուրքիա գնալ: Կարող է ընտրել իր ռազմավարական գործընկերներից միայն մեկին: Իր ու իր երկրի ընտրությունն է: Բայց չի կարելի իր այցը, որի մասին արդեն բազում հայտարարություններ են եղել, դագանակ դարձնել կամ պայմանավորել այլ պետությունների պատվիրակությունների թվով ու կազմով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պուտինի Երևան գալ-չգալու պատմությունը ճիշտ պատճենն է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի՝ կան ու չկան: Կգա, թե չի գա Պուտինը Երևան՝ ոչինչ էլ չի փոխվելու՝ հիշատակի օրը մնում է հիշատակի օր: Կգա՝ փառք ու պատիվ իրեն: Չի գա՝ բարի ճանապարհ, ուր էլ գնա: Մեկուկես միլիոն սպանվածների համար հաստատ միևնույն է՝ Պուտինը կհարգի իրենց հիշատակը, թե կանտեսի: Հայոց սփյուռքի համար՝ նույնը: Մեզ համար՝ անընդունելի ու վիրավորական վերաբերմունքի հերթական փաստ է, որ ի վերջո դարձնում է անտարբեր:

Դիտվել է՝ 1436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ