ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ժամանակը բումերանգ է, որ միշտ վերադառնում է

Ժամանակը բումերանգ է, որ միշտ վերադառնում է
18.07.2014 | 01:02

Երբ ամեն երեկո քամիները սկսում են թափահարել մեր տան դռներն ու պատուհանները, հիշում եմ Չարենցին: Ոչ ոք այդպես չի հասկացել իր երկիրը: Գրեցի ու ուզում եմ ինքս ինձ հերքել, որովհետև կատեգորիկ տեսակետներն ու եզրակացությունները սխալ եմ համարում: Համենայն դեպս, ոչ ճշգրիտ, ոչ ոք չի կարող հավակնել ամեն ինչ իմանալու ու ամեն ինչի մասին դատողություններ անելու իրավունքին: Բայց ո՞վ կարող է հերքել Հայաստանի` Չարենցի որակումը։

«Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտը», մյուս բնութագրերին չեմ անդրադառնում: 20-ական թթ. «Երևան, Աստաֆյան, փոշին» չեմ հիշեցնում: Դուրս եկեք Աբովյան, Երևանն արդեն չեք գտնի` քանդել են, բայց փոշին անմահ է: Քաղաքը կամաց հեռանում է մեզնից, քաղաքը դառնում է ուրիշ, մեզ, որ ծնվել ենք անցյալ դարակեսին (մի տասը տարի այս կողմ ու այն կողմ), քաղաքը արդեն ոչ միայն օտար է, այլև անծանոթ: Սա արդեն նրանց Երևանն է, որ չեն կարողանալու իրենցից բացի ոչինչ հիշել: Նրանց հիշողություններում չենք լինի նաև մենք, կլինեն իրենք ու իրենց երազները: ՈՒ դա երևի կոչվում է ժամանակ: Կամ` ժամանակի դատաստան: Միանգամայն կատեգորիկ կարող եմ ասել` ժամանակը ոչինչ չի բժշկում, չի ներում ու չի մոռանում: Ժամանակը բումերանգ է, որ միշտ վերադառնում է:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանճարեղ քայլ է արել: Վատիկանի ռադիոն հաղորդել է, որ հուլիսի 12-ին Վատիկանում պապական խորհուրդը և պետական քարտուղարության երկրորդ բաժինը «Արդարությունն ու աշխարհը» միջազգային սեմինար են կազմակերպել «Համընդհանուր բարիքը դեպի ավելի ինկլյուզիվ էկոնոմիկա ճանապարհին» թեմայով, և Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդուն վերադարձնել գործունեության կենտրոն, չընկնելու համար մարդաբանական ռեդուկցիոնիզմի մեջ, որ ծերերին ու երեխաներին, երիտասարդ սերնդին վերածում է հասարակության թափոնի: Պապը զգուշացրել է, որ իր գործողություններով մարդն այսօր ինքն իրեն վտանգում է` դատապարտելով կորցնել իր էությունը, վերածվել իր էությանը խորթ ու օտար գոյության` տարրական գործիքի: Նա անհրաժեշտ է համարում հաղթահարել քաղաքականությունը, սոցիոլոգիան ու հարաբերությունները, որ կյանքից օտարում են մարդուն: Մեր օրերում մարդն արդեն իրադարձությունների կենտրոնում չէ և ծառայում է նյութին: Նա արդեն հասարակության կենտրոնական տարրը չէ և դատողությունների գլխավոր թեման չէ, որպեսզի զարգացնի իր մտածողությունը և սեփական որոշումները կայացնի, մարդը կորցնում է մարդկայնությունը: Պապը ցավով է ընդունել, որ ժամանակակից աշխարհում որոշումները կայացվում են` առանցք ունենալով տնտեսական շահերը` շրջանցելով մարդուն: «Մարդը դառնում է սոցիալական ու տնտեսական համակարգի գործիք, որտեղ իշխում է անհավասարակշռությունը: ՈՒրիշ ի՞նչ սպասենք, երբ մարդը կորցնում է մարդկայնությունը: Սկսվում է այն, ինչ պարզորեն կոչվում է թափոնների դիրքորոշում, սոցիոլոգիա ու քաղաքականություն: Այն ամենը, ինչ այդ նպատակներին չի ծառայում, թափոն է դառնում, որովհետև հասարակության կենտրոնում այլևս մարդը չէ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Նա ուզում է մարդուն վերադարձնել սոցիալական միջավայրի կենտրոն, մտածողության ու ուսումնասիրությունների կիզակետ:

Բոլորին, ովքեր ուսումնասիրում են տնտեսական համակարգերը, աշխատում են միջազգային կառույցներում ու խոշոր ձեռնարկություններում, պապը կոչ է արել փրկել մարդուն: «Թափոն են դառնում երեխաները, համենայն դեպս, Եվրոպայում լավ հայտնի է ծնելության մակարդակը: Թափոն են դառնում ծերերը, որովհետև արդեն ոչնչի չեն ծառայում: ՈՒրեմն ի՞նչ: Թափոն է դառնում երիտասարդների մի ամբողջ սերունդ: Մինչև 25 տարեկան 75 միլիոն երիտասարդ աշխատանք չունի: Նրանք չեն սովորում ու չեն աշխատում: Չեն սովորում, որովհետև հնարավորություն չունեն, չեն աշխատում, որովհետև աշխատանք չունեն: Ո՞րն է լինելու հաջորդ թափոնը: Խնդրում եմ, եկեք ժամանակին կանգ առնենք»,- ասել է պապը: ՈՒ ի՞նչ: Լսելո՞ւ են նրան: Հիմքում տնտեսական շահեր ունեցող հասարակությունը զգալո՞ւ է, հասկանալո՞ւ է, ընդունելո՞ւ է, որ վաղուց արդեն այդ տնտեսական շահը ծառայում է ոչ թե մարդուն, այլ համակարգերին, որ միմյանց նկատմամբ գերակայության հաստատման խնդիր են լուծում` մարդուն օգտագործելով իբրև, Ֆրանցիսկոս պապը դիպուկ է բնորոշել, գործիք:
Միջպետական հարաբերություններում սխրանքի պես ընդունվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված` ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը: Ինչպես չէ: Նախապատրաստվել էր երկար: Անվտանգության խորհրդից` կառավարություն ու վարչապետ, ջանք էին թափել, բանակցել ու համոզել էին, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվեն մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու) պարտականությունից: ՈՒ սա արտոնություն է, որ տրվում է հայերին` ի տրիտուր ԵՏՄ դեռ չմտնելու:
Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, հիմնականում աշխատանքային միգրանտների համար: Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է աշխատանքային միգրանտին, որ եթե միջպետական համաձայնագրի դիվանագիտական լեզվից թարգմանեք պարզ, մարդկային լեզվի` երևանցուն, գյումրեցուն, վանաձորցուն, արագածոտնցուն, արարատցուն, արմավիրցուն, գեղարքունիքցուն, լոռեցուն, կոտայքցուն, շիրակցուն, սյունեցուն, վայոցձորցուն, տավուշցուն` ուզո՞ւմ է ինքը դառնալ աշխատանքային միգրանտ: Որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչքան դժվար է անծանոթ միջավայրում ¥նույնիսկ եթե գնում ես ծանոթ-բարեկամների հետքերով¤ աշխատանք գտնելը, աշխատելը, տուն գտնելը, ապրելը, օտար միջավայրում մարդկանց հետ հարաբերվելը, հարմարվելը: Ի՞նչ են զգում այստեղ մնացած ծնողները, ամուսինները, զավակները: Մեկնողների ու դժբախտ պատահարների, սպանությունների պատճառով ողջ չվերադարձածների ի՞նչ հարաբերակցություն կա: Ամուսնալուծությունների ի՞նչ վիճակագրություն կա: Լքված կանանց ու երեխաների: Նաև չծնված երեխաների: Թե՞ այս հարցերը 64-երորդական նշանակություն ունեն, երբ կա մեկ հարց` ապրուստի: Մարդը միանգամայն բնական ու համարյա աննկատ վերածվել է գործիքի փող աշխատող մեխանիզմի: Բայց այդպես եղել է միշտ, աշխատանքն է պայմանավորել մարդու կյանքի որակը: Համարյա բոլոր դարաշրջաններում: Ինչո՞ւ մեր ժամանակներում տնտեսական հարաբերություններին ու դրանց բացակայությանը տրվեց բացարձակ արժեք: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը այսօր իր գերխնդիրն է համարում աշխատանքային միգրանտի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, ոչ թե աշխատանքային միգրացիայի կանխումը: Ամեն տարի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս երկչոտ առաջարկներ են հնչում տնտեսության կառուցվածքը փոխելու մասին, նախորդ վարչապետը դիվերսիֆիկացիայի խնդիր դրեց ու չլուծեց, օլիգոպոլիաների դեմ «մաքառեց» ու չհաղթեց, նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներ են գրառվում: Բյուջեի կատարողականի ժամանակ թվեր ու տոկոսներ են ներկայացվում: Մշտապես դրական ու հուսադրող, երբ խոսքը աշխատանքի ինքնագնահատականին է վերաբերում: Մշտապես բացասական ու օրհասական, երբ խոսքը բյուջեի հոսքերին է վերաբերում ի հաշիվ երկրի ներուժի: Հետո՞: Քանի՞ հանդիպում, քննարկում, համաժողով, գիտաժողով, համագումարներում կուսակցական-ցուցադրական քանի՞ ելույթ դեռ պետք է հնչի, որ խոշոր բիզնեսն ամբողջությամբ իրավական դաշտ գա, փոքր ու միջին բիզնեսն էլ կարողանա աշխատել առանց հարկային գիլիոտինի: Ի վերջո, պետությունը պահելո՞ւ, թե՞ եղած տնտեսությունը խեղդելու համար է հարկային համակարգը, որ գուցե խոստումնալից ու առաջադիմական է իր օրենսդրական դեմքով, բայց հաստատ հակառակն է իր իրական դեմքով: ՈՒ ի հետևանս Հայաստանը շարունակելու է արտահանել միայն աշխատո՞ւժ, թե՞, արդեն դժվարանում եմ ասել, որերորդ վարչապետը պիտի գա ու արդյունաբերության վերականգնման խնդիր դնի: Ներմուծման ու արտահանման հավասարակշռությունը կորցրած երկիրը չի կարող բարեկեցիկ ապրել: Արտագաղթի դեմ պետք չէ պայքարել, մարդիկ իրենց կամքով չեն հեռանում երկրից, մարդիկ հեռանում են, որովհետև չեն կարողանում աշխատանք գտնել և հոգնել են իրենց չլսող, չտեսնող ու չհասկացող համակարգից, որ անփոփոխ առաջադրում ու փոփոխական հաջողությամբ լուծում է սոցիալական ապահովության խնդիրներ: Իրականում չի լուծում, որովհետև այսօր տրված լուծումը երեկվա վիճակը շտկելուն է ուղղված, բայց ոչ ներկայի: Անվերջ գնաճի պայմաններում ապահով Հայաստանն անհետանում է, փոխարենը օրեցօր առարկայական է դառնում բարոյալքված ու դեգրադացվող հասարակությունը, որը սոցիալական պայմանների աղետից բացի, անպաշտպան է բարոյահոգեբանական աղետի առաջ` անկասելիորեն ձևավորվում է սպառողական հոգեբանություն, երբ չստեղծելով ոչինչ, հակված ես ամեն ինչ պահանջելու: Կյանքը մեկն է, ու դու մեղավոր չես, որ ծնվել ես այստեղ ու հիմա, երբ քո երկիրը դեգերում է չգիտես որտեղից չգիտես ուր անցումային փուլում: Դու ուզում ես նորմալ կյանքով ապրել, ու դա քո սահմանադրական իրավունքն է, ուզում ես, որ քո նորմալ կյանքի պայմանները ստեղծի պետությունը, ու դա պետության պարտականությունն է, բայց ոչ իրավունքն է գործում, ոչ պարտականությունն է կատարվում: Դու կամ հեռանում ես, կամ ընտելանում համակարգի պարտադրած պայմաններին: Եթե նույնիսկ դիմադրում ես ու փորձում պայքարել, քո դեմ է դուրս գալիս համակարգը` միակ նպատակով, ապացուցել, որ ինքն անմահ է, դու` սխալ: Մենք կարող ենք մի կերպ դիմանալ ու հաղթահարել նյութական աղքատությանը, բայց մենք անպաշտպան ենք մտքի ու հոգու աղքատացման առաջ: Սա գենի մուտացիա է, որ անդառնալի հետևանքներով է սպառնում: Մենք ստեղծում ենք օրենքներ, որ մարդուն պաշտպանում են մարդուց, բայց մարդուն մարդուց պաշտպանել ոչ մի օրենք չի կարող, եթե մարդու էությունը կազմափոխվում է: Համակարգը, որ այսօր գործում է ոչ մարդակենտրոն տրամաբանությամբ, կազմված է նույն մարդկանցից, որ մոռացել են հացի գինը ու երկնքի գույնը, որ ոտքի տակ ոչ թե հող, այլ հատակ ունեն, ու այդ հատակը գերազանցապես փայլուն է, փայլեցված ուրիշի ձեռքով, նրանք գործառնում են թվերի ու փաստերի հետ, որ վաղուց արդեն համարժեք չեն իրականությանը: Նրանց վերարտադրությունը հասարակությանը դարձնելու է սպառողների ու սպառվողների հանրություն, որտեղ սպառողները փոքրամասնություն են, իսկ սպառվողները վերանում են: Գնողունակության անկումը` ապացույց: Հայաստանը դադարում է շուկա լինելուց, որտեղ կա ապրանքաշրջանառություն, որտեղ իմաստ ունի ներդրում անել: Գրանտներ ու տրանսֆերտներ` ահա կապիտալի հետագիծը: Կապիտալի, որ երկիր է մտնում, իսկ երկրից դուրս բերվող կապիտալի հետագիծը ընդհանրապես անհայտ է: Ի վերջո, ի՞նչ պարտադրես օլիգարխին, որ իր փողը արտադրության մեջ ծախսելու հնարավորություն չի գտնում: Ասֆալտապատե՞լ: Փողը չես ասֆալտի: Ամենավտանգավոր ասֆալտապատումը ուղեղներինն է, որ դադարում են նույնիսկ հանուն փողի գործել: Նրանք էլ են համակարգի զոհ, բայց չեն գիտակցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.-Բավականին երկար ժամանակ չհայտարարված, բայց հաստատուն քաղաքականություն է վարվում` թոշակառուներին աշխատանքից ազատելու, որպեսզի երիտասարդները աշխատանք ունենան: Դաժան ու գուցե ճարահատ քայլ է: ՈՒ ի՞նչ է ստացվում: Թոշակի տարիքի հասած մարդկանց ուղարկում են տուն` հաստատ իմանալով, որ աշխատաշուկայում նրանք բացարձակապես անմրցունակ են, իսկ թոշակը ապրելու (անգամ ամենահամեստ կյանքով) ամսվա չորս շաբաթներից երկուսին հազիվ հերիքի, եթե հավելենք տարիքային առանձնահատկություններից բխող առողջական խնդիրները, բժշկական ծառայությունների ու անգամ ամենատարածված դեղերի գները, ընդհանրապես մղձավանջ է, և ստացվում է սոցիալապես խոցելի խմբերին քանակական նոր հավելում: Արդեն չեմ ասում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, երբ գործնականում ողջ կյանքն աշխատած մարդուն ուղարկում են այնպիսի վակուումի մեջ, որ ոչ զավակները ¥եթե Հայաստանում են¤, ոչ թոռները ¥եթե կան¤ չեն կարող լցնել: Չեմ ասում նաև մասնագիտական վակուումի մասին, որ ինքնաբերաբար առաջանում է, երբ փորձառու աշխատողներին փոխարինելու են գալիս որակապես բնական պատճառներով անպատրաստ երիտասարդները: Եթե, իհարկե, գալիս են: Հայաստանում աշխատանք գտնելու գրավականը ոչ կրթությունն է, ոչ փորձառությունը, ոչ տարիքը, կա ավելի հզոր գործոն` կուսակցականությունը և կուսակցության կամքը հեռախոսազանգի տեսքով: Սա ընդհանուր պատկերի միայն մեկ դրսևորումն է, որ հաստատում է կյանքի որակի անկման ընդհանրական միտումը: Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում: Ժամանակը բումերանգ է, որ միշտ վերադառնում է: Մարդը կորցնում է ինքնավերադարձի տեղը:

Դիտվել է՝ 2516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ